Տեխնո ապստամբներ
Ինչո՞ւ է էլեկտրոնային երաժշտությունն ավելին, քան պարզապես պարային ռիթմեր, իսկ ռեյվերը հատկապես ծաղկում են ծանր քաղաքական ու սոցիալական վիճակում գտնվող քաղաքներում։ Բացատրում ենք երեք վառ օրինակով՝ Դեթրոյթ, Բեռլին, Լոնդոն։
Տեքստը՝ Միքայել Զոլյանի
ԵՐԵՎԱՆ #71 | 2021
«Մեր երաժշտությունը Փյունիկ թռչուն է, որը ծնվում է քայքայվող ինդուստրիալ պետության մոխիրից»
Խուան Աթքինզ
դիջեյ, տեխնոյի հիմնադիր հայրեր
«Այստեղ ես բուժում եմ իմ ցավերը»
Faithless
Նախաբան. արդի երաժշտության պատմությունը երկու բառով
Վերջին հարյուր տարվա ընթացքում առաջացած և աշխարհը գրաված երաժշտական ամենատարածված ոճերի պատմությունը կարելի է կարճ նկարագրել այսպես․ նախ՝ աֆրոամերիկացի երաժիշտները հորինում են մի նոր երաժշտական ժանր, հետո այն դուրս է գալիս արվարձանների շրջանակներից և դառնում մեյնսթրիմը չընդունող երիտասարդ խռովարարների հիմնը` շոկի մեջ գցելով պահպանողական ավագ սերնդին: Վերջապես, այդ երաժշտությունը գտնում է համընդհանուր ընդունում որպես մշակութային արժեք, իսկ այն կատարողները դառնում են աստղեր, ստանում պետական պարգևներ և դասախոսություններ կարդում կոնսերվատորիաներում: Իսկ խռով երիտասարդները, որոնց համար սա արդեն մեյնսթրիմ է, սկսում են փնտրել մի նոր սաունդ, որը հավանաբար արդեն ծնվել է հերթական աղքատ արվարձանում:
Նման ճանապարհ անցել են արդի պոպուլյար երաժշտության ամենատարածված ժանրերը` ջազը, բլյուզը, ռոքը, ֆանքը, ռեգին, ռեփը: Նման ճանապարհ անցել է նաև էլեկտրոնային պարային երաժշտությունը, որի երկու ամենալայն տարածված ոճերը՝ տեխնոն և հաուսը, առաջացել են երկու ամերիկյան քաղաքների` Դեթրոյթի և Չիկագոյի սև համայնքներում, իսկ հետո արդեն իսկական ձայնային և մշակութային հեղափոխություն արել նախ Արևմտյան Եվրոպայում և ապա` ամբողջ աշխարհում:
Դեթրոյթ
լույսի շողք անհույս խավարում
Եվ ուրեմն, տեղափոխվենք ԱՄՆ, 80-ականների սկիզբ: Երկրում դեռ զգացվում են 70-ականների տնտեսական հուժկու ճգնաժամը, որի էպիկենտրոնն էր Դեթրոյթը՝ Նահանգների արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը, ինչպես նաև ամերիկյան ռոքի մայրաքաղաքներից մեկը: Ճգնաժամի հետևանքով այստեղ փակվեցին բազմաթիվ գործարաններ և հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի: Ինչպես միշտ, ճգնաժամից ամենաշատը տուժեցին աղքատները և փոքրամասնությունները, տվյալ դեպքում` քաղաքի աֆրոամերիկացի բնակիչները, որոնք մինչև ճգնաժամն էլ այնպես չէ, որ փայլուն էին ապրում: Դեթրոյթը հիշեցնում էր պատերազմից ավերված մի քաղաք, փողոցներում իշխում էր հանցագործ աշխարհը, երիտասարդության շրջանում տարածվում են ծանր թմրանյութերը` հերոյինը և քրեքը: Դեթրոյթցի դիջեյ Ռոբերտ Հուդի բառերով՝ «դպրոցները փակվում էին և բացվում էին նոր բանտեր»:
Եվ ահա մի քանի աֆրոամերիկացի երիտասարդներ իրենց փրկությունը գտնում են երաժշտության մեջ: Նրանց սիրված գործիքն էր Roland TB-303 բաս-սինթեզատորը, որն արտադրող ֆիրմայի կողմից համարվում էր խիստ անհաջող, և այդ պատճառով խանութներում ամենաէժանն էր: Դրա օգնությամբ մի քանի երիտասարդներ ստանում են նոր հնչողություն, որը նրանք անվանում են «տեխնո»:
Ըստ լրագրող Մեթյու Քոլինի` նրանք ոգեշնչվել էին հայտնի սոցիոլոգ Էլվին Թոֆլերի «Ապագա Շոկը» գրքից, որում նա կանխատեսում էր, որ ապագայի երաժիշտները լինելու են «տեխնո-ապստամբներ» և օգտագործելու են էժան տեխնիկա` բարդ հնչողություն ստանալու համար: Անսպասելիորեն բոլորի համար այս նոր սաունդը դուրս է գալիս դեթրոյթյան արվարձանների նկուղներից և նվաճում աշխարհը: Դեթրոյթցի դիջեյները` Խուան Աթքինզը, Դերիք Մեյը, Քեվին Սոնդերսոնը, Ջեֆ Միլզը և ուրիշներ, հայտնի են դառնում սկզբից ԱՄՆ մյուս քաղաքներում, ապա` Եվրոպայում, իսկ հետո ամբողջ աշխարհում: Իրենց իսկ խոսքերով, դեթրոյթցի դիջեյները խիստ զարմացած էին, երբ սկսեցին ստանալ հրավերներ Բեռլինից և Եվրոպայի այլ քաղաքների ակումբներից:
Նրանց համար այս ամենը շատ ավելին էր, քան երաժշտությունը. սա հնարավորություն էր կտրվելու իրենց բազմաչարչար քաղաքի դաժան իրականությունից, խուսափելու այն ճանապարհից, որը տանում էր դեպի հանցագործություն և թմրանյութերից կախվածություն, և ինչ-որ առումով գտնել նոր ինքնություն:
Իհարկե, այնպես չէ, որ երաժշտական նոր ոճն օգնեց լուծել քաղաքի բոլոր խնդիրները: Ավելին, շատ դիջեյներ, ում հրավիրում էին Եվրոպայի լավագույն ակումբներ, այդպես էլ քիչ հայտնի մնացին իրենց հայրենիքում: Բայց, այդ ամենով հանդերձ, տեխնոն ոչ միայն դարձավ լույսի շողք դեթրոյթյան դաժան իրականության մեջ, այլև սկիզբ դրեց մի շարժման, որը փոխեց ամբողջ աշխարհի երաժշտական դեմքը:
Բեռլին
վերածնունդ ռեյվի միջոցով
Եթե Դեթրոյթն ԱՄՆ-ում ճգնաժամից ամենատուժած քաղաքներից էր, ապա Կենտրոնական Եվրոպայում պատմությունից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը Բեռլինն էր: Այսօր էլ Բեռլինում ամեն քայլին հանդիպում ես դառը անցյալի հետքերին։ Երկրորդ համաշխարհայինի արդյունքում Բեռլինը` գրեթե հիմնահատակ ավերված, բաժանվեց տերությունների միջև, իսկ քաղաքի սրտում վեր խոյացավ Բեռլինյան պատը: Երբ 89 թվականին Արևելյան Գերմանիայի տոտալիտար վարչակարգը տապալվեց, պատը քանդվեց և քաղաքը, ինչպես և ամբողջ Գերմանիան, վերամիավորվեց:
Բայց, ինչպես մենք` հետխորհրդային մարդիկ, լավ գիտենք` երկար սպասված ազատության համը հաճախ դառն է լինում: Նոր իրականությունն իր հետ բերեց գործազրկություն, աշխատանքի և սոցիալական երաշխիքների կորուստ, մի խոսքով, անորոշ ապագա: Տրավմատիկ տոտալիտար ժառանգության, անսպասելի ազատության և տնտեսական կոլապսի այս յուրօրինակ համադրումն էր, որ ծնունդ տվեց «Բեռլին» անունով ունիկալ մշակութային ֆենոմենին: Եվ այդ մշակութային վերելքի սրտում ռեյվն էր:
Սոցիալիզմի տապալումից հետո ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ բիզնեսը չգիտեին ինչ անել Արևելյան Բեռլինի փակված գործարանների դատարկ տարածքների հետ: Սկզբում լքված արդյունաբերական տարածքներում անդերգրաունդ ռեյվեր էին կազմակերպում, ապա նույն տեղերում բացվեցին առաջին ակումբները: Այդպես առաջացան Բեռլինի թերևս ամենալեգենդար երկու ակումբները` «Տրեզորը» և «Բերգհայնը», որոնք երկուսն էլ զբաղեցնում են նախկին էլեկտրակայանների շենքեր։
Աստիճանաբար այս ակումբների շուրջ ձևավորվում է մի ամբողջ մշակույթ: Ռեյվ գնալը դառնում է ոչ թե պարզապես ժամանակ անցկացնելու և ամենօրյա կենցաղից կտրվելու ձև, այլ ինքնաարտահայտման տարածություն, մշակութային և քաղաքական սթեյթմենթ: Ակումբներում և ռեյվերի ժամանակ ստեղծվում էր ազատության մի տարածք, որտեղ իշխում էր ազատ ինքնաարտահայտումը, տեղ չկար ատելության և դիսկրիմինացիայի համար: Այս ամենը սկսում է ձգել ոչ միայն բեռլինցիներին, այլև հազարավոր երիտասարդների ողջ Գերմանիայից ու Եվրոպայից: Բեռլինը դառնում է այն, ինչ Փարիզն էր քսաներորդ դարի սկզբին` արվեստների և ազատության մայրաքաղաք, Բեռլինում ապրելը` երազանք ազատամիտ և կրեատիվ երիտասարդության համար:
Իհարկե, այս պատմության մեջ ամեն ինչ չէ հարթ ու գեղեցիկ: Որքան զարգանում էր ռեյվ-շարժումը, այնքան ավելի էր այն կոմերցիալացվում: Այդ իմաստով, շատ բնորոշ է Բեռլինի Սիրո պարադի պատմությունը` միջոցառում, որը կարելի նկարագրել որպես անվճար ռեյվ Բեռլինի կենտրոնում: Այն սկսվում էր որպես ազատության բազմամարդ տոնակատարության (1995-ի Սիրո պարադին մասնակցեց 280,000 մարդ), բայց մեծանալուն զուգընթաց այն սկսեց վերածվել կորպորատիվ փիառ-միջոցառման: Որպես բողոք Սիրո պարադի կոմերցիոն բնույթի դեմ` ավելի արմատական ռեյվերները սկսեցին իրենց միջոցառումը, որն անվանեցին Fuck parade (կթողնենք առանց թարգմանության): 2006-ին Սիրո պարադը տեղափոխվեց Գերմանիայի այլ քաղաքներ, իսկ 2010-ին միջոցառման ժամանակ տեղի ունեցավ դժբախտ պատահար, որին զոհ գնաց 21 մարդ, ինչից հետո այն փակվեց:
Բեռլինի տնտեսական խնդիրների հաղթահարման հետ սկսեցին վերանալ նաև ազատ տարածքները. պետությունը և բիզնեսը հիշեցին լքված գործարանների մասին և որոշեցին, որ դրանք կարելի է օգտագործել ավելի արդյունավետ, քան այնտեղ ռեյվեր կազմակերպելը: Արդյունքում շատ ակումբներ կորցրեցին իրենց նախկին տարածքները և ստիպված եղան տեղափոխվել կամ փակվել: Հետո հարվածեց համավարակը։
Եվ, այնուամենայնիվ, Բեռլինը շարունակում է մնալ ռեյվ մշակույթի ոչ-ֆորմալ մայրաքաղաքը: Բեռլինյան ակումբները դարձել են որակի ստանդարտ, իսկ բեռլինյան դիջեյները դարձել են ռեյվի դեսպաններն ամբողջ աշխարհում: Ռեյվը և ակումբները դարձել են բեռլինյան ինքնության կարևոր մի մասը, որով հպարտանում են անգամ այն բեռլինցիները, ովքեր երբևէ որևէ ռեյվ չեն այցելել:
Լոնդոն
Ռեյվն ընդդեմ Թետչերի կամ անդերգրաունդ ռեյվի պերճանքն ու թշվառությունը
80-ականներին Բրիտանիայում իշխում էր պահպանողական կուսակցությունը, որի առաջնորդ Մարգարեթ Թետչերն աշխարհում շատերի կողմից համարվում էր հաջողված ղեկավարի կերպար` «Երկաթյա տիկին»: Բայց Բրիտանիայում նրա ժառանգությունը շատ ավելի հակասական է: Թետչերի անցկացրած նեոլիբերալ բարեփոխումներից շահեցին Լոնդոնը և խոշոր բիզնեսը, բայց տուժեցին երկրի մարզերը և բազմահազար աշխատավորներ: Լուրջ խնդիր են նաև դառնում ծանր թմրանյութերը և ՄԻԱՎ-ի համաճարակը:
Եվ ահա այս մռայլ իրականություն են թափանցում ամերիկյան հաուսի և տեխնոյի առաջին սկավառակները: Իսկ այն բրիտանացի երիտասարդները, ովքեր ունեին հնարավորություն հանգստանալու իսպանական Իբիսա կղզում, այնտեղ մասնակցում են ռեյվերի, սկսում են մտածել, որ լավ կլիներ նման բան լիներ նաև իրենց հայրենիքում:
Առաջին ռեյվերը փոքր էին, այնտեղ չկար անգամ բեմ և նորմալ տեխնիկա, ամեն ինչ տեղի էր ունենում այսպես կոչված սաունդ-սիսթեմի շնորհիվ` բեռնատար ավտոմեքենա, որին ամրացված են մեծ դինամիկներ: Բայց շուտով ռեյվերին արդեն մասնակցում էին տասնյակ հազարներ, ինչպես օրինակ Քասլ Մորթոն Քոմմոնի հայտնի իվենթը, որին ներկա էր տարբեր հաշվարկներով քսանից քառասուն հազար մարդ:
Կառավարությունը չգիտեր, թե ինչ անել այս նոր շարժման հետ: Այն հակակառավարական չէր, ռեյվերները պարզապես չէին նկատում կառավարությանը, ստեղծում էին մի նոր, այլընտրանքային իրականություն, որտեղ թետչերիզմը պարզապես տեղ չուներ: Ռեյվերի ժամանակ տիրում էր համերաշխության մթնոլորտ, մասնակիցներն ապշահար պատմում էին, որ ֆուտբոլային ֆանատները գրկախառնվում էին հակառակորդ թիմերի ֆանատների հետ, իսկ սպիտակ բանվորական թաղամասերի բնակիչները` էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Բայց մարդիկ սովորաբար վախենում են նրանից, ինչը չեն հասկանում: Բացի այդ, մամուլը հենց սկզբից չսիրեց ռեյվ շարժումը: Որոշ ռեյվերի ժամանակ հանցագործ տարրերի և թմրամիջոցների հետ կապված միջադեպերը առիթ դարձան, որ ԶԼՄ-ները խոսեն ռեյվի մասին որպես «թմրամոլների երաժշտություն»: Այս կարծրատիպը սկսեց լայնորեն տարածվել, առավել ևս, որ սկսնակ ունկնդիրի համար այդ երաժշտությունը կարող է թվալ այնքան տարօրինակ, որ «սա լսելու համար պետք է մի բանի տակ լինես»: Այս միտքն ինքնին վիրավորական է էլեկտրոնային երաժշտության սիրահարների և այդ ոճով ստեղծագործող արվեստագետների համար, սակայն, այդ կարծրատիպը, ցավոք, բավական կենսունակ է:
Իրենց հերթին, բրիտանական անդերգրաունդ ռեյվերի կազմակերպիչներն էլ միշտ չէ, որ կարողանում էին լավ կազմակերպել միջոցառումների անվտանգությունը և ռեյվերի վայրեր սկսեցին թափանցել քրեական տարրեր, ինչը բերում էր անախորժությունների և անգամ ողբերգական միջադեպերի: Արդյունքում, երբ կառավարությունը որոշեց պատժամիջոցներ ընդունել ռեյվերի դեմ և ընդունվեց համապատասխան օրենքը, դրանք լայն հասարակության կողմից ծափահարություններով ընդունվեցին: Շարժումը սկսեց տեղափոխվել գիշերային ակումբներ, որտեղ իրավիճակն ավելի վերահսկելի էր թե՛ պրոմոութերների, թե՛ պետական մարմինների համար:
Այս ամենը դաս դարձավ և՛ կառավարությունների, և՛ ռեյվ-մշակույթի կրողների համար, ոչ միայն Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում: Մի կողմից, կառավարություններն աստիճանաբար սկսեցին գիտակցել, որ պետք չէ այս կամ այն երաժշտական ոճն ասոցացնել արգելված նյութերի հետ և պայքարել այդ ոճի դեմ, այլ պետք է վերացնել այն սոցիալական պատճառները, որոնք բերում են թմրամիջոցներից կախվածությանը, կախվածություն ունեցող մարդկանց էլ օգնել հաղթահարել այն: Մյուս կողմից, ռեյվերի կազմակերպիչները սկսեցին ավելի պատասխանատու մոտենալ իրենց միջոցառումների անվտանգությանը, համագործակցել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, որպեսզի բացառվեն հանցագործությունները և թմրանյութերի հետ կապված միջադեպերը:
Վերջաբանի փոխարեն
դիջեյը նաև հոգեթերապևտ է
Եվ այսպես, ռեյվը ծաղկում է հատկապես այնտեղ, որտեղ կան ծանր պատմական ժառանգություն, տնտեսական դժվարություններ, այնտեղ որտեղ երիտասարդությունն ունի բազում խնդիրներ, իսկ կառավարությունը և լայն հասարակությունը միշտ չէ, որ պատրաստ են հասկանալ և օգնել երիտասարդներին:
Այս առումով, գուցե պատահական չէ, որ այսօր ամենադինամիկ զարգացող ռեյվ-շարժումը հենց մեր տարածաշրջանում է` հետխորհրդային երկրներում: Կիևը, Թբիլիսին և Մոսկվան մեր օրերի ռեյվի համաշխարհային կենտրոններ են համարվում, այստեղ ստեղծված որոշ պրոյեկտներ ճանաչված են ամբողջ ռեյվ-աշխարհում: Թափ է հավաքում ռեյվ-շարժումը մեզ մոտ, և, կարծում եմ, մի քանի տարվա հարց է, որ Երևանն իր արժանի տեղը զբաղեցնի էլեկտրոնային երաժշտության համաշխարհային քարտեզի վրա: Այստեղ էլ միմյանց հանդիպում են ծանր պատմական ժառանգությունը, նոր գտնված ազատությունն ու սոցիալ-տնտեսական դժվարությունները: Եվ, իհարկե, այստեղ էլ կան լքված գործարաններ և չօգտագործվող տարածքներ:
Հին ռեյվերները հաճախ ասում են, որ ռեյվը պարզապես ուրախ ժամանակ անցկացնելու ձև չէ, այլ հոգևոր փորձառություն: Եթե կուզեք՝ հոգեթերապիայի մի ձև, երբ դու ինքդ ես և՛ պացիենտը, և՛ բժիշկը, իսկ երաժշտությունը և պարը՝ թերապիան: Պատկերացրու, որ պարում ես մութ սրահում կամ աստղազարդ երկնքի ներքո և տեխնոյի հզոր բիթը խլացնում է աշխարհի աղմուկը: Չկա ոչինչ և ոչ ոք բացի քեզնից և երաժշտության բիթից, և դու կարող ես վերջապես մնալ միայնակ ինքդ քեզ հետ, զրուցել ինքդ քեզ հետ, հասկանալ, թե ինչն է քեզ տանջում և ինչու: Իսկ երբ դու հասկանում, գիտակցում և ընդունում ես քո ցավերը և վախերը, պարի ռիթմով շարժվող քո մարմինը, ուզես թե չուզես ազատվում է այդ ամենից: Իսկ երբ լույսը բացվի և դու հոգնած, բայց երջանիկ վերադառնաս տուն, դու արդեն մի քիչ ուրիշ մարդ կլինես` մի փոքր ավելի հանդարտ, մի փոքր ավելի բարի, մի փոքր ավելի ազատ: