Երևանի ամառը… Երևանի շոգը…
Ամառ

Երևանի ամառը… Երևանի շոգը…

Հատված Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» (Անտարես հրատարակչություն) վեպից՝ ամառային շրջայց հին Երևանի փողոցներով:

#ՀինԵրևան

Լույսը լիովին բացվեց, արևի գունդը բարձրացել՝ ինը հարկանի շենքի հինգերորդ հարկին է կառչել, անտեր շների ոհմակը ցրվել՝ քաշվել է այգիները, փողոցում մարդն է հայտնվել։ Հիմա ո՞ւր… Գրիգի տարակուսանքին ոտքերը պատասխանեցին՝ քայլեցին Տերյանով, թեքվեցին Աղայան՝ անցան, «Ուռենի» ոսկերչական խանութի կողքով, դալանի տակով, դուրս եկան Աբովյան փողոց, ըհը՛, դե շրջվի՛ր… Շրջվեց, նայեց չորրորդ հարկի պատուհանին, չկա Լարիսան, քնո՞վ է անցել, գուցե քարով խփի՞ պատուհանին, չէ, չափազանց է, հավերժորեն կխռովի, կարելի է զանգահարել հացի խանութի մոտի հեռախոսով… Մատնաքաշն ու սպիտակ բոքոնը նոր են ստացել, բուրում են՝ թարեքներին թառած, երեք կոպեկանոց տամ՝ երկու կոպեկանոց կտա՞ք՝ խնդրում է հացավաճառին, կտամ, շնորհակալ եմ, երկու կոպեկանոցը գցեց անցքը, պտտեց սկավառակը՝ երկուս, քսանհինգ, վաթսունութ… «Ալո՞… Ո՞ւմ եք ուզում, ալո…», քեզ եմ ուզում, քեզ, հրեշտակս… «Խոսեք, վայ…», անջատեց, հիմա կմոտենա պատուհանին, ահա, ահա չքնաղ դեմքը, սև, խիտ մազերը… Լեզու է ցույց տալիս, փնչացնում-հեռանում է, ուր որ է դուրս կգա, պայուսակը գրկած՝ դասի կգնա, հեզաճկուն, մանրաքայլ կանցնի Մոսկովյանով, «Նաիրի» կինոթատրոնի մոտ տրամվայ կնստի, տրամվայը Բաղրամյանով վեր կտանի նրան՝ երեք կանգառ, «Կամոյի» դպրոց, աստիճաններով կբարձրանա, մտնելուց առաջ կշրջվի՝ կնայի՝ հեգնական կփնչացնի։

 
Image for post

 

Բաղրամյանով վար, ձախով՝ Իսահակյան փողոց… «Կասկադի» միապաղաղ խշշացող ջրվեժը թափվում է ուղղահայաց պատով, պատի գունավոր խճանկարը թափվող ջրով կենդանանում՝ թրթռում՝ շարժանկար է դառնում։ Գրիգը կանգ առավ, ջուրը պահել՝ չէր թողնում առաջ գնա… Շատ է եղել՝ լողացել է այս ջրվեժի տակի սառնորակ ջրավազանում… Երևանի ջրավազանները…

 

Երևանի ամառը… Երևանի շոգը… Հալչող շենքերը ծալք-ծալք ծանրանում, ուզում են պառկել մայթերին, մայթերը հալչում-տարածվում, ուզում են խառնվել բանուկ մասին, բանուկ մասի ասֆալտը հալչում-կակղում-ալիք է տալիս դեպի մայթ, հալչող մարդիկ ծույլ-ծույլ սահում են մայթերով, հալչող մեքենաները դանդաղ գլորվում են ասֆալտով, տապը ասֆալտից բարձրանում՝ հալցնում է հեռապատկերները…

 

Եթե խոհանոցից հաջողացրել՝ դատարկ շիշ ես թռցրել-հանձնել խանութին, «Մոսկովյանի» ջրավազանը գնա, դռանը կանգնած մերկիրան, մկանուտ, խուճուճմազ Ծիպոյի բռան մեջ տասը կոպեկը դիր՝ մտիր, իսկական լողավազան է, մեծ, հիսուն՝ երկայնքը, քսանհինգ՝ լայնքը, գլխամասում՝ բարձր ոստնակներ, ջուրը՝ քլորով ախտահանված, կապտականաչ, վճիտ, մեկ ժամով քոնն է, վայելիր, էլի՞ կուզես, էլի տասը կոպեկ դիր Ծիպոյի կոշտ ձեռնափին, չունե՞ս, Ծիպոն չի թողնի, բայց հոգ չէ, ջրավազանները Երևանում շատ են, յուրաքանչյուր մեծ բակ իր ջրավազանն ունի, փորձի՛ր՝ եթե բակի տղերքը հանդուրժեն, եթե ոչ՝ էլի հոգ չէ, կարող ես զովանալ «Զովետ» ինստիտուտի մոտի ջրավազանում, նույնիսկ՝ Լենինի հրապարակի ջրավազանում, սակայն զգոն եղիր, որքան էլ շոգ՝ ոստիկանները ժամանակ առ ժամանակ աշխուժացած հայտնվում՝ ցրում են լողացող մանչուկների վտառները, ցրեցին՝ իջիր Շահումյան հրապարակ, այստեղ ջուրն ավելի սառն է, ավազանը՝ խոր, պատերին փափուկ մամուռ կա կպած, հետո արևի տակ կպառկես բազալտե լայն, տաք բազրիքին, թաց վարտիքդ կհանես, կխփես չեչոտ քարին՝ կչորացնես՝ դարձյալ կքաշես վրադ… Եթե շատ է շոգ և չես ծուլանում՝ Զանգվի ձոր իջիր, ՀԷԿ-ի բարձունքից գլխիվայր նետվիր արագահոս ալիքների մեջ, «կանալ» մտիր, լող տալ պետք չէ, արագահոս ջուրը կտանի, միայն ճիգ թափիր՝ երեսին մնա, բայց՝ ուշադի՛ր, որ հասցնես կառչել պատից պատ ձգված մետաղալարին՝ մեկը, երկուսը, երեքը… Չհասցրիր՝ ջուրը կտանի, կհանի դաշտերի մեջ՝ խեղդված կամ մազապուրծ…

 
Image for post

 

Իսահակյանով՝ Գեղարվեստի ինստիտուտի առջևով՝ Պրոսպեկտ, դիմացը «Սկվազնյաչոկ» սրճարանն է, անփոփոխ ճերմակահագուստ Արա Վահունին, ոտքը ոտքին գցած, գարեջուր է վայելում, ծխում է, ծուխը ձեռքով դեմից ցրում, ճերմակ շլյապան ուղղում՝ ասում է. «Դոկումենտալ կինոն մոնտաժելն անլրջություն է, ես իմ կինոն չեմ մոնտաժում այլևս»… Փողոցով քիչ վեր՝ Չորրորդ խանութի մեծադիր պատուհանները, ապակու ետևում՝ նկարչուհի Փիրուզի ացտեկային դեմքը, աչքերին եկող մազափնջերը ճակատին անցրած ծիրանագույն ժապավենով զսպել, խաչապուրի է ծամում Փիրուզը, տոմատի հյութ է խմում, ծխում է՝ թանձր քուլաներ հանելով օդ… Ծխաքուլաներից անդին՝ Հրեաստանից հայրենադարձված Կարպիսն է՝ գրպանի փողը հանել-թափել է սեղանին, դավադիրի պես գլուխը հակել, հաշվում է՝ գինու կհերիքի՞, ակնոցի անհավանական հաստ ապակիները անձեռոցիկով քրտինքից մաքրում, վերստին է հաշվում, չէ, չհերիքեց, հայացքը տագնապած բարձրացնում է՝ ծանոթ փնտրում։ Թիկունքդ Չորրորդ խանութին անես՝ առջևում կինո «Նաիրի»-ն է, կարմրաշեկ պատի տակ, տոմսարկղի առաջ հերթ է խմբվել, տոմսի գործ անող տղերքը հերթի քթի տակից ձեռքները նեղ պատուհանով մտցնում՝ իրենց բաժին տոմսերն են առնում, «Աբովյան» դպրոցի կողմից Կոպիկն է գալիս՝ բարլո՛ւս, ծխելու ունե՞ս, մի հատ տուր փչացնեմ, «Պոնչիկանոցի» կողմից Ռոմենն է մայթով իջնում՝ բարլո՛ւս ձեզ, լա՞վ եք, լճի կողմից Լևիկն ու Սաֆարն են աստիճաններով բարձրանում՝ բարլո՛ւս, բարլո՛ւս, Սաֆարը թե՝ Չոռնին, Թաթալը, Թուլը օպերա հավաքվել՝ ասում են էկեք պիվի վրա ֆուտբոլ խաղանք, ինչ անենք, չէթա՞նք, սպասում են։ «Աբովյան» դպրոցի զանգը հնչեց, պահակը հիմա դուռը կփակի՝ Տիտանյանի հրամանն է, փակեց՝ էլ մտնել չկա, մտել ես՝ էլ դուրս գալ չկա, բայց եթե շատ ես ուզում դուրս գաս՝ կա՛, երկրորդ հարկի պատուհանը, ցատկ՝ ուղիղ «Դրամատիկական» թատրոնի դիմաց կամ էլ՝ «Պապլավոկ» սրճարանի, նայած ինչ դիրքով ես հանգրվանել մայթին։ Չսիրեց Գրիգն էս դպրոցը, օտար մնաց, ինքը Թիֆլիսի իր դպրոցը չէր ուզում թողնել, ասում էր՝ եղածը մի տարի է, ավարտեմ՝ կգնանք, բայց մայրը շտապում էր, պիտի գնանք՝ ասում էր, ինչքան շուտ՝ էնքան լավ, դու էստեղ ապագա չունես։ «Պապլավոկ»-ում Դրամատիկականի դերասաններն են հավաքված, փորձն ընդմիջել՝ սուրճ են խմում, ոմանք էլ՝ գինի, նիհար-բարձրահասակ Հանրի Զարյանի ձայնը պաթետիկ է, ասես էլի բեմից է խոսում, մուգ-կապույտ բերետի տակ աջ-ձախ դարձող մանրիկ աչքերի մեջ՝ հեմինգուեյյան ռոմանտիզմ, ասում է՝ «Մի պստիկ, բայց ճստիկ շարժիչ եմ ճարել, տանեմ Սևան, դնեմ նավակիս հետույքին՝ բաց ծով դուրս գամ», բերետը պոմպոզիկից բռնած բարձրացնում, ասում է. «Գլուխս ջարդվելուց հետո չար մտքերը մեջից թռել են, հոգիս խաղաղվել է»…

 

Մոսկովյան փողոց, «Լոռի» ռեստորան, ռեստորանին մերձ զբոսայգու դիմաց՝ Պուշկինի անվան դպրոցը, դասերն ավարտվել են, աղջիկների երամները ճռվողելով սավառնում են դեպի «Սեմուշկի հայաթ»՝ Մխոյից սեմուշկա-ծամոն գնելու, Պուշկինի դպրոցի աղջիկները քաղաքի ամենախնամվածը, ամենագեղեցիկն են, բայց մեկ է՝ Լարիսայից էն կողմ աշխարհ չկա։ Մոսկովյանից՝ շենքը թափանցող ցածրիկ մուտքով՝ ուղիղ «Սեմուշկի հայաթ»-ի մեջ, ձախից, շենքի կիսանկուղում՝ կաթսայատունն է, ուր քանդակագործ Միքին է «էրկու սուտկեն մեկ մի սուտկա» հերթապահում, Աղայան փողոցի հիպիների սիրած հավաքատեղին է, Սոսն ակնոցին իջած մազափունջը հեռացնում, «Կազբեկի» կծվահամ ծուխն ագահորեն ներքաշում՝ փսսացնելով թողնում է, ասում՝ Տատանը հինգ մանեթ փող տվեց, ասեց՝ կեթաք մազներդ կկարճացնեք՝ իրիգվա կողմ կգաք դալաժիտ կանեք, մենք էլ փողը տվինք՝ Կոմիտասի այգու բառիգից պլան առանք։ Բայց Տատանի հետ հանաք անելը վտանգավոր չի՞։ Վտանգավոր ա, բա ի՞նչ ա, հետը մի հատ խոսի, էլի, ինչքան չըլնի՝ մանկության ընկերդ ա, իրար հետ պիոներ-ճամբար եք գնացել Հանքավան։ Փորձեմ։ Տատա՛ն, էն հիպի տղերքին մի նեղացրու, լավ տղերք են, գոնե՝ իմ խաթր։ Ապեր, իրանք կարող ա վատ տղերք չեն, քու խաթրն էլ հարգում եմ, բայց էս քուչեն էլ պըտի հարգվի, չէ՞, ես ո՞նց թողամ մեր քուչեն խայտառակեն, բա ուրիշ քուչեքից մեր ախպերները կգան, կտենան, բա չե՞ն ասի՝ Տատան ախպեր, էս ա՞ քու նայած քուչեն։ Չէ, տղերք, չի ստացվում, Տատանն իրա ճշտից հետ չի կանգնի։

 

Տղերքը քրքջում են, պլանի ու Զեփելինի տակ ամեն բան հեշտ է, բայց հետո՞… Հետո կերևա, պետք ըլնի՝ կռիվ կտանք, ազատության համար կռիվ տալը կայֆ ա տալի, ա՛ռ, քաշի՛, Զեփ լսի, մոռացի։

 

Աղայանով՝ դեպի Աբովյան… Հայացքդ բարձրացրո՛ւ, վերից նայող կա… Լարան դասից եկել է, նույնիսկ արդեն ճաշել է, աչքերը կուշտ են փայլում, կուշտ կերած փիսոյի պես իմիջիայլոց է ցած նայում, նկատում է, փնչացնում, հոնքը հեգնական բարձրացնում, հեռանում պատշգամբից… Օ՛ֆ, էս ինչ դարդ ա էս Ադամյան Լարան։ «Սինթետիկա» խանութի դռանը սինթետիկայի տղերքն են՝ Վազգենը, Պտոն, Դավիթը, Ալոն… Չհասցրին կարգին բարև-բարլուս տալ-առնել՝ սևաթույր Զիմը աղմուկով արգելակեց խանութի առաջ, դռները բացվեցին, ռակետները ճարճատյունով թռան դուրս… Փախա՛նք, Երրորդ Մասի տղերքն են, էրեգվա մուռն են հանում… Ով՝ դալանով, ով՝ «Զեփյուռ» վարսավիրանոցի միջանցիկ դռնով՝ դեպի բակ, «ռակետնիցաների» ճարճատյունը դեռ լսվում է փողոցից… «Էսի սենց թողալ չի ըլնի, ախպերներ, կամ պտի բարիշենք, կամ էլ պտի մինչև վերջ էթանք»։ «Լավ կըլնի բարիշենք, Եգորենց հետ քյալլա խփելը զոռ ա, տակից դուս չենք գա»։ «Ուրեմն Սիմոնին խնդրենք՝ ձեռ բռնի, բարիշացնի, էնի կանեցը քթած տղայա, Երրորդ Մասում է՛լ հարգանք ունի»։ «Անի» հյուրանոցի ետնապատին նայող հինգ հարկանի շենքի չորրորդ հարկի պատշգամբում Սարգիս Հովիվյանի ինը համարը կրող կարմիր շապիկն է օդափոխվում պարանին կախ, ինքը Սաքոն պատշգամբում մարզանք է անում ծույլ-ծույլ։ «Սաքոն Մոսկվայից էկել ա, Սաքոն նորից Արարատում ա խաղալու, Սաքոն էս տարի թիմը վիշի լիգա կմտցնի»։ Ու Գնունիով՝ Հանրապետական ստադիոն, իսկ ստադիոնում ասեղ խրելու տեղ չկա, բոլորը միաբերան վանկարկում են՝ Սա-քո՛, Սա-քո՛… Սարի թաղի լանջին գնացքն է հայտնվում, սարը կիսելով՝ հակառակորդի դարպասի կողմն է ընթանում, ուրեմն՝ հաղթելու ենք, հավաստի նշան է։ Ջո՛ւր, սառը ջո՛ւր՝ կանչում է շարքով անցնող մանչուկը՝ ջրով էմալապատ թեյնիկն ու ալյումինե «կրուժկեն» ձեռքին, հինգ կոպեկ տուր՝ խմիր, զովացրու ներսդ։ Բայց ջրի ժամանակը չէ, անկյունային է, Սաքոն է խփելու, գնդակը բծախնդրորեն տեղադրում՝ ընկրկում է, գլուխը բարձրացնում՝ նայում հակառակորդի տուգանայինին, իրավիճակը գնահատում, վերջապես խոյանում՝ հարվածում է, վետվետող գնդակը բարձր կորագծով հեռանում է դարպասից, սակայն հանկարծ կտրուկ փոխում է ուղղությունն ու մխրճվում հեռավոր վերի անկյունը՝ Սա-քո՛, Սա-քո՛… Այս նույն մարզադաշտում, երբ Սարգիս Հովիվյանը դեռ պատանի էր, չէր խաղում, Արարատն էլ Արարատ չէր, Սպարտակ էր, հայրը մեծ ծաղկեփունջը տվեց գիրկը, ճաղերի վրայով իջեցրեց խաղադաշտ, ասաց՝ վազի տուր ում կուզես, Գրիգորը վազեց անվերջանալի թվացող ճերմակ գծով, հասավ կենտրոնական շրջանին, շփոթված կանգ առավ. բոլորը բարձրում են, ինքը ներքևից նայում է տարակուսած՝ Վալտեր Անտոնյանը, Ժակ Սուփրիկյանը, Հարություն Քեհեյանը… Մանուկ Սեմերջյանն ո՞ւր է… Գտավ, պարզեց ծաղկեփունջը, նա էլ ժպտում՝ վերցնում է, հետո Գրիգին գրկում, հաղթ ձեռքերով վեր է հանում, հիմա ինքը ամենավերում է, մարզադաշտը ծայրից ծայր երևում է ցածում, երջանիկ է, գնա Թիֆլիս՝ պատմի՝ չեն հավատա…

 

Նալբանդյան փողոց, օգոստոսյան շոգ, գորշավուն պատերով եռահարկ տուն, համար՝ հարյուր չորս, մոր հետ Թիֆլիսից եկան՝ ճամպրուկները ձեռքներին կանգնեցին առջևը, էս է՝ ասաց մայրը, Կարուշի ասած վարձով սենյակն էստեղ է, երկրորդ հարկում, արի՛, գնացի՛նք, ի՞նչ ես շշմել, քո Երևանը չի՞։ Մտան շենքի կողքով, ձախ կողմի ընդարձակ պատշգամբից գիպսե վիթխարի քանդակներ եկան ընդառաջ, դռան վրա կարդաց՝ Ղուկաս Չուբար, գիտեր, հայտնի քանդակագործ է, ակնածանքով շրջանցեց՝ մոր ետևից բարձրացավ, երկրորդ հարկ, խիտ ծղրտացող զանգ՝ ասես ուր որ է հոսանքով կխփի… Սենյակն ընդամենը տասը քառակուսի է, փոքր է, հա, բայց գինը հարմար է, տեղն էլ՝ կենտրոն, վարձում ենք՝ ասաց մայրը՝ չգիտես ինչու, շիկնելով։ Պատուհանամերձ փոքրիկ սեղանն ու երկու ճռճռան աթոռը՝ կա՛ր, հագուստի մեծ պահարանը՝ Թիֆլիսից վաղուց տեղափոխված բարեկամները նվիրեցին, պատի տակի թախտը՝ կա՛ր, ծալովի մահճակալը՝ գնեցին Աբովյան փողոցի եռահարկ «Ունիվերմագից»… Վերջ, չէ, նաև՝ գլխին ձայնարկիչ կրող ռադիոընդունիչը երկար ոտքերի վրա՝ Թիֆլիսից հետներն էին բերել, ահա, հիմա լրացավ, փորձելու են ապրել։ Տան դիմաց «Անահիտ» սրճարանն է, Նալբանդյանի տղերքն են էնտեղ հավաքվում՝ Հայկոն, Բոբը, Համբիկը, Համոն… Էս ո՞վ ա էս լեն շլվարով ախպերը, Թիֆլիսի՞ց ես, վրացի՞ ես, չէ՞, հայ ե՞ս, դե արի, նստի՝ տենանք ով ես, ինչացու ես, մեր քուչին սազում ես, չես սազում…

 

Նալբանդյանով՝ վար, ապա՝ Թումանյանով աջ, դեպի Պրոսպեկտ… «Հազար ու մի մանրուք» տնտեսական խանութ… «Արաքս» կաֆե, Բիձյանց Սամիկն ու ճարտարապետ Համոն պատուհանը թակում են՝ էստեղ ենք, արի՛, Սամիկի կեռքիթ կիսադեմը կկոցած աչքով ժպտում է ակնարկային… Տերյանի անկյունի երկհարկանի տան պատին՝ կինո «Պիոների» աֆիշը, սև կատուն բակից ելել՝ քսմսվում է ոտքին, ճանաչել է, փախի տո՛ւն, Շառլոտա՛, մեքենան չխփի… Տպարանի յուղահոտ չխկչխկոցը կիսանկուղից… Բադրջան-լոլիկի բուրմունքը բանջարեղենի խանութից, հակառակին՝ Կարապի լիճը՝ զույգ սև, երեք ճերմակ կարապ մեջը, Օպերայի զարդանախշ, բարձր ճաղաշարը, համերգների հրավիրող հսկայադիր աֆիշներ… Պրոսպեկտի խաչմերուկ, Թումանյանի տուն-թանգարանի բարձունքից, ասես հրանոթից արձակված, սլանում-գալիս՝ Պրոսպեկտով թեքվում՝ հռնդյուններով ցած են սուրում երկու կարմիր մոտոցիկլետ, քաղաքի առաջին «Յավա»-ներն են, թամբերին՝ հպարտ-երջանիկ տերերը՝ Սաքոն, Մալիշը, «Կարապ» մթերային խանութի մոտ սեմուշկա ծախող պառավը խաչակնքում է ետևներից, մոտոցիկլետները երազի պես անցնում՝ չքանում են «Փակ Շուկայի» կողմերում, օդը դեռ պահում է նրանց ծխի բուրմունքը… Մեքենաների հոսքը դժկամ փնչալով արգելակում է կարմիր լույսի տակ, անցումն ազատ է, ուղի՛ղ, ապա՝ աջով… «Կազիրյոկ»… Մըշկեն, Պրավը, Շուստն էստեղ են, բարլուս ձեզ, տարեց գեներալն անցնում է Շուստի թիկունքով, Շուստը չի նկատում, հե՛րդ, արա՝ հուշում է Պրավը, հա ի՞նչ անենք՝ ասում է Շուստը, իբր շատ աչքիս լուսն ա, առավոտ փող ուզեցի, չտվեց։ Տիկին Հռիփսիմե՛, կներես, քույրիկ Հռիփսիկ, մի հատ սուրճ տուր։ Հռիփսիմեի սուրճն ավելի լավը չէ, քան, ասենք, Սունդուկյան թատրոնի մոտի սրճարանի սուրճը, որ հայրենադարձ Թաթոսն է եփում շիկացած ավազի մեջ, բայց Հռիփսիկինը առավելություն ունի՝ քաղաքի սրտում է եփվում, Պրոսպեկտի մայթին, օպերայի հարևանությամբ… Ահա, հայրն է անցնում իր տան ետևի փողոցով՝ դարչնագույն խալերով կուրցխար Դյուկին առաջն արած, սրճարանից կանչում են՝ «Կայծո՛», շանը ման տամ՝ գամ՝ ասում է, Դյուկն անհամբեր է, ձգում է կապը, այգու կողմից շների հոտ է առել, մեկ էլ է ձգում, կապը հանկարծ պոկում՝ սլանում է… Ժիգուլու արգելակների ճռինչը միախառնվում է աղիողորմ կլանչին, հայրը վազում է, ծնկում-գրկում շանը… Չի շնչում, վերջ, վարորդը մեքենայից դուրս է եկել, ախուվախ է անում, ես մեղք չունեմ՝ ասում է, գյուլլի պես գցվավ ավտոյի տակ, Կյաժ Ռուբոն է հայտնվում, վարորդի օձիքը հավաքում է բռի մեջ, հայրն ասում է՝ թո՛ղ, Ռուբո՛, ինքը մեղք չունի, ես եմ մեղավոր, երեքով շանը տանում՝ այգում փոսը փորում՝ թաղում են, հայրը գլխիկոր տուն է դառնում՝ պարապ կապը ձեռքին, արցունքն աչքին…

 

«Կազիրյոկից»՝ Սայաթ-Նովայով… Տերյանի խաչմերուկ, երկարամազ, կիթառազեն պատանիները վազանցում են, ո՞ւր, Պոլիտեխնիկական ինստիտուտ, ռոք-փառատոնի… Աբովյանի խաչմերուկ, Աբովյանով՝ վեր, էլի վեր… Շրջանային, տրամվայը զնգրտալով անցնում է Բժշկական ինստիտուտի առջևով, Պլանի Գլխի կողմից Գյուղինստիտուտի գորշավուն շենքն է խստահայաց կանչում… Գնա՞լ, թե՞ չգնալ… Վեր՝ դեպի Գյուղինստիտուտ, կամ էլ… Իհարկե՝ կամ էլ, ի՞նչ ինստիտուտ, ի՞նչ դաս, արևը շողշողում է, ծառերը ծաղկել են, շատրվանները խշխշում են, աղջիկների փեշերը բարձրացել են, տղերքը սրճարաններում գարեջուր են վայելում… Ո՞նց էս հրաշքը մեռցնես Կաֆկայի Դատավարության դահլիճին նմանող բարձրառաստաղ, հսկայաամբիոն, դագաղային լսարաններում… Ուստի՝ առա՛ջ՝ դեպի ճոպանուղի… Պետոն է գալիս Անատոմիկի կողմից՝ բրեզենտե մեծ պայուսակը ձեռքին, միջից՝ դատարկ շշերի չխկչխկոց, կոպեկ չունե՞ս, գցի-բռնեմ՝ ասում է Պետոն, գցած կոպեկը ճարպկորեն որսում, մոտեցնում աչքին՝ գնահատում, մտցնում է գերլայն տաբատի գրպանը…

 

Գետառն անցար՝ Ճոպանուղին է դիմացդ, Ճոպանուղու տակին՝ «Սանասար-Բաղդասար» սրճարանը, Էպոսի պղնձյա հերոսները մուտքի վերից կանչում են՝ էստեղ զով է, մտի՛ր, համ էլ դասերից փախած սիրուն աղջիկներ կան, գարեջուր են խմում, ծխում են…

 

Կիսամութի մեջ է սրճարանի ընդարձակ, շրջանաձև սրահը, արվարձանները լավ չեն երևում, շեմքին սպասիր՝ աչքերդ վարժվեն… Ազատ սեղան չկա ոնց որ… Ամենամութ խորքում տեղի տղերքն են՝ Բաբինը, Կարապը, Վովան, բարև ձե՛զ, Վովան կանչում է՝ արի՛, աթոռ բեր ձեռիդ հետ, մի շիշ էլ գինի, դառը գինի են խմում՝ «Հրազդան», նրբերշիկ են ուտում՝ մանանեխով, «Բելամոր» են ծխում՝ հաշիշով… «Ամառն էկավ, ախպերներ, փող դզեք՝ թռնենք Սոչի-մոչի»…

 
Image for post

 

«Սանասար-Բաղդասարից»՝ ձախով, Գետառը չանցած, Չարենցի անկյունում, Հայնախագիծ ինստիտուտի շենքն է, դահլիճում՝ ջազային համերգ, խորհրդային երկրում ջազ լսելը դավադրության պես է, դավադրությանը մասնակցել ցանկացողները՝ շատ, ազատ տեղ չկա, միայն՝ կանգնած, չէ, ինչ-որ միջանցիկ աստիճաններ կան, փոշոտ ուղեգորգին՝ քիփ-քիփ… Ահա և դավադրություն հարուցողները՝ Արթուրը, Չիկոն, Ալիկը, Մալխասը, բեմ բարձրացան, Ալիկը սաքսոֆոնի մունդշտուկն է թրջում բերանում, սադաֆապատ կափույրներն է կտկտացնում մատներով, Արթուրը «ոտքի» հանեց կարմիր կոնտրաբասը, տնգտնգացրեց ճոպանի նմանող հաստ լարերը, դուրը չեկավ, նիկելապատ բռնակները պտտեց՝ նորից փորձեց՝ պատրաստ է, Մալխասը մատը սահեցրեց դաշնամուրի ստեղներով, մի քանի ակորդ խփեց՝ նորմալ է, Չիկոն մեծ թմբուկը դմփացրել՝ արդեն փայտիկներն է իրար զարկում՝ մեկ, երկու, մեկ-երկու-երեք-չորս՝ գնա՛ց…

 

Սաքսոֆոնի սերտ, մետաղային հնչյունն ազատություն է ելևէջում, տարածում դահլիճով, հանում քաղաք…

 

Իսկ քաղաքում երեկո է՝ տաք, թեթև, աղջամուղջային, անցնող մեքենաների անվադողերը ճռռում, նախշ են տպում դեռևս կպչուն ասֆալտին… Գետառն անցած՝ աջ, ապա՝ ձախ, Նալբանդյանով՝ վար, կարմիր տրամվայը Խանջյանով, օղակաձև զբոսայգու տակով գալիս, Մոսկովյանին խաբս տալիս՝ Նալբանդյանով է բարձրանում… Մոսկովյան փողոցի անկյունն է, աջ կողմում, ծառերի միջով Չորրորդ պոլիկլինիկայի շենքն է երևում… Ինքը պստիկ՝ մեծ տատը ձեռքը բռնած տանում է ակնաբույժի մոտ՝ գարնանային կատարով բորբոքված աչքերին դեղ կաթեցնելու, երբ քայլելուց հոգնեց՝ տատը կռնակին առավ, տատի մեջքին հարմարված՝ նայում է նրա ճերմակ մազերին, հոտոտում, զարմանում՝ ճերմակ մազն ուրիշ հոտ ունի, մոր սև մազերի հոտի պես չի, հայացքը տատից բարձրացնում՝ նայում է ընդառաջող-հավասարվող-ետ անցնող ակացիաների կլորիկ սաղարթներին, տերևները դեռ փոքր են, վառ կանաչ, համարյա թափանցիկ, սաղարթներում ջահել, դեղնակտուց ճնճղուկներն են ճռվողում, սաղարթներից վեր՝ կապույտ երկինքը, ծիրանագույն արեգակը… Հետաքրքիր է, ապրած տասնյակ հազարավոր օրերից ինչո՞ւ են մի քանիսը զատվում, մյուսներից կարծես ոչնչով չեն տարբերվում, բայց տպված են գիտակցության մեջ մնացյալ ամբողջ ժամանակի համար, և հաճախակի դուրս են լողում, որպեսզի ջերմացնեն հոգիդ, աննկարագրելի, տարաշխարհիկ խանդաղատանք բերեն, տպավորությունն այնպիսին է, թե՝ չի եղել, հեքիաթ է, բայց ո՞վ է մոգոնել, ո՞վ է պատմել… Չէ, եղել է, հեքիաթները երբեմն կյանք են ներխուժում, ահա՝ հիմա էլ նրանք դեռ գալիս են, ճամփին են, Տերյանից ելել՝ թեքվել Մոսկովյան՝ գալիս են…

 

Դադարի պահն անցած՝ դարձյալ Նալբանդյանով վար… Ձախից ԿԳԲ-ի շենքն է, ասում են՝ էստեղի նկուղներում խոստովանություն կորզելու համար մարդկանց շշին են նստեցնում, հնարավոր է, ինչու ոչ, մարդը մարդուն ինչին ասես կնստեցնի, ո՛չ չարքը, ո՛չ այլմոլորակայինը, այլ մարդու կողքին ապրող իր նման մարդը… Սայաթ-Նովայի անկյունում հացի խանութն է, խաչմերուկը… Խաչմերուկից՝ Սայաթ-Նովայով աջ… Լևոն Ներսիսյանն է առաջին հարկի իր պատուհանների մեջ, ինչ-որ մեկին ուղարկել է խանութ, սպասում է վերադարձին… Հիմա ձախով, Աբովյանով, Թումանյանը հատելով, քաղաքի ամենամեծ հացի խանութի կողքով՝ ներքև… Կինո «Մոսկվա», Նկարիչների Միության շենք, հարևանությամբ՝ «Կոպեկանոց» սրճարանը… Պատահական մարդիկ էստեղ հազվադեպ են լինում, քաղաքի բոհե՛մն է հավաքվում, մեկ էլ՝ կինո «Մոսկվայի» տղերքը, ահա, Լուկաշն է դուրս գալիս՝ նյարդայնացած, խոժոռ, աչքերում՝ դիվային փայլ… «Հրա՛չ, Լուկաշին ինչ ա էղել, բարևներս չառավ», «Ջղայնացրել են Լուկաշին, անտրամադիր ա, հարգենք իրա տրամադրությունը», «Հարգենք, բա ոնց, կարա՞նք չհարգենք»։ Գրիգը ետ է քաշում փաթաթվող բույսերի կանաչ վարագույրը… Ֆրունզն է կենտրոնական սեղանի մոտ, նկարահանումներից նոր է վերադարձել, թեյի բաժակով օղին դեմը՝ արկածներն է պատմում, գլխին հավաքվել՝ լսում են, գլխավոր ունկնդիրը Շերենցն է, հիսուն գրամանոց ըմպանակով օղին ժամանակ առ ժամանակ մոտեցնում խիտ մորուքին, խրում մեջը՝ կում է անում, քաղցրանուշ ժպտում, ասում է. «Լավ, էլի, Ֆրունզ…»… Գրիգը վրա է բերում կանաչ վարագույրը, ընկրկում-շրջվում՝ քայլում է դեպի մայթեզր, պուլպուլակից սառը ջուր է խմում, բերանը սրբում, նայում է… Աբովյան փողոց, վերում՝ Պլանի Գլուխը, ցածում՝ Լենինի հրապարակը, ո՞ր կողմ գնալ… Առայժմ՝ ուղիղ, դեպի հեռախոսախցիկը, մանրադրամը՝ ճեղքով ներս, շչակ, սկավառակը լխկլխկում է պտտելիս՝ երեք, քսանչորս, վաթսունվեց… Աիդա՛, ես եմ… ձայնիդ ի՞նչ ա եղել, սիրունս… Ուզում եմ ծոցիկդ գալ, կընդունե՞ս… Սարդոստա՞յն, ամբողջովի՞ն… Կպոկեմ, չվախես, հողերը ետ կտամ, փոշին կփչեմ… Չեմ կարո՞ղ…

 

Չեմ կարող, ճշմարտացի ես։