Երևանի սիրուն Udivila
Ֆեշն

Երևանի սիրուն Udivila

Այն մասին, թե ինչպես մեդիա ոլորտի մասնագետներ Մարիամ Լորեցյանն ու Ելենա Գևորգյանը վերջապես իրականացրեցին վաղեմի երազանքը՝ ստեղծել սեփական ֆեշն բրենդը և ինչով է ոգեշնչում Երևանը, պատմում են UDIVILA-ի հիմնադիրները։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

 

Ավելի մանրամասն Udivila-ի հավաքածու մասին՝ այստեղ

Անուն

Մարիամ. Անվան ընտրությունը շատ բարդ էր, քանի որ տարբերակները շատ էին։ Ուզում էինք, որ հեշտ հիշվեր ու դրական էմոցիա արտահայտեր։ Ի վերջո, փորձեցի մանկությունից մնացած մի խաղի միջոցով, երբ թղթի վրա երկար բառ գրելուց հետո նոր բառեր պետք է կազմեիր։ Հենց այդպես էլ «ԻՆԴԻՎԻԴՈՒԱԼ» բառից ծնվեց «ՈՒԴԻՎԻԼԱ»-ն։


Ելենա. Այս տարբերակի մեջ կա նաև «դիվա» բառը՝ կին, որը պահանջկոտ է և գիտի, թե ինչ է ուզում։ Այդ կինը մեզնից յուրաքանչյուրն էր։ Մի խոսքով, դիպուկ էր։

 

UDIVILA-ի հիմնադիրներ Ելենա Գևորգյանն ու Մարիամ Լորեցյանը

 

Անկրկնելի ու սահմանափակ

Ելենա. Անունը գտնելուց հետո սկսեցինք աշխատել հեղինակային փաթթերներ ու կոլաժներ ստեղծելու ուղղությամբ՝ դրանք դարձնելով մեր հիմնական ու սկզբունքային գաղափարը։ Փաթթերները հիմնականում ստեղծում է Մարիամը։ Մեզ համար սկզբունքային է, որ յուրաքանչյուր արտադրանք լինի որակյալ և ոճային։ Յուրաքանչյուր փաթթերնի համար արտադրության սահմանափակ քանակ ունենք։ Այս կերպ մենք հաճախորդին հնարավորություն ենք տալիս լինել տարբերվող։


Մարիամ. Ոգեշնչման եզակի աղբյուր գոյություն չունի՝ շատ են։ Երաժշտություն, ճարտարապետություն, գրականություն, նկարչություն՝ տարիների ընթացքում հավաքած հետաքրքրությունն ու սերն այս ոլորտների հանդեպ արտահայտվում է փաթթերների տեսքով։

 

Համավարակի ազդեցությունը

Մարիամ. Մեր գործում ամենակարևորը ոգեշնչումն է, բժշկական դիմակներն էդքան էլ ոգեշնչող չեն, էնպես որ չնայած աքսեսուարները մեր գործում կարևորագույն տեղ են զբաղեցնում, դիմակներ չունենք։


Ելենա. Մի կողմից կորոնավիրուսն իրոք բնավ ոգեշնչող չի, բայց անցյալ տարվա մեկուսացման շրջանը մեծ ազդակ էր, որպեսզի մենք անցնենք գործի։ Վերջապես ժամանակ գտանք, որպեսզի վաղուց պլանավորված գործը սկսենք։

 

Ջրակայուն թրենչ՝ «Մայր Հայաստան» կոլաժով

 

Բոմբեր՝ «AiKi» փաթթերնով

 

Մեծ, գունեղ, հարմար

Ելենա. Գաղափարը շատ վաղուց կար, բայց բրենդի վիզուալ ինքնաարտահայտումը, որը հենց մեզ հոգեհարազատ կլինի, ավելի հստակ տեսք ստացավ անվան ընտրությունից հետո։ Առաջնային գաղափարն այն էր, որ ստեղծելու ենք հագուստ, որը նախևառաջ կկրեինք մենք։ Մենք հագնում ենք այն ամենը, ինչ հարմարավետ է և ոճային։ Օրինակ՝ oversized հագուստ։
Հագուստն ու աքսեսուարները ստեղծելուց հաշվի ենք առնում մեզ անհարմարություն պատճառող մանրուքները, օրինակ՝ թոթբեգերը, որոնց մեծ սիրահարն ենք, հիմնականում գրպան չեն ունենում։ Դրա պատճառով էլ հեռախոսը, դրամապանակը, բանալին դժվարությամբ ես գտնում։ Մեր թոթբեգերում լրացրել ենք այդ բացը։


Ընդ որում, հարմար ասելով նկատի չունենք միայն հագնելու տեսանկյունից. որպես շատ ճամփորդող մարդիկ, մենք հասկանում ենք, որ որքան թեթև է հագուստը, այնքան շատ բան կարող ես տանել քեզ հետ։


Մարիամ. Այսինքն UDIVILA-ի գաղափարը ոճային որակյալ հագուստն է, որը շատ տեղ չի զբաղեցնում, ուշադրություն է գրավում և դրա հետ մեկտեղ հեշտ կրելի ու համադրելի է։ Մի հետաքրքիր փաստ էլ. առօրյայում, հիմնականում, հագուստի մեջ նախընտրում ենք սև գույնը, բայց երբ սկսեցինք աշխատել UDIVILA-ի վրա, իրեն սկսեցինք տեսնել գունավոր։ Մտածեցինք, որ կարող ենք ստեղծել այնպիսի գունավոր փաթթերներ, որոնք համադրելի են սևի հետ ու գրավում են հագուստի մեջ սևը գերադասող մարդկանց։ 

 

Ոգեշնչող Երևան

Մարիամ. Ինձ համար Մայր Հայաստանը մանկուց եղել է Երևանի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Երբ արդեն ստեղծեցինք UDIVILA-ն, որոշեցինք մեր աշխատանքի տեսքով մեր քաղաքին շնորհակալություն հայտնել։ Այդպես ծնվեց «Երևանի սիրուն աղջիկը»։ Դա մեր և շատ ուրիշների համար քաղաքային հիշողությունների արտացոլանքն է։ Ի դեպ, Երևանի սիրուն աղջիկ ասելով՝ հենց Մայր Հայաստանին նկատի ունենք։


Ելենա. Մենք ուզում էինք ներկայացնել ոչ թե կնոջ, ով զայրացած է, այլ մեկին, ով ամեն օր ուժեղանում է։ Կոլաժի տեսքով մենք ցույց տվեցինք այս կնոջ ներքին բովանդակությունը՝ փորձելով նկարագրել, որ չնայած արտաքինից նա չի ժպտում, ներքուստ նուրբ գծեր ունի։ Մյուս կողմից՝ սա մեր զրույցն էր քաղաքի հետ, որտեղ ապրում ենք։ Մենք ուզում էինք շնորհակալություն հայտնել այն քաղաքին, որի հետ հաճախ ենք վիճում ու երբեմն գուցե չենք հասկանում միմյանց, բայց միևնույն է՝ միշտ միասին ենք։

 

Շապիկ՝ «Երևանի սիրուն աղջիկ» կոլաժով

 

Բոմբեր՝ «Հիանալի» փաթթերնով

 

Ոճային ու ինքնատիպ հաճախորդներ

Ելենա. Առաջին արձագանքը ստացել ենք մեր հարազատներից ու հարազատ ընկերներից։ Եթե փորձեմ մի քանի բառով նկարագրել, թե ովքեր են UDIVILA-ի հիմնական հաճախորդները, ապա կստացվի այսպես. մարդիկ, որոնք ձգտում են լինել ոճային և ինքնատիպ, գնահատում են հարմարավետությունը և չեն վախենում ընդգծել իրենց անհատականությունը։


Մարիամ. Մենք այնքան ենք սիրում յուրաքանչյուր հագուստ ու աքսեսուար, որ ստեղծում ենք ու շատ մանրակրկիտ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր դետալին։ Հիմնականում, բնականաբար, չգիտենք, ովքեր են մեր գնորդները, բայց հենց իրենք են ոգեշնչում մեզ շարունակել ստեղծագործել։