«Դալմայի բնավորությունը մենք ենք ստեղծում». առաջին օրվանից միասին
Մարդիկ

«Դալմայի բնավորությունը մենք ենք ստեղծում». առաջին օրվանից միասին

Դեռ չբացված ամայի մոլը, խանութում շրջող Ազնավուրը, թոռնիկների հետ զբոսանքները. ԵՐԵՎԱՆը զրուցել է Դալմա Գարդեն Մոլում առաջին օրվանից աշխատող մարդկանց հետ, որոնց համար աշխատավայրը հասցրել է դառնալ երկրորդ կամ, նույնիսկ, առաջին տունը։

Տեքստը՝ Գայանե Հարությունյանի


Լուսանկարները՝ Հայգազ Կրադենյանի

 

ԵՐԵՎԱՆ #78 | 2022

#Գործընկեր

Գրիգոր

գլխավոր տեխնիկ ինժեներ

Դալմայի հետ եմ ամենասկզբից։ Մասնակցել եմ շինարարական աշխատանքներին և հետո առաջարկ ստանալով՝ մնացել եմ այստեղ։ Դալման առաջին մոլն էր Հայաստանում ու շատ բաներ նույն շինարարության մեջ առաջին անգամ էին արվում։ Բայց քայլ առ քայլ խնդիրները լուծելով առաջ էինք գնում։ Այդ պատճառով, միանշանակ, վերջին տասը տարիների ընթացքում մոլը շատ է փոխվել։ Գուցե այցելուների համար նույն պատերն են, ամեն ինչ նույնն է, բայց մենք այս ամենը ներսից ենք տեսնում, և կարող է բաներ անենք, որոնք աննկատ են առաջին հայացքից, բայց առանց դրա Դալման իր բնականոն կյանքով չի ապրի։ 

 


Մենք միշտ կուլիսների հետևում ենք։ Ջեռուցման, հովացման համակարգը և շատ այլ մեծ, բայց միևնույն ժամանակ մարդկանց համար ոչ շատ նկատելի գործընթացները մեր առօրյա աշխատանքի մասն են կազմում։ Երբևէ չեմ մտածել, թե այստեղ որքան եմ աշխատելու, քանի որ արդեն երկրորդ տարվանից տան նման տեղ դարձավ ինձ համար։ Իմ կյանքը բաժանված է տան ու Դալմայի միջև, հիսուն-հիսուն հարաբերակցությամբ։ Տարիների ընթացքում ավելի ես կապվում ու նույնիսկ անձնակազմի փոփոխությունն ավելի ծանր ես տանում։ 


Մեր առօրյան սկսվում է վաղ առավոտյան։ Պտտվում ենք շենքով, նայում ենք, թե ինչպիսի իրավիճակ է, փակումից հետո գուցե անելիքներ են մնացել։ Դրանից հետո Դալման բացվում է ու սկսվում է իր հերթական ակտիվ օրը։ Օրվա ընթացքում էլ շրջայցերը շարունակվում են, պլանավորված գործերն ես անում, գուցե մի սրահից զանգեն, ասեն, որ խնդիր կա։ Գործի մեծ մասն օրվա առաջին կեսում եմ փորձում անել. տարիների փորձը ցույց է տվել, որ օրվա այդ հատվածում շատ ավելի մեծ ծավալի գործեր ես հասցնում անել, քան ընդմիջումից հետո։ 


Դալմայի բնավորությունը մենք ենք ստեղծում։ Ինձ, որպես տեխնիկական աշխատողի, ցանկացած փոփոխություն միշտ ուրախացնում է, քանի որ դա բերում է նոր մոտեցումների ներդրմանը։ Մենք գաղափարներ չենք տալիս, բայց ապահովում ենք գաղափարի իրականացման գործիքները։

 

Մարինե

բուժքույր

Դալման արդեն մոտ մեկ ամիս է՝ բաց էր, եղբայրս էլ այդ ժամանակ այստեղ իրավաբան էր աշխատում։ Բուժկետի կարիք առաջացավ, և նա ինձ առաջարկեց գալ և աշխատել այնտեղ։ Ուրախ էի, որ աշխատելու էի իմ մասնագիտությամբ, բայց ոչ հիվանդանոցային պայմաններում, այլ ավելի հետաքրքիր վայրում, ավելի ուրախ մթնոլորտում։ Հետաքրքիր է, որ այդ ոգևորվածությունն առ այսօր կա։ Աշխատանքի գալիս եմ նույն ուրախությամբ, ինչպես առաջին օրը, երբ եկա այստեղ: 

 


Իմ առօրյան առնչվում է նաև տխուր դեպքերի հետ, բայց լինում են նաև շատ հումորային դեպքեր։ Դրանք մեր աշխատանքի անբաժան մասն են։ Աշխատասենյակումս բավականին լուռ է ու Դալմայի ակտիվ կյանքը զգում եմ, միայն ընդմիջումների ժամերին կամ երբ որպես հաճախորդ եմ գալիս այստեղ։ 


Մի օր նստած էի աշխատասենյակումս, գործընկերներիցս մեկն եկավ ու ասեց, որ Ազնավուրն է եկել Դալմա։ Բոլորը գիտեին, որ իրեն շատ եմ սիրում, և կարծեցի հումոր է անում։ Սկզբում չհավատացի և ասեցի, որ հաստատ խաբում է։ Բայց ասեց, որ ոչ, նա հիմա Rio Galleria խանութում է շրջում ու եթե իջնեմ, կհասցնեմ իրեն տեսնել։ Հաճախորդ չկար, շտապ փակեցի դուռը և վազեցի ներքև ու տեսա նրան։ Մոտեցա իրեն, սեղմեցի ձեռքերը։ Շատ ուրախ պտտվում էր մոլով, ժպտում բոլորին, բարևում։

 

Արուսյակ

Մարքեթինգի բաժնի ղեկավար, «Սենոմի Ռիթեյլ Արմենիա»

Մի անգամ Դալմայի շինհրապարակի մոտով անցնելիս մտածեցի՝ էս ի՞նչ են սարքում այստեղ։ Այդ միտքն իմ մեջ տպվել է։ Այդ ժամանակ «Էլ Սթայլ» ամսագրում էի աշխատում և «Ռիթեյլ Գրուպի» գովազդի բաժնի մարքեթինգ մենեջերը կապվել էր մեզ հետ՝ գովազդ տեղադրելու համար։ Նրա հետ ծանոթանալուց հետո իմացա, որ Դալմայում վիզուալ մերչենդայզերի հաստիք կա։ Այդ ժամանակ նման մասնագիտության մասին չէի լսել, գաղափար չունեի, թե դա ինչ է։ Համացանցից պարզեցի, որ խոսքը գնում է մանեկեններին հագցնելու, խանութը և ցուցափեղկերը դասավորելու մասին։ «Էլ Սթայլում» ոճաբանական ինչ-որ գործառույթներ էի կատարում, մտածեցի, որ այդ մասնագիտությունը հենց այն է, ինչ ես ուզում եմ անել։ 

 


Այն ժամանակ անգլերենս շատ վատ էր, բայց ես վերցրի մեր ամսագրերից մեկը, որում իմ արած ոճավորումների լուսանկարները կային և գնացի հարցազրույցի։ Ցույց էի տալիս աշխատանքներս ու ասում՝ սա ես եմ, սա ես եմ։ Առաջին աշխատանքային փորձս եղավ Թոփշոփում։ 


Երբ առաջին անգամ եկա Դալմա, այն ամայի թվացող մեծ տարածք էր, դատարկ ցուցափեղկերով։ Առհասարակ բացման շրջանը շատ խառն էր։ Պատը ներկում էին, մենք վրայից շորը կախում էինք։ Գիշեր-ցերեկ այնտեղ էինք լինում։ Մարդիկ էլ էին հետաքրքիր, նոր շփումներ, անգլերեն լեզու։ Հոկտեմբերի 20-ին Դալման բացվեց ու դրանից հետո տարի ու կես աշխատեցի իմ սկզբնական մասնագիտությամբ, իսկ հետո դարձա կանացի բաժնի մենեջերը։ Եվս մեկ տարի անց դարձա ընդհանուր խանութի ղեկավարը, նույնիսկ հասցրի այդ ընթացքում Ղազախստանում աշխատել։ Երբ վերադարձա հետ Դալմա, նոր հաստիք էր բացվել՝ ռեգիոնալ վիզուալ մերչենդայզերի, և այդպես դարձա Վրաստանի և Հայաստանի քառասունից ավել խանութների վիզուալ մերչենդայզերը։ 


Կորոնավիրուսից հետո պաշտոնը փակվեց ու դարձա միայն Հայաստանի պատասխանատուն՝ կրկին մնալով Դալմայի պատերում։ Աշխատեցի շուրջ երեք տարի, իսկ հիմա Ինդիտեքս և Ֆեշն Ռիթեյլի խանութների մարքեթինգային ղեկավարն եմ։ 


Այս բոլոր տարիներն անցկացրել եմ հենց Դալմայում։ Առավոտյան սուրճը մեր ամենակարևոր ծիսակարգերից մեկն է արդեն շուրջ տասը տարի։ Դալման բոլորի կյանքը շատ է փոխել հագուստի ու, առհասարակ, ճաշակի առումով։ Նոր մշակույթ է մտցրել Հայաստան։ Միշտ մտածում եմ՝ եթե լինեի պարզապես հաճախորդ, կգայի՞ այստեղ, թե՞ ոչ։ Հասկանում եմ, որ այո, հատկապես ձմռան շրջանում, երբ այստեղ կարող ես գտնել ամեն ինչ, ինչ որ պետք է ու միևնույն ժամանակ երեխաներին էլ զբաղեցնես։ Նույնիսկ տնից փախնես ու գաս ֆիլմ նայելու։ Ոնց որ փոքրիկ քաղաք լինի, որտեղ ամեն ինչ ձեռքիդ տակ է։ Ընկերներիս մի մեծ մասի հետ հենց Դալմայում ենք ծանոթացել։ Այստեղ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տանը, այսինքն՝ ոչ թե երկրորդ, այլ առաջին տունս է։ Դալմայի կանաչն ինձ մոտ միշտ վստահության զգացողություն է առաջացնում և այն իրեն շատ է սազում։

 

Վահրամ 

էներգետիկ 

Տասը տարի անց մեզ արդեն դժվար է թիմ անվանել, ընտանիք ենք դարձել։ Անկախ մասնագիտությունից, մեկս մյուսին օգնելով աշխատում ենք ու դա իրոք ընտանիքի է նմանվում։ Երբ Դալման նոր էր բացվում, շինարարության մեջ ծանոթներ ունեի ներգրավված, դեռ այն ժամանակ ցանկություն հայտնեցի միանալու շինարարական աշխատանքներին ու սկսեցի աշխատել որպես մոնտաժող։ Երբ Դալման արդեն բացեց իր դռները, նյութականից զատ նաև հետաքրքրություն առաջացավ։ Մինչև հիմա ինձ այստեղ միջավայրն է պահում, շփումը մարդկանց հետ, ընդհանուր մթնոլորտը։ 

 


Լուսավորությունը, խանութները հոսանքով ապահովելը, գովազդային վահանակները, վթարային խոտանները. օրը բացվում է ու մենք անցնում ենք գործի, անելիք միշտ կա։
Այստեղ տոներին, տարբեր միջոցառումներին թոռնիկներիս էլ եմ բերում։ Շատ եմ նկատում, որ մարդիկ այստեղ գալիս են նույնիսկ պարզապես զբոսնելու, դպրոցականները, ուսանողները խմբերով պտտվում են Դալմայով, ժամանակ անցկացնում։ Ինքս էլ եմ զբոսնում մոլով, մեր աշխատանքի բնույթն է այդպիսին, պիտի միշտ տեղյակ լինես մոլի կյանքից։ Ամենաշատը սիրում եմ խաղահրապարակը, քանի որ թոռներիս հաճախ եմ բերում այնտեղ ժամանցի, մեկ-մեկ ես ինքս էլ եմ իրենց հետ խաղի մեջ մտնում։ 


Տպավորություն է, որ Դալման միշտ եղել է, թեև ընդամենը տասը տարեկան է։ Այս ընթացքում շատ բաներ են փոխվել, բազմաթիվ նորամուծություններ են արվել ու մեր գործը, որպես տեխնիկական թիմ, դրանց սպասարկումն է։

հավելյալ նյութեր