📀 Zildjian-ի 400-ամյակի երաժշտական նվերը Հայաստանին
Երաժշտություն

📀 Zildjian-ի 400-ամյակի երաժշտական նվերը Հայաստանին

Կոստանդնուպոլսում սկիզբ առած երաժշտական գործիքներ արտադրող լեգենդար Zildjian ընկերությունն այս տարի նշում է իր 400-րդ հոբելյանը և այդ առիթով Հայաստանին է նվիրել բարձրորակ հարվածային գործիքներ, որոնք թույլ կտան ներկայացնել երկրի երաժշտական ժառանգությունը բոլորովին նոր նրբերանգներով։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ AAA Audio

Zildjian ընկերությունը հիմնադրվել է դեռևս 1623 թվականին Կոստանդնուպոլսում։ Այն  աշխարհում ամենահին ու ամենահայտնի երաժշտական գործիքներ արտադրող ընկերություններից է: Վերջինիս մասին խոսելիս, շատերն այն անվանում են «ոսկե չափանիշ», քանի որ Zildjian հիմնադիրը հայ ալքիմիկոս Ավեդիս Զիլճյանն էր, որը փորձելով ստանալ ոսկի, հայտնաբերեց եզակի համաձուլվածք, որն անսովոր ձայնային որակներ ուներ: Նա այն ժամանակ դեռ չգիտեր, որ ստեղծել է ծնծղաների արտադրության համար մի նյութ, որը դեռ հարյուրամյակներ շարունակ համարվելու է լավագույններից մեկը։ Առ այսօր Zildjian ընկերությունը ստեղծում է իր արտադրանքը հենց այդ գաղտնի համաձուլվածքի կիրառությամբ և համարվում է առաջատար հարվածային գործիքների արտադրության մեջ։ Այն օգտագործում են անվանի նվագախմբեր, ռոք և ջազ երաժիշտներ։ 1929 թվականին, Ավեդիսի ժառանգները՝ Արամը և Ավեդիսը շարունակեցին ընտանեկան գործն արդեն ԱՄՆ-ում և այսօր Zildjian ընկերության արտադրանքը ստեղծվում է Մասաչուսեթս նահանգում։ 

 

 

Այս տարի ընկերությունը նշեց իր 400-րդ հոբելյանը և այդ կապակցությամբ Հայաստանին նվիրեց մի քանի տասնյակ հարվածային գործիքներ։ Այս նվիրատվությունը հնարավոր դարձավ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի կողմից համահիմնադրված հայկական երաժշտական տեխնոլոգիական AAA Audio ընկերության նախաձեռնությամբ։ 

 

AAA Audio ընկերության համահիմնադիր և գործառնական տնօրեն Գևորգ Մնացականյանի խոսքով, այս նախաձեռնության գաղափարը ծնվել էր դեռևս 2022 թվականին։ Սկբզում խոսքը գնում էր միայն Կոնսերվատորիայի համար գործիքներ ձեռք բերելու մասին, բայց իր բոստոնաբնակ գործընկերոջ հետ այս հարցի շուրջ քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ այս նախաձեռնության մասշտաբները կարող են բոլորովին այլ լինել. հնարավոր է շրջանակը ընդլայնել՝ ներգրավելով հայաստանյան այլ երաժշտական կառույցներ։ 

 

 

Գևւորգ Մնացականյանը հավելում է. «AAA Audio ընկերության առաքելությունն է բացահայտել Հայաստանի երաժշտական ներուժը միջազգային ասպարեզում և այդ առաքելությունը կյանքի կոչելու համար մենք պետք է համոզված լինենք, որ նվագախմբերին հասանելի գործիքները համապատասխանում են պրոֆեսիոնալ կոմպոզիտորների կողմից ակնկալվող կատարման որակի»։

 

Ընկերությունը հանդիպեց բոլոր նվագախմբերի հետ, պարզեց նրանց կարիքները հարվածային գործիքների տեսանկյունից և այդ ցուցակը ներկայացրեք անմիջապես Zildjian ընկերության ներկայացուցչին։ Որոշ ժամանակ անց ընկերությունը տեղեկացրեց, որ ցանկանում են նվիրել այդ գործիքները։ 

 

Zildjian ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Քրեյգի Զիլճյանը ասում է. «Նշելով Zildjian ընկերության 400-ամյակը, մեր ընտանիքը ցանկանում էր հարգանքի տուրք մատուցել իմ պապիկի հայկական ժառանգությանը։ Նվիրելով ծնծղաներ Հայաստանի հայտնի կոնսերվատորիային ևւ նվագախմբերին՝ մենք կատարում ենք այն, ինչ պապիկս անշուշտ կցանկանար անել»։

 

Պատմական այս նվիրատվությունը ներառում է ավելի քան 20 Zildjian ծնծղաներ, ինչպես նաև տասնյակ այլ հարվածային փայտիկներ, մուրճեր և այլ աքսեսուարներ Zildjian, Vic Firth ևւ Balter ընկերություններից։ «Ես համոզված եմ, որ հայկական երաժշտական համայնքը կգնահատի այս նվիրատվությունը՝ հայկական անուն կրող ծնծղաները, որոնք այժմ արտադրվում են ԱՄՆ-ում», հավելում է տիկին Զիլճյանը։

 

Ընկերության կողմից նվիրած հավաքածուն նախատեսված է Երևւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և հայկական հինգ նվագախմբերի համար, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համար։ 

 

 

 

«Դժվար է գերագնահատել պրոֆեսիոնալ, բարձրորակ գործիքների կարևւորությունը նվագախմբում, որոնք կատարողականության որակի անբաժանելի մասն են։ Zildjian-ի նվիրատվությունը հատկապես խորհրդանշական է, քանի որ այն համընկնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի նախօրեին և խոստանում է բարձրացնել երաժիշտներին նոր կատարողական բարձունքների», նշում է նվագախմբի գլխավոր տնօրեն Նորայր Նազարյանը։

 

Նվիրատվությունը հնարավոր դարձավ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Ջ. Բարսամյանի և աշխարհում ամենամեծ հայկական բարեգործական կազմակերպություն հանդիսացող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) առատաձեռն աջակցությամբ։ «Zildjian ընտանիքն առանձին հաստատություն է երաժշտության աշխարհում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Մեզ համար մեծ պատիվ է նրանց աջակցությունը մեծ հայկական ընտանիքի մաս հանդիսացող Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբերին», նշում է պարոն Բարսամյանը։