X-Phobos. է՛լ հաուս, է՛լ բրեյքբիթ, է՛լ տրանս, է՛լ թեքնո
Առաջամարտիկներ

X-Phobos. է՛լ հաուս, է՛լ բրեյքբիթ, է՛լ տրանս, է՛լ թեքնո

Ինչպես X-Phobos խումբը 90-ականներին դարձավ հայկական էլեկտրոնային երաժշտության առաջամարտիկներից մեկը․ պատմում է խմբի հիմնադիր Dr!Sam-ը։

 

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Սամսոն Խաչատրյանի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

 

#Ռեյվ

Սամսոն Խաչատրյան․ նյարդաբան՝ էպիլեպսիայի և քնի խանգարումների մասնագիտացմամբ, ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու, Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնի վարիչ, Սոմնուս նյարդաբանական կլինիկայի ղեկավար և Քնի հետազոտման եվրոպական միության գործադիր կոմիտեի անդամ։ Ոչ, հերոսին չենք շփոթել, պարոն Խաչատրյանը նույն ինքը Dr!Sam-ն է, հայոց ռեյվի առաջամարտիկներից մեկը։  

 

Այս շատ լուրջ կոչումներով մարդուն հանդիպեցի հերթական բժշկական կոնֆերանսից հետո։ Դասական հագնված լիքը մարդկանց մեջ ճանաչեցի սպիտակ վերնաշապիկով Սամսոնին ու հենց այդ բժշկագիտական միջավայրում՝ դեղերի վահանակների ներկայությամբ էլ զրուցեցինք էլեկտրոնային երաժշտությունից։ Կոնտրաստները շատ էին, ինչ խոսք, դժվարությամբ էի պատկերացնում, թե երբեմնի անքուն գիշերների սիրահար տղան ինչպես է դարձել քնի խանգարումների մասնագետ։ 

 

Ամեն ինչ պարզ դարձավ, երբ Սամսոնը սկսեց խոսել էլեկտրոնային երաժշտությունից։ Նման հանրագիտարանային գիտելիքներ էլեկտրոնային երաժշտության ոլորտից ու նման փայլ աչքերում ես դեռ երբեք չէի տեսել։ Սամսոնը մեծ խանդավառությամբ էր պատմում էլեկտրոնային երաժշտության ամեն մի ուղղության, ենթաճյուղի ու կատարողի մասին։ Ստիպեց էդ բոլորն անգիր անել, հատ-հատ լսել կատարողներին ու վերջում էլ խոստովանեց, որ արտերկրում տեղի ունեցող բժշկագիտական կոնֆերանսների պատրվակը միշտ օգտագործում է որևէ հայտնի դիջեյի համերգին ներկա գտնվելու համար։   

 

X-Phobos խումբը՝ Հայ FM ռադիոկայանի ստուդիայում

 

 

Փորձեցինք, ստացվեց

Ժամանակին անդերգրաունդի շունչն ավելի լավ էր զգացվում, քան հիմա։ Այդ շրջանում էլեկտրոնային երաժշտության տարբեր նոր ուղղություններ ի հայտ եկան, որոնց, իհարկե, երկրպագում էինք, տարված էինք այդ երաժշտությամբ ու հաճախ էին առաջանում մտքեր, որ գուցե մենք էլ կարող ենք մի բան փորձել ու անել։ 

 

1997-ին իմ բումբոքսի համար միկրոֆոն գնեցի։ Նույն օրը հրավիրեցի մոտ ընկերներիս՝ փորձարկումներ անելու։ Որոշեցինք ինչ-որ թրեք համադրել ընկերներիցս մեկի՝ Աշոտի (Mad DJ) ռեպ կատարմամբ։ Լավ ստացվեց ու որոշեցինք շարունակել, չնայած որևէ այլ պրոֆեսիոնալ սարքավորում չունեինք։ Այդպես ստեղծվեց X-Phobos խումբը․ չորսով էինք՝ Mad DJ-ը, Mighty K-ը, CJ AlexX-ը և ես՝ Dr!Sam-ը: 

 

Էլեկտրոնային երաժշտության բոլոր ուղղությունները մեզ հետաքրքիր էին ու ինչ ասես փորձել ենք։ Այդպես ընդունված չի դրսում, իսկ մենք է’լ հաուս, է’լ բրեյքբիթ, է՛լ տրանս, է՛լ թեքնո ու էլի ինչ ասես փորձարկում էինք։ Շուտով ալբոմ ստեղծվեց բոլոր այդ թրեքերով («Spheroid» 1999) ու մեր խմբի գործունեությունը ծավալվեց տարբեր ուղղություններով․ ռադիոծրագրեր, լայվեր, փառատոներ, կապ ունկնդիրների հետ և այլն։ Ալբոմի փրոմոշնին նաև միացավ Հայ FM-ի հանրահայտ ռադիոդիջեյ, լուսահոգի DJ Սեդրակը։

 

2000-ականներից մեր գործունեությունը քիչ-քիչ դադարեցրինք։ Դե, կյանքն իր ուղղումներն է մտցնում․ մեկը բանակ գնաց, մյուսն այլ ոլորտ մտավ, դե ես էլ խորացա բժշկության մեջ։ Բացի դա, պետք է խոստովանեմ, որ դաշտ չկար ու չկար այդ ամենի կոմերցիոն կողմը։ Մյուս շատ տաղանդավոր ռեզիդենտ դիջեյների հետ մենք, իհարկե, հասանք նրան, որ երևանյան ակումբներում հնչի ոչ թե փոփ, այլ հաուս, թեքնո ու էլեկտրոնային երաժշտության այլ ուղղություններ։ Նաև մեզ հետևելով ի հայտ եկան Docheads խումբը (DJ AER, DJ Stormy K, ովքեր, ի դեպ, նույնպես ճանաչված բժիշկներ են), Garry Spectrum-ը, Darklight-ը, այլ գրագետ ու պրոֆեսիոնալ պրոդյուսեր-դիջեյներ, բայց ասել, որ հնարավոր եղավ դաշտ ձևավորել, սխալ կլիներ։ Որոշ դիջեյներ, անշուշտ, շարունակում էին գործունեությունը, ունենք հրաշալի ակումբային դիջեյներ, ովքեր իրենց գործի իսկական վարպետներ են։ Սակայն խոստովանեմ, որ ակումբ հաճախող զանգվածը տեսական գիտելիքով բավական թուլացավ, ինչը, իհարկե, դեր խաղաց հետագայում։

 

Mad DJ-ը և Dr!Sam-ը

 

 

Հասցնել 15 րոպեում

Մեր խմբի համար մեծ իրադարձություն էր, երբ Ալեքսն ավելի հզոր համակարգիչ ունեցավ, ու մենք սկսեցինք օգտագործել դրա ծրագրային հնարավորությունները, որոնք, միևնույն է, շատ սուղ էին։ Լայնամասշտաբ մի բան անելը շատ բարդ էր, ոչ պրոդյուսեր ունեինք, ոչ էլ հովանավոր, սակայն անում էինք ինչ հնարավոր էր։ 

 

Թրեքերը մշակելու և միքսելու համար նախատեսված հատուկ ծրագրեր կային, որոնցից հնարավորության դեպքում օգտվում էինք։ Իսկ ահա իրական գործիքներ, ինչպես, օրինակ՝ սինթեզատորը, շատ թանկ հաճույք էր, որը մեզ չէինք կարող թույլ տալ։ Թրեքերից երկուսը՝ Marsophobia-ն ու Brainstorm-ը, գրել ենք ընդամենը 15 րոպեում՝ ծրագրի դեմո տարբերակի միջոցով։ Դե, այսպես էր, ծրագիրը 15 րոպե փորձարկման հնարավորություն էր տալիս ու հետո չեղարկվում։ Պետք էր հասցնել ամեն բան անել այդ 15 րոպեի ընթացքում՝ հավաքել առանձին մասեր, բիթերի բաժիններ, հնչողության օսցիլյատորներ և այլն։ Բազմաթիվ փորձերից հետո գործի դրեցինք համակարգիչն ու 15 րոպեում 10 րոպեանոց թրեք ձայնագրեցինք, հետո՝ ևս մեկը։ Թրեքերը միակն են իրենց տեսակով, որովհետև այդպես կարող էր ստացվել միայն այդ 15 րոպեի ընթացքում, իսկ այլ անգամ գուցե լրիվ այլ բան ստացվեր։ Տեխնիկական ավելի լավ հնարավորություններ, ցավոք, ունեցանք ավելի ուշ, երբ արդեն նույն ինտենսիվությամբ չէինք զբաղվում երաժշտությամբ։ Ռադիո Հայ FM 105.5-ում աշխատելու տարիներին հաճախ էինք օգտվում իրենց տեխնիկայից՝ մի քիչ ավելի որակյալ բան ստանալու, օրինակ՝ վոկալ ձայնագրելու համար։ 

 

Հետաքրքիր էր նաև հատուկ ձայներ ստանալու մեր փորձառությունը։ Դե, իհարկե, կային ձայնասկավառակներ, որտեղ կարելի էր գտնել տարատեսակ ձայներ` սեմփլներ, սակայն մենք շատ հաճախ ինքներս էինք ստեղծում դրանք տարբեր կենցաղային իրերի միջոցով, օրինակ՝ ինչ-որ բաներ իրար հարվածելով։ Դա իհարկե մի քիչ էլ պրոֆեսիոնալիզմ է պահանջում, պետք է ճիշտ ֆորմատով ձայնագրել և այլն, բայց մեզ մոտ կարծես թե վատ չէր ստացվում։ 

 

Մի անգամ հանրահայտ Tornado ակումբի հիմնը ստեղծելու առաջարկ ստացանք ու որոշեցինք, որ թրեքի հենց սկզբում պիտի բարձր գոռան «տորնադո՜» ու այդ ձայնն ուղեկցվի ու վերաճի տորնադոյի՝ փոթորկի ձայնի։ Ձայնը ստեղծելու համար ընդամենը հնարամտություն էր պետք։ Վերցրեցինք տղաներից մեկի տան օդամղիչը, միացրեցինք ամենաուժեղի վրա, մի կողմից մոտեցրեցինք միկրոֆոնը, մյուս կողմից էլ ես գոռացի ակումբի անունը։ Այդպես էլ արեցինք ու հեչ վատ չէր ստացվել։ Դե՝ սեմփլինգն ընդունված բան է էլեկտրոնային երաժշտության մեջ։ Մենք էլ մեր հերթին ստեղծում էինք մեր սեմփլները։  

 

Dr!Sam-ը (X-Phobos), DJ Stormy K-ը, (Docheads), Իրինա Լեդենեցը (Dynamit FM), DJ AER-ը (Docheads) և Garry Spectrum-ը 2001-ի DGeneration փառատոնի ժամանակ Ազատության հրապարակում

 

 

Ռադիոկրթություն

Այդ տարիներին շատ հայտնի էր Հայ FM 105,5 ռադիոկայանը՝ իրենց ռադիոդիջեյների թիմով։ Ես էլ այդ ընթացքում միացա Հայ FM-ի թիմին՝ իբրև ծրագրերի տնօրենի՝ հայտնի DJ Արթուր Ծուլիկյանի օգնական, հետո նաև որպես ռադիոդիջեյ։ Ամեն բան անում էինք, որպեսզի ունկնդիրներին կրթենք էլեկտրոնային երաժշտության ոլորտում։ Մի քանի ծրագիր ստեղծեցինք, որոնց ընթացքում խոսում էինք ամենատարբեր ուղղությունների ու կատարողների մասին։ Մենք շատ էինք կարևորում ունկնդիրներին կրթելը, ի վերջո, անհնար է լավ տիրապետել գործնականին՝ առանց տեսականի։ Ստեղծվեց մեր ամենահայտնի ռադիոծրագիրը՝ X-Club-ը։ Այն ներառում էր տարբեր բաժիններ, օրինակ՝ Classic Track, նորություններ ասպարեզից, ինչպես նաև էլեկտրոնային երաժշտության առանձին հիթ-շքերթ ունեինք` Top Selection-ն ու պարբերաբար ներկայացնում էինք համաշխարհային ամենաթարմ հիթերը։ X-Club-ի շուրջ ժամանակի ընթացքում ձևավորվեց մեծ լսարան ու համայնք, որի հետ մշտական կապի մեջ էինք, հանդիպումներ էինք կազմակերպում, փոխանակվում երաժշտությամբ, քննարկում շատ բաներ։ 

 

Ծրագրերի կայացմանը մեծապես նպաստում էր հատկապես Արամ Չախոյանը և Հայ FM-ի մյուս դիջեյները։ Մենք ինքներս էլ թրեքեր էինք գրում ու եթեր տալիս, ստեղծում էինք պայմաններ, որ այդ ոլորտում ստեղծագործողներն ունենան իրենց ստեղծածը հանրայնացնելու հարթակ։ Առանց համեստության պետք է ասեմ, որ 90-ականներից մինչև 2000-ականների ընթացքում Հայ FM-ի միջոցով հնարավոր եղավ մեծապես կրթել մեր երաժշտասերներին էլեկտրոնային երաժշտության ոլորտում։ 

 

Որոշ շրջան աշխատեցի նաև Dinamit FM-ում, որտեղ նաև դիջեյների էինք հրավիրում, ովքեր հենց եթերում լայվ միքսեր էին անում։ Դա մի բան էր, որ արդեն վաղուց արվում էր աշխարհում, իսկ մեզ մոտ առաջին անգամն էր։ 

 

Առհասարակ, ոչ միայն տեսական գիտելիքների, այլև բուն երաժշտության մասով երկար ժամանակ քիչ «կիրթ» ունկնդիրներ ունեինք։ Այդ պատկերը տարօրինակորեն խորացավ դեպի 2000-ականների վերջ։ Ես դա կապում եմ ակումբների՝ փաբի վերածվելու գործընթացի հետ։ Մի տեսակ մեր երիտասարդությունը նախընտրեց նստել-ասել-խոսելը, քան ակտիվ շարժվելն ու պարելը։ Ունկնդրի և ակումբում պարողի՝ երաժշտական ոճի մեջ կիրթ լինելը, այսինքն՝ ոճերը տարրականորեն իրարից տարբերելը և հիմնական պրոդյուսերներին ճանաչելը կարևոր է, կարևոր է գիտակցումը, որ առնչվում ես արվեստի մի տեսակի հետ ու որ դա պարզապես մի երգը մյուսի հետևից միացնել կամ միքս անել չէ։

 

Սամսոն Խաչատրյանը (Dr!Sam)

 

 

Իվենթներ ու լայվեր

Քաղաքում իվենթների մշակույթի պակաս կար, որը ևս փորձում էինք լրացնել։ Իր երաժշտությամբ ու դիջեյներով ամենատպավորիչը «Կասկադ» ակումբն էր՝ 90-ականների անդերգրաունդի կենտրոնը։ Այդտեղ 2001-ին The Prodigy-ին նվիրված միջոցառում կազմակերպեցինք։ Մեծ իրադարձություն էր, «Կասկադի» ադմինիստրացիան ապշած էր մարդկանց հոսքից։ Մենք էլ ամեն բան արել էինք, որ միջոցառումը ամբողջական լինի, նախապես ռադիոեթերում ներկայացրել էինք բի-սայդեր, հին թրեքեր ու նաև պատմել այդ բոլորի մասին, շատ հագեցած ծրագիր էինք մշակել։ Հետո էլ Հելոուինի փարթի կազմակերպեցինք, որը ևս շատ հաջողված էր։ Էդ ոչ հայեցի բաները մենք ենք առաջինն արել․․․ 

 

Ավելի ուշ ծանոթացանք ՆՓԱԿ-ի Եվայի ու Վահիկի հետ։ Նրանք էլ, պարզվեց, հետաքրքրված են էլեկտրոնային երաժշտությամբ ու որոշեցինք առաջին անգամ լայվ համերգ կազմակերպել։ Հայաստանում առաջին էլեկտրոնային լայվն էինք պատրաստում, հետաքրքիր զգացողություն էր՝ բեմ, հանդիսատես։ Հավաքվել էին մեր հիմնական ունկնդիրները, որոնց գրեթե դեմքով ճանաչում էինք։ Ամեն բան հրաշալի ստացվեց։ Կարևոր էր նաև հենց ինքնին փաստը, որ դա տեղի ունեցավ։ 2001-2002-ին նաև երկու շատ մեծ դիջեյ փառատոների կազմակերպմանը մասնակցեցինք․ մեկն Ազատության հրապարակում, մյուսը՝ Հանրապետության։ Ի զարմանս մեզ՝ երկու հրապարակներն էլ լեփ-լեցուն էին։ 

 

Ճիշտ է, հիմա ինքս չեմ զբաղվում երաժշտությամբ, բայց ակտիվորեն հետևում եմ, թե ինչ է կատարվում թե՛ Հայաստանում ու թե՛ դրսում։ Հիմա մեզ մոտ կարծես բազմազանություն կա, չնայած, միևնույն է, այն դաշտը, որը կուզեի ձևավորվեր, դեռևս չի ձևավորվել։ Հուսով եմ, որ դանդաղ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ։  

 

հավելյալ նյութեր