🖭 Հույս ու ժապավեն
Կասետ

🖭 Հույս ու ժապավեն

ԵՐԵՎԱՆը խնդրել է Fairwind խմբի անդամներին և ալբոմի շապիկի ձևավորող Վահան Ստեփանյանին հիշել կյանքի ամենակարևոր կասետները։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի


Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի

#Դիզայն

Այս ամռանը երևանյան FairWind ռոք խումբը շատ երևանյան մի ալբոմ ձայնագրեց՝ անվանելով այն պարզապես «Մյուզիք»։ Դրա գլխավոր առանձնահատկություններից մեկը, թերևս, ձևաչափն էր. ալբոմը թողարկվեց ժապավենային ձայներիզներով՝ հին ու բարի կասետներով։ ԵՐԵՎԱՆը խնդրել է խմբի անդամներին և շապիկի ձևավորող Վահան Ստեփանյանին հիշել կյանքի ամենակարևոր կասետները։

 

 

Վարդգես Հովեյան

Վոկալ, կիթառ

Բնականաբար, առաջին կասետները իմ սեփականը չէին, էն ժամանակ հիմնականում մեծերի՝ պապայի, քեռիների ձայնադարանից էի օգտվում: Մեջս հատկապես տպավորվել ա, թե ոնց մի անգամ պապան իրա ընկերներից մեկի հետ խոսում էր Բիթլզի մյուզիքից՝ լսելով Help ալբոմը մագնիտոֆոնով։ Էդ կասետից սկսվեց իմ աննորմալ հետաքրքրվածությունը բրիտանական ռոքով ու գնաաա՜ց՝ Բիթլզ, Զեփ, Փառփլ:

 

 

Երկու կասետանի մագնիտոֆոն ունեինք տանը ու TDK կասետներ, սաղ օրը բզբզում էի ու սովորեցի ռադիոյից ձայնագրել, ընդ որում՝ ինչ ասես գրում էի․ էն ապուշ ռուսական երգերով, բանով: Էդ ինչ-որ մեջիք էր էն ժամանակ իմ համար: Հիշում եմ՝ հետո ձև գտա, որ ինքս ինձ ձայնագրեմ ու տենց մի Նոր տարի քրոջս հետ մերոնց համար կասետ էինք ձայնագրել: Կարելի ա ասել՝ առաջին ալբոմը թողարկել եմ 9 տարեկանում՝ քրոջս հետ։

 

Առնում էինք որտեղից պատահեր, հենց փող էր ընկնում ձեռս, անպայման կասետ էի առնում ու փորձում բացահայտել ինչ-որ նոր մյուզիք, ու քանի որ դեռ որոնումների մեջ էի, կարող ա, ասենք, պատահաբար առնեի Յուռայ Հիփ, Մետալիկա ու Ագիլեռա․ ինչքան ավելի անծանոթ, էդքան ավելի հետաքրքիր:
 

Մկոյի հետ մի բակից էինք, շուտ-շուտ ինչ-որ բաներ էինք ճարում, իրար տալիս լսելու։ Էն ժամանակ մենք մեր համար նաև հայտնաբերեցինք Ակվարիում, Կինո, ԴԴՏ խմբերը, դե բացի էդ էլ մի ինչ-որ պահ եսիմ ոնց Էմթիվի ունեինք, տենց էլ հայտնվեցին արդեն Նիրվանա, Օազիս, Օֆֆսփրինգ, Սամ41-ենք: Իսկ մեր Բենոյի հետ դասերից հետո, Բարեկամության պադզեմկան էինք փորփրում, կողքը լիքը զապիսնոց կար, էլի ինչ-որ նոր մյուզիք գնելու նպատակով: Մեր Ալիկը՝ առաջին բասիստը, աննորմալ քանակի կասետներ ուներ․ տենց սկսեցինք մեր համար ջազռոքն ու բլյուզը բացահայտելը: Էն ժամանակ փողը քիչ էր, իսկ լսելիքն ու էնտուզիազմը չափազանց ավել, ամեն նոր կասետ, նոր մյուզիք մեծ հաղթանակ էր:

 

Ցավոք, հիմա մագ չունեմ, վինիլ եմ լսում հիմնականում ու դե աուդիոբենքերից, բայց ծնողներիս տանը դեռ են հիիին մագերից ու մուզիկալնիյ ցենտռներից կա, նենց որ «Մյուզիքը» լսվումա ու լսվելու ա:


 

Բեն Ֆրունջյան

Ռիթմ կիթառ, վոկալ

Կասետները հիմնականում առնում էի Բարեկամության անցումի տակից։ Հենց պապան ինչ-որ ավել գումար էր տալիս, անպայման գնում էի, որ մի նոր կասետ առնեմ։ Առաջին գնածս կասետը, ինչքան էլ զարմանալու թվա, ռոքի հետ ընդհանրապես կապ չուներ․ էդ ժամանակ ընկերներով հիմնականում ռէպ էինք լսում, ու առաջին կասետս Էմինեմի Marshall Matters LP — ն էր։

 

Իհարկե, ռադիոյից ձայնագրություններ էի անում։ Նույնիսկ տանը արդեն իսկ կային կասետներ, որտեղ տարբեր հայտնի և ոչ հայտնի երգեր կային, էդ կասետների վրա ոչ միայն ռադիոյից էի երգեր ձայնագրում, այլ նաև իմ սիրած երգերի վրայից երգում էի։ Հիշում եմ նաև, որ դեռ ես FairWind-ում չէի, տղեքը իրանց առաջին ինտերվյուն էին տալիս ռադիոյով, որը կասետի վրա ձայնագրել էի, ու մինչև հիմա էդ կասետը կա։

 

Կասետները հաճախ տալիս էի բակի ընկերներին ու դասարանցիներին։ Ամենաանպարտաճանաչը բակի ընկերներն էին, տանում կորցնում էին կամ էլ փչացնում, հետո ահագին ժամանակ տանջվում էի, որ ուշքի բերեի։ Ամենաչելենջինգը էն էր, որ լենտը փաթաթվում էր, ու հետո ժամեր էի ծախսում, որ կարանայի ուղղեի ու չփչացնեի կասետը։ Ամեն լավ ծալված տեղը արդեն գիտեի, որ նշանակում ա՝ էդ մասը կամ չի լսվելու, կամ որակը ընկնելու ա։

 

Իմ տանը մագ չունեմ, բայց մերոնց տանը մինչև հիմա կա, ու նորմալ աշխատում ա։ «Մյուիզքն» էլ շատ որակով լսվում ա։

 


«Մյուիզքի» երգերից մեկը

 

Մկրտիչ Քալաջյան

Սոլո կիթառ

Առաջին կասետս Queen-ի հավաքածուն էր։ Հին ու բարի կասետային քոփի-փաստ։ Այդ կասետը մինչ հիմա կա, աշխատում է և իրեն լսում եմ մեկ-մեկ: Հետո Կոմիտասի շուկայի մոտից մի քան բան գնեցի, բայց դա երկար չտևեց։ Ռադիոյից ձայնագրելու կարիք էլ չի եղել, քանի որ բավականին շուտ ունեցա համակարգիչ, և երգերի նոր հոսքը ապահովում էին սկավառակները։ Բայց կարիք լինում էր հենց համակարգչից կասետ ձայնագրել, քանի որ սկավառակները դեռ լավ տարածված չէին։ Այդ հմտությունները լավ օգնեցին ալբոմի ձայնագրման գործում։

Եղել են ցավալի կորուստներ, հա։ Երկու հիանալի կասետ ունեի, որոնք տենց էլ չհիշեցի ում եմ տվել։ Nine Inch Nails-ի The Fragile ալբոմով կասետն էր, որը նվեր էի ստացել, մեկ էլ Depeche Mode-ի հավաքածու, որն ինքս էի ձայնագրել կասետի վրա եղբորս երգադարանից։

 

Էդ նույն սկավառակների պատճառով նաև շատ չեմ հասցրել կասետների էն ռոմանտիկ լայֆ-հաքերը օգտագործել՝ մատիտով կծկել, մանիկյուրով կպցնել պոկված լենտը, և այլն։ Բայց, եթե Queen-ի կասետին մի բան լինի՝ հաստատ մանիկյուրը գործի կդնեմ։

 

Հա, ու մագ ամեն դեպքում դեռ ունեմ, ու Queen-ն ու «Մյուզիքն» եմ լսում դրանով։


FairWind

 

Արտավազդ Բաղդասարյան

Բաս կիթառ

Ամենահին կասետը, որ հիշում եմ, մեծ ախպորս կասետներից էր՝ խառը թույն երգեր էին ձայնագրած. Զեփ, Յուրայա Հիփ ու մի քանի ընտիր գործ Մետալիկայից։ Ռադիո լսող չկար, քանի որ մեծ ախպերս ժամանակին ծիծիկ կասետներ էր ձայնագրել, էլ չեմ ասում տակից առած վինիլները։ Եթե նոր բան էի ուզում առնել, հիմնականում հանրակացարանից ամեն ինչ ճարում էի դրսից էկած ուսանողներից։

 

 

Ընկերների հետ փոխանակում անում էի, իհարկե, բայց միայն ժամանակավոր։ Հետ չվերադարձնել չկա… ղումարից բեթար ա էդ:

 

Դզում էր, որ շենքի կռիշից ջարդած կասետի բաբինան շպռտում էիր՝ լենթի ծերից բռնած… կարողա ապուշություն թվա, բայց դե համ լենթի երկարությունն էր հետաքրքիր, համ էլ՝ էդ որ ֆթֆթալեն թռնում էր։

 

Մագ մինչև հիմա ունեմ, բայց մյուս տղեքին չասես։


 

Տիգրան Խաչատրյան

Հարվածային գործիքներ

Առաջին կասետը նվեր եմ ստացել հորիցս։ Սթիվիի ալբոմն էր։ Ընդհանրապես, հիմնականում կասետներս նվեր էի ստանում՝ հորիցս, հորեղբորիցս. բավական մելոման մարդիկ են։ Էն ժամանակ ո՞վ փող ուներ, որ մի հատ էլ նոր կասետ առներ, էն էլ դատարկ։ Դրա համար արդեն բավականաչափ լսած կասետի վրա գրում էի նորը։ Իսկ Սթիվիի ալբոմը տվեցի մեր բակի Գոգային, որ լսի, էն էլ թռան Ռուսաստան, մինչև հիմա մոտն ա։

Բոլոր հնարավոր ֆինտերը կասետների հետ արել եմ՝ մատիտով, պլյոնկան մանիկյուրով կպցնելով և այլն։ Ու էդ բոլոր կենսական լայֆհաքերը կան ու կարելի ա իրագործել «Մյուզիքով»․ մի՛ ալարի, ձե՛ռք բեր ու տժա՛, մյուզիք լսի։ Ես ինքս լսում եմ երկկասետանոց հավատարիմ Սոնիով, իրա Պիոներ ուսիլոկով։

 


 

Վահան Ստեփանյան

Լուսանկարիչ

Առաջին կասետները, որ հիշում եմ, երևի պապայի ձայնագրածներն էին ռադիոյից։ Առաջին իմ անձնական կասետը, որ տվեցին լսեմ ու հետո էլ մենակով կասետից կասետ ձայնագրեցի, Ջեֆն էր տվել՝ Քինգ Քրիմսոնի առաջին ալբոմն էը, ես էլ 7-րդ դասարան։

 

Քրիմսնից հետո սենց մի հատ ռոք շրջան սկսեց, հետո Ջեթրո Թալը սահուն անցավ դասական երաժշտության, հետո էկան դիսկերը։ Ռադիոյից ձայնագրելուն բանը չհասավ։

 

Հիշում եմ, որ եթե պետք էր մի բան առնել, հստակ ու միանշանակ Երիտասարդական մետրոյի մոտ մի քանի կետ կար։ Գլխավորներից մեկը մի մարդ էր Իսահակյանի մոտ, ամեն ինչ ուներ։ Հետո, երբ արդեն ձայնագրած կասետները էլ ակտուալ չէին ու մի քանի մեծ դիսկի խանութներ բացվեցին, էդ մարդը, իր ողջ հավաքածուով հանդերձ, տաքսի էր քշում, ու առանց մտածելու հաճախորդը ուզում ա թե չէ, ռոք էր լսցնում։ Մի անգամ ես բռնացրեցի, նստեցի, բարձր միացրած ա, ասում եմ՝ էս Դեֆ Լեփըրդ ա՞։ Համարյա մեքենան խփում էր, զարմանքով նայեց վրաս, ասեց՝ ես էլ մտածեցի պիտի ասես ձենը իջացրու։

 
Կասետների վերևի մասում սենց փոքր չռթիկ կար, որը խանութայիններում ջարդում էին, որ չկարողանաս վրան ուրիշ բան ձայնագրել։ Դու էլ ձեռիդ տակ էղած ցանկացած համարյա բան դնում էիր մեջը ու յալլա։

 

Հիմա դաչայում մագ ունենք, որ մյուս անգամ գնամ էնտեղ՝ լսելու եմ «Մյուզիքը»։ Իսկ 2000-ականների սկզբին մեր տանը կային Սիսթեմի ու Սլիփքնոթի դեմո կասետներ։ Ամեն մեկի վրա մի քանի երգ էր ընդամենը, ու մեծ բուկլետներ, համարյա գրքեր էին՝ չտեսնված բան էր էն ժամանակների համար։

 

95 թե 96 թվին պապայի խնդրանքով արեցի իմ առաջին համակարգչային դիզայնը՝ իրա կասետներից մի քանիսի համար: