Թղթի վրա. «ՀայՖիլմ» կինոստուդիայի չնկարահանված սցենարները
Բեկնազարյանի ու Դովլաթյանի Վարդան Մամիկոնյանները, Մալյանի Կոմիտասը, Փարաջանովի հեքիաթներն ու այլ հավակնոտ նախագծեր, որոնք այդպես էլ սցենարից կինոյի չվերածվեցին։
Տեքստը՝ Վահագն Խաչատրյանի
ԵՐԵՎԱՆ #80 | 2023
Չափազանց թանկարժեք Վարդանանց պատերազմը
Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակն արտասովոր ակտիվություն է մտցրել ազգային կինոստուդիաներում, այդ թվում՝ «Հայֆիլմում»: Տեղի էին ունենում վարչական և կառուցվածքային փոփոխություններ, որոնք պետք է հեշտացնեին կինոարտադրական գործընթացը, որոշակի անկախություն տային կինոստուդիաներին: Այդ տարիներին «Հայֆիլմը» տնօրինում էր Համո Բեկնազարյանը, որը երկու տարի առաջ էր ավարտել «Դավիթ Բեկը» (1943) և նախատեսում էր նոր նախագիծ, որը պետք է լիներ նախորդի տրամաբանական շարունակությունը և ցույց տար կովկասյան ազգերի համատեղ պայքարը մեկ այլ թշնամու՝ Պարսկաստանի դեմ: Ֆիլմի իրադարձությունները ծավալվելու էին 5-րդ դարում և պատմելու էին Վարդան Մամիկոնյանի և Ավարայրի ճակատամարտի մասին:
«Դավիթ-Բեկ»
Բեկնազարյանը հասկանում էր իր մարտահրավերի բարդությունը՝ ստեղծել այլ դարաշրջան, ցույց տալ ժամանակի կոլորիտը, բարքերն ու առօրյան: Սակայն դա չէր վախեցնում արկածներ սիրող ռեժիսորին: Հնարավորինս ճշգրիտ նկարագիր ստեղծելու համար Բեկնազարյանն ու ֆիլմի սցենարի համահեղինակը՝ Գրիգոր Չախիրյանը, ուսումնասիրում էին ժամանակաշրջանին վերաբերող բոլոր աղբյուրները, այդ թվում՝ Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» երկը: Այդ տարիներին Վարդանանց պատերազմին նվիրված իր վեպն էր ավարտում Դերենիկ Դեմիրճյանը, որը նույնպես օգնում էր ստեղծագործական թիմին: Իր հուշերում Բեկնազարյանը գրում է, որ պլանավորում է նկարել պատմական ֆիլմ, որի նմանը դեռ չի ստեղծվել. շեշտը դրվելու է ոչ թե Ավարայրի ճակատամարտի, այլ պատմական ժամանակաշրջանի և հայկական զարթոնքի նկարագրի վրա, անդրադարձ է լինելու գրերի ստեղծմանն ու գրաճանաչության տարածմանը և այլն:
Պատմում են, որ Մոսկվան կանաչ լույս էր տվել նախագծին, և Հայաստանում սկսել էին աշխատել սցենարի վրա: Բայց շուտով կինոստուդիան տեղեկացվեց, որ Մոսկվայում որոշում է կայացվել կրճատել սցենարների ստեղծմանն ու կինոարտադրությանը տրամադրվող գումարի չափը, ինչը նշանակում էր, որ նմանատիպ մեծ ու ծախսատար ֆիլմ հնարավոր չէ նկարել:
Մեկ այլ Վարդան Մամիկոնյան, բայց նորից թղթի վրա
Չիրականացված գաղափարներ ու չնկարահանված սցենարներ լինում են բոլոր ռեժիսորների կյանքում, սակայն երբեմն ռեժիսորի՝ դրանք նկարելու ցանկությունն այնքան մեծ է, որ ձախողումը դառնում է չամոքված վերք վերջինիս ստեղծագործական ուղու վրա: Ֆրունզե Դովլաթյանն ունեցել է մի շարք հետաքրքիր ու խոստումնալից կինոգաղափարներ, որոնց տեղափոխումն էկրան նոր շունչ կհաղորդեր հայկական կինոյին: Դովլաթյանը, ինչպես իր ավագ գործընկերը, ցանկանում էր ֆիլմ նկարել Վարդան Մամիկոնյանի մասին՝ ոգեշնչված Դերենիկ Դեմիրճյանի և Եղիշեի ստեղծագործություններով, բայց այստեղ շեշտը լինելու էր ոչ թե միջնադարյան կոլորիտի, այլ բազմակի բնավորության գծերի, հերոսների հակասությունների ու բախման վրա:
Ֆրունզե Դովլաթյանը՝ նկարահանման հրապարակում
Հին աստվածներն ու նորանկախ միգրանտները
Մարդկային բնավորության առանձնահատկություններն ու դրանց հակադրումը միմյանց միշտ եղել են ռեժիսորին հետաքրքրող հիմնական թեմաներից, և զարմանալի չէ, որ մյուս հեղինակը, որին ցանկանում էր էկրանավորել Դովլաթյանը, Լևոն Շանթն էր: Ռեժիսորը երազում էր ֆիլմ նկարահանել ըստ «Հին աստվածներ» պիեսի, սակայն թե՛ այս, թե՛ նախորդ նախագծի համար Դովլաթյանին չի հաջողվելու ֆինանսավորում հայթայթել:
Թերևս նույն՝ ֆինանսական պատճառներով ռեժիսորը չի կարողացել նկարահանել «Պատը» ֆիլմը, որի սցենարը գրվել է վաղ 1990-ական թվականներին: Գործողությունները պետք է տեղի ունենային Լոս Անջելեսում, Փարիզում և Մարսելում և պատմեին 65-ամյա Արմենի մասին, որը մերսող է աշխատում Լոս Անջելեսի բռնցքամարտիկների սրահում: Այստեղ ոչ ոք չգիտի նրա անունը, դրա փոխարեն հերոսին կոչում են «Պատ»՝ իր դիմացկունության և կայունության համար: Մինչդեռ Արմենի կյանքը լի է եղել դժվարություններով. նա եղել է ստալինյան ճամբարում և բանտում գտնվելու ընթացքում «հանդիպել» է իր կյանքի սիրուն՝ բանտախցի պատից այն կողմ: Հիմա, տարիներ անց, նա փորձում է գտնել այդ կնոջն արդեն Ֆրանսիայում։
Վտանգավոր Օրբելին
Չնայած վերը թված սցենարներին՝ Ֆրունզե Դովլաթյանի ստեղծագործական սպին «Թայֆունն» էր, որի վրա ռեժիսորն աշխատում էր յոթ-ութ տարի (1978-1986): Ֆիլմն արևելագետ և Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելու կյանքի պատմությունն էր և խոսելու էր պահպանողական և ազատամիտ հայացքների, անձի պաշտամունքի և պատմության կեղծման մասին: Սցենարի հեղինակներն Աշոտ Արզումանյանը և Անդրեյ Բիտովն էին, վերջինս նաև հեղինակել էր գիրք Օրբելու մասին: Դովլաթյանը նախատեսում էր ցույց տալ մեծ գիտնականի կյանքի պատմությունը՝ հիմնվելով մի քանի հիմնական սյուժետային գծերի վրա՝ Օրբելու աշխատանքն Էրմիտաժում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նրա հարաբերություններն ուսուցչի, ինչպես նաև սիրելի կնոջ՝ Կամիլլա Տևրերի հետ, աշխատանքները «Սասունցի Դավիթ» էպոսի վրա:
Հնարավորինս մոտ մնալով վավերագրական ճշգրտությանը՝ ֆիլմը սկսելու էր «վերջից» և ձգվելու էր մինչ Օրբելու երիտասարդություն, երբ վերջինս փորձում է գտնել կյանքի իր ուղին: Ֆիլմը սպանելու համար արվեց ամեն ինչ, քանի որ Մոսկվան չէր պատրաստվում թույլ տալ մի ֆիլմ, որ խոսում է ազգային բացառիկության մասին՝ ֆիլմ հայ գործչի և նրա անսահման ազատ մտածելու կարողության մասին:
Հենրիկ Մալյանը
Մալյանի «Կոմիտասի» սցենարը
Մալյանի լռությունը
Օրբելու մասին ֆիլմին նվիրված հարցազրույցներից մեկում Դովլաթյանը նշում է, որ իր՝ հանուն «Թայֆունի» մղվող պայքարին զուգահեռ Հենրիկ Մալյանն էր պայքարում՝ նկարահանելու «Կոմիտասը»: Երկու ռեժիսորների անհաջողության պատճառը նույնն էր, իսկ ցեղասպանության տեսարանները Մալյանի ֆիլմում բնավ չէին լավացնում դրությունը:
«Կոմիտասի» վրա աշխատելու տարիներին Մալյանը գրեթե մոլագարորեն ցանկանում էր նկարահանել ֆիլմը, քանի որ հավատացած էր՝ այդ ֆիլմն անհրաժեշտ է: Ընդունելով թեմայի ամբողջ լրջությունն ու պատասխանատվությունը՝ նա շարունակում էր կրկնել՝ «Եթե մեկը պետք է կրի այդ բարդությունն իր ուսերին, թող դա ես լինեմ»:
Ռեժիսորը սկսել էր աշխատել Կոմիտասի մասին պատմող երկսերիանոց ֆիլմի վրա դեռևս «Նահապետի» (1978) և «Կտոր մը երկինք»-ի (1981) աշխատանքներին զուգընթաց: Ֆիլմը նախատեսվում էր որպես վարդապետի կյանքի տարբեր ժամանակահատվածների կոլաժ և նկարագրելու էր Կոմիտասի ամբողջ ուղին: Այն սկսելու էր Փարիզի հոգեբուժարանում, որտեղ վարդապետին այցելության է գալիս Փանոս Թերլեմեզյանը: Շուտով Կոմիտասի հիշողությունները տեղափոխում են հանդիսատեսին Վաղարշապատ, որտեղ երկչոտ տղան եկել էր ուսանելու, ապա եվրոպական մեծ համերգասրահներ, որտեղ Կոմիտասը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում: Մենք հայտնվում ենք նաև Թբիլիսիում և Կ. Պոլսում, որտեղ ձերբակալվում է Կոմիտասը: Ֆիլմն ավարտվում է հոգեբուժարանում, երբ Թերլեմեզյանը հայտնում է վարդապետին, որ հայերն արդեն փրկված են (նկատի ունենալով Խորհրդային Հայաստանի ստեղծումը) և Կոմիտասը պետք է շուտ կազդուրվի և վերադառնա հայրենիք: Թեև վարդապետը շուտով մահանում է, հայրենիք է վերադառնում նրա հոգին և կարծես թե միաձուլվում հայ ժողովրդի հետ:
Կեսայանցի պատիժը
Դմիտրի Կեսայանցի ստեղծագործական ուղին ևս լի էր «սպիներով»: 1964 թ. Կեսայանցը նկարեց «Ավդոյի ավտոմեքենան», որն անմիջապես ճանաչվեց հակասովետական և արգելվեց հանել էկրաններ՝ դառնալով առաջին հայկական «դարակային» ֆիլմը: Ռեժիսորը հայտնվեց սև ցուցակում, ինչը նրան խանգարելու էր ստեղծագործել հաջորդող տարիներին: Գուցե սա էր պատճառներից մեկը, որ Կեսայանցը չկարողացավ էկրանավորել «Աստծո պատիժ» ինքնակենսագրական սցենարը, որը նկարագրում էր Դմիտրիի դեռահասությունն աքսորի ժամանակ:
Դմիտրի Կեսայանցի «Ավդոյի մեքենան»
1943 թվականին լուր եկավ, որ ռազմաճակատում գտնվող Դմիտրիի հայրը դավաճանել է հայրենիքին: Նրա ընտանիքը՝ կինը և երեք զավակները, ստացան «դավաճանի ընտանիք» ամոթալի պիտակը և աքսորվեցին Սիբիր, որտեղ մնացին մինչև 1949 թվականը: Ճանապարհին Վոլգայում խեղդվեց ռեժիսորի կրտսեր եղբայրը՝ մահացած երեխաների տեսարանն ընդմիշտ դաջելով ապագա ռեժիսորի հիշողության մեջ: Սցենարում տեղ է գտել նաև դրվագը, երբ հերոսը փոխում է իր հայկական անունը՝ ավելի հեշտ արտասանելի դարձնելու այն տեղի ռուսների համար: «Աստծո պատիժը» վարպետորեն նկարագրում է աքսորի առօրյան ու տաժանակիր աշխատանքը, որ ստիպված էին անել աքսորյալները, մարդկանց դաժանությունն ու դժբախտությունը, իր մոր հուսահատությունն ու անկառավարելի բարկությունը, ինչպես նաև այն անսահման սերը, որ նրանք տածում էին միմյանց նկատմամբ:
Աքսորից վերադառնալուց տարիներ անց միայն Կեսայանցը պարզում է, որ իր հայրը չի դավաճանել հայրենիքին, ընդհակառակը՝ հերոսաբար զոհվել է:
Արգելափակել արտահոսքը
«ՀայՖիլմի» արխիվում տեղեկություններ են պահպանվել Բագրատ Հովհաննիսյանի «Արտահոսք» սցենարի մասին, որի վրա ռեժիսորն աշխատել է շուրջ ութ տարի: Պահպանված փաստաթղթերը վերաբերում են 1980 թվականին, երբ կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամներն իրենց գնահատականն էին տալիս սցենարին: Չնայած առաջարկվող որոշ փոփոխություններին ու հավելումներին, ինչպես նաև չափազանց արտասովորության մասին մեկնաբանություններին, խորհուրդը որոշում է կայացնում հաստատել Հովհաննիսյանի սցենարը և ուղարկել Մոսկվա՝ վերջնական հաստատման: Առկա արխիվային մյուս նյութերը փաստում են, որ ռեժիսորը հետևում է խորհրդի նկատողություններին և որոշակի փոփոխություններ մտցնում սցենարում մինչ Մոսկվա ուղարկելը: Ֆիլմը հիմնված էր Վահագն Գրիգորյանի երկի վրա, որի գլխավոր հերոսը կյանքի հերթական փուլում կորցնում է ինքն իրեն, սկսում ապրել իներցիայով: Սակայն նրա հետ տեղի ունեցող մետամորֆոզը ստիպում է հերոսին նորովի տեսնել կյանքը, վերաիմաստավորել ու գնահատել անգամ առօրեական հաճույքները: Նկարահանումները պետք է սկսվեին 1982-ին, սակայն ֆիլմն այդպես էլ կանաչ լույս չի ստանում:
Բագրատ Հովհաննիսյանը
Փարաջանովի հեքիաթները
Կարելի է պատկերացնել, որ գրեթե ամեն օր Սերգեյ Փարաջանովի գլխում ֆիլմի նոր գաղափարներ էին ծնվում, որոնց մի մասը դառնում էր սցենար: Ցավոք, ոչ բոլոր սցենարներն էին, ի վերջո, դառնում ֆիլմ:
1973 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշվում էր Հանս Քրիստիան Անդերսենի 150-ամյակը և Փարաջանովը նախատեսում էր ֆիլմ նկարահանել գրողի «Հրաշք Օդենսեում»-ի և մի շարք այլ հեքիաթների հիման վրա: Պատմության կենտրոնում լինելու էր Օլե Լուկոյեն, որն ամեն գիշեր մեկական հեքիաթ էր պատմում մանչուկ Յալմարին, իսկ հեքիաթների ոգեշնչման առարկա էին Օլե Լուկոյեին պատահող ամենաառօրեական իրադարձությունները, օրինակ՝ եկեղեցում տեղի ունեցած մի դրվագի արդյունքում ստեղծվում է «Արքայադուստրը և սիսեռի հատիկը» հեքիաթը և այդպես շարունակ: Հետաքրքիր էր, որ հեքիաթները կինեմատոգրաֆիական վերամշակման չէին ենթարկվել, և Փարաջանովը որոշել էր ոչ մի փոփոխություն չանել մեծ հեքիաթագրի տեքստերում:
Սցենարը ներկայացվել էր «Հայֆիլմ» կինոստուդիա, որին հաջողվել էր աջակցություն ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ստեղծվել էր նկարահանող խումբ և ամեն ինչ պատրաստ էր նկարահանումների սկզբին: Սակայն որդու հիվանդության պատճառով Փարաջանովը ստիպված էր Կիև մեկնել, որտեղից չկարողացավ վերադառնալ. ձերբակալվեց:
Սերգեյ Փարաջանովը
Արա Գեղեցիկը, Շամիրամն ու Շուշանիկը
Փարաջանովն ուներ նաև հայկական պատմական անցյալին անդրադարձող սցենարներ, որոնցից մեկը «Արա Գեղեցիկ ու Շամիրամն» էր: Ռեժիսորը նախատեսում էր ֆիլմը կառուցել գունային հակադրությունների վրա. ասորական ամենը լինելու էր ժանգագույն, հայկականը՝ բաց մանուշակագույն: Այս մեթոդն արտահայտելու էր ֆիլմի հիմքում ընկած սյուժետային հակադրությունը՝ խաղաղասիրությունն ընդդեմ ռազմամոլության, ազնվությունն ընդդեմ ուխտադրժության: Ֆիլմի գաղափարը Մոսկվա չուղարկեց:
Փարաջանովի մյուս սցենարի իրադարձությունները տեղի էին ունենում 5-րդ դարում: Հայքի հյուսիսային մարզպետներից մեկը որոշում է ուրանալ քրիստոնեությունը և մազդեականություն ընդունել: Նա փորձում է կրոնափոխ անել նաև իր կնոջը՝ Շուշանիկին, որը Վարդան Մամիկոնյանի դուստրն էր և Սահակ Պարթևի թոռնուհին: Օգտվելով Սուրբ Շուշանիկի նահատակության մասին վարքագրական մի շարք հուշարձաններից՝ Փարաջանովը նկարագրում էր այն փորձությունները, որոնց միջով անցնում է Շուշանիկը՝ այդպես էլ չենթարկվելով ամուսնու ցանկությանը: