Զրույցներ եղեգի հետ
Ցուցահանդես

Զրույցներ եղեգի հետ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլին բացվել է «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրությունը։ ԵՐԵՎԱՆը շփվել է ցուցադրության համադրող և «ԱՀԱ կոլեկտիվի» հիմնադիր Նայիրի Խաչատուրեանի հետ։ Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 5-ը։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարները՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Արեգ Բալայանի

 

***

 

Ցուցադրության նախագիծը՝ «ԱՀԱ կոլեկտիվի»

Համադրող` Նայիրի Խաչատուրեան

Հոբոյիստ և երաժշտագետ` Լոլա Սուլիե

Ցուցադրության ձևավորող` Մայդա Շավակ

Գրաֆիկական ձևավորող` Սարգիս Անտոնյան

Արվեստագետներ` Անտուան Բուդեն, Փիրուզա Խալափյան, Շանթ Շարոյան, Մայդա Շավակ

Ձայնոցագործ` Հովհաննես Խուդավերդյան

 

#Թանգարաններ #Արվեստ

Ցուցադրությունը, ինչպես նշում է համադրող Նայիրի Խաչատուրեանը, վերհանում է մարդկության սերտ հարաբերությունները եղեգի (Arundo donax տեսակի) և նրա տարածքների հետ․ «Այս ցուցադրությունն առաջարկում է ձայն տալ բույսերին, գետերին և բնական տարածքներին, մղելու մեզ մտորել արդի աշխարհաքաղաքական և մշակութային մարտահրավերների մասին՝ 7մ բարձրություն ունեցող սնամեջ ցողունի դիտանկյունից»։ 

 

Ցուցադրության տարածքը կարելի է բաժանել  հինգ առանձին հատվածի, որտեղ հնարավոր է տեսնել «եղեգի հասարակության» ձևավորումը՝ Արաքս գետի ափին աճող եղեգատեսակի քարտեզագրումից մինչև ցողունի ավելի բարակ մասից դուդուկի ու հոբոյի ձայնոցների պատրաստումը։ Նայիրին պատմում է, որ ցուցադրության գլխավոր նպատակը ներկայացնելն է, թե ընդամենը մեկ բույսն ինչպես կարող է կամրջել մշակութային և աշխարհագրական բաժանումները՝ կապելով Հայաստանը Ֆրանսիային, արհեստն ու երաժշտությունը` ժամանակակից դիզայնին։ 

 

 

 

Նախապատրաստական հետազոտական փուլը տևել է շուրջ երկու տարի․ «Ցուցադրություն կազմակերպելու գաղափարն առաջացավ  ֆրանսիացի հոբոյահար և երաժշտագետ Լոլա Սուլիեյի հետ հանդիպումից հետո։ Նա եկել էր Հայաստան իր թեկնածուական հետազոտությունն իրականացնելու. «Ֆրանսիայում  ​​եղեգը հավաքելու և փողային երաժշտական գործիքների ձայնոցներ պատրաստելու արհեստագործական գիտելիքները կորել են 20-րդ դարի սկզբին։ Հայաստանում այս մշակույթը պահպանվել է։ Երաժշտագետի նպատակն է համեմատական երաժշտագիտական հետազոտություն անելով վերագտնել եղեգի հնչերանգային լիարժեք հատկությունները և, ի վերջո, ճիշտ պատրաստված ձայնոցներով առաջարկել հարուստ հնչերանգով երաժշտություն ունկնդիրներին։ Մոտ երկու տարի դաշտային աշխատանք կատարեցինք Լոլա Սուլիեյի և արվեստագետ Մայդա Շավակի հետ` հետազոտելով բույսը, իր կենսատարածքները և արհեստագործ վարպետների փորձը թե´ Հայաստանում թե´ Ֆրանսիայում», - նշում է Նայիրին։ 

 

«Վերարժևորելով եղեգը» բաժնում ներկայացված են ֆրանսիացի դիզյաներ Անտուան Բուդանի աշխատանքները․ նա վերամշակում է Ֆրանսիայի հարավային Վաղ շրջանում գործող ձայնոց պատրաստող ընկերությունների եղեգնյա թափոնները, առաջարկելով այլընտրանք՝ տնային ժամանակակից կիրառական պարագաներից (լամպ, հայելի, աթոռ) մինչև սպասք, ընդհուպ առագաստանավ։ «Քանի որ Ֆրանսիայի հարավը փողային գործիքների ձայնոցի արտադրության համաշխարհային կենտրոնն է, արդյունաբերական քանակով թափոններ են գոյանում, որոնք հետազոտելու, փորձարկելու և ստեղծագործելու նյութ են ծառայում դիզայների համար։ Առաջնորդվելով բնապահպանական մարտահրավերները վերափոխելու ցանկությամբ, Անտուան Բուդանից ցանկացա ցույց տալ նյութի հետ աշխատելու իր մոտեցումը և մի քանի ստեղծագործություններ («Eliou» լամպը, 2012; «Եղեգասպասքը», 2021), որ հանրությունն ու մասնագիտական համայնքը ծանոթանա, թե ինչպես կարելի է վերարժևորել և նոր շունչ հաղորդել բույսի հետ ավելի կայուն մոտեցումներով աշխատելուն», - բացատրում է Նայիրին։ 

 

 


 

Հայաստանում, ի տարբերություն Ֆրանսիայի, մտածողությունն արտադրական չէ, այստեղ վարպետները գիտեն՝ ինչպես եղեգից արհեստագործական վարպետությամբ պատրաստել փողային գործիքների (դուդուկ, զուռնա) ձայնոցները, հարգելով քաղելու եղանակն ու մշակելու ձևերը, որի մասին էլ պատմում են ցուցադրության մյուս հատվածները։ Նայիրին պատմում է, որ Հայաստանում մինչ օրս կիրառվում են թուրքերեն «ղամիշ» կամ գերմաներեն «մունշտուկ» բառերը, որոնք օտարածին են, իսկ Կոմիտասն իր գործիքագիտական հոդվածներում շրջանառության մեջ էր դրել «ձայնոց» եզրը, որը լիարժեք նկարագրում է ձայն հանող անոթի դերը։ «Ցուցադրությունը նաև միջոց է տեքստերի միջոցով լեզուն վերարժևորելու, լեզվի հետ խաղալու և ստեղծագործելու. Կոմիտասի եզրից ցուցադրության համար ծնվեցին ու շրջանառության մեջ մտան «ձայնոցագործ» և «ձայնոցադարան» բառերը»,- մանրամասնում է Նայիրին։ 

 

Ձայնոցներ պատրաստելու մշակույթը ներկայացնելու համար քարտեզագրվել է ճանապարհը, որով անցել է եղեգը՝ Արաքս գետից մինչև Միջերկրական ծովի ավազանը․ «Հայաստանում շատ վայրեր ունեն եղեգի հետ կապված տեղանուններ, ինչն ապացուցում է, որ տարբեր եղեգատեսակներ աճում են մեր տարածաշրջանում և վարպետ ձայնոցագործները օգտվել են հենց տեղական նյութից՝ պատրաստելու դուդուկի, զուռնայի և այլ փողային գործիքների ձայնոցները։ Սովետական շրջանում վարպետների համար Գանձակն էր Arundo donax եղեգատեսակի մայրաքաղաքը։ Այնուհետև, վարպետները Արցախի հարավում` Ջրականից են քաղել։  «Քարտեզագրելով եղեգը» հատվածում հենց այդ կապերն ու արդի մարտահրավերներն ենք փորձել ներկայացնել»։ 

 

Հատկանշական է նաև ձայնոցագործ Հովհաննես Խուդավերդյանի ներկայացրած եղեգի կոճղարմատը, որն արտացոլում է արմատախիլ եղած ներկա ժամանակաշրջանը ․ «Հովհաննեսն իր եղեգը քաղել է Արցախում` Ջրականում։ 2020-ի պատերազմից հետո նա փորձել է նույն Arundo donax եղեգատեսակը գտնել Սյունիքում` Գորիս-Կապան ճանապարհի տարածքում աճում է այն, և 2021-ի ապրիլի մի քանի կոճղարմատ է վերցրել ու բերել Արարատի մարզ` տեսնելու` կաճի, թե ոչ։ Բարեբախտաբար, փորձը հաջող էր և անգամ հնարավոր եղավ ստացված եղեգներից պատրաստել դիզայներական աթոռ՝ Շանթ Շարոյանի «Եղեգի փունջ» անունով, որը ևս ներկայացված է այստեղ»։ 

 

Ցուցադրության երրորդ մասում եղեգն է՝ մանրադիտակի դիտանցքից։ Այստեղ ցուցադրված է հենց այն եղեգատեսակը, որը տարածված է Հայաստանում և Ֆրանսիայում՝ յուրահատուկ ամրությամբ հայտնի Arundo donax-ը։ Այս հատվածում ներկայացված են Ժան Մարի Հայնրիխի մանրադիտակային պատկերները, որոնք ամբողջապես բացահայտում են եղեգի խտության հատկություններն ու ներքին կառուցվածքը։ 

 

 

 

Ցուցադրության չորրորդ և հինգերորդ հատվածներում ձայնոցագործների և փողահար երաժիշտների մասին պատումներն են: Սրահի պատերին վավերագրող Փիրուզա Խալափյանի ֆիլմն է՝ ձայնոցագործ Հովհաննես Խուդավերդյանի մասին, որը ձայնոցներ է պատրաստել Գևորգ Դաբաղյանի և այլոց համար, ինչպես նաև հոբոյահար Լոլա Սուլիեի ձայնոց պատրաստելու վավերագրումը։  

 

Պատերից մեկին ցուցադրության ձևավորող Մայդա Շավակի աշխատանքներն են՝ հայ և օտար երաժիշտների գունեղ դիմանկարներով։ Իսկ վերջին հատվածը ունկնդրման տարածք է։ Կոչվում է «Եղեգից՝ ձայն»։ Տեսալսողական երկու սարքի միջոցով այցելուն կարող է կենդանի տեսնել ու լսել արևելյան և արևմտյան երաժշտության մեջ կիրառվող եղեգով պատրաստված փողային նվագարաններով տարբեր կատարումներ և ծանոթանալ նվագարանների և կատարողների երբեմն նմանվող, երբեմն տարբերվող հնչերանգներին։ 

 

 

 

Հարցին, թե ինչու Կոմիտասի թանգարան, Նայիրին պատասխանում է՝ Կոմիտասն առանձնակի ուշադրություն էր դարձնում նյութին, տեղանքին, տարբեր մշակույթների երաժշտության հնչերանգներին․ «Կարծում եմ, որ ցուցադրության տարածքն էլ ամփոփում է մեր ասելիքը։ Կոմիտասը միշտ շեշտում էր, թե ինչպես է տեղանքը, շրջակա միջավայրն ազդում մարդու, երաժշտության և հնչյունի վրա։ Հողին, նյութին ու բնաշխարհին մոտ լինելու իր երաժշտագիտական մոտեցմամբ փորձեցինք համադրել ցուցադրությունն ու զրույցով ընկնել եղեգի հետ», - ասում է Նայիրին։ 

հավելյալ նյութեր