Մաֆիա
Գրողը տանի

Մաֆիա

ԵՐԵՎԱՆի խնդրանքով արձակագիր Արմեն Մուրադյանը պատմվածք է գրել Հայաստանում այդքան տարածված «Մաֆիան» խաղացող մարդկանց մասին:

Տեքստը՝ Արմեն Մուրադյանի

 

Նկարզարդումը՝ Արա Ասլանյանի

 

ԵՐԵՎԱՆ #42 | 2017

 

♠ ♥ ♦ ♣ 

Թե բա` «երեխեք, եկեք մաֆիա խաղանք»: Սլավոնականի բանասիրականի շրջանավարտները՝ Սյունեի կուրսեցիները, բացարձակ անասուն էին: Այդ մասին Սյունեն հայտնեց Անդոյին դեռ տաքսիում: «Բայց դե ինչ արած, մերոնք են, գնանք շփվենք, հետաքրքիր ա՝ ի՞նչ են դարձել տասը տարի անց», — ինքն իրեն համոզում էր Սյունեն, շշնջալով Անդոյի ականջին:

Ճիշտն ասած, մինչ այն պահը, երբ նրանք ներս մտան հոում-փարթիի՝ Անդոյի առանձնապես տանձին չէր: Բայց նյարդայնացավ, հենց տեսավ «էդ գյադուն»՝ սև կոստյումով, էլեգանտ, բայց միաժամանակ քյարթ Սամվելին: Այդպիսիք, ինչպես մտածեց Անդոն, իբր ջազ են լսում, բայց հենց պահը բռնացնում են` մի երկու հատ ծիտ թևի տակ գցում, քուչի լավերի հետ գնում են սաունա՝ Ալեգրովայի գիրկը:

- Տենց, Սյունե ջան, — հպարտ ժպտաց Սամվելը, — հեսա Երևանում թույն սրճարանների ցանց ենք բացում: Լրիվ հիփստերսկի, կայֆ բրենդինգ ենք անում, բա դիզայներները՝ մեկը մյուսից ախորժելի: Քեզ մի տարվա աբոնեմենտ սարքել կտամ: Արա կարոտե՜լ էի: Արի գրկեմ:

Գրկելու փոխարեն Սամվելը ընկերավարի սկսեց գզել Անդոյի կնոջ մազերը: Սյունեն ծիծաղելով պաշտպանվում էր: Ու հենց այդ պահին ինչ-որ մեկը գոչեց` «երեխե՜ք, եկեք մաֆիա խաղանք»:

«Լավ, ենթադրենք, — ենթադրում էր Անդոն, — որ էս քյառթի ու Սյունեի միջև ինչ-որ բան ա եղել էն ժամանակ: Սամվելը լրիվ ալֆա-սամեց ա իրան զգում, Սյունեն էլ Սլավոնականի ծտերից էր. կարդացած, համեստ-սեքսի ոճի մեջ, Սիսթեմ` Կոմիտասից հետո»:

Սրտի վալետ:

«Յախք արա, սրտի վալետ, — դժգոհեց մտքում Անդոն: — Սովորական կարմիր եմ: Տենաս Սյունեն ի՞նչ ա: Բա էն գյադե՞ն: Խոխմա կլինի՝ երկուսն էլ սև ընգած լինեն»:

Գիշեր է

Քյարթու Սամվելը դանդաղ հանում է Սյունեի շորերը. սկսում է զուգագուլպայից, հետո` կրծկալը, կիսավարտիքը: Սյունեն ամաչկոտ տնքում է, Սամվելը չի կորցնում իրեն ու մրմնջում. «Նենց բրենդինգ կանեմ, կոնցեպտի տակ կմնաս»: Հլը մի րոպե: Սյունեն այսօր հագել է իր սիրելի կարմիր կիսավարտիքը: Ինչի՞ համար: Անդոն հասկացավ, որ ժամանակն է ցրելու հիմար մտքերը` «անկապ խանդում եմ»: Խոր շունչ քաշեց: «Էն էլ ինչ-որ առաջվա կուրսեցու»:

 

Առավոտ է

Աչքերը բացում են բոլորը, բացի Սյունեից, — հայտարարեց նախկինում գերազանցիկի անուն հանած, այժմ ինչ-որ անկապ լրատվականի լրագրող Արմենը:

- Խի՞ հենց ես, — ջղայնացավ Սյունեն, — տենց էլ գիտեի, էս Արմենը ինձ միշտ ատել ա: Դեռ էն ժամանակներից, երբ քննություններին չէր տալիս արտագրեմ:

- Աղջիկ ջան, — ծիծաղեց Արմենը, — գոնե մի հատ քննություն հիշի, որ պարապած-եկած լինեմ: Համ էլ ես, ցավոք սրտի, վարողն եմ, ոչ թե մաֆիան: Թե չէ ես էլ հաստատ առաջինը քեզ կհանեի: Լավ, չենք օֆթոփվում, վերջին խոսքդ ասա:

Սյունեի վերջին խոսքից ոչ ոք գլուխ չհանեց: Բայց չգիտես ինչու` նա հայտարարեց, որ կասկածում է Սամվելին «սև» լինելու մեջ: Սամվելը ժպտաց ու աչքով արեց Սյունեին, բայց նա չնկատեց: Նկատեց Անդոն: Սյունեն գնաց խոհանոց ծխելու:

Խոսքը հասավ նաև Անդոյին.

- Դե, — հանգիստ սկսեց նա, — գիտեք, Սյունեն իմ կինն ա: Հիմա բոլորդ կասեք՝ կնոջս եմ պաշտպանում, բայց՝ չէ: Նենց չի, որ ինքը չի սխալվում, բայց հիմնականում, երբ խոսքը գնում ա ինտուիտիվ բաների մասին՝ տասից տաս գուշակում ա: Հենց դրա համար էլ Սամվելը կասկածելի ա թվում: Մի խնդացեք, ստուգված բան ա: Բայց էդ սաղ հեչ, ամենակարևորը էն ա, որ Սամվելը շատ հանգիստ տարավ մեղադրանքը: Կոնկրետ սևի պահվածք՝ փորձում ա պանիկա չստեղծի, ժպտում ա, սրան-նրան աչքով ա անում (էս մեկը պետք չէր ասել, — փոշմանեց Անդոն): Կարմիրներ, պատկերացրեք, որ մեզնից մեկին մեղադրեին մաֆիա լինելու մեջ: Հաստատ տենց հանգիստ չէինք պահի մեզ: Կփորձեինք արդարանալ, թեկուզ՝ հանգիստ, թեկուզ՝ գրագետ, կոնտակտ ստեղծել ուրիշ կարմիրների հետ:

- Շատ լագիչնի ա, — չդիմացավ Սամվելը, — ասենք, ոչ մի հիմք…

- Սամվելը ստանում է առաջին նկատողությունը, — կտրեց խոսքը Արմենը: — Լավ, Անդոյի… Անդո, չէ՞… Անդոյի ժամանակն էլ սպառվեց: Դնում ե՞ս Սամվելի թեկնածությունը:

- Հա, — մի քանի վարկյան մտածելուց հետո պատասխանեց Անդոն, ինչի վրա Սամվելը բարձրաձայն ճպցրեց:

Քվեարկության ժամանակ մեկ ձայնի տարբերությամբ և ի զարմանս Անդոյի, Սամվելին հանեցին խաղից:

 

Գիշեր է

Եվ միայն գիշերը պարզ դարձավ, որ Անդոն շատ մեծ սխալ է գործել: Հերիք չի Սյունեն խաղից դուրս մնաց, մի բան էլ հենց ինքը՝ Անդոն քյալ-քյալ դրեց Սամվելին հանեց: Երբ բոլորը մի սենյակում մաֆիա են խաղում, չի կարելի կնոջդ թողնել Սամվելի հետ առանձին: Առավելևս, երբ կինդ իր սիրելի կարմիր կիսավարտիքն է հագել՝ չգիտես թե ինչու: «Ես իմ ձեռով ինձ քաքի մեջ գցեցի», — տխրեց Անդոն:

 

Առավոտ է

«Միայն թե ես», հույս ուներ Անդոն:

- Առավոտը բարի է բոլորի համար, բացի Հիլարի Քլինթոնից, — անհաջող սրամտեց լրագրող Արմենը ու արագ փորձեց շտկել վատ հումորը, — Անի ջան, Հիլարին դու էիր, կներես:

Մինչ այժմ Անիի գոյության մասին Անդոն չուներ ոչ մի պատկերացում: Բայց դե հիմա Անին Անդոյի փրկությունն էր: Անի-հրեշտակը չի թողնի այդ զույգին գժություն անեն:

- Լավ, երեխեք, — դավաճանաբար ասաց Անին, — ես GG անեմ, գնամ, վաղը առավոտ շատ կարևոր ժողով ա սի-ի-օ-ների հետ: Սորի, դուք տժժացեք:

Նա պաչիկով հաջողեց բոլորին, բացի Անդոյից, և գնաց` թողնելով Անդոյին միայնակ իր կասկածների հետ: Երբ հերթը հասավ իրեն, Անդոն նույնիսկ փորձեց «սևական» խաղալ, որպեսզի կասկած առաջացնի բոլորի մոտ: Բայց ոչ ոք ուշադրություն էլ չդարձրեց Անդոյի խոսքերին` նույնիսկ նրա թեկնածությունը չդրեց:

 

Գիշեր է

Այսինքն երեկո է, — ասաց Արմենը, — ինձ մի պահ կսպասե՞ք, գնամ՝ լիցքաթափվեմ:

Ու քանի որ Արմենենց տան զուգարանը հենց խոհանոց տանող միջանցքում էր, նա ակամայից ականատես դարձավ, թե ինչպես է Սամվելը համբուրում Սյունեին, մի ձեռքով էլ «ֆինգերինգ» անում, այսինքն երբ մատներով… Արմենը ապշած հետ վերադարձավ:

- Ինձ էլ կներեք, ես էլ մի պահ առանձնանամ, — վեր կացավ Անդոն:

- Մի րոպե, — կանգնացրեց Արմենը նրան: — Մի հատ բան եմ ուզում ցույց տամ: Էսօր Սամվել Մարտիրոսյանը թույն ստատուս էր գրել…

Արմենը արագ սկսեց փորփրել սմարթֆոնում ու փնտրել Սամվել Մարտիրոսյանի ինչ-որ մի երկար ֆեյսբուքյան գրառում: Սակայն չգտնելով, սկսեց կարդալ առաջին հանդիպածը. «Պարզվում ա, Արսինե Խանջյանը ունի ծիծիկ։ Ուրեմն, պետք ա ընտրություններում դիտորդ չլինի։ Վախենում եմ պատկերացնել, թե ինչեր կբացահայտվի Սերժ Թանկյանի պահով։»

Զարմանալիորեն բոլորը ծիծաղեցին, սակայն Արմենը ընդհանրապես տեղյակ չէր՝ ինչի մասին է գրառումը: Անդոն նորից վեր կացավ` զուգարան գնալու պատրվակով:

- Եղբայր, զբաղված ա, — խոր շունչ քաշեց Արմենը: — Չտեսա՞ր՝ ես գնացի ու վռ ազ հետ եկա: Սամոն աչքիս կոնկրետ ցելի վրայա:

Բոլորը ծիծաղեցին: Անդոն էլ խոր շունչ քաշեց ու նստեց իր տեղը:

- Լավ, չենք շեղվում, — հրամայեց Արմենը: — Բոլորը փակում են աչքերը: Մերի, դու էլ փակի, թե չէ հեսա կուղարկեմ Սամոյի մոտ…

Ինչ անասունն եմ, մտածում էր Անդոն, Սյունեին ինչ-որ քաքլան էշի եմ խանդում: Լավ էր, որ սենց ստացվեց: Եվս մեկ ապացույց, որ ուղղակի անհիմն ու անիմաստ սկսեցի խանդել:

 

Առավոտ է

Առավոտը բարի չէր… ապե, կներես, անունդ ինչ է՞ր: Հա՝ Անդո… Անդո ջան, խփին քեզ գիշերը: Ու ասեմ ավելին՝ մաֆիան հաղթեց:

Բարձրացավ մեծ աղմուկ, սկսվեցին քննարկումներ: Հենց այդ պահին Անդոյի ուսերին իջան Սյունեի բարակ մատները: Անդոն շրջվեց ու համբուրեց կնոջը: «Դու լրիվ իձիոտ ե՞ս», — լսեց նա Արմենի ձայնը, բայց այդպես էլ չիմացավ՝ ում էր նա դիմում:

 

Գիշեր է

Կարմիր տաքսու վարորդը շատ լավ ճաշակ ունի: Ձյունը ծանր շերտով պատել է անցորդներին, փողոցը, ծառերը, փաբերի դռները, Սյունեի աչքերը… Անդոն հիշում է, թե ինչպես հարսանիքի օրը իրենք թռան քյարթու ռեստորանից Բուսաբանական այգի (էն ռուսական հանրակացարանների մոտի պարիսպում անցք կա, որից կարելի է ցանկացած ժամի ծլկել ներս) ու աչքերը չռած աստղերի տակ արեցին այն, ինչ արգելված է օրենքով (Անդոյի ընկերոջ հարսանեկան նվերն էր՝ մի փոքրիկ քնձռոտ ֆնդո): Ձյունը հարվածում էր տաքսու պատուհանին, սակայն ներսը տաք, հարմարավետ, ականջը և մարմնի բոլոր հատվածները շոյող երաժշտություն էր, իսկ գրկում՝ Սյունեն: