«Բա այս ամենի վերջը ի՞նչ է լինելու». քաղաքապետարանի անտեսանելի հնաբնակները
Մարդկային գործոն

«Բա այս ամենի վերջը ի՞նչ է լինելու». քաղաքապետարանի անտեսանելի հնաբնակները

Մարդիկ, որոնք տասնյակ տարիներ ապահովում են Երևանի քաղաքապետարանի՝ դրսից երբեմն անտեսանելի աշխատանքը։

Տեքստը՝ Էլեն Բաբալյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #82 | 2023

Արմինե Վարդանյան

Կազմակերպական վարչության պետ

Քաղաքապետարանում է 1993-ից

 

 

Արմինե Վարդանյանի սենյակը քաղաքապետարանի բոլոր սերունդների աշխատակիցների շրջանում հայտնի է որպես դիվանագիտական կորպուս: Նրա սենյակի պատերն այնքան բանակցություններ են տեսել, որ եթե մի օր պատմվեն, մի ամբողջ հատոր կհավաքվի (ու հաստատ կդառնա բեսթսելեր): 


Ամեն ինչ սկսվեց երեք տասնամյակ առաջ։ 1993-ին Արմինե Վարդանյանն արդեն ուներ երեք երեխա, ամուսին, սկեսուր ու սկեսրայր: Բայց նորանկախ երկիրն աշխատող կադրերի կարիք ուներ, և նա ընդունվեց աշխատանքի Երևանի քաղխորհուրդ: Քաղաքապետը ներկայիս նախագահն էր՝ Վահագն Խաչատուրյանը: Ընդունարանում էր, առաջին կարգի մասնագետ, աշխատավարձը կազմում էր 14 հազար դրամ: Որպես բոնուս կտրոն էին տալիս՝ օրական երկու հարյուր դրամի չափ, որը հերիքում էր բուֆետից օգտվելու համար: Ավտոբուս էլ ունեին: 


Մնում էր նստել ու աշխատել: Պատմում է, որ այն ժամանակ գրությունները զգալիորեն ավելի քիչ էին, ներկայիս քանակի մոտ երեսուն տոկոսը: Սխալ կազմած գրություններ շատ կային, թեև հիմա էլ քիչ չեն: Տարիների ընթացքում առավել համբերատար է դարձել, երկար շփվում է մարդկանց հետ, բացատրում պետական համակարգում գործող ընթացակարգը: Քայլ առ քայլ մասնագիտական աճ ապրելով հիմա արդեն լիազորված է Երևանի քաղաքապետի անունից զբաղվել հավաքների, միջոցառումների հաստատմամբ կամ մերժմամբ: 


«Քաղաքացիների հետ աշխատանքը շատ նուրբ, պատասխանատու գործ է: Օրինակ, մի անգամ մեկը նամակ էր գրել՝ խնդրելով իրեն տալ պատվավոր քաղաքացու կոչում: Իհարկե, երկար հիմնավորել էր: Կանչեցինք, բացատրեցինք, որ պատվավոր կոչումները քաղաքապետի առաջարկով հաստատում է ավագանին, հատուկ նախագծով, որպես կանոն «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ»,– պատմում է տիկին Վարդանյանն ու, սեղանից վերցնելով մի սրբապատկեր, հիշում. «Մի տարեց ուսուցչուհի շաբաթական երեք անգամ զանգում էր ու խնդրում որևէ փողոց անվանակոչել Սահակ Պարթևի անունով: Հասկացանք, որ կինը լուրջ է տրամադրված, ինքներս նախաձեռնեցինք գործընթաց, կազմեցինք նախագիծ, դիմեցինք ավագանուն: Հաստատվեց: Շատ չանցած այդ կինը ինձ մի ծրար ուղարկեց, վախվորած բացեցի, ներսում Սահակ Պարթևի սրբապատկերներ էին: Մինչ օրս պահում եմ»: 


Այս տարիների ընթացքում տիկին Վարդանյանը յուրացրել է ամենակարևորը՝ մերժել միայն անհնարինության դեպքում, և այն էլ՝ գրագետ ու սիրալիր:

 

Գոշ Սարգսյան

Մշակույթի և տուրիզմի վարչության պետ 

Քաղաքապետարանում է 2007-ից

 

 

Մասնագիտությամբ ռեժիսորը նոր էր ավարտել ասպիրանտուրան, սկսել մանկավարժական գործունեությունն ու զուգահեռ տարբեր սոցիալ-մշակութային համատեղ ծրագրեր էր իրականացնում քաղաքապետարանի հետ, երբ հրավիրեցին մշտական աշխատանքի Երևանի քաղաքապետարանում: Պատմում է, որ պատկերացում չուներ՝ ուր է գալիս ու ինչ վարչական աշխատանք է սպասվում: Բայց արագ ինտեգրվեց. «Իրականում երբեք սահմանափակում չեմ ունեցել, ազատ եմ եղել իմ ստեղծագործական աշխատանքի մեջ, միշտ իրականացրել եմ բեմադրություններ, համերգներ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում: Տարբեր ժամանցային ծրագրեր ենք ունեցել, վերջին տարիների ծրագրերը հատկապես էական փոփոխություն մտցրեցին քաղաքի մշակութային կյանքում: Երևանի քաղաքապետարանը նոր հանձնառությամբ դիմեց համարձակ քայլի և փոխեց մշակութային քաղաքականության ուղղությունը»: 


Այս գործում առաջին քայլը Թումանյանի անվան զբոսայգում բալետային երեկոներ կազմակերպելն էր, քանի որ մինչ այդ որևէ մեկը պատկերացում անգամ չուներ՝ ինչպիսի ընդունելության կարժանանա այդ նախաձեռնությունը: Գլոբալ բովանդակային ռիսկի արդյունքում Երևանն ունեցավ երեք շրջադարձային մշակութային օրեր՝ տարածաշրջանում առաջին անգամ բալետային ներկայացումները բացօթյա ձևաչափով էին կազմակերպել: Ելնելով հազարավոր դիտումներից, ներկա գտնված ավելի քան 35 հազար երևանցիների ու քաղաքի հյուրերի արձագանքներից՝ որոշվեց ավանդական դարձնել բացօթյա ներկայացումները, որի արդյունքում սեպտեմբերին Թումանյանի անվան այգում իրականացվեց «Օպերա բաց երկնքի տակ» մեգանախագիծը: «Այս տարիների ընթացքում տարբեր միջոցառումներ եմ տեսել, ինքս կազմակերպել, բայց սա լավագույնն էր, ինչ արել ենք՝ իմ խորին համոզմամբ»: 


Քաղաքի մշակութային կյանքում մթնոլորտ փոխած Մշակույթի վարչության պետը, որն իր կարիերան քաղաքապետարանում սկսել է առաջին կարգի մասնագետի հաստիքից, հիշում է, որ եղել են օրեր, երբ ուզեցել է հեռանալ, ավարտել ու փակել կյանքի այս փուլը. «Մտածել եմ, որ ինձ սպառել եմ, արդեն ժամանակն է հեռանալու, բայց ամեն անգամ ինչ-որ բան ինձ հետ է պահել: Ես հաճախ եմ ինձ հարց տալիս՝ օգնո՞ւմ եմ, թե օգտվում: Եվ այդ հարցադրումը պետական համակարգում աշխատող յուրաքանչյուր մարդու համար ամենաէականն է: Պետական համակարգում ներգրավված մարդը, իմ խորին համոզմամբ, պետք է առաջնորդվի օգտակար լինելու գաղափարով: Անձամբ ես այստեղ եմ միայն հանուն Երևանի»: 


Երևանի ենթակայությամբ գործում են 72 մշակութային կազմակերպություններ, որոնց շահառուները տասնյակ հազարավոր քաղաքացիներ են իրենց տարաբնույթ պահանջներով և հարցերով: Լինում են նաև խրթին շփումներ. «Մեր երաժշտական դպրոցներից մեկում աշխատած մի կին արխիվներում չէր կարողանում գտնել իր աշխատանքի տարիների մասին վկայող փաստաթղթերը: Տարեթվերը խախտված էին, ինչի արդյունքում նրա կենսաթոշակը սխալ էր հաշվարկված: Ու թեև մեր գործառույթի հետ այդքան էլ չէր առնչվում այդ հարցը, բայց շուրջ երեք ամսվա աշխատանքների արդյունքում կարողացանք օգտակար լինել նրան»: 


Սարգսյանը վարչության աշխատանքի նպատակն է համարում պետության և համայնքի շահերը պաշտպանելով՝ երևանցիներին օգտակար լինելն ու քաղաքի մշակութային կյանքի բնականոն զարգացումն ապահովելը: «Մեր կարևորագույն խնդիրն է ավելի մոտ լինել մարդուն, մեր աշխատանքի արդյունքում ամեն անգամ մեկ քայլ ավելի մոտենանք երևանցուն և արժանի լինենք Երևանին»:

 

Աննա Գևորգյան

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի պետ

Քաղաքապետարանում է 2005-ից

 


Նոր էր ավարտել ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը, երբ աշխատանքի անցավ քաղաքապետարանի իրավաբանական վարչության ընդունարանում: Զբաղվում էր թղթաշրջանառությամբ, ծանրաբեռնված էին դատական գործերով, ծանր տարիներ էին: 


Վստահ է, որ ամենասկզբում թուղթը ճանաչելը, թղթի հետ աշխատելը շատ կարևոր է, այն լավագույն հիմքն է, հիմա արդեն հեռվից հեռու թղթի տեսքից միայն հասկանում է՝ ինչի մասին է գործը: Նրա ղեկավարման ներքո գործող բաժինը, որը հանրության շրջանում դեռևս հայտնի է որպես «թեժ գիծ», իրականում զբաղվում է ոչ միայն բողոքներով, այլև ընդունում առաջարկություններ: Տարաբնույթ: Հաճախ՝ զավեշտալի: 


Վերջերս հիմնադրված եռալեզու սպասարկման հետ կապված մի դեպք պատմեց. «Բնակիչներից մեկը՝ մի տարեց կին, զանգել էր ու, լսելով, որ ունենք նաև ռուսերենով սպասարկում, սեղմել ու միացել ռուսերեն լեզվով սպասարկող մասնագետին: Մի կերպ  բառեր հայթայթելուց ու խնդիրը բացատրելուց հետո մասնագետը գլխի էր ընկել, որ կինը հայախոս է և հարցրել՝ ինչու է ընտրել այս տարբերակը, չէ՞ որ կար նաև հայերենը: Կինը տվել էր ապշեցուցիչ պատասխան՝ ռուսերեն լինի, որ խնդիրս շուտ լուծվի: Անցանք հայերենին, լուծեցինք խնդիրը»: 


Ընդհանրապես, դեպքերն այս բաժնում մեկը մեկից արտառոց են. ամռանը, երբ ամբողջ քաղաքում ջրի խնդիր կար, մի կին էր զանգահարել, աղաչում էր օգնել, ջուրը միացնել, որ ծիրանները չփչանան, ջեմ էր սարքում: Վերջերս մի տղամարդ էր զանգել և ասել, որ կինը հղի է, ում մոտ խորհուրդ կտան տանել կոնսուլտացիայի: Լինում են նաև ահազանգեր, օրինակ, գերեզմանոցից: Տղամարդը խնդրում էր արագ գալ, հասնել, հենց այդ պահին հողատարածքը վաճառում են ու նա չի կարողանում իր գերեզմանաքարերը հանել-տանել: Աննան պատմում է, որ հաճախ խոսում են ագրեսիվ, կոպիտ, վրդովված, բայց իրենք լսում են համբերատար, ու վերջում արժանանում ներողության և շնորհակալության: 


Շատ հաճախ միանգամից ինքն է ընդունում զանգն ու սկսում վարել երկար բանակցություններ: «Մի կին կար, շատ գրագետ էր, իրավաբան, երբ խնդրեցի հստակ ներկայացնել խնդիրը, ասաց՝ ինքը խնդիր չունի, զանգել է զրուցելու: Բայց խնդիր, իհարկե, կար, մեզ լավ լուրով չեն զանգում: Մի ժամ խոսելուց հետո ավտոմատ անջատվեց զանգը, արդեն ես զանգեցի, էլի երկար զրուցեցինք, վերջում հասկացա, որ կինն անդամահատված է, ապրում է միայնակ բարձրահարկ շենքի վերևի հարկում, ու ուղղակի ուզում էր նստել վերելակ, իջնել բակ, մաքուր օդ շնչել, մարդկանց հետ շփվել: Մենք ընկերացանք, փոխանցեցի իմ անձնական հեռախոսահամարը, խոստացա՝ ժամը վեցից հետո միշտ զրուցել, երբ իմ կարիքը զգա»: 


Նրա աշխատանքում կարևոր գործոն է մերժման փաստարկված լինելը: «Հստակ պատասխան ենք տալիս, ոչ թե լղոզված բացատրություն, և դա մեզ համար կարևոր ձեռքբերում է»: 


Զանգերի սպասարկման բաժնում պրակտիկանտները երկար չեն դիմանում, ճնշումները շատ են, ագրեսիան մեծ է, պետք է դիմակայել, չմոռանալ ժպտալ ու լինել բարեհամբույր: Այս բաժինն անմիջական կապ ունի քաղաքի մթնոլորտի հետ: Պատմում է, որ հիմա էլ զանգում են քաղաքական հարցերով՝ ի՞նչ է սպասվում մեզ, բա այս ամենի վերջը ի՞նչ է լինելու: Ի դեպ, լինում են զանգեր նաև Ադրբեջանից, փորձում են հոգեբանական ճնշում կիրառել: Էլ չգիտեն, որ թեժ գծի աշխատակիցներն արդեն այնքան են թրծվել երևանցիների բողոքներն ու աշխարհաքաղաքական հարցերը քննարկելով, որ այլևս ոչնչից չեն վախենում:

 

Էվելինա Մարտիրոսյան

Առաջին բաժնի պետ

Քաղաքապետարանում է 1980-ից

 


Ինժեներ-տեխնոլոգ Էվելինան դասավանդում էր Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումում, երբ կյանքը նրան բերեց Երևանի քաղաքապետարան և այլևս բաց չթողեց: Քաղաքապետարանը կոչվում էր Քաղխորհրդի գործկոմ, բաժինը՝ կազմակերպական, բայց ուներ վերահսկողական ֆունկցիաներ: Ստուգում էին բոլոր-բոլոր ստորաբաժանումները, ընդհուպ գերատեսչության աշխատանքային կարգապահությունը: Սկզբում տեսուչ էր, հետո հրահանգիչ: Ստանում էր 160 ռուբլի աշխատավարձ, ինչը շատ բարձր էր այդ տարիների համար: 


Բաժինը բազմաթիվ անգամներ է լուծարվել, քսան հոգով էին աշխատում, հետո՝ չորս հոգով, բայց աշխատանքի ծավալները տարիներին զուգահեռ միայն ավելացել են. «Դուռը բացել են, ասել՝ սա է քո նոր աշխատանքը, դե գնա ու հասկացի՝ ոնց է պետք աշխատել: Այդ պատճառով մենք տարիների ընթացքում դարձել ենք շվեյցարական դանակի նման՝ ամեն ինչ կարողանում ենք անել, օրինակ, մեր կազմակերպական բաժնի յուրաքանչյուր աշխատող կարող էր հեշտությամբ դառնալ կրթության բաժնի աշխատակից: Ընդմիջման դուրս չէի գալիս, մի հատ բրդուճ էի անում ու համ թղթերը ստուգում, համ ուտում: Ժամանակ չկար»: 


Բոլոր-բոլորին ստուգել ու վերահսկելը բնավ հեշտ աշխատանք չի, հարցնում եմ՝ չէի՞ք վախենում ձեր կարման փչացնել: Ժպտում է. «Պատժամիջոցները երբեք էլ իմ ձեռքում չեն եղել, դրանով զբաղվում էր ղեկավարությունը: Իմ կարման մաքուր է»: Շարունակում եմ հետաքրքվել՝ իսկ ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատություն, այնուամենայնիվ եղե՞լ է: «90-ականներին հրահանգել էին գրեթե ամբողջ արխիվը վառել, որովհետև ոչ մեկին պետք չէր: Մենք մի քանի աշխատակիցներով բառիս բուն իմաստով փաթաթվեցինք մեր մատյաններին, ներքին կարգով պայմանավորվեցինք, որ թույլ չենք տալու վառել արխիվը: Բարեբախտաբար, հաջողվեց, ու հիմա երբևէ որևէ մեկին մակագրված բոլոր թղթերի ժուռնալները կան»: 


Քաղխորհրդի գործկոմից ի վեր շատ ջրեր են հոսել, համակարգը փոխվել է, բայց աշխատանքի բնույթը նույնն է մնացել. առաջվա պես եթե գաղտնի մակագրությամբ որևէ թուղթ հայտնվի երրորդ անձի ձեռքերում, դա կլինի մեծ խնդիր տիկին Մարտիրոսյանի համար: Առաջվա պես ամեն մի թղթի համար սրտացավ է, երբեք անտարբեր չի ամսաթվերի, վերջնաժամկետների նկատմամբ, առաջվա պես անձամբ է զանգում աշխատակցին, որ թույլ չտա՝ կատարման ժամկետները խախտվեն: 


Հարցազրույցի ընթացքում անընդհատ ստուգում էր Մալբրի համակարգը, տեսնի՝ միգուցե նոր նամակ եկավ: «Մեր լիազոր մարմինը Ազգային անվտանգությունն է: Մյուս գերատեսչությունների Առաջին բաժինների հետ մշտապես առնչվում ենք»: Ասում եմ՝ «Դուք փակ ակումբ էլ կունենաք»: Ժպտում է. «Ակումբ չունենք, բայց հավաքներ լինում են: Կառավարությունում քննարկումների ժամանակ գալիս են նույնիսկ մարզերի Առաջին բաժինների ղեկավարները: Դե, մինչև ծանոթանալը նրանց ուղարկած թղթերից արդեն իմացել եմ՝ ով է պրոֆեսիոնալ»: 


Քաղաքապետարանի նոր աշխատակիցներից գոհ է, ասում է՝ գրագետ են, բայց մի խնդիր կա, քչերն են ստանձնում պատասխանատվություն, կատարող են, ոչ թե որոշում կայացնող: Դժվար է վիճել, տիկին Մարտիրոսյանն ամեն ինչ գիտի, չէ՞ որ նա Առաջին բաժնից է:

 

Գեղամ Խաչատրյան

«Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ տնօրեն

Քաղաքապետարանում է 1996-ից

 


Ամեն ինչ կազմակերպելու, վերահսկելու և դասակարգելու մեծ սիրահար Գեղամը Երևանի քաղաքապետարանում հայտնվեց պատահաբար, բայց երկու շաբաթ փորձաշրջանը բավարար էր, որպեսզի երևան գային նրա կարողությունները: Սկսեց ամենաառաջին հաստիքից՝ տնտեսական բաժնի ավագ մասնագետ: Սկզբում հին վարչական շենքում էին, 2004-ին տեղափոխվեցին նոր շենք ու այդժամ սկսվեց իսկական փորձաշրջանը: Արդեն նշանակվել էր շենքի պարետ, իսկ դա ենթադրում էր, որ նրա ուսերին էր դատարկ շենքի ամբողջական կահավորումը: «Ամբողջ գույքը ես եմ տեղաբաշխել, գույքագրել՝ որ աշխատակիցն ինչի կարիք ունի, որ սենյակում ինչ լինի»,– ծանր փուլի մասին խոսելիս ավելացնում է. «Ես բնույթով անհանգիստ մարդ եմ, անընդհատ շարժման մեջ եմ, ու իրականում ինձ համար գերագույն հաճույք է ամբողջ օրը շրջել տարածքով մեկ ու իմ աչքով գնահատել կարիքները»: 


Նրա ենթակայության տակ գտնվող քաղաքապետարանի երկու մասնաշենքերը մշտապես փայլում են մաքրությունից, փոշին այստեղ անձնական թշնամի է: «Խիստ հսկողություն եմ սահմանել, պետք է կատարյալ մաքուր լինի: Իմ աշխատակիցների համար օրինակ եմ ծառայում, լուսադեմին եմ գալիս աշխատանքի, շաբաթ-կիրակի ջինսով ու բոթասներով ջրի ցնցուղը ձեռքս տղաների հետ հանում-լվանում ենք խալիները, հինգերորդ հարկից սկսած հատ-հատ մաքրում ենք ծաղիկների ամեն մի տերևը»: 


Ընդհանրապես, բույսերի ու Խաչատրյանի սերը առանձին պատմություն է: Առնվազն 18 տարի է՝ քաղաքապետարանի շենքի ներսում իսկական ջերմոց է՝ էկզոտիկ բույսերով, մշտադալար կանաչով: Ապակե տանիքով ջերմոցային պայմաններում բույսերը դժվարությամբ են աճում, Գեղամն անձամբ գիտի ամեն բույսի խնդիրներն ու ծաղկելու ժամանակաշրջանը: «Ծաղիկներ ունենք, որ գիշերն են բացվում, ու այնպիսի անուշ հոտ են տարածում շենքով մեկ: Այդ մասին գիտենք միայն մինչև երեկոյան 10-11-ը աշխատողներս»: Այս վարչական շենքն առանց ծաղիկների այլ մթնոլորտ կունենար, կանաչն ամբողջովին փոխում է ներսում գտնվողի հոգեվիճակը: 


Ամեն օր վաղ առավոտյան, երբ դեռ չի սկսվել աշխատանքային թոհուբոհը, Գեղամն իր բոլոր աշխատակիցների հետ դաշնամուրի կողքին ժողով է անում, ամեն ոք ստանում է օրվա հանձնարարականը: «Ես ուղղակի շատ զգոն հետևում եմ, որ միշտ ամեն ինչ կարգին լինի: Բանալիների տրցակի ձայնը հենց լսում են մաքրուհիները, արդեն գիտեն, որ ես տարածքում եմ, բոլորը զգաստանում են: Իսկ ես միշտ տարածքում եմ»: 


Այսքան տարի նույն վայրում կյանքն անցկացրած աշխատակիցը նկատում է, որ նախկինում մարդիկ ավելի լուրջ տեսք ունեին այս շենք մտնելիս, ավելի ձիգ էին, զուսպ, պարտադիր գոնե պիջակներով: Հիմա ավելի թեթև, ազատ հագուստ են կրում, իրենց թույլ են տալիս ժպտալ և կատակներ անել: «Կյանքը ցույց տվեց, որ իրական աշխատանքը կապ չունի լուրջ արտաքինի հետ: Հիմա շենքի ներսում այն կատարյալ կարգուկանոնն է, որին միշտ երազել եմ հասնել: Օրինակ, ես ողջ կյանք պայքարել եմ շենքի ներսում ծխողների դեմ ու հիմա վերջապես հասել արդյունքի. ներսում էլ չեն ծխում»: 


Գեղամ Խաչատրյանը քաղաքապետարանի այցեքարտի պահապանն է, երևանցին ներս մտնելով առաջին հերթին, թեկուզև ենթագիտակցաբար, գնահատում է նրա աշխատանքը, հետո անցնում վարչություններին: Հարցնում եմ՝ միթե չկա մի անկյուն, որը մի քիչ անտեսված է, չնկատված, Խաչատրյանը միանգամից վրդովվում է. «Օրվա ցանկացած ժամին գնանք քաղաքապետարանի բարձրադիր աշտարակն ու սպիտակ վերնաշապիկով հենվեք դրսի պատշգամբին, կտեսնեք, որ փոշու դեմ պատերազմում մենք հաղթանակել ենք»:

 

Անահիտ Ամիրյան

Երևանի պատմության թանգարանի գլխավոր ավանդապահ

Թանգարանում է 1985-ից

 


Համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո նրան ընտրեցին ու հրավիրեցին աշխատանքի Երևանի պատմության թանգարան: Եկավ ու մնաց: Այն տարիներին թանգարանը գործում էր Կապույտ մզկիթի շենքում, բայց հայկական կառավարությունը որոշեց, որ դա հարիր չէ Երևան քաղաքին ու տրամադրեց Ամիրյան 6 հասցեում գտնվող Հռիփսիմյան գիմնազիայի շենքը: Հոյակապ մի շենք, որտեղ 1993-ին սկսեցին տեղափոխել թանգարանի ցուցանմուշները, որոնք քիչ չէին՝ առավել քան 90 հազար առարկա: Բայց երջանկությունը կարճ տևեց ու 1995-ին շենքը վաճառեցին: Ստիպված էին էլի տեղափոխվել, այս անգամ՝ ժամականակավոր հատկացված Շահումյանի անվան դպրոցի մասնաշենք: 


«Մոտ քսան աշխատակիցներով այդ բոլոր ցուցանմուշները գրկած մի տեղից մյուսն էինք տեղափոխվում»,– հիշում է տիկին Ամիրյանը: Հետո սկսեցին կառուցել քաղաքապետարանի ներկայիս շենքը: Թանգարանի համար առանձնացվեց կից կառույց, գլխավոր ֆոնդապահը, թանգարանի տնօրենը, փոխտնօրենը ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հետ ամբողջ օրը շինհրապարակում էին: 2004-ին արդեն հիմնադրվեցին այս շենքում: Ու թեև այս տարիների ընթացքում արդեն հարմարվել են, սակայն շենքի պայմաններն այդքան էլ չեն գոհացնում գլխավոր ավանդապահին, օրինակ՝ 98 հազարից ցուցադրված են ընդամենը 1600 նմուշները. «Մեր հարուստ ֆոնդը ստիպված ենք փակի տակ պահել, հարմար ցուցատարածք չունենք: Շատ մտահոգ եմ, ուզում եմ տեսնել այդ հարցի լուծումը»: Գլխավոր ավանդապահը վստահ է, որ թանգարանին ավելի հարմար կլիներ Ամիրյան 6-ի շենքը:


Տիկին Ամիրյանը պատմում է, որ ժամանակին գլխավոր ավանդապահը պաշտոնաթող փոխգնդապետ էր, և նրա ստեղծած համակարգն այնքան ճշգրիտ էր, որ մինչ օրս ֆոնդն օրինակելի է այլ թանգարանների համար՝ կատարյալ դասակարգված, զինվորական ճշտապահությամբ: Ութ ֆոնդերից յուրաքանչյուրն ունի ստորաբաժանումներ, և դրանցից յուրաքանչյուրի պահպանությունը պետք է ճիշտ կազմակերպվի: «Տարբեր ջերմային, լուսային ռեժիմներ են պահանջվում, չոր պայմաններում մետաղներն են, կահույքն այլ ջերմաստիճան է սիրում, կերպարվեստն ավելի քմահաճ է: Ամեն մեկի համար պարտավոր ենք ապահովել կյանքի բարվոք պայմաններ»:  


Երբ հարցնում են՝ որ ֆոնդն է ամենաարժեքավորը, արագ, առանց երկմտելու թվում է. «Կերպարվեստի ֆոնդը, ազգագրության ֆոնդը, հնագիտության, դրամագիտության…»: Եվ այդպես ութ ֆոնդն էլ հերթով թվարկվում են: Նրա համար բոլորն են ամենաարժեքավորը, ու Երևանի պատմության թանգարանը ստեղծած Եղիշե Չարենցը, Մարտիրոս Սարյանը հաստատ գոհ կժպտային այս պահին:

հավելյալ նյութեր