Պայքարի պատկերագրությունը
Անկախություն 29

Պայքարի պատկերագրությունը

Անկախության շարժման անկախական ազդագրերը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի, Լևոն Համբարձումյանի,
Երևանի պատմության թանգարանի

 

ԵՐԵՎԱՆ #64 | 2020

#Դիզայն #ՄերՀայրենիք

1988-ի դեպքերն աչքի ընկան մշակութային նոր ու տարբեր դրսևորումներով։ Համախմբված գործողությունները հանգեցրին նոր ժողովրդական կոլեկտիվ արվեստի ի հայտ գալուն։ Ստեղծվեցին ցուցապաստառներ, որոնք ներկայացնում էին ցուցարարների հավաքական կարծիքը և յուրահատուկ նշանային բնույթ էին կրում։ Ընդ որում, դրանց շարքում կային թե՛ պրոֆեսիոնալ նկարիչների և թե՛ անփորձ ձեռքի ստեղծած պաստառներ։

 

Իր մասշտաբով և կարևորությամբ այս իրադարձություններն աննախադեպ էին ԽՍՀՄ պատմության համար։ Թե՛ վիզուալ և թե՛ կոնցեպտուալ առումով ցուցապաստառների մշակույթն այս կոնտեքստում չուներ նախադեպ և պետք է ձևավորվեր տեղում, ընդգրկեր խիստ տեղայնացված և օրակարգային նշանային համակարգ՝ պատկերներ ու տեքստեր։ Մյուս կողմից՝ ժողովրդի հիշողությունը դեռ թարմ էր, չէ՞ որ ԽՍՀՄ քարոզչամեքենայի զինանոցում պաստառային արվեստը՝ պլակատը, մեծ դեր ուներ՝ շնորհիվ սրընթաց ազդեցություն թողնելու, տպավորելու, տեսողական հիշողության վրա ներազդելու հատկանիշների։ Սա թերևս հետաքրքիր է այն առումով, որ ցույցերի ընթացքում ի հայտ եկած այս ժողովրդական արվեստը խորհրդային քարոզչամեքենայի զենքն ուղղեց հենց իր դեմ։

 

Նորայր Այվազյանի պաստառը

 

Շարժման պաստառները ցույց էին տալիս ժողովրդի քաղաքական դիրքորոշումը, տրամադրությունը, հիշողությունը, ձևերի ու գույների նշանային ընկալումը։ Դրանք բազմազան էին ժանրային և բովանդակային առումով և, որ ամենակարևորն է, ազատ ստեղծագործական մտքի արգասիք էին, թելադրված չէին ոչ մի կոնկրետ քաղաքական ուժի կողմից։ Դրանք անշուշտ կրում էին թե՛ ազգային և թե՛ խորհրդային հիշողության հետքեր, խոսուն էին, պարզ, բայց և սրամիտ ու կտրուկ և յուրատեսակ հումոր էին պարունակում։


Բազմազան էին և թեմաները, որոնց անդրադառնում էին այդ շրջանի պաստառները։ Դրանցում երևում էր ժողովրդի վերաբերմունքը ԽՍՀՄ ղեկավարության հանդեպ, դիրքորոշումը Հայոց ցեղասպանության, սումգայիթյան դեպքերի, հայապահպանության, Ղարաբաղի հետ վերամիավորման, ազգերի ինքնորոշման, Հայաստանի անկախության, ընդհուպ մինչև պանթուրքիզմի հարցերի վերաբերյալ։ Նախ ցուցապաստառները պարզապես գրություններ էին, տեքստեր, հաճախ ոչ միայն պարզապես նախադասություններ, այլև մտածված բառախաղ պարունակող արտահայտություններ։ Ավելի ուշ ստեղծվեց նաև պատկերների մի ամբողջ փունջ, որը սակայն աչքի էր ընկնում ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ և խորհրդային պլակատի մեծ ազդեցությամբ։

 


Շուտով առաջ եկավ ազատ նկարիչների մի խումբ, որ հրապարակ բերեց ցուցապաստառների նոր մշակույթ։ Նրանցից էին Մկրտիչ Մաթևոսյանը, Գրիգոր Խաչատրյանը, Նորայր Այվազյանը, Ռուբեն Ղևոնդյանը և Արտակ Բաղդասարյանը։ Նկարիչները հավաքվում էին Սվերդլով փողոցի շենքերից մեկում գտնվող արվեստանոցում, ինչպես իրենք էին կատակում՝ շտաբում, քննարկում, վիճաբանում ու ստեղծագործում։ Սա հենց այն ռոք լսող, եռացրած ջինս հագնող, երկար մազ-մորուք պահող ու հակասովետական գրականություն կարդացող երիտասարդությունն էր, որ պիտի դուրս գար պայքարի՝ իր ձևով, իր դաշտում։

 

Ըմբոստ նկարիչներն առաջին պաստառները փորձել էին ցուցադրել Նկարիչների միությունում, բայց այնտեղից չարտոնավորված հեղինակներին դուրս էին արել, իսկ աշխատանքներից մեկը նույնիսկ պատռվել էր Միության աշխատողների մեկի ձեռքով։ Ի պատասխան որոշվեց պաստառները ցուցադրել միանգամից Թատերական հրապարակում, առանց միջնորդների։ Հրապարակի շրջակայքում եղած տաղավարների վրա էլ հենց փակցվել էին պլակատները։

 


Սա բոլորովին նոր մոտեցում էր, փորձ թե՛ քաղաքական և թե՛ մշակութային շատ լուրջ հայտ ներկայացնելու։ Հրապարակում էին ապագայի անկախ Հայաստանի անկախ մտածելակերպի տեր արվեստագետները։ Նրանք արձագանքում էին տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության և դեպքերի զարգացումն ինքն էր թելադրում ամեն հաջորդ պաստառի բովանդակությունը։ Երբեմն էլ պաստառներին զուգահեռ իրականացվում էին փողոցային ինստալյացիաներ ու ակցիաներ. եռագույնով փրկօղակով շապիկներ ու եռագույն կրծքանշաններ, Կրեմլի էլեմենտ պարունակող ռազմական կոշիկ, և, ի վերջո, պարզապես եռագույնը հրապարակ բերելու բավական վտանգավոր ակտ։

 

Շուտով առաջ եկան «Կարմիր կովը կաշին չի փոխի», «Համաձայն որոշման սա սպիտակ է, համաձայն որոշման սա սև է», «Իրավական պետություն», «Փոքրիկ կարապներիպարը Երևանի «Կարապի լիճը» բալետից» և շատ այլ պաստառներ։ Նրանց աշխատանքներն այնքան մեծ արձագանք ստացան, որ հաջորդիվ հրապարակ բերվեցին դրանցից ոգեշնչված ժողովրդի ստեղծած ցուցապաստառները։ Ձևավորվեց պայքարի մի ամբողջական պատկերագրություն, որն արդեն պատկանում էր ոչ թե անհատ ստեղծագործողներին, այլ ժողովրդին և անստորագիր էր։ Պաստառների վրա հայտնվեց եռագույնը, որի կիրառությունն այն ժամանակ արգելված էր և վտանգավոր։ Ամենատարածված խորհրդանիշը թերևս զինվորական երկարաճիտ կոշիկն էր, որ մատնանշում էր ԽՍՀՄ ռազմական բռնապետության վերածվելը և հասարակական տարբեր ոլորտներում զինվորականության առկայությունը։


Ցուցապաստառների մետամորֆոզներն այսպիսով չավարտվեցին։ Դրանք հեշտությամբ հարմարվում էին իրավիճակին ու տրանսֆորմացվում։ Ստեղծվեցին ծաղկեպսակ-ցուցապաստառները։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը լի էր այդ խոսող ծաղկեպսակներով։ Ավելի ուշ՝ արդեն 1989-ին, ՀՀՇ առաջին համագումարի ժամանակ՝ նոյեմբերի 4-ին, ցուցապաստառների ցուցահանդես կազմակերպվեց։

 

Շարժման պաստառները 2018 թվականի «Ձայնաղբյուր. շվեյցարական և հայկական քաղաքական պաստառների (հակա)էսթետիկ կողմերը» ցուցահանդեսում


Այսպես՝ ցուցապաստառները վերածվեցին բողոքի ամենակենսունակ և ամենախոսուն կրիչների, որ յուրատեսակ միջնորդներ դարձան ժողովրդի և աշխարհի միջև, որ հավասարազոր էին ամբիոնից հնչեցրած մտքին, հանրաքվեի ժամանակ քվեաթերթիկին դրված «այո»-ին։

 

հավելյալ նյութեր