Գործ կա բուդկայում
Աշխատանքային միջավայր

Գործ կա բուդկայում

Քաղաքի ամենատարբեր, բայց հնարավորինս խիտ բնակեցված կամ տեսանելի տարածքներում, մի քանի թզաչափ «բուդկայում» տեղակայված են նրանք՝ վարպետ-արհեստավորները՝ իրենց գործի արքաները, իրենք իրենց գլխի տերը: Սեփական կամ վարձակալած «աշխատավայրում», պարտադիր ռադիոյի հավատարիմ ուղեկցությամբ՝ նրանք կտրում-կարում, սոսնձում, սրում ու էլի հազարումի գործ են անում շաբաթվա՝ իրենց սրտի ուզած օրերին ու ժամերին:

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի 

Գագիկ Նազարյան, խառատ

«Երկաթի աղմուկը չի խանգարում երաժշտությանը»

Խառատը «տոկառն» ա. երկաթից դետալներ ենք տաշում: Մենակ տղամարդիկ չեն գալիս տոկառի մոտ, կանայք էլ են գալիս. կալյասկայի ակ են բերում սարքելու, դանակ, մկրատ՝ սրելու, տղամարդիկ՝ մեքենայի, հաստոցների, «բաքսիի» մասեր են բերում սարքելու: 

 

Ստեղ՝ մոտ եմ ապրում. մի 7-8 տարի ա՝ էս գործով եմ զբաղվում: 6 օր աշխատում եմ, կիրակի հանգստանում եմ, «չոտկի» ժամ չեմ պահում, չի ստացվում: Տուն եմ գնում՝ սուրճի, ընդմիջման. ստեղ կեղտոտ ա, բաժակները լվալը հարմար չի: Տեղս քիչ ա, պտի տարածքը մի քիչ մեծ ըլներ, էս մի 18 քառակուսի ա: Հիմնականում քաղաքականությունց են խոսում մոտս, առողջությունից՝ եթե մոտիկ մարդ ա, մեկ էլ՝ գներից:

 

 

Մենակ ջազը չի, ես Արամ Խաչատրյան եմ լսում, Առնո Բաբաջանյան եմ լսում, Սթինգ եմ լսում… Չէ, երկաթի աղմուկը չի խանգարում երաժշտությանը:

 

Էս հաստոցները Հայաստանի արտադրանք են. Հայաստանը ուներ հզոր հաստոցաշինական արտադրություն, որը մեր բոլոր նախագահները վերացրեցին, մի հսկա «շկոլա» վերացրեցին: Հիմա ստիպված առնում ենք թուրքական հաստոցներ: Հիմա էս իմ հաստոցից, որ առնես, շատ թանկ ա, մի 20-25.000 դոլար կլինի, իսկ մենք մերը կորցրեցինք: 

 

Մեր գործը չգնահատվող գործ ա: Բացատրեմ՝ վարսավիրի մոտ գնում են, ոչ մեկ հետը չի սակարկում, թե ինչի՞ 1000 դրամ: Ստեղ գալիս են, գործը, որ մի ժամից ավել անում ես, ասում ես՝ 1000 դրամ, քիչ ա մնում մեջքի վրա ընգնեն, բայց եթե վերցնես, ավելի դժվար գործ ա, չէ՞. պլյուս հոսանք եմ ծախսում, ժամանակ եմ ծախսում, ուժ եմ ծախսում: Հարմարվում եմ գնի մեջ, բայց ով որ խնդրում ա, որ հարմարվեմ, իսկ ով որ պահանջում ա, չեմ հարմարվում. ասում եմ՝ գնացեք ուրիշ տեղ արեք ձեր գործը: 

 

 

Ես ավիամոդելիստ եմ էղել փոքր ժամանակ, սովետական տարիներին մրցումների եմ մասնակցել, Հայաստանում չեմպիոն եմ էղել: Մի 30 տարի չէի զբաղվել ավիամոդելավորումով, բայց պատերազմից հետո հասկացա՝ պետք ա կպնել գործին, դրա համար էլ ավիամոդելավորում եմ համ էլ սովորացնում էրեխեքին։ Դա ֆինանսապես ինձ ձեռք չի տալիս, ես տոկառությամբ ավելի շատ եմ աշխատում, բայց դասավանդում եմ, որովհետև ամոթ ա, որ թուրքերը  ունեն «բայրակթար», իսկ մենք՝ չունենք:

 

5 էրեխա ունեմ,  էրեխեքս ճարտարապետ են, օդաչու, բժիշկ. ես էլ մասնագիտությամբ ինժեներ՝ բարձրագույն կրթությամբ. էս կեղտոտ շորերիս չխաբնվեք: 

 


 

Վարդ Սրապյան, դերձակ

«Ես առանց պատուհանի չեմ կարող, որովհետև պիտի աշխարհը տեսնեմ»

Մոտավորապես 6 քառակուսի ա տեղը. արենդա ա: Տանը գործերս վերջացնում եմ, գալիս եմ էստեղ։ Ոտքով եմ գալիս. քայլել սիրում եմ: Սա ինձ համար եղել ա հոբի. ես հաշվապահ եմ մասնագիտությամբ, բայց միշտ ազատ ժամանակս տվել եմ կարելուն, մեքենային, որովհետև հաճույք էի ստանում դրանից: Փոշմանում եմ, որ կյանքիս էն լավ տարիները ես հաշվապահություն եմ արել:

 

Ես առանց պատուհանի չեմ կարող, որովհետև պիտի աշխարհը տեսնեմ: Միշտ պիտի  դուրսը տեսնեմ, երկինքը տեսնեմ, արև տեսնեմ, անձրև տեսնեմ, օդ տեսնեմ, ձյուն տեսնեմ. էդ կարևոր ա:

 

 

Որ առավոտը գալիս եմ, չեմ մտածում՝ էսօր փող եմ աշխատելու. հաճույքով նստում եմ, սկսում եմ աշխատել: Նախ` համարյա միշտ դասական երաժշտություն ա լինում ինձ մոտ միացրած՝ Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Շոպեն շատ եմ սիրում լսել…. երաժշտության տակ կատարում եմ իմ աշխատանքը, մեկ էլ տեսնում եմ՝ նաև վաստակեցի: 

 

Հաճախորդները հիմնականում կանայք են, տղամարդկանց հետ աշխատել առանձնապես չեմ սիրում: Ես սիրում եմ մարդկանց, առանց մարդու հետ շփման ես չեմ կարող. բոլորին՝ և՛ խևին եմ սիրում և՛՝ խելոքին և՛ խեղճին եմ սիրում և՛ բարիին, և՛ ագրեսիվին, որ գալիս ա չար-չար բաներ ա ասում-գնում ա, ես մտածում եմ՝ ինչ մեղք ես դու, որ տենց էլ չես հասկանալու՝ իսկական երջանկությունը ինչի մեջ ա: Մարդ որ բարի բան ա անում աշխարհի համար, նախ ինքն ա երջանկանում, հետո՝ աշխարհը: 

 

Տարատեսակ բաներ են բերում, բայց ես բարդ գործերի վրա եմ հաճույքով աշխատում: Հետո շատ հաճույքով աշխատում եմ, երբ հին շորին նոր շունչ եմ տալիս: Տանել չեմ կարողանում վարագույր կարելը. նախ, ծավալուն ա, իսկ տեղս փոքր ա, հետո՝ չափազանց պրիմիտիվ  ա, խելք չի պահաջվում: Ավելի լավ ա «կաստյումի» ռազմեր փոքրացնեմ, շատ բարդ ա դա, քան վարագույր կարեմ:

 

 

Հիմա անգրագետ աշխատանքը շատ ա. նոր շորի վրա անգամ գործ կա անելու, որովհետև հիմնականում ցեխերում են կարում. ցեխում էլ բանվորին ինչ տալիս են, էն ա կարում. ես տարբերում եմ՝ որ շորն ա ցեխում կարած, որը՝ ֆիրմային կար ա: Ֆիրմայինի կարի որակը լավն ա, և աշխատանքը գրագետ ա. հաճույք ես ստանում էդ շորին միջամտելուց:

 

Իմ տարիքի մարդիկ, որոնք շուտ են դուրս մնում աշխատանքային շուկայից, կուզենայի ասել՝ զբաղվեք ձեր սիրելի գործով. ոչ մի տարիք ուշ չի, 70-ում էլ կարելի ա զբաղվել սիրած գործով: Էդ դեպքում և օրդ ա լավ ստացվում, և՝ կյանքդ, տելեսերիալներ չես նայում, հետո էլ  չես զգում, որ ծերանում ես, բացի էդ չես ծանրանում ընտանիքդ ու հասարակության վրա. էդ շատ կարևոր ա: Երբ դու պիտանի ես, երբ դու արարում ես․․․ Ընդհանրապես արարող մարդը ավելորդ չի դառնում. արարելը նվնվալ, թնկթնկալ, բամբասել թույլ չի տալիս:

 


 

Գագիկ Կարախանյան, ամեն ինչի վերանորոգման վարպետ

«Վարչապետն ու նախագահը չեն դիմել ինձ, բայց պատգամավորներ դիմել են»

Լվովյան 22-ի դիմացն ա գտնվում արհեստանոցս: Բացի էլեկտրական տեխնիկայից, վերանորոգում եմ գրեթե ամեն ինչ՝ սկսած կոշիկից, տաբատի կոճակ, վերարկու, կուրտկաների ցեպեր, կնոպկաներ, ժամացույցներ, բանալիներ, բիժուների մանր-մունր պայատ-մայատ, տարբեր տեսակի դանակների սրում, բանալիների պատրաստում, դամաֆոնների չիպեր, ճամպրուկներ… Ոնց որ թե միակ ճամպրուկ նորոգողն եմ Երևանում, որովհետև բոլորը, ով գալիս ա, ասում ա՝ մենակ դուք եք մնացել ճամպրուկ սարքող: Ճամպրուկների գործը ամռանն ա շատ լինում, ձմռանը՝ սապոկներ, վերարկուներ…. իմը, որ բազմապրոֆիլ ա, ես միշտ գործ ունեմ: 

 

 

Ինժեներ եմ մասնագիտությամբ. ինժեներ թարգմանաբար նշանակում ա գյուտարար, ստեղծարար. ըտեղից ա գալիս, որ ամեն ինչից գլուխ եմ հանում: Մի քիչ ձեռքի շնորհք, մի քիչ քթի ծակ ա ընդամենը պետք. բարձրագույն կրթություն պետք չի կոշիկ կամ պայուսակ նորոգելու համար, չէ՞: Ֆեյսբուքում «Վերանորոգումերի սրահ» ա կոչվում էջս. էջի նկարահանումները, մոնտաժը ես եմ անում: Հաճախորդը քոմենթ էր գրել՝ «հրաշագործ վարպետ»: 

 

Տարբեր խավի մարդիկ են իմ ծառայությունից օգտվում. հլը վարչապետն ու նախագահը չեն դիմել ինձ, բայց պատգամավորներ դիմել են. կոտրված «խրուստալից» մինչև անտիկվար խաղալիք սարքելու հարցով դիմել են: Էնքան թերի բաներ կան մեր տանը. անցած նոր տարվա օրերին էս տարածքում բոլորի դանակները սրեցի. 31-ին գնացի տուն, սեղան են քցում, երշիկեղենը տվեցին, ասեցին՝ Գագիկ ջան, դե կտրի. տեսնեմ մեր տան դանակները քոռ-քոռ են…

 

Ինձ հաճույք ա պատճառում, որ մարդիկ անհույս, հուսահատված գալիս են, գիտեն, թե էդ վնասված ճամրուկը պետք ա քցեն, բայց ես էդ խնդրին լուծում եմ տալիս, նոր կյանք եմ տալիս, մարդիկ հիանում  են. համ ես եմ հաճույք ստանում, համ իրանք գոհ-շնորհակալ հեռանում են: 

 

 

Ինձ մոտ հաճախորդը սրահ ա մտնում, ոչ թե փինաչիանոց՝ պատերին անկապ նկարներով, մրոտ, կեղտոտ, այլ՝ սիրուն, սպիտակ մետլախ, տաք, սրահում ծխելը արգելված ա և ինձ և հաճախորդին: 

 

Հա, զինվորին անվճար ա. մեր տարիքը թույլ չի տալիս, որ կարողանանք գնանք մասնակցենք. էս մի բանով փորձենք օգտակար լինենք: Դրոշն էլ մեր պետության սիմվոլն ա:  Ես էլ իմ գործով եմ մեր պետությանը, ազգաբնակչությանը ծառայում: 

 

էս փիսիկը դրսի փիսիկ ա, ուղղակի մեղքում եմ, թողնում եմ գա, տաքանա-գնա. կերակրում եմ համ էլ:

 

Ես գոհ եմ իմ աշխատանքից. սկսեմ նրանից, որ բարևելուց, երբ հարցնում են՝ ո՞նց ես, ես միշտ պատասխանում եմ՝ շատ լավ եմ, ամենալավն եմ,  որովհետև, որ բողոքում ես, լացում ես ի՞նչդ ա ավելանում: Ասեք՝ լավ եմ, թող էդ բարի էմոցիան գնա դիմացինին. լավություն արա, էդ ձրիա ա չէ՞,վերջիվերջո:

 


 

Գուրգեն Արսենյան, բանալիներ կրկնօրինակող

«Մասնագիտությամբ ծրագրավորող եմ,  չխորացա, վերջի վարյանտ էս գտա հարմար»

Տարածքս վարձակալում եմ. 5-6 քառակուսի ա… Ստեղ՝ կինո «Հայրենիքի» մոտ եմ հարմար գտել, որովհետև էս տարածքում չկա էս «տոչկայից»: 

 

Էս թաղի բնակիչ եմ. 7 տարի ա էս գործն եմ անում։ Մասնագիտությամբ ծրագրավորող եմ,  չխորացա, վերջի վարյանտ էս գտա հարմար: Տան, ավտոյի բանալիներ եմ «կոպի» անում, զամոկներից բանալի եմ ստանոմ, դամաֆոն-բան… Հաճախորդներիս 40 տոկոսը կանայք են, մեծ մասը՝ տղամարդիկ:  Համարյա բոլորն էլ մշտական հաճախորդներ են՝ էս թաղի մարդիկ են: Իմ գործը շատ կարճ ա տևում՝ 2-3 րոպե, երբեմն էլ՝ մի քանի վայրկյան. հաճախորդի հետ խոսելու, շփվելու համար ժամանակ չի լինում: 

 

 

 

Մի հատ հաճախորդ էկավ, թեթև գործ արեցի, գումար չվերցրեցի. նեղվեց, գնաց, մեկ էլ մի քանի րոպեից մեքենայի միջից բերեց էս նկարը տվեց. ասեցի՝ ապրես, կախեցի պատին: Դե, հայավարի էլի՝ հարմար չի գինը՝ հարմարացնում եմ:

 

Հեծանիվը տղայինս ա, ամառը կքշի, ձմեռն էլ որպես գարաժ՝ ստեղ ա պահում:

 

Ընդմիջումը ստեղ եմ անում. տնից հետս ուտելու բան եմ բերում-ուտում եմ: Սուրճի ժամը կեսօրին ա. էս կողքի կոշկակարի հետ սուրճ ենք խմում դրսում. ես սուրճը պատրաստում եմ, գալիս ա, խմում ենք միասին:

 

 

Էս կաս ա. օրվա աշխատածս ստեղ եմ հավաքում: Էս ընենց գործ ա, որ մի օր լավ կլինի, մի օր  վատ կլինի. ամսական ստաբիլ չի, բայց դե, գործ ա՝ անում եմ. ոչ գոհ եմ, ոչ՝ դժգոհ…

 


 

 

Վահան Ղարադաղյան, կոշկակար

«Հաճախորդի հետ ամեն ինչից զրուցում ենք՝ բացի քաղաքականությունից»

Բուդկան 5 քառակուսի ա. կոշիկի վերանորոգում եմ անում, կաշվեգործություն՝ «սումկաներ», կաշվի հետ կապված բոլոր տեսակի գործեր՝ աքսեսուարներ եմ պատրաստում, ձեռքի աշխատանքներ… Էն հետևի հատվածը պահեստային մաս ա՝ ապրանքներն ա, կոշիկներն ա…

 

 

 

էս գործը անում եմ արդեն մի 30 տարի: Շաբաթը 7 օր, 9-ից 6-7ը: Պապաս 70 տարի կոշիկի գործ ա արել, էս վերջին մի քանի տարին չի աշխատում: Պարսկահայ ենք: Ես Հայաստանում եմ ծնվել՝ Վանաձորում. պապաս 72 թվին ա էկել Հայաստան: Սկզբում շատ բաներ հարցնում էի պապայիցս, հիմա էլ չեմ հարցնում, արդեն ամեն ինչ գիտեմ: Ես տեսնելով՝ ինքս ցանկացել եմ էս գործն անեմ: Բացի դրանից ձեռքի գործեր եմ անում. կաշին առնում, ինքս լեկաները հանում, սումկաներ, բումաժնիկներ, բանալիքի կախիչներ եմ սարքում: Գնորդների շատը ռուսներ, արտասահմացիներ են, ձեռքի աշխատանքը եվրոպացիներն են ավելի շատ առնում: 

 

Լավ գործ ենք անում, հաճախորդը հաճախորդ ա մեզ բերում: Օրական ամենաքիչը մի յոթ-ութ հազար դրամի սակարկում եմ ես անում. հարմարվում եմ ժողովրդի հետ: Թոշակառուներին, տատի-պապիներին ձրի եմ սարքում, տեսնում եմ՝ կարիքավոր ա, փող չեմ վերցնում, զինվորներից փող չեմ վերցնում, շնուրոկներ եմ բերում զինվորների համար՝ բաժանում:

 

Սա արենդա չի, իմ բուդկան ա՝ սեփական, մենք հարկերից ազատված ենք, բայց հաշվապահ ունեմ, լրացնում ա, հարկայինում գրանցված ենք, սաղ թղթերը՝ կպցրած պատին:

 

Հիմնականում ցածր խավի ժողովուրդն ա կոշիկը սարքելու բերում: Չինական կոշիկը «ադնառազվի»՝ միանգամյա օգտագործման կոշիկներ են, բայց մեր հայկականը շատ լավ որակյալ կոշիկներ են: Տղամարդիկ կոշիկները մաքուր են բերում, կանայք՝ ցեխոտ: Ես իրանց հարցնում եմ՝ քանի՞ անգամ ես դու հայելում քեզ նայում, գոնե մի՛ անգամ էլ կոշիկներիդ նայի…

 

Կոշիկները մեկ ամսից ավել մեր մոտ չի պահվում, տալիս ենք կանաչապատման աշխատողներին. այգում աշխատում են, մաքրում են, տալիս եմ իրանց: Դե, բերում են, թողում են, տարիներով մնում ա. մի բան պտի՞ արվի դրանց ճակատագիրը որոշելու համար… գալիս են, ասում եմ՝ չկա կոշիկներդ, «ֆյսո», տվել ենք ուրիշին: 

 

 

Դասական և ջազ եմ լսում. ստեղ ռադիո ա, տանը կենդանի հնչողությամբ ջազ եմ լսում. իմ երեք տղաներն են նվագում: 

 

Բուդկայումս մարդ չեմ թողում հավաքվի, որովհետև մի հատ աթոռ ա, էն էլ հաճախորդի համար ա: Հաճախորդի հետ ամեն ինչից զրուցում ենք՝ բացի քաղաքականությունից. ո՛չ կուսակցական եմ, ո՛չ էլ. գործից ենք խոսում, առօրյա կյանքից… 

 

Միշտ մաքրում, դասավորում եմ շրջակայքը, կանաչապատմանն եմ հետևում. պարտավորություն ունենք, որ տարածքը մաքուր լինի: 1-2-ի կողմերը տուն եմ գնում- գալիս՝ ընդմիջման. ես իմ շեֆն եմ, տնօրենն եմ, ես իմ ամեն ինչն եմ էս «բուդկայում»:

հավելյալ նյութեր