Ճակատագրի սև շենքը
Հին Երևան

Ճակատագրի սև շենքը

Երևանի ամենահին շենքերից մեկը, որը հրաշքով պահպանվել է նորակառույցների միջև խցկված․ Արամի 80 (մեր նախկին խմբագրությունը)։

Տեքստը՝ Արմեն Մուրադյանի


Լուսանկարները՝ Մարգարյանների ընտանեկան արխիվից, Սոնա Քոչարյան


ԵՐԵՎԱՆ #23 | 2013

#Ճարտարապետություն #ՀինԵրևան

Գործարարներ, բանկիրներ, ատամնաբույժներ, զբոսաշրջային գործակալությունների աշխատակիցներ… Առավոտյան 9-ին բոլորը շարան-շարան գալիս են Արամի փողոցի իրենց գրասենյակները: Քչերը կհավատային, որ այս փողոցն ավելի քան 150 տարեկան է, եթե չլիներ մյուսներից տարբերվող սև շենքը, որը հպարտությամբ պահեց իր օրինական դիրքը երիտասարդ բարձրահարկ հարևանուհիների կողքին: Այսօր այս տանը մի քիչ խառնաշփոթ է. հինգ սերունդ այստեղ ապրած ընտանիքը տեղափոխվում է այլ տուն: Ո՛չ, բարեբախտաբար չեն վաճառում. միայն վարձով են տալիս:

 

Գարեգին և Արտյոմ Մարգարյաններն իրենց ընտանիքներով

 

1898-ին Քյարամի Մուկուչ մականվամբ երևանցի ձեռներեց Մուկուչ Մկրտչյանցն իր միջոցներով կառուցեց երկհարկանի շենք Էրիվանի կենտրոնի Արամի փողոցում (նշենք, որ որն այն ժամանակ փողոցը կոչվում էր Ցարսկայա, քանի որ Նիկոլայ 1-ինը հենց այնտեղ էր իջևանել 1837-ին): Մուկուչը տեղավորվեց տան մի ծայրում, մնացածը մասը սկսեց վարձով տալ: Այդ ժամանակ էլ ծնվեցին Մկրտչյանների երեխաները՝ դուստր Արաքսյան և որդի Գարուշը: Սակայն ամուսինների կյանքն ունեցավ ողբերգական ավարտ, և քույրն ու եղբայրը վաղ որբացան: Հետո Արաքսյան ամուսնացավ երևանցի Գարեգին Մարգարյանի հետ, բայց երկունքի ժամանակ առաջացան բարդություններ, նա և երեխան մահացան: Քյարամի Մուկուչի ազգականները որդեգրեցին քրոջն ու քրոջորդուն կորցրած 7-ամյա Գարուշին ու տարան նրան Թբիլիսի: Նա մեծացավ ու պատանեկության տարիքում մեկնեց Ամերիկա: Այդպես տունը դարձավ Գարեգին Մարգարյանի սեփականությունը: Գարեգինը կրկին ամուսնացավ և տեղափոխվեց՝ թողնելով տան մի մասը ավագ եղբայր Արտեմին, մյուս մասն էլ վաճառեց պետությանը: Այդ ժամանակ Հայաստանում արդեն խորհրդային կարգեր էին, ուստի Երևանի քաղաքային իշխանությունները որոշեցին տրամադրել սենյակները տնվորներին:

***

 

 

Կառլեն Մարգարյանը

 

1925-ին ծնվեց Արտեմ Մարգարյանի որդի Կառլենը: Վերջինիս էր բախտ վիճակվելու տանը երկար ապրել ու պահպանել դրա պատմությունը: Այսօր Կառլեն Մարգարյանը 87 տարեկան է: Նա տեսել է, թե ինչպես է հարազատ քաղաքը մի քանի անգամ կերպարանափոխվել, ու ցայսօր հստակ հիշում է տան հետ կապված բոլոր ուշագրավ դեպքերը: «Այնքան մարդ էր գալիս ապրելու ու գնում, որ դժվար էր բոլորին հիշել, — պատմում է Կառլենը, — Ի դեպ, նրանց մեջ էին նաև երգահան Արամ Սաթունցը, մանկական գրող, առաջին դպրոցական այբբենարանի հեղինակ Մամիկոն Գասպարյանը, դաշնակահար Հովհաննես Փարաջյանը, Բրյուսովի ինստիտուտի ռեկտոր Հակոբ Խաչիկյանն ու շատ ուրիշներ»:

 

«Մանկությունս անցել է ավանդական երևանյան միջավայրում, — հիշում է Կառլենի դուստր Նարինե Մարգարյանը: Մեր տունն ու էլի չորս տուն ունեին ընդհանուր բակ: Հիշում եմ թթի ահռելի ծառը, երեխաների մեծ խումբը, բակի ծորակի մոտ սպիտակեղեն լվացող կանանց, որոնք շտապում էին հերթ կանգնել շորերը կախելու համար…»:

 
 

Կառլենի դուստր Նարինեն

 

1970-ականներին արդեն ԱՄՆ քաղաքացի Գարուշը՝ Քյարամի Մուկուչի կրտսեր որդին, որոշեց այցելել իր մանկության տունը: Նարինեն, ով այն ժամանակ դեռ փոքր աղջիկ էր, նրան հիշում է որպես ալեհեր, միջին հասակի ծերունի: Գարուշը պատմել էր նրա կրտսեր եղբորը՝ Միքայելին, որ մանուկ տարիքում նույնպես անկարգ էր, որ հայրն իրեն ոսկե դրամներ էր տալիս խաղալու, որ ոտքի տակ չընկներ ու տնվորներին չխանգարեր: «Այնքա՜ն մետաղադրամ է կորածընկած տան հեռավոր անկյուններում», — տխուր հիշում էր ծերունին, հառաչում ու փոքրիկին աչքով անում, կատակով ակնարկում, որ եթե լավ փնտրեր, կարող էր գտնել կորուսյալ ոսկին: Մանկության անուշ հուշերի մեջ ընկած ԱՄՆ քաղաքացին դիմեց քաղխորհուրդ՝ խնդրելով, որ իրեն թույլ տան գնել տան՝ պետությանը պատկանող մասը: Սակայն նրա ամերիկյան երազանքը փշրեց խորհրդային կարգերի իրականությունը. քաղաքապետարանն այնպիսի ցնորամիտ գին պահանջեց, որ Գարուշը հաջորդ օրն իսկ հեռացավ երկրից:

 

 

Նարինեի կրտսեր եղբայր Միքայելը

 

Մարգարյան ընտանիքը տանն ապրեց խաղաղ ու երջանիկ մինչև 1988-ի դեկտեմբերի 7-ը: Չնայած երկրաշարժը Երևանում թույլ էր, 100-ամյա տան մի մասը քանդվեց: Այդ ժամանակ բոլոր տնվորներն արդեն տեղափոխվել էին իրենց հատկացված բնակարանները: Ստիպված էին վարձել շինարարներ ու սեփական միջոցներով վերականգնել արդեն ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող տունը: Քիչ անց՝ Խորհրդային Միության անկումից հետո, պետությունը Մարգարյաններին տվեց տունն ամբողջությամբ գնելու հնարավորություն:

 

1990-ականների վերջ. շենքը նոր-նոր բոլորեց իր հարյուրամյակը

 

2000-ին 100-ամյա տանն ավելացվեց նոր հարկ, որը, սակայն, ոչ մի կերպ չփչացրեց նրա տեսքը: Նույն ժամանակ էլ սկսվեց բարձրահարկերի շինարարությունը Արամի փողոցում:

 

Առաջացավ վտանգ, որ տունը կքանդեն մյուս հին կառույցների պես: Նորելուկ հարուստները բիզնեսի հետևից էին ընկած, իսկ բիզնեսն ուշադրություն չի դարձնում ճարտարապետական հուշարձանների նրբություններին: Բայց միևնույն է՝ ստիպված էր հաշվի նստել Մարգարյանների ընտանիքի հետ: Նրանք ընկան դռնեդուռ՝ փնտրելով փոխզիջումներ, և այնուամենայնիվ կարողացան պայքարելով պահպանել իրենց տունը: «Փողոցում մեր տնից գեղեցիկ տներ էլ կային, — խոստովանում է Նարինեն, — Դրանք մեր մանկության խորհրդանիշներն էին, Երևանի իսկական շունչը: Չէի հավատա, եթե մանուկ հասակում ինձ ցույց տային լուսանկարներ ապագայից ու ասեին, որ դա այն փողոցն է, որտեղ ապրելու եմ, 30 տարի հետ», — տխուր-տխուր ասում է Նարինեն:

 

Իննսունականներ. հիմա այս աստիճանն արդեն չկա

 

Այսօր սև քարից պատերում պարփակված է միաժամանակ երեք պատմություն. նախահեղափոխական Երևանի ոգին, երբ փողոցը կոչվում էր Ցարսկայա, խորհրդային Երևանի ոգին՝ Սպանդարյան փողոցով, և արդեն անկախ Հայաստանի Հանրապետության ոգին՝ Արամ Մանուկյանի անունը կրող Արամի փողոցով:

 

Մի անգամ, երբ ման էի գալիս շենքում, աստիճանով չորրորդ հարկ տանող մի դուռ տեսա: Սկզբում ասացի՝ աչքիս է թվում: «Բայց սա ախր եռահա՛րկ շենք է», — զարմացած ասում էի մյուսներին: Պարզվեց՝ այն, ինչ սկզբում թվաց առեղծված, ուղղակի ճարտարապետական հնարք էր. երկու տարի առաջ տանն ավելացվել էր ևս մեկ հարկ: Սակայն նախագիծն այնպես էին մշակել, որ ճակատային մասից նոր հարկն ընդհանրապես չի երևում:

 

 

Արամի 80-ը՝ 2017 թվականին

 

Վերջերս Մարգարյանները որոշեցին իրենց ընտանեկան կացարանը ժամանակավորապես վարձով տալ: Երևի մտածեցին, որ նոր ավյունն օգուտ կբերի ժամանակի բովով անցած հին երևանցուն: Ճիշտ էին ենթադրել, քանի որ հիմա տանն ապրում է ImYerevan.com-ի ու «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խմբագրությունը՝ հիրավի խորհդանշական լուծում: Իմանալով փոքրիկ Գարուշի պատմությունը, որը հարյուր տարի առաջ տնով մեկ ցրել էր շռայլ հոր ոսկե մետաղադրամները, համակվեցի անհաղթահարելի ցանկությամբ ինչ-որ կերպով ծլկել խմբագրի տեսադաշտից ու հիմնովին փորփրել հատակի անցքերը՝ երևանյան գանձերը գտնելու հույսով, իհարկե, եթե խմբագիրն ինձնից առաջ չի ընկել: