🏠 💿 HOME. daao-յի սիրո ձայնային նամակը Երևանին
Երաժշտություն

🏠 💿 HOME. daao-յի սիրո ձայնային նամակը Երևանին

ԵՐԵՎԱՆԸ զրուցել է ստեղծագործող daao-յի (Դավիթ Հակոբյան) հետ իր վերջին՝ HOME ալբոմի մասին։ Այս նախագիծը հարգանքի տուրք է Երևանին՝ քաղաքին, որտեղ ծնվել է daao-ն, և երաժիշտների սերտ համայնքին, ովքեր աջակցել և ոգեշնչել են նրան իր երաժշտական ճամփորդության ընթացքում:

Հարցազրույցը՝ Ալբերտ Ավագյանի

HOME-ը հիշեցնում է, որ երաժշտությունը համընդհանուր լեզու է, որն ընդունակ է անցնել սահմանները և միավորել մարդկանց։ Home-ն ավելին է, քան երաժշտական ալբոմը․ այն ձոն է Երևանին։ Իր մեղեդիների, ռիթմերի և հետաքրքիր համագործակցությունների միջոցով ալբոմն արտացոլում է Երևանի բուն էությունը, ընկերների ու երաժշտության անկոտրում կապը: 

 

«Traveller’s Ballad» և «421» երգերը ցույց են տալիս Daao-ի և նրա ընկերների  անհավանական սիներգիան: Այս համագործակցությունները ոչ միայն քաղաքի աշխույժ երաժշտական տեսարանի վկայությունն են, այլև երաժշտության հանդեպ ընդհանուր կիրքի միջոցով ձևավորված կապերի ներկայացումը։ Մի աշխարհում, որը հաճախ նշանավորվում է բաժանումներով ու սահմանազատումերով, «HOME»-ը վկայում է երաժշտության միավորող ուժի մասին: Անկախ նրանից, թե որտեղ եք անվանում տուն, ալբոմի մեղեդիներն ու ռիթմերը առաջացնում են կարոտի, պատկանելության և միասնության համընդհանուր զգացում:

 

daao-յի երաժշտական ստեղծագործությունը ծառայում է որպես հիշեցում, որ երաժշտության միջոցով կարելի է գտնել մի վայր, որտեղ իսկապես հնարավոր կլինի պատկանել ու  համայնք, որ կընդունի որպես իրենցից մեկը: Այս ամենի մասին էլ խոսել ենք երաժշտի հետ։ 

 



 

Ինչո՞ւ հենց Home: 

 

Վերնագիրը ծնվեց ազգիս և իմ տառապանքի պատճառով։ Պատերազմն ու մյուս խնդիրները թրիգեր դարձան, ու ես սկսեցի ավելի շատ ստեղծագործել, քան հանձնվել։ Ես զգում էի, որ իրական կյանքում տունն անհետանում է, փորձեցի այն ամրացնել արվեստում։

 

Ի՞նչ է տունը քեզ համար։

 

Այս ալբոմը ստեղծելու ճանապարհորդության ընթացքում ես հասկացա, որ տունը կարող է սահմանվել երկու ձևով: Առաջինն անշխատանքիդ մշտական ու բարդ ընթացքն է, որը տևում է մինչև մեր օրերի ավարտը: Մյուսը՝ մտքի կամ հոգու վիճակ է:

 

Ստեղծել տարածք ինքներդ ձեր և համայնքի համար, անընդհատ նպաստել և պայքարել՝ ահա թե ինչ է տունը: Ամենակարևոր մասը համայնքն է, որը կարող է աշխատել միասին, շփվել և «փազլներ հավաքել»: Տան հոգեվիճակը նաև ապահով ու հարմարվետ լինելու զգացումն է։ Կտրված լինելով ամեն ինչից՝ ավելի եք կապվում յուրաքանչյուր հոգու և մոլորակի վրա գտնվելու հետ: 

 

Բայց նաև տունն ավելի շատ պայքարի, քան հաճույքի մասին է ու նրա համար պայքարելն ավելի հաճելի է: 

 

 

Ինչո՞վ էր այս նախագիծն առանձնահատուկ քեզ համար։

 

Այս նախագիծն ինձ համար կարևոր է ոչ միայն որպես երաժիշտ, այլ որպես անհատ, ով քայլում է այս աշխարհում ու ստեղծում: «Home»-ի մեջ խորանալիս ես բացահայտեցի, թե իրականում ինչի եմ ուզում հասնել այս կյանքում և որն է դրան հասնելու իմ ճանապարհը: Ես վերջապես զգացի այդ ամուր հողը ոտքերիս տակ։

 

Ովքե՞ր այս տան մասը կազմում։ 

 

Չնայած, որ ես ստեղծել եմ ամբողջական արդյունքը՝ ստեղծագործելուց մինչև զարգացում, սակայն տարբեր մարդիկ իմ շրջապատում ինչ-որ չափով ներգրաված են եղել, թեկուզ անվերջ գիշերային զրույցներով։ Իսկ կարևոր դեր խաղացած երաժիշտներն են Թոնի Դոնաթելը, Հայկ Կարոյին, Մեսրոպը և Շաուն։

 

Home-ն ավելին է, քան պարզապես երաժշտական ալբոմ, այդպես չէ՞։ Ինչպիսի՞ն է նրա կառուցվածքը։ 

 

Երաժշտական մասը կազմված է 7 երաժշտական կոմպոզիցիաներից՝ էլեկտրոնիկ 808 հիմքով միացություն Եվրոպական ջազի և այլ էլեմենտներով։ Հետո գալիս են 4 մինի պատմություններ տան մասին՝ վիզուալ կոմպոզիցիաներ, որոնք կրում են ալբոմի տրամադրությունն ու գաղափարը, այդ շրջանից նկարներ, և նաև հագուստի հավաքածու, որը ստեղծված է տեղական streetwear կոնցեպտուալ խանութի՝ Blank Store-ի հետ համագործակցությամբ։ 

 

Ճանապարհորդություններիս ընթացքում հասկացա, որ երաժշտության հետ վիզուալներ ստեղծելը հավանում եմ ու սկսեցի կինոն ուսումնասիրել, որը հիմա երկրորդ հոբբի է դառնում։ Վիզուալ հաղորդակցությունն ու ֆիլմն ուժ են տալիս ինձ ցույց տալու կարևոը։

հավելյալ նյութեր