Դանիել Դզնունին և նրա փոքրիկ ինքնավար Հոլիվուդը
Կինո

Դանիել Դզնունին և նրա փոքրիկ ինքնավար Հոլիվուդը

«Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադրի՝ Դանիել Դզնունու մասին շատերը չգիտեն: Մինչդեռ այս 27-ամյա երիտասարդի ջանքերով 1920-ականների խառնաշփոթի պայմաններում դրվեց հայկական ազգային կինոյի սկիզբը: Գրականագետ և կինոյի տեսաբան Անուշ Վարդանյանը, որը ներկայումս աշխատում է Դզնունուն նվիրված մենագրության վրա՝ փորձելով դուրս բերել վերջինիս մոռացված անցյալի թղթապանակներից, պատմում է Դզնունու ձեռնարկատիրական բացառիկ տաղանդի, կինոարտադրության ու կինոտարածման առաջադեմ ընկալման և կինոյին անսահման նվիրվածության մասին:

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյան, Անուշ Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ #80 | 2023

#Կինո

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Դզնունին եղել է Միկոյանի, Քոչարի ու Հալաբյանի դասընկերը

Դանիել Դզնունին ծնվել է Օսմանյան կայսրությունում, բայց նրա մանկությունն անցել է Ղրիմում՝ Կարասու Բազար կոչվող բնակավայրում, որտեղ հայկական մեծ համայնք կար: Կրթություն է ստացել Ներսիսյան դպրոցում (Թբիլիսի), ինչն անկյունաքարային նշանակություն է ունեցել նրա ինքնության ձևավորման գործում՝ նախանշելով ապագայում նրա գործունեության հիմնական ուղղություններն ու դրանց գաղափարային հիմքը: Դզնունու և նրա հայտնի դասընկերների՝ Անաստաս Միկոյանի, Երվանդ Քոչարի, Կարո Հալաբյանի և մյուսների երազանքն էր ստեղծել ինքնավար կամ կիսաանկախ Հայաստան՝ թեկուզև մեկ այլ, ավելի մեծ միավորի մեջ, ինչպիսին կարող էր լինել Խորհրդային Միությունը: Այս նույն գաղափարախոսությունը հետագայում Դզնունին կիրառելու էր կինովարչության և կինոստուդիայի ստեղծման գործընթացում:


Անդամակցելով Կոմունիստական կուսակցությանը դեռևս 1917-ից, Դզնունին Հայաստան է տեղափոխվել 1921 թվականին և նշանակվել Լոռու Կոմկուսի քարտուղար, ապա աշխատել է Հայաստանի Ժողովրդական Կոմիսարիատի լուսավորության կոմիտեում որպես Քարոզչության (պրոպագանդայի) բաժնի ղեկավար: Այս երկու պաշտոնները նույնպես կարևոր էին Դզնունու հետագա գործունեության հետագիծը հասկանալու համար. Լոռիում նա վերջապես ծանոթացավ հայ գյուղացու ու նրա կենցաղի հետ, իսկ Քարոզչության կոմիտեում տեսավ կինոյի պոտենցիալ ուժն ու կարևորությունը: 

 

 

Ազգային կինոստուդիան ոտքի կանգնեցնելու համար Դզնունին կարողացավ ներգրավել նույնիսկ մասնավոր ներդրումներ

«Հայֆիլմը» կամ «Պետկինոն», ինչպես այն կոչվում էր նախկինում, հիմնադրվեց 1923-ին՝ որպես առաձին վարչություն, որ գործելու էր Լուսավորության Ժողովրդական կոմիտեի շրջանակներում: Ղեկավար նշանակվեց Դանիել Դզնունին, որը, մտքում ունենալով կինոյի զարգացման իդեալական ծրագիր և տեղյակ լինելով բոլոր հնարավոր բացերին ու խնդիրներին, սկսել գործել: Նախնական փուլում վարչության ֆինանսավորման համար ԼուսԺողԿոմը հատկացրել էր վաթսուն ռուբլի, որը չափազանց քիչ էր Դզնունու հավակնոտ ծրագրի համար: Չընկճվելով՝ երիտասարդ ղեկավարը փորձեց ներգրավվել մասնավոր ներդնողների, օրինակ՝ Հայաստանի օգնության կոմիտեին (ՀՕԿ), Կոնյակի գործարանի ներկայացուցչությանը և գործունեության տասը տարիների ընթացքում կարողացավ վարչության բյուջեն բարձրացնել մինչև 5000000 ռուբլի:

 

Դզնունին կազմակերպեց Հայաստանի կինոֆիկացումը և օտար ֆիլմերի ներկրումը 

Նորաստեղծ վարչությունն աշխատելու էր չորս հիմնական ուղղություններով՝ արտադրություն, կինոֆիկացիա, կինոյի տարածում (դիստրիբուցիա) և շինարարություն: Եթե Շինարարություն անունն արդեն հուշում էր, թե ինչով էր զբաղվել բաժինը, մյուս բաժինների գործունեությունն ավելի բազմակողմանի էր: Մինչ 1923 թվականը Հայաստանում գործում էր երկու կինոթատրոն՝ մեկը Երևանում, մյուսը՝ Գյումրիում և Կինոֆիկացիայի բաժնի գլխավոր նպատակն էր կինոն հասցնել ամենուր: Շուտով սկսեցին կառուցվել կինոթատրոններ, հիմնադրվել կինոակումբներ, որոնց զուգահեռ նաև աշխատում էին «շարժական էկրանները»: 1934 թվականին երկրում գործող էկրանների թիվը հասավ 115-ի, ընդ որում՝ թիվը չի ներառում կինոակումբները: 


Կինոտարածման բաժնի պատասխանատվությունն էր ապահովել այս բոլոր էկրանները ֆիլմերով. ցուցադրվում էին ոչ միայն հայկական ֆիլմեր, այլև կինոնկարներ էին գնվում արտերկրից, Հայաստանում արտադրված ֆիլմերն արտահանվում էին միջազգային էկրաններ: Օրինակ՝ «Հայկինոն» միակ ազգային կինովարչությունն էր Խորհրդային Միությունում, որ պաշտոնական ներկայացուցչություն ուներ Իրանում, ինչը, իհարկե, առաջացնում էր «Սովետական Կինոյի» բարկությունը: Ի տարբերություն «ՍովետԿինոյի», որ գործում էր միայն իրանյան կինոակումբներում, «Հայկինոն» համագործակցում էր նաև Իրանի հայկական համայնքի հետ, վերակառուցում էր տեղական կինոթատրոններն ու ֆիլմեր ցուցադրում հայկական եկեղեցու ներքո գործող դպրոցում: Ներկայացուցչությունը կարողացավ գործել մեկուկես տարի (1926-1928թթ.) և փակվեց «ՍովետԿինոյի» շարունակական ճնշումների ներքո: 

 

 

Դզնունին Վրաստանից հրավիրեց Բեկնազարյանին և փորձեց սցենարական գործին լծել Չարենցին ու Բակունցին

Արտադրության բաժինը՝ «Հայֆիլմ» կինոստուդիան, զբաղվում էր ֆիլմերի ստեղծմամբ: Հասկանալով նորաստեղծ ստուդիայի տեխնիկական և մասնագիտական թուլությունը, Դզնունին առաջին համագործակցությունը սկսեց «Վրացֆիլմի» հետ և Հայաստան հրավիրեց Համո Բեկնազարյանին: Կինոստուդիան չուներ սցենարական բաժին, շատ չէին նաև Հայաստանում ստեղծագործող սցենարիստները: Օգտագործելով իր կապերը՝ Դզնունին փորձում էր համագործակցել Հայաստանի լավագույն գրողների հետ, կանխավճար տալ՝ սցենար ներկայացնելու պայմանով: Ժամանակի փաստաթղթերը վկայում են, որ կանխավճարներ էին ստացել ավելի քան հարյուր հեղինակներ, այդ թվում՝ Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցը, Զաբել Եսայանը, մինչդեռ մեծամասնությունը, ի վերջո, սցենար չի ներկայացրել: Սա, բնականաբար, Մոսկվայի զայրույթի առիթներից էր. Դզնունուն մեղադրում էին ստուդիայի փողերն անմիտ վատնելու մեջ: 


Ընդհանուր առմամբ, Մոսկվային դուր չէր գալիս «Հայկինոյի» և Դզնունու ինքնավար գործունեությունը. «ՍովետԿինոն» ցանկանում էր վերահսկել գաղափարներն ու սցենարային բազան: Մինչդեռ մինչ 1930-ականների սկիզբ Դզնունին անձամբ էր կարդում և հաստատում սցենարները, երբեմն անգամ համահեղինակում դրանք: Ծանոթ լինելով «Հյուսիսի նախասիրություններին»՝ վերջինս փորձում էր անհրաժեշտ փոփոխությունների շնորհիվ չեզոքացնել Մոսկվայի բարկությունն ու միջամտությունը ֆիլմերին: 

 

 

Ինչ ֆիլմեր էին նկարում Հայաստանում այդ տարիներին

Իր զեկույցում Դզնունին այդ տարիներին նկարահանված ֆիլմերը բաժանում է երեք հիմնական թեմատիկ ուղղությունների՝ ֆիլմեր անցյալի կենցաղի մասին, ֆիլմեր հարևան երկրների մասին և ֆիլմեր՝ նվիրված արդի ժամանակներին: Սակայն հատկապես առաջին ֆիլմերի («Նամուս» (1925), «Զարե» (1926)) ավելի մանրակրկիտ քննության դեպքում պարզ է դառնում, որ Դզնունու, ինչպես նաև ֆիլմերի ռեժիսորի՝ Համո Բեկնազարյանի նպատակն ավելին էր, քան անցյալի կենցաղի նկարագրությունը: 


Կրթությամբ լինելով գրականագետ, որ անտիկ դրամա է ուսումնասիրել, Դզնունին փորձում էր կինոյի միջոցով նոր միֆոլոգիա ստեղծել, որպեսզի դուրս մղի արքետիպային գաղափարները հասարակության մտքից: Նա հասկանում էր, թե ինչպես են վարքագծային օրինաչափություններն ազդում մարդկանց կյանքի վրա և ցանկանում էր այն փոխել կինոյի միջոցով: Արդեն 1930 թվականին Մոսկվայում ստեղծվեց Միութենական կինոկազմակերպություն, որի հաստատման դեպքում էր միայն հնարավոր ցանկացած ֆիլմի նկարահանում:

 

 

Դզնունին բռնադատվեց, բայց համեմատաբար հեշտ պրծավ

1936 թվականին Դանիել Դզնունու դեմ մատնություն ներկայացվեց Ֆինանսների ժողովրդական կոմիտե: Այս հսկայական ու զզվելի տեքստը բաց նամակ էր, որ մեղադրում էր Դզնունուն պետական միջոցները վատնելու մեջ: Որոշ ժամանակ անց ավելացավ նաև մեղադրանքն ազգայնական գաղափարախոսության կրող ու տարածող լինելու մեջ, ինչը բերեց անհապաղ դատավարության: Շուրջ երկու տարի տևած դատական գործընթացի արդյունքում 1939-ին Դզնունուն մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին 15 տարի ազատազրկման, որին հաջորդող հինգ տարիների ընթացքում ևս վերջինիս չէր թույլատրվում ապրել մեծ քաղաքներում կամ զբաղեցնել բարձր պաշտոններ: Բայց ճամբարում Դզնունին մնաց ընդամենը մի քանի ամիս, քանի որ շուտով նրա գործը հետ կանչվեց Մոսկվայից և սկսվեց նոր հետաքննություն: Դզնունուն տեղափոխեցին Երևան, որտեղ նա շարունակեց մնալ մինչ անվերջ ձգձգվող դատական գործընթացի ավարտը. նախ՝ նրա աքսորը կրճատեցին մինչ 10 տարի, ապա 8, իսկ 1943-ին արդեն վերջինս ազատության մեջ էր: Բայց կինո Դզնունին երբեք չվերադարձավ:

 

Ի՞նչ կլիներ, եթե…

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ «Հայֆիլմի» և ընդհանրապես հայկական կինոյի ապագան, եթե Դանիել Դզնունուն թույլ տային շարունակել աշխատել: Գործունեության տասը տարիների ընթացքում վերջինս փորձում էր ստեղծել փոքրիկ և ինքնավար հայկական Հոլիվուդ, որն արդեն ապացուցել էր, որ կարող է լինել աշխատող բիզնես մոդել և արտադրել հաջողակ ֆիլմեր: 


Մյուս կողմից, եթե Դզնունին շարունակեր գործել, նշանակում է՝ չէին լինի 1936-37 թվականների սարսափելի իրադարձությունները, կլիներ մեկ այլ երկիր, որ չի բռնել գիտակցած հետաճի և սպիտակ ցեղասպանության ուղին: Երազանքներն ավելի լավ անցյալի մասին, որ կփոխեին ներկան, քաղցր, բայց, ավաղ, չափազանց անիմաստ փորձառություն են: Դրանց փոխարեն անհրաժեշտ է երազել ապագայի մասին և շարունակել գործել՝ ոգեշնչվելով Դզնունու և նրա նման նվիրյալների գործունեությունից:

հավելյալ նյութեր