Թաքնված գանձեր․ Երևանի բժշկության թանգարան
ԵՐԵՎԱՆն ուսումնասիրում է Երևանի թաքնված, բայց շատ հետաքրքիր թանգարանները։
Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի
Լուսանկարները՝ Մարիամ Հովհաննեսյանի
ԵՐԵՎԱՆ #70 | 2021
Հասցե․ Արշակունյաց 44/1 (մուտք 4-րդ) բնակարան 43
Մուտքն անվճար է, սակայն այցելելու համար հարկավոր է նախօրոք պայմանավորվել (հեռ․ +374 93 30 92 37)
Մի ամբողջ թանգարան է, բայց տեղավորվում է ընդամենը 65 մ² տարածքի մեջ, որն էլ իր հերթին գտնվում Արշակունյաց պողոտայում։ Երեք սենյականոց այս բնակարանում ներկայացված է հավաքորդ Հարություն Մինասյանի շուրջ 30 տարվա հավաքչության արդյունքում ձևավորված անձնական հավաքածուն։ Ավելի ստույգ՝ 30 հազար կտոր-ցուցանմուշ՝ հայ և համաշխարհային բժշկության ոլորտից։
Առաջին սենյակ-ցուցասրահը պայմանականորեն ստացել է «նախնադար» անվանումը։ Այս հատվածում ներկայացված են պեղածո-հնագիտական նմուշներ, բժշկական անդամահատման գործիքներ, կմախքներ, քարեդարյան գործիքներ, սպասք, գուռ, առողջարանային ջրեր ընդունելու հարմարանքներ և այլ իրեր։ Պարոն Մինասյանը հպարտությամբ ներկայացնում է 5000 տարվա վաղեմություն ունեցող գանգոսկրի ախտաբանությամբ մարդկային գանգը՝ գտնված Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից մեկի ժամանակ։ Ընդ որում, այն պեղել է ինքը՝ պարոն Մինասյանը։ Թանգարանի այս մասում կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է զարգացել բժշկության պատմությունը, երբ պարոն Մինասյանը ձեզ պատմի, թե ինչպես են հնում օգտագործվել անդամահատման գործիքները կամ իրականացվել է ներքին օրգանների հետազոտություն։
Մենք անցնում ենք հյուրասենյակ, որը կրկին բաժանված է ժամանակաշրջանների։ Առանձին ցուցադրությամբ կարել է գտնել ցուցանմուշներ, որոնք վերաբերում են բուսաբուժությանը։ Նաև այստեղ կլսեք, թե ինչպես են ժամանակին նոտաների միջոցով բուժել նյարդային լարվածությունը կամ այլ հոգեկան առողջության խնդիրներ։
Հյուրասենյակի տարբեր անկյուններում հնարավոր է տեսնել իսկական բժշկական գրասեղաններ, կոկիկ դասավորությամբ բժշկական կանացի և տղամարդու պայուսակներ, հանդերձանք, ժամանակին հայտնի հայ և օտարազգի բժիշկների, բժշկական համալսարանի ուսանողների և այլոց լուսանկարներ, անձնական իրեր, որոնք թանգարանին նվիրաբերվել են ժառանգների կողմից կամ գնվել են հավաքորդի անձնական միջոցներով։
Դեպի պատշգամբ տանող ճանապարհին ձեզ կհանդիպեն 18-20-րդ դարերում օգտագործված անվանական ցուցատախտակներ, որոնք ազդարարում էին այս կամ այն բժշկի բնակարանի հասցեն, ինչպես նաև տարբեր ժամանակների կենցաղային իրեր՝ ինքնաեռներ, երկաթյա արդուկներ և այլն, որոնք օգտագործվել են բժշկական նպատակներով, գուցե հենց նույն բժիշկների, որոնց ցուցանակները նույնպես այստեղ են։
Թանգարանի ցուցադրությունը մենք ավարտում ենք կրկին վերադառնալով հյուրասենյակ՝ հարմար տեղավորվելով հյուրասեղանի առաջ։ Այստեղ ինձ սպասում էր թանգարան հիմնելու և իր պատմությունը։ Սկզբից բժշկի մասնագիտությունն ընտրում է իրեն, հետո ինքը սկսում է զբաղվել ոչ միայն բժշկությամբ, այլ նաև ընտանիքի անձնական կամ բժշկական իրերի հավաքչությամբ։
Շուտով թանգարանային գիշերն է և եթե ձեր մտքով անցնի կեսգիշերին թակել իր բնակարանի դուռը, ապա ինչպես նախկինում մեկ անգամ պատահել է, ձեզ կսպասի թեյախմության սեղանն ու հայ բժշկության պատմությունը։