Թաքնված գանձեր․ Ռադիոտեխնիկայի թանգարան
ԵՐԵՎԱՆն ուսումնասիրում է Երևանի թաքնված, բայց շատ հետաքրքիր թանգարանները։
Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի
Լուսանկարները՝ Մարիամ Հովհաննեսյանի
ԵՐԵՎԱՆ #70 | 2021
Հասցե՝ Արշակունյաց 5
Մուտքն ազատ է, բայց պեքտ է նախօրոք պայմանավորվել՝ զանգահարելով 094 436106։
Ես ապրում ու զարմանում եմ Երևանում, երբ ճշմարտանման է դառնում Դիջերի հայտնի երգը, թե «Երևանը քաղաք է, ուր գրեթե ամեն բան թաքուն է»։ Այդ թվում՝ այնպիսի թանգարաններ, որոնց գանձերն ավելի մեծ ուշադրության են արժանի։ Բացահայտում եմ հատուկ ԵՐԵՎԱՆի ընթերցողների համար։
Իմ ցուցակում առաջինը Ռադիոսպորտի ֆեդերացիայի թանգարանն էր։ Նախևառաջ պետք էր ծանրաբեռնված 8 համարի երթուղայինով հասնել Դավթաշեն թաղամասի ժամանակին հայտնի «Եղնիկ» հանրախանութի մոտ, այնտեղից էլ՝ 196 դպրոց։ Այդպես հայտնվում եմ Հայաստանի ԴՕՍԱՖ համահայկական միության մասնաշենքի դիմաց, որի առաջին հարկում էլ իր հերթական այցելուին էր սպասում ռադիոտեխնիկայի թանգարանը։
Ինձ դիմավորում է թանգարանի աշխատակից Գարիկ Սահակյանը, որը մինչ վերջերս այս շենքում դասավանդել է ապագա կապավորների և նախընտրում է իրեն դիմելաձևի «ընկեր Սահակյան» տարբերակը։ Ընկեր Սահակյանը պատմում է, որ թանգարանը կյանքի է կոչվել 2013 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ համագործակցությամբ։ Ցուցանմուշները հավաքվել են ԴՕՍԱՖ միության Մաշտոց մարզատեխնիկական կազմակերպության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի և իր աջակիցների նվիրատվությունների շնորհիվ։
Առաջինը, որ ընկեր Սահակյանը ձեզ ցույց կտա այս թանգարանում, կլինի այն, թե ինչպես են 1956 թվականին դիտել հեռուստացույց։ Ուղիղ իմ առաջ այն տեսարանն է, թե ինչպես է սենյակային ջուրն անցնում ոսպնյակի միջով՝ մեծացնում ափիս չափ էկրանն ու թույլ տալիս դիտել միակ հեռուստաալիքը։ Բայց սա դեռ կարելի էր պատկերացնել, շատ ավելի անհավատալի էր, երբ տեսա նամակներ փոխանցող աղավնիների ուղին կոորդինացնող սարք։ Մեծ ոգևորությամբ ընկեր Սահակյանը պատմում է, որ թանգարանի այդ ցուցանմուշը եկել-հասել է Հոլանդիայից։
Եթե թանգարանի անվանման մեջ կա «ռադիո» արմատը, ուրեմն պատից պետք է փակցված լինեն տարատեսակ ռադիոընդունիչներ։ Դրանց միջի գեղեցկուհին ժամանակին հայտնի «Հրազդան» գործարանի սպիտակ ռադիոն է։ Ասում են՝ ժամանակին առավոտ շուտ ցուցանմուշի գծային ռադիոն արթնացնում էր Երևանը հանրապետության հիմնով։ Իսկ երեկոյան կարելի էր լսել դասական երաժշտություն կամ փորձել որսալ «Ամերիկայի ձայնը»։
Կապի հաջորդ հաղորդակցության միջոցները վերաբերում են արցախյան և հայրենական պատերազմներին և եթե ձեր բախտը կբերի, ապա դուք կպատկերացնեք, թե ինչպես է աշխատում իսկական ծածկագրեր պատրաստող սարքը՝ մորզեի այբուբենով։ Գիծ, կետագիծ, կետ և կրկին գիծ՝ հետախուզական ֆիլմերի պես ու լսվում է իրար հաջորդող մատներիս տկտկոցը և կարելի է պատկերացնել, թե ինչպիսինն է Խորհրդային Միությունում ինչ-որ մեկի աշխատասենյակում ծրարի մեջ դրված այս ժապավեններով հավաքված ծածկագիրը։ Այստեղ կարելի է գտնել նաև հեռախոսներ, որոնց լարերը կարելի է ձգել ամբողջ բնակարանով մեկ կամ օգտագործել գրասենյակներում՝ հազարավոր անհասկանալի ստեղներով։ Այս բաժնում կարելի է տեսնել այնպիսի նմուշ, որն օգտագործում էր տատս, այնուհետև մեր բնակարանի հեռախոսը, երբ յոթ տարեկան էի։ Ռադիոընդունիչը և հեռուստացույցը նույնպես։ Միանշանակ ես կարող էի հավատալ, որ ցուցանմուշներից որոշները ծնողներս կամ իրենց ծնողներն են բերել այստեղ թողել, որ դառնան իսկական թանգարանային նմուշներ։