🍸 Yerevan Cocktail Week 2025. «Երաժշտությունը գավաթի մեջ»
Փառատոն

🍸 Yerevan Cocktail Week 2025. «Երաժշտությունը գավաթի մեջ»

Մայիսի 5-11-ը Երևանը կրկին կվերածվի համերի, երաժշտության և ստեղծարարության մայրաքաղաքի. երրորդ անգամ կանցկացվի Yerevan Cocktail Week փառատոնը։

Աղբյուր՝ Yerevan Cocktail Week

Բարային մշակույթի և միքսոլոգիայի գուրու, փառատոնի հիմնադիր Գեղամ Ղազարյանը միջազգային հյուրերին հրավիրում է բացահայտելու Հայաստանը՝ մշակույթի, երաժշտության, ոգու և պատմության հանդեպ հարգանքով ստեղծված կոկտեյլ մենյուի միջոցով։

 

«Բարային մշակույթի զարգացումը երկրի համար նոր հնարավորություններ ստեղծելու ուղի է։ Կոկտեյլը պարզապես խմիչք չէ, դա ապրելակերպ է, արժեհամակարգ և գեղագիտություն։ Կարևոր է հետևել համաշխարհային միտումներին, բայց միևնույն ժամանակ ձևավորել սեփական կոկտեյլային էկոհամակարգը», — նշում է Գեղամ Ղազարյանը, ով ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ՝ Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի լավագույն բարերում։

 

Yerevan Cocktail Week 2025-ի խորագիրն է՝ «Երաժշտությունը գավաթի մեջ»։ Փառատոնի յուրաքանչյուր տարր առնչվում է հայկական մշակույթի փիլիսոփայությանը՝ սկսած «Կարին» համույթի պարերից Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ մինչև Սրբուհի Լիսիցյանի պարային ժառանգության ուսումնասիրությունը, Մարո Մուրադյանի և Ռուդիկ Հարոյանի բանահյուսական արտահայտումները, Ջիվան Գասպարյանի դուդուկի պոետիկան, Լևոն Մալխասյանի ու Տիգրան Համասյանի ջազային լեզուն։

 

Երաժշտական հատվածը կապահովեն՝ «Կայթ» և «Կաթիլ» խմբերը, ինչպես նաև թառի մաեստրո Միքայել Ոսկանյանը։

 

Փառատոնի հատուկ կոկտեյլ մենյուում ընդգրկված կլինեն Երևանի 18 լավագույն բարերը։ Ամեն բարը կներկայացնի երկու յուրօրինակ կոկտեյլ՝ ոգեշնչված հայկական մեղեդիներով և քաղաքի տրամադրությամբ։

 

Բոլոր կոկտեյլները միավորվելու են հատուկ համերի քարտեզում, որը ներառելու է նաև գաստրոնոմիական երթուղիներ մայրաքաղաքի լավագույն վայրերով։

 

Այս տարի Yerevan Cocktail Week-ը կընդունի ավելի քան 20 միջազգային հյուրեր՝ Իսպանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Հունաստանից, Մեքսիկայից, ԱՄԷ-ից և Ռուսաստանից։ Հյուրերի թվում են ականավոր բարմեններ, կոկտեյլ քննադատներ և ոլորտի ազդեցիկ նորարարներ։

 

Փառատոնի խոսնակների թվում են՝ «Նեգրոնիի արքա» Մաուրո Մաջուբը, բարային արվեստի տեսաբան Ֆիլիպ Դաֆը, Իտալիայի ազդեցիկ կոկտեյլ քննադատ Ֆեդերիկո Բելլանկան, տեկիլայի համաշխարհային դեսպան Խուլիո Բերմեխոն և Ջոշ Հարիսը՝ հայ արմատներով բարմեն, ով նվաճել է Սան Ֆրանցիսկոյի բարային բեմը։

 

«Չէի պատկերացնում, որ մեկ շաբաթում հնարավոր է համերի այդպիսի գունապնակ բացել։ Սա պարզապես փառատոն չէ, այլ մշակութային բացահայտում է», — իր տպավորություններով է կիսվում Հունաստանի Բարի ակադեմիայի առաջատար փորձագետ Սպիրիդոնաս Վրադիսը։

 

Փառատոնի ծրագրում ներառված են ոչ միայն երեկոյան բարթենդինգ շոուներ, այլև կրթական սեմինարներ, վարպետության դասեր և կլոր սեղաններ, որտեղ մասնակիցները կարող են ընդլայնել մասնագիտական հորիզոնները, ամրապնդել կապերն ու գտնել նորարարական լուծումներ ոլորտի զարգացման համար։

 

Yerevan Cocktail Week 2025-ը նաև մեծապես կարևորում է հայկական մշակույթի տարածումն ու հանրայնացումը։ Մասնակիցների համար նախատեսված են վարպետության դասեր ազգային պարերի շուրջ, մշակութային էքսկուրսիաներ և հանդիպումներ՝ նվիրված հայկական երաժշտական ժառանգությանը։

հավելյալ նյութեր