Ֆիրդուս. Երևանի փոքր կենտրոնի վերջին պատմական վերնակուլյար թաղամասը
Ֆիրդուս

Ֆիրդուս. Երևանի փոքր կենտրոնի վերջին պատմական վերնակուլյար թաղամասը

Հատվածներ ռուս ճարտարապետ Անդրեյ Իվանովի հոդվածից, որը հրապարակվել է «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքից։

Բացման լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի

 

Վերնակուլյար (անգլ.՝ vernacular բառից) — տեղական, ժողովրդական, տեղին բնորոշ, խոսակցական, բարբառային (լեզվի մասին)։ Ճարտարապետական տեքստերում եզրը կիրառվում է սովորական, շարքային շինությունների վերաբերյալ, որոնք կառուցված են առանց արհեստավարժ ճարտարապետների մասնակցության, ունեն որոշակի միջավայրային և գեղարվեստական արժեք:

#Ֆիրդուս

«Ծնվել եմ Սվերդլով փողոցում… իսկ հիմա քայլում եմ քաղաքի կենտրոնով, որտեղ անցել է մանկությունս, ու ամեն ինչ անծանոթ է, ոչ ոքի չեմ ճանաչում, գրեթե բոլոր ընկերներս ու հարևաններս հեռացել են…», — գրում է Լուսինե Խանգելդյանը Ֆեյսբուքում1: Բնիկ երևանցիներին հատուկ է այս նոստալգիան կամ կարոտը աչքի առջև անհետացող հին քաղաքի, ընդհանուր ծորակով բակերի, ընկերասեր հարևանների, փայտե փորագրված պատշգամբների ու քաղաքի մարդկայնության հանդեպ, որը վաղուց անհետացել է աշխարհի այլ խոշոր քաղաքներում… իսկ այստեղ, կարծես, այն քիչ առաջ դեռ կար…

Ֆիրդուսի գողտրիկ թաղամասը գրեթե դատարկ է, բայց այնտեղ դեռ կարելի է զբոսնել, ճանաչել, հիշել: Ես էլ կարող եմ, թեև նախընտրում եմ երևանյան իմ վերնակուլյար ժամանակը տրամադրել Կոնդին կամ Հին Նորքին: Ես էլ ունեմ անձնական հիշողություններ՝ կապված այդ տարածքների հետ: Դրանք ջերմ են:

 

Դու Տիգրան Մեծի պողոտան և Վերնիսաժը կապող մի նեղլիկ անցումում ես՝ էժան ապրանքներով, կապույտ ցելոֆանե ծածկերով պաշտպանված, բայց հարմարավետ շուկա–միջանցքում: Սա փողոց–շուկա է, հետխորհրդային Հայաստանի քաղաքների «չքավոր» հատվածին բնորոշ երևույթ և յուրատեսակ ողջույն մայրաքաղաքից Գյումրիի «Լաչինին»: Հայացքդ ակամա հառում ես շրջակա երկհարկ կամ եռահարկ տներին, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում, հասարակ են, բայց հիրավի հին: 2011 թվականին, երբ առաջին անգամ հայտնվեցի այստեղ, Երևանի կենտրոնում հնամյա տունն արդեն հազվագյուտ բան էր, իսկ հիմա դրանցից յուրաքանչյուրը ոչ միայն բացառիկ է, այլև պատմական արժեք: Ցանկություն է առաջանում ներթափանցել սեղանիկների ու ապրանքով լի տաղավարների միջով ու հասնել դրանց անպաճույճ պատերին, դիպչել, հրել դռները, որոնք փակ են վարձակալող առևտրականների առջև կամ հենց նրանց կողմից…

 

Իսկ հետո հայտնվեց ոչ առևտրային մուտք Հանրապետության փողոցի կողմից, մի կարճլիկ աղեղանման փողոցի4 միջով, որն ուներ հին վերնակուլյար միջավայրի բոլոր հատկանիշները՝ փոքր սեփական տներ, դարպասի հետևում խաղողի թառմաներով բակեր, մութ դալան՝ ծղոտախառն ծեփով (երևի վերջինը, որ պահպանվել էր այդտեղ), ապա՝ մի նեղ զիգզագաձև անցում, երկաթե պատուհանաճաղեր ու փայտե պատուհաններ (ամեն ինչ բազմիցս սպիտակեցրած, ներկը՝ պլոկված), բետոն, որի վրա տարօրինակ սնկային գոյացություններ են, խարխուլ արտաքին աստիճաններ դեպի երկրորդ հարկ, բազրիքներ, տրորված գորգիկներ, տերևների միջով անցնող ճառագայթներ… Եվ քանդված տների տեղում՝ աղբի փոսեր…

Փողոցի անկյունում՝ ուղիղ կարմիր գծի երկայնքով, համեստ չափերի ու ճարտարապետական առումով որակյալ մի տուն կտեսնեք՝ սև տուֆից ճակատով, որում կիրառված են հայկական քաղաքային վերնակուլյարի բոլոր արքետիպերը՝ հարթ մշակված, իրար կիպ մոտեցրած տուֆային բլոկներից շքամուտքի պատ, բացվածքների դեկորատիվ շրջանակ, ճշգրիտ պրոֆիլավորված քիվ: Վարպետը (վերնակուլյար ճարտարապետության դեպքում կարելի է տան գլխավոր կառուցողին անվանել «վարպետ»՝ բառի միջնադարյան իմաստով՝ նկատի չունենալով արհեստավարժ ճարտարապետի) հաջողությամբ ներառել է տունը փողոցի և տարածքի կոնֆիգուրացիայում, նրբորեն արտահայտել է ֆասադի հիմնական իմաստային շեշտադրումները՝ դուռն ու պատուհանները, ընդգծել է անցումը տնից դեպի երկինք համեստ, բայց արժանապատիվ կլասիցիստական քիվով, իսկ տան և գետնի հարաբերությունը՝ ավելի կոպիտ, բայց նորից մանրակրկիտ մշակված (կարծես թե բազալտե) հիմքով: Տունը տանիք չունի, դուռը փակված է տուֆե պատով, բայց ամեն ինչ վերականգնելի է, և այս տան օրինակով միջավայրային կառուցապատման արվեստ կարող են սովորել ժամանակակից քաղաքաշինարարներն ու տուն կառուցողները, և ոչ միայն Երևանից:

 

Այս փոքրիկ հարմարավետ փողոցը Ֆիրդուսի հոգին է: Ֆիրդուսի երկար առևտրային փողոցի և շրջակա տների հետ դրանք կազմում են մի բարդ միկրոքաղաքային աշխարհ: Անձնականի ու հանրայինի ոչ միտումնավոր ներդաշնակության, հանգստի ու տարանցման, ապրելու և առեւտուր անելու, լռության և աղմուկի միկրոտիեզերք, որը նախկինում ամբողջական էր, այժմ՝ մասնատված, վաղը՝ ֆանտոմային (դարձյալ ամբողջական, բայց միայն հիշողությա՞ն մեջ):

 

Եվ ոչ մի ցանկություն չունես հայացքդ հառելու քիչ այն կողմ՝ Վերնիսաժի մոտ թառած բարձրահարկերին: Եվ մոռանում ես, որ Հրապարակն այսքան մոտ է… Ֆիրդուսը կարելի է անվանել իսկական հին Երևանի վերջին պատմական վերնակուլյար թաղամասը:


Այստեղ, եթե ցանկանում եք հայտնվել ինքնատիպ վերնակուլյար միջավայրում և հիանալ դրանով, պետք է բարձրանալ կենտրոնից դեպի Կոնդ կամ մի քիչ հեռանալ ու հասնել Հին Նորք, Քանաքեռ կամ Հին Ավան: Քաղաքի փոքր կենտրոնում գրեթե չեն պահպանվել պատմական վերնակուլյար միջավայրի քիչ թե շատ ամբողջական և միավորված հատվածներ կամ թաղամասեր. վերջիններն իմ աչքի առաջ «մաքրվեցին» 2010–ականներին:

 

Պահպանվում են Ֆիրդուսը և քիչ այն կողմ՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ձախ կողմում, Կրիվո կամ Կրիվոյ փոքրիկ թաղամասը: Երևանում այդպիսի վայրերն ընդունված է անվանել հետնախորշ, ոջլանոց, «քաղաքի ամոթ»:
 

Բնութագրական է, որ այդպես են համարում նաև մտավորական էլիտայի առանձին ներկայացուցիչներ: Ինձ թվում է, որ այդ «չափազանց կուլտուրական» պարոնայք, անգամ եթե ուղղակիորեն ներգրավված չեն հին թաղամասերի «դեվելոփերական» ոչնչացման գործում՝ հանուն նոր կոմերցիոն շինարարության, իրենց քաղաքը հաճախ տեսնում են թանկարժեք մեքենաների կամ ռեստորանների պատուհանից, այլ ոչ թե հողի վրա կանգնած, էլ չասած, որ քանդելու խորհուրդները հաճախ տալիս են այլ երկրներից: Ֆիրդուս գնալը նրանց վայել չէ, իսկ Կոնդը հեռու է ու անտանելի:

 

Երևանի կենտրոնի բազմաթիվ թաղամասերի և անկլավների տարածքը Հայաստանի կառավարության 2007 թվականի որոշմամբ ճանաչվել է «հանրային գերակա շահի» գոտի. դրանցում սեփականությունը ենթակա է օտարման, իսկ կառույցները՝ ապամոնտաժման: Այդ որոշումը դևելոփերներ և ճարտարապետների ավերիչ նախաձեռնությունների առիթ տվեց: Դրանց թվում էր 2015 թվականին ամենաբարձր մակարդակով հաստատված նախագիծը, որով Ֆիրդուսի տեղում պետք է կառուցվեր և բարեբախտաբար չկառուցվեց խոշոր գործարարական կենտրոն: