Լսեցե՜ք, լսեցե՜ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը
Լսում է Երևանը

Լսեցե՜ք, լսեցե՜ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը

Հայաստանի հանրային ռադիոյի երկար տարիների աշխատակից, «Արևիկ» մանկապատանեկան ալիքի ղեկավար Կարինե Գևորգյանն ուսումնասիրել է պետական արխիվն ու մեզ պատմել հետաքրքիր փաստեր հայկական ռադիոյի պատմությունից։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի


Լուսանկարները՝ Հայաստանի հանրայի ռադիոյի արխիվ  

 

ԵՐԵՎԱՆ #60 | 2020

#Լսում_է_Երևանը

Առաջին ռադիոկայանը ձայնային չէր

Առաջին պետական ռադիոկայանը Հայաստանում հիմնվել է Առաջին հանրապետության տարիներին։ Պատմությանը հայտնի «Մարկոնի» տիպի «ուժեղ ռադիոկայանը» գնվեց Թիֆլիսում և Երևան տեղափոխվեց 1919 թվականի ապրիլի 28-ին։ Այն ձայնային չէր՝ կիրառվում էր ռադիոհեռագրեր ուղարկելու համար։ Կառավարության որոշմամբ ռադիոկայանը տեղակայվեց Երևանի երկաթուղային կայարանի վարչական շենքում և հանձնվեց Զինվորական նախարարությանը գավառների և այլ պետությունների հետ շուրջօրյա կապ հաստատելու համար։ Պետական արխիվում պահվող փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ռադիոկայանն ուներ 9 կիլովատ և 17 ամպեր հզորություն, լրատվություն կարող էր ուղարկել մինչև 1000 վերստ։ Այս ռադիոկայանի միջոցով նույնիսկ Հովհաննես Թումանյանը Թիֆլիսից 1921 թվականի Փետրվարյան հեղաշրջման խժդժությունների ժամանակ դիմեց հայ ժողովրդին՝ հուսալով կանխել եղբայրասպան պատերազմը։ Ռադիոկայանն Առաջին հանրապետությանը ծառայեց մինչև վերջ՝ 1920-ի նոյեմբերը։ Իսկ դեկտեմբերի 2-ից Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն այն ծառայեցրեց իր նպատակներին։

 

 
Ռադիո կայանը վերականգնելու մասին դեկրետ, 1920թ.
 

Առաջին ձայնային հաղորդումը տևեց 25 րոպե

1925 թվականին Երևանում հանրապետական նշանակության ռադիոկայան հիմնվեց։ Ռադիոֆիկացման քարտեզի ստեղծումից և ռադիոաշտարակի կառուցումից հետո, 1926 թվականի սեպտեմբերի 1-ին հանրապետական նշանակության պետական ռադիոկայանը երկաթուղային կայարանի վարչական շենքից եթեր հեռարձակեց 25 րոպե տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը։

 

Ընդմիջելով երաժշտությունը՝ հաղորդավար Սուրեն Քանանյանը մի քանի անգամ հայտարարել է «Լսեցե՜ք, լսեցե՜ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը» բառերն ու հաղորդել տեղական նշանակության մի քանի լուր։

 

Ինտուրիստ հյուրանոցի (աջ մասում) 4-րդ հարկում էր աշխատում Հայաստանի ռադիոն, 1920-ականներ
 

Հաղորդումներն ուղիղ եթերում էին

1920-ականներին Երևանում մեծ բարձրախոսներ տեղադրվեցին։ Երաժշտություն և լրատվություն էր հաղորդվում այգիներում, քաղաքի տարբեր մասերում։ Եթերը բաղկացած էր փոքր լրատվական բլոկից և երաժշտությունից, ընդ որում, այդ ժամանակ հաղորդումները չէին ձայնագրվում, ուղիղ էին հեռարձակվում։ Արևելյան անսամբլն ու տարբեր երգիչներ ուղիղ հեռարձակմամբ էին եթեր դուրս գալիս։

 

Երևանի հին կայարանի շենքը, որտեղից առաջին անգամ հնչել է. «Լսեց՜եք, լսեցե՜ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը»

 

Իհարկե, եղել են նաև վրիպումներ, չէ՞ որ հաղորդավարներն օժտված չեն եղել հաղորդավարական հմտություններով, գրեթե բոլորը տեխնիկական աշխատողներ էին. ամեն բան դեռ նոր էր սկսվում։ Պարբերական հեռարձակումները սկսվեցին 1927-ից։ Ռադիոյի ընդլայնման արդյունքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար «Անդրփոստհեռժողկոմատի» տրամադրած 700 ռուբլիով ռադիոն տեղափոխվեց «Ինտուրիստ» հյուրանոցի վերջին հարկ։ Այստեղ հատկացված չորս սենյակում Երևանի ռադիոն շարունակեց իր աշխատանքները։ Այն իրական բոհեմական վայր էր, որտեղ հավաքվում էին ժամանակի մտավորականները։ Արդեն 1929 թվականից հաղորդումները սկսեցին վարել առաջին հաղորդավարներ Վերգինե Բաբայանն ու Սուրեն Քանանյանը։

 

1936-ին ռադիոն տեղափոխվեց փոստի շենք, Լենինի հրապարակ

 


Ռադիոն կրթում էր

1920-ականներին ժողովրդի մեծ մասն անգրագետ էր։ Ահա թե ինչ արեցին ռադիո մարդիկ՝ բացեցին «ռադիո համալսարաններ», պատրաստեցին հաղորդումներ, որոնք հայտնում էին գիտական նորություններ և արծարծում կրթական թեմաներ։ Ստեղծվեցին նույնիսկ հաղորդումներ հատուկ կանանց համար։ Դրանք լուրջ դաստիարակչական բնույթ էին կրում։ Ռադիոն ամենաարագահասն ու ամենագրավիչն էր այդ շրջանի բոլոր տեղեկատվական միջոցներից։

 
Ռադիոյի հաղորդումների ծրագիրը, 1936թ․
 

Մարդիկ աստիճանաբար սկսեցին ավելի տեղեկացված լինել ռադիոյի միջոցով և ինչ-որ առումով այն օգնեց մարդկանց իրենց համար կյանքի ճանապարհ ընտրել։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն այդ ռադիո համալսարանները շատ տարածված էին։


 

Պատերազմի ժամանակ ռադիոյով ընթերցում էին «Վարդանանքը»

«1941 թվականի հունիսի 22-ի լուսադեմին գերմանական բանակի կանոնավոր զորքերը գրոհեցին մեր սահմանապահ զորամասերի վրա Բալթիկ ծովից միչև Սև ծով ձգված ճակատում…»։ Հայկական ռադիոն այս լուրը հայտնեց նույն օրը՝ ժամը 12։00-ին։

 
Ռադիոտան շենքի մանրակերտը

 

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ռադիոն բացառիկ դեր է ունեցել մարդկանց կյանքում։ Որոշակի ժամերի մարդիկ հավաքվում էին բարձրախոսների շուրջ ու սպասում, թե ինչ լուր կա ռազմաճակատից։ Բացի այդ՝ եղել են ռազմաճակատային լրագրողներ, որոնք հենց տեղում ձայնագրել են հայ մարտիկներին ու նրանց խոսքը հասցրել հայրենիք։ Ռադիոյով ընթերցվում էին նաև ռազմաճակատից ուղարկված նամակներ, որոնք իրենց բովանդակությամբ հուսադրող և լավատեսական էին։ Չկար հեռուստատեսություն, չկային ժամանցի վայրեր, հնգամյա պատերազմ էր, ծանր աշխատանք կատարող կանայք, սովահար երեխաներ. այս ամենի մեջ ռադիոն ամենադրական բանն էր։ Սովինֆորմբյուրոն ստեղծվեց հենց այդ տարիներին։ «Ռադիո Մոսկվայից» ուղարկվող լուրերը շատ արագ էջ առ էջ թարգմանվում և ընթերցվում էին հաղորդավարների կողմից, ովքեր աշխատում էին ավտոմատներով զինված զինվորականների վերահսկողության ներքո։ Կարդում էին նաև «Վարդանանքն» ու այլ պատմավեպեր՝ ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու նպատակով։

 

1945թ. մայիսի 2-ին ժ. 14։15 րոպեին ռադիոն հայտնեց երկար սպասված լուրը. «Խորհրդային զորքերը գրավեցին հիտլերյան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը…»։ Հետագայում հաղորդավարների մեջ վեճեր էին, թե ով է հայտնել պատերազմի ավարտի բաղձալի լուրը։

 


 

Ռադիոն հասնում էր սփյուռքին

1947-ին ստեղծվեց Սփյուռքի հետ կապերի խմբագրությունը։ Դա մի իսկական հեղաշրջում էր։ Առաջին հաղորդումը եթեր հեռարձակվեց սեպտեմբերի 10-ին ժամը 19։00-ին։ Առաջին անգամ տարբեր երկրներում գտնվող հայերը լսեցին հայկական ռադիոյի ձայնն ու հոնգուր-հոնգուր լաց եղան։

 

Եղեռնից փրկված ու տարբեր երկրներում հանգրվան գտած հայերից շատերը կարծել էին, թե Հայաստանն այլևս չկա։ Եվ ահա եթեր է հեռարձակվում «Հայրենիքի ձայնը» հաղորդումն ու հնչում են Հրաչուհի Ջինանյանի, Վահրամ Փափազյանի և Ավետիք Իսահակյանի ձայները։

 

Իհարկե, բոլոր նյութերը միևնույն է ենթարկվում էին գրաքննության, այնուամենայնիվ, դա հայկական ռադիոյի իրական վերածնունդ էր։ Այդ ու հետագա տարիներին Հայաստանի ռադիոն հազարավոր նամակներ էր ստանում սփյուռքից՝ Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Քուվեյթից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Հունաստանից և այլ երկրներից։ Դրանք այսօր էլ պահպանվում են մեր արխիվներում։

 
Վիլյամ Սարոյանը՝ ռադիոյի աշխատակիցների հետ Երևանում

 

Հայկական ռադիոն չէր մոռանում

ազգային փոքրամասնություններին Հայկական ռադիոն աշխարհում առաջինն էր, որ հաղորդումներ պատրաստեց քրդերի համար դեռ 1954 թվականին։ Մոտ 10 տարի առաջ ազգությամբ քուրդ Օսման Բայդեմիրը, որ Դիարբեքիրի քաղաքապետն է եղել, Հանրային ռադիոյի շենք մտնելուն պես համբուրեց ռադիոյի դուռն ու պատերը։ Ավելի ուշ Բայդեմիրը պարզաբանեց՝ ասելով, որ ունեցել է երկու մայր. իր կենսաբանական մայրն ու հայկական ռադիոն, որի շնորհիվ նա ծանոթացել է քրդական մշակույթին, քրդական երաժշտությանն ու լեզվին։

 


Ռադիոտան աշտարակը չկառուցվեց, քանի որ «ճոխություն» էր

1950-ականները նշանավորվեցին նրանով, որ շահագործման հանձնվեց այն ժամանակվա լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով հագեցած Ռադիոտան շենքը։ Իհարկե ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի ոչ բոլոր մտահղացումներն իրականություն դարձան։ Ռադիոտան աշտարակը, որը պարզ երևում է էսքիզներում, այդպես էլ չկառուցվեց, քանի որ 1955-ին խորհդային կառավարությունը հրամանագիր ստորագրեց «ճարտարապետական ավելորդությունների դեմ պայքարի» մասին և այդ աշտարակը, որը նաև ռադիոաշտարակի ֆունկցիա պիտի կատարեր, դուրս մղվեց նախագծից։

 


Տանը ռադիո ունենալը պարտադիր էր

Խորհրդային տարիներին բնակարանաշինական նախագծերում հատուկ նշվում էր ռադիոգծի անցկացումը բնակարանի բոլոր սենյակներում։ Դա պարտադիր էր։ Սակայն 1986 թվականին Հայաստանի ռադիոկոմիտեն վերանվանվեց Հայաստանի հեռուստառադիոյի կոմիտեի։ Հեռուստատեսությունը, խլելով եթերային լավագույն ժամերը, զանգվածային լսարանի գերակշիռ մասն ու հաղորդավարներից շատերին, ռադիոն բնակարանների բոլոր սենյակներից տեղափոխեց խոհանոց։

 

Ռադիոն ունի հսկայական արխիվ

1956 թվականին հիմնադրվեց Ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը։ Շենքի նկուղային հարկում ձայնադարանին նոր տարածք հատկացվեց։ Ստեղծվեցին տեխնիկական պայմաններ՝ ձայնագրությունների երկարատև պահպանման համար՝ խոնավություն, ջերմաստիճան, անվտանգություն և այլ պահանջներ։ Այժմ ձայնադարանն ունի 117,000 ձայնագրություն, որոնցից 27,000-ը հայկական են։

 
Ռադիոտունն այսօր

 

Հայկական ռադիոն դարձավ անեկդոտների հերոս

1960-ականններին Հայկական ռադիոն նոր կերպար է ստանում իր անեկդոտներով։ 1950–60-ական թվականներին եղել է մի հաղորդում, որը պատասխանել է ռադիոլսողների հարցերին։ Այդտեղից էլ ռադիոյին ուղված տարբեր հարցերի հումորային պատասխանների հաղորդման միտքն առաջ եկավ։ Շատ շուտով ամբողջ աշխարհում հայտնի դարձան հայկական ռադիոյի անեկդոտները (Եվրոպայում ասում են «Ռադիո Երևան»)։

 

Ռադիոյի լրագրողները, տնօրենները, բոլոր այն մարդիկ, ովքեր հայտնվում էին արտասահմանում և ներկայանում էին՝ ասելով, որ հայկական ռադիոյից են, արժանանում էին կամ բարձր ծափահարությունների, կամ ի պատասխան լսում էին բարձր ծիծաղ։