ԵՎ ԵՂԱՎ ԿԱՊԸ. հայոց տելեկոմի պատմությունը
Կապի մեջ

ԵՎ ԵՂԱՎ ԿԱՊԸ. հայոց տելեկոմի պատմությունը

Մարդկանց միջև հեռահաղորդակցությունը երկար ճանապարհ է անցել մինչև հասել է մեր օրեր՝ տեղավորվելով մարդու ափի մեջ։ ԵՐԵՎԱՆը պատմում է, թե ինչպիսի ճանապարհ է անցել հայկական տելեկոմն այսօրվա գերժամանակակից լուծումներին հասնելու համար։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

TEAM-ի հետ համատեղ

 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022

#Գործընկեր

 

 1864 

Հայաստանում սկսվում է էլեկտրատեխնիկական հեռահաղորդակցության դարաշրջանը։ Կառուցվում է Մորզեի 5 սարքից բաղկացած հեռագրային գիծ, որը կապում է Թիֆլիսը, Դիլիջանը, Երևանը, Նախիջևանը և Ջուղան։ Այդ նույն ընթացքում կառուցվում է մեկ այլ գիծ, որը կապում է Դիլիջանն ու Ալեքսանդրապոլը (այժմյան Գյումրին)։ Այսպիսով, արդեն 1899-ի ավարտին Երևանը կապի մեջ էր երկրի բոլոր խոշոր քաղաքների հետ՝ ներառյալ Էջմիածինը, Իգդիրը և Նոր Բայազետը։

 

 

 1913 

Ամիրյան փողոցի հարևանությամբ՝ հեռագրային գրասենյակի երկրորդ հարկում տեղադրվում է Հայաստանում առաջին ՏՄ (տեղային մարտկոց) հեռախոսային կայանը, որը տրամադրում է 200 հեռախոսահամար տարողությամբ օդային ցանց։ Վերջինս իր տրամաբանությամբ շատ նման է առ այսօր դաշտային պայմաններում զինծառայողների կողմից օգտագործվող հեռախոսակապի սարքավորումներին։ 20-րդ դարի ավելի ուշ շրջանում կառուցվում և կիրառության մեջ են մտնում միջքաղաքային հեռախոսային կապի գծերը, մասնավորապես Երևան-Ալեքսանդրապոլ և Ալեքսանդրապոլ-Կարս հետագծով։

 

 1914-1930 

Այս ընթացքում երկրի թե տնտեսական, թե հեռախոսային ցանցի զարգացման հարցում մեծ ճգնաժամ է սկսվում։ Առաջին աշխարհամարտը և հաջորդող Հայաստանի որպես հանրապետություն կայացման բարդ շրջանն իրենց ազդեցությունն են ունենում երկրի վրա՝ ժամանակավորապես կասեցնելով որևէ առաջխաղացում։ Դրան հաջորդում են Խորհրդային տարիները, որոնց ընթացքում սկսվում են ակտիվ վերականգնողական աշխատանքներ. կառուցվում է այս անգամ 137 հեռախոսահամար ունակությամբ նոր ցանց։

 

Հանրային ռադիոյի հեռարձակումը փողոցում


Նաև կիրառության մեջ են մտնում կապի այլ միջոցներ՝ ռադիոն, փոստը։ ԽՍՀՄ Կապի ժողկոմը տարածաշրջանում թույլատրում է կարճալիքային կայանների կիրառումը։

 

 1930-1934 

Տասնամյակի սկզբում Հայաստանում հայտնվում են ԿՄ (կենտրոնական մարտկոց) հեռախոսային կայաններ, որոնք թույլ են տալիս շրջանառության մեջ դնել 500 հեռախոսահամար։ Այս լուծումն աշխարհում կիրառության մեջ էր մտել դեռ 1925 թվականից, սակայն Թուրքիայի հետ լարված սահմանային իրավիճակի պատճառով Հայաստանում այն տարածում գտավ արդեն հաջորդ տասնամյակում։ 


Հենց այս շրջանում երկրի տարբեր քաղաքներում հայտնվում են մասնագիտացված հեռախոսային տարածքներ։ Առաջին նման կետերը հայտնվեցին Ապարանում, Լենինականում, Կիրովականում, Վեդիում և Հոկտեմբերյանում։

 

Լենինականը (Գյումրին) 1930-ականներին

 

 1935 

Երևանում մեկնարկում է ստորգետնյա հեռախոսային ցանցի կառուցումը, որը միանալով ԿՄ կայանին՝ սպասարկելու էր 6000 բաժանորդի։ Այդ նպատակով գետնի տակ տեղադրվում են հատուկ խողովակներ և դիտահորեր։ Վերջիններիս մետաղյա կափարիչներն այսօր էլ հնարավոր է տեսնել Հայաստանի տարբեր քաղաքներում «հեռախոս» կամ «ԱրմենՏել» գրվածքով։ 

 

Հեռախոսային մտոց

 

 1937-1940 

Գործարկվում է կառավարական ԱՀԿ-ն, որը սպասարկում է 50 հեռախոսահամար։ Այդ ընթացքում ընդլայնվում էին քաղաքային և գյուղական տարածքների ցանցերը։ 1940 թվականի դրությամբ Հայաստանի 40 քաղաքներն ապահովված էին հեռախոսացանցով, որը սպասարկում էր ընդհանուր առմամբ 12 000 բաժանորդի։

 

 1948 

Հայաստանում գործարկվում է առաջին ընդհանուր օգտագործման ավտոմատացված ԱՀԿ-ն 8000 հեռախոսահամարներով և «2» ինդեքսային համարով։ Հենց այս շրջանից սկսած հեռահաղորդակցության ոլորտն ակտիվ աճ է գրանցում։ Կապի նախարար Թադևոս Մինասյանցի օրոք կառուցվում են բազմաթիվ կայաններ, հիմնադրվում է Ռադիոտունը, Հայփոստը և իրականացվում են կապին վերաբերող շատ այլ նախաձեռնություններ։ Հեռախոսային ցանցը կապում է Երևանը երկրի տարբեր քաղաքների և գյուղերի հետ։ Տարբեր մասերում տեղադրվում են նաև ավելի փոքր ունակությամբ կայաններ։ Կիրառության մեջ են մտնում հաճախականության խտացման համակարգեր, ինչը թույլ է տալիս կայաններին զուգահեռաբար տասից ավելի հեռախոսազանգ մատակարարել։

 

 1965 

Կուտուզով (այժմ՝ Գյուլբենկյան) փողոցում տեղադրվում է առաջին միջքաղաքային կայանը և այդ նույն տարում Երևանն անցնում է վեցանիշ հեռախոսահամարների համակարգին։ Այդ պահի դրությամբ մայրաքաղաքում տեղադրված էր 14 ԱՀԿ, իսկ 70-ականների սկզբին Երևանում գործում էր 107 000 հեռախոսահամար, երկրում՝ 148 000։ Հենց այդ նույն տարիներին Հայաստանում շահագործման դրվեց առաջին սերնդի «Ալտայ» շարժական կապի ցանցը։

 

«Ալտայ» շարժական կապի կայան

 

 1976-1980 

1976-ից Երևանում կիրառության մեջ են մտնում կորդինատային կայանները, որոնք որակապես գերազանցում են նախորդող լուծմանը։ 1977 թվականին գործարկվեց առաջին արբանյակային կապի վերգետնյա «Օրբիտա» տեսակի կայանը, որը մինչև 1982 թվականը Հայաստան էր հեռարձակում հեռուստատեսային հաղորդումներ, իսկ հետագայում ապահովում էր միջազգային հեռախոսակապը:

 

Նոր Նորքի հեռախոսակայանի մոնտաժումը, 1978թ.

 

 1982 

Ի հայտ է գալիս նոր, արդեն միջազգային էլեկտրոնային «Մետակոնտա» (M10C) տեսակի կայանը, որը միավորում է երկրում գործող բոլոր հեռախոսային կայանները։ Այն կիրառությունից դուրս բերվեց միայն 2000-ականների սկզբին, երբ հանրապետությունն ամբողջությամբ անցավ թվային կապի գծերի կիրառությանը։ 

 

Հարավսլավաիայում օգտագործվող «Մետակոնտայի» կրծքանշան

 

 1995-1997 

1995-ին ՀՀ կապի նախարարության որոշմամբ ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ հիմնադրվում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ն։ Այդ նույն տարում կառուցվում է առաջին օպտիկամանրաթելային ցանցը, որը թույլ տվեց քաղաքացիներին հասցնել բազմասերվիսային ցանցի (NGO) տեխնոլոգիան։ 1996 թվականին մայրաքաղաքում կառուցվում է վեցը օպտիկամանրաթելային օղակ, ինչպես նաև մեկնարկում է նոր 2G սերնդի բջջային ցանցի կառուցման նախագծումը։ Վերջինս իր մեջ ներառում էր 11 հիմնական կայան Երևանում։ Արդեն 1997 թվականին կառուցվեց TAOS մայրուղային հանրապետական ցանցը, որը ծածկեց հանրապետության ամբողջ տարածքը։

 

 

 1998 

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գրիգոր Պողպատյանն ուղարկում է Հայաստանի երբևէ առաջին SMS հաղորդագրությունը։ «Շարի՛, գալիս եմ»,– գրել է նա «ԱրմենՏել» ընկերության ղեկավարին՝ նկատի ունենալով շախմատի խաղաքարերը։

 

 

 2005-2008 

2005-ին շուկա է մուտք գործում երկրորդ բջջային օպերատորը. շարժական կապի ծառայությունների հասանելիությունը աճում է։ 2008-ին «ԱրմենՏելը» սկսում է իր հաճախորդներին տրամադրել բջջային ինտերնետ։ Արդիականացվում է գործող SDH ցանցը և սկսվում է նոր՝ IP MPLS ցանցի կառուցումը։ Հունիսին Հայաստանում առաջին անգամ պատմության մեջ գործարկվում է 3G ցանցը, որն արդեն սեպտեմբերին հասանելի է դառնում քաղաքացիներին՝ Beeline ապրանքանիշի ներքո գործող ընկերության 30 հիմնային կայանների միջոցով։ 2008-2009 թվականներին կառուցվում է Հայաստան մտնող երկրորդ օպտիկամանրաթելային ցանցը։ Նաև Երևանում հիմնվում է առաջին FTTH ցանցը՝ մարդկանց էլ ավելի մոտեցնելով համացանցին և հնարավորություն տալով բջջային ցանցից զատ՝ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով, զգալիորեն ավելի մեծ արագությամբ միանալ ինտերնետին։ 

 

 2009 

3G-ն ավելի մեծ տարածում է գտնում երկրում, այդ թվում նաև շարժական ինտերնետը։ Ոլորտ է մուտք գործում կապի երրորդ օպերատորը, արդյունքում առաջարկը դառնում է ավելի բազմաժանր, հնարավոր է դառնում ավելի լայն և մեծ ծավալի ծառայոթյուններ մատուցել։ Հետագա տարիներին հիմնական զարգացումները վերաբերում են արագությունների մեծացմանը, նորամուծություններին առաջարկվող փաթեթների առումով և ֆիքսված ցանցի ծածկույթի մեծացմանը։

 

 2010 

Հայաստանում ներդրվում է այսպես կոչված CDN (Content Delivery Networks) համակարգը, որը թույլ է տալիս օրինակ՝ Facebook-ի կամ Youtube-ի բովանդակությունը դիտել երեսունից քառասուն անգամ ավելի արագ՝ ներբեռնելով տեղեկությունը ոչ թե Եվրոպայից, այլ Երևանից։ Այսօր գրեթե բոլոր մեծ ընկերությունների CDN-ններն առկա են Հայաստանում, ինչը զգալիորեն բարձրացրել է տեղեկատվական տվյալների փոխանակման արագությունը և կապի որակը։ Հայաստանում թողարկվում է չորրորդ սերնդի ցանց՝ 4G/LTE։

 

 

 2020-2022 

2020-ին, շուրջ կես տարվա բանակցություններից հետո, նորաստեղծ Team Telecom Armenia-ն գնում է «Վեոն Արմենիայի» (Beeline) 100 տոկոս բաժնետոմսերը։ 2021-ին ընկերությունը ձեռնարկում է NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր բաժանորդի միանալ 25 Գբ/վ թողունակությամբ ցանցին։ Արդեն 2022 թվականից ընկերությունը հանդես է գալիս իր նոր բրենդով։

 

 

Մոտ ապագան

Այսօր, գործելով ապակենտրոնացման սկզբունքով, Team Telecom Armenia-ն տարածվում է դեպի մարզեր՝ իր նորաստեղծ ցանցին միացնելով Հայաստանի ամբողջ տարածքում գործող բջջային կայանները։ Արդիականացված ցանցի շնորհիվ մոտ ապագայում Team-ի բաժանորդները կունենան ավելի արագ ու որակյալ կապ, իսկ համայնքները կստանան զարգացման նոր հնարավորություններ։ Ցանցին արդեն իսկ միացված են Քաջարան, Ջերմուկ, Մեծամոր, Հրազդան քաղաքներն ու Գնդեվազ գյուղը, իսկ Երևանում՝ Դավթաշեն և Արաբկիր համայնքները։ Շուտով աշխատանքները կավարտվեն Կապան, Արմավիր, Իջևան, Վարդենիս, Ալավերդի, Գավառ, Սիսիան և Մեղրի քաղաքներում։

հավելյալ նյութեր