«Կառուցվածքը փտած է, ընկեր»
Քանդվող Երևան

«Կառուցվածքը փտած է, ընկեր»

Գրող Վիգէն Պէրպէրեանի և նկարիչ Յան Քեբիի համատեղ գիրքը՝ քանդվող Երևանի մասին։

Տեքստը` Անի Բարսեղյանի


Պատկերազարդումները` Յան Քեբիի 

 

ԵՐԵՎԱՆ #43 | 2017

 

 

#Դիզայն

 

Վիգէն Պէրպէրեանը ծնվել է Բեյրութում, ապա տեղափոխվել ԱՄՆ։

Նախքան «Կառուցվածքը» նա հեղինակել է «The Cyclist» և «Das Capital» վեպերը և համագործակցել «New York Times», «Financial Times» եւ «Los Angeles Times» թերթերի հետ: 

2017 թվականին Ֆրանսիայում լույս տեսավ գրող Վիգէն Պէրպէրեանի և նկարիչ Յան Քեբիի համատեղ գիրքը՝ «Կառուցվածքը փտած է, ընկեր» գրաֆիկական վեպը, որի գլխավոր հերոսը՝ սփյուռքահայ ճարտարապետ Ֆրունզիկը, ժամանում է Երևան, իսկ Երևանը սկսում է քանդվել: Այս յուրահատուկ գրքի մասին, որն արդեն խիստ դրական գնահատականի է արժանացել Ֆրանսիայում, խոսել ենք Վիգէն Պէրպէրեանի հետ:

 

Հնի ու նորի պայքարը միայն հայաստանցիներիս հոգսը չէ: Մոդեռնն անընդհատ հայտնվում է դասականի կողքին, դասականի վրա/տակ/մեջ, շատ դեպքերում էլ՝ դասականի տեղում: Երևանի ճարտարապետական տեսքը այդ համաշխարհային միտման հրաշալի օրինակ է: Աշխարհի շատ քաղաքներում՝ թե արևելքում, թե արևմուտքում, ամեն օր ավիրվում են շինություններ, որոնք արտացոլել են այդ քաղաքի կենցաղի պատմությունը: Ավերածությունները տարատեսակ պատճառներ են ունենում: Մի դեպքում երկրաշարժն է իր հետ տանում ճարտարապետական անցյալը, մյուս դեպքում՝ պատերազմը կամ ահաբեկչությունը: Բայց ավելի հաճախ հենց քաղաքի բնակիչներն են առանց արտաքին գործոնների ազդեցության ուղղակի որոշում ազատվել որևէ կառույցից: Քանդում են ու փոխարենն ավելի շահութաբեր մի բան կառուցում: Այս հարցը երկար ժամանակ մտահոգել է արձակագիր Վիգէն Պէրպէրեանին: Նյութական շահը նա համարում է սեփական մշակութային ու պատմական ժառանգությունը վերացնելու ամենաաններելի պատճառը:

 

 

Հինգ տարվա համատեղ աշխատանքի արդյունքում Պէրպէրեանն ու նկարիչ Յան Քեբին ստեղծեցին «La structure est pourrie, camarade» («Կառուցվածքը փտած է, ընկեր») գրաֆիկական վեպը: Այն պատմում է ճարտարապետ Ֆրունզիկի մասին: Նրա հորը, ով նույնպես ճարտարապետ է, բոլորը ճանաչում են որպես պարոն Ցեմենտ: Ինքը՝ Ֆրունզիկը, Ֆրանսիայում կիսատ-պռատ սովորելով, գալիս է Երևան ու միանում հորը քաղաքը վերակառուցելու գործում՝ «Ռադիկալ ճարտարապետության վարչությունում»: Թե ինչ է կատարվում հետո, «պարզապես հուզիչ է»:

 

Վեպի հիմքում ընկած է Պէրպէրեանի հետաքրքրությունը ճարտարապետության հանդեպ և ափսոսանքը վերացող անցյալի համար: Խոսելով համաշխարհային խնդրի մասին Երևանի օրինակով՝ հեղինակները ստեղծել են հավաքական կերպարներ՝ շահախնդիր ու անճաշակ կառուցապատողի, նրա կողմնակիցների, հետևորդների ու հակառակորդների: Բայց իրենց խոսքերով, գաղափարներով, նույնիսկ արտաքինով այդ կերպարները հիշեցնում են հենց մեր քաղաքում ապրող ու գործող իրական մարդկանց:

 

Նկարազարդողը՝ Յան Քեբին, Երևանում երբեք չի եղել: Հեղինակներն աշխատել են տարբեր քաղաքներից, սակայն Վիգէնը պատմում է, որ նույնիսկ հեռավորության վրա հասկանում էին իրար կես խոսքից: Բուն պատմությունից բացի նա գրել էր մանրամասն մշակութային ու կենցաղային նկարագրություններ, հավաքել էր հնարավոր ամեն տեսակ լուսանկարներ ու նյութեր, որոնք կարող էին օգնել նկարազարդման ժամանակ: Վերջերս France Culture ռադիոյին տված հարցազրույցում Յանը խոստովանել էր, որ ինքն իրեն չէր արտոնում Հայաստան գալ, քանի որ չէր ուզում կաշկանդվել իրականությամբ, տվյալներով, փաստերով կամ փորձով. ուզում էր ազատ թողնել երևակայությանը:

 

 

 

Վիգէն Պէրպէրեանն ապրել է տարբեր քաղաքներում՝ Բեյրութ, Լոս Անջելես, Նյու Յորք, Փարիզ, Մարսել, Մոնրեալ, Լոնդոն, այժմ էլ ընտանիքի հետ Երևանում է ապրում: Նա ունի իր տեսլականը և վստահ է, որ մի վայրի մասին խոսելու, հատկապես գեղարվեստական գործ ստեղծելու համար կարևոր է տեղյակ լինել, հետազոտել, գուցե և որևէ շրջանում ներկա լինել, վկա լինել, խոսել բնակիչների և դերակատարների հետ։ Բայց պարտադիր չէ այդ տեղի ու իրադարձությունների մի մասը լինել։ Այդպես, ըստ նրա, կարող ես նույնիսկ սահմանափակել մտածելակերպդ՝ մեկ տեղ ապրելով և մեկ տեսակի անձանց հետ շփվելով:

 

Գրաֆիկական վեպը նախ պատրաստել են աշխատանքային տարբերակով, բայց հետո բազմաթիվ փոփոխություններ են կատարվել: Այսպես, օրինակ, ընթացքում Վիգէնը 2014-ին մեկ շաբաթ անցկացրեց Երևանում, և հենց այդ շաբաթը համընկավ Աֆրիկյանների տան ցույցերի հետ: Ցուցարարները խփում էին քանդվող շենքը շրջապատող թիթեղներին, և այդ ձայնին հետևելով՝ Վիգէնը գնաց ցույցի վայր: Այնտեղից հավաքված նկարներն ու պատմություններն ընդգրկվեցին գրքի մեջ:

 

 

Վիգէնն ասում է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Երևանում քանդվել է պատմամշակութային արժեք ներկայացնող 40-ից ավելի շենք: «Պետք է պայքարել գեղեցկությունը պահպանելու համար։ Սա շատ պարզ պահանջ է, բայց այն իրականացնելու համար երկիրն օրենքների կարիք ունի: Պետք է օրենքներն իրագործվեն: Ես չեմ համեմատւմ Երևանը, օրինակ, Փարիզի հետ. ամեն քաղաք, երկիր իր պատմությունն ու մշակույթն ունի: Բայց կարող եմ համեմատել հարևան Թբիլիսիի հետ, որը մի քանի ժամվա ճանապարհի վրա է Երևանից և որտեղ գործում են շինարարությունը վերահսկող օրենքները: Եվ այսպիսի դրական օրինակներին պետք է հետևել»:

 

Գրքի հերոսը փորձում է հակադրել կիրառականն ու գեղեցիկը. նա քանդում է հինը հանուն նորի։ Մինչդեռ գրքի հեղինակը կարծում է, որ գեղեցիկը և կիրառականը անպայման չէ, որ հակասեն իրար. «Օրինակ՝ Թումոյի կենտրոնը, որ այսօր ունենք, կիրառական առումով շատ առավելություններ ունի, բայց շատ բաց է. ես դրսի մասին չեմ խոսում, այլ ներսի կառուցվածքի: Այն ժամանակակից է՝ պարզ գծերով, ազատ տարածքով: Թումոյի ներսը և հարակից հրապարակը լիբանանցի ճարտարապետ Բերնարդ Խուրին է նախագծել: Նա նաև վերանորոգել է Բեյրութում քաղաքացիական պատերազմից տուժած շատ շենքեր: Ու փոխանակ այդ պատերազմի, ռումբերի, բեկորների հետքերը ծածկի, վերանորոգել է՝ պահելով պատերի միջի ճեղքերը, պատերազմի վերքերը, այսպես հարգելով անցյալը: Քաղաքը կարող է «նոր մաս» ունենալ և պահել «պատմական մասը»: Նույն Թումոն շրջապատված է կանաչ գեղեցկությամբ, չի խանգարում ուրիշ շենքերի, և եթե նկատել եք, կա սովետական տարիներից մնացած շատրվանը, որ կարող էին փոխել, նորացնել, բայց պահպանել են ոճը»:

 

 

 

Գրքի գործողությունները ծավալվում են ոչ միայն Երևանում, այլև Փարիզում և Մոսկվայում։ Մանկության զգալի մասն անցկացնելով Ֆրանսիայում՝ Ֆրունզիկն ուզում է Երևանից վերացնել սովետական ոճը:

 

«Կառուցվածքը փտած է, ընկեր»-ը լույս տեսավ այս տարվա սկզբին Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բելգիայում։ Առայժմ այն միայն ֆրանսերեն է: Հայերենի մասին առայժմ խոսք չի գնում, քանի որ շուկան փոքր է, իսկ 331 էջից ավելի գրաֆիկական պատմության վերարտադրումը հսկայական գումար է պահանջում: Գիրքը մինչ օրս հիացական արձագանքներ է ստացել Le Monde, Libération, Beaux Arts, 24hrs, France Culture, Télérama պարբերականներում և տեղ է գտել նաև Պոմպիդու կենտրոնի հրապարակումներից մեկում:

 

 

Գրքի հիման վրա Կարինէ Թորոսեանը պատրաստում է կարճամետրաժ ֆիլմ, որը կցուցադրվի հունիսի 12-ին Փարիզում՝ Պոմպիդու կենտրոնում: Անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. արվեստի կենտրոնը տեղակայված է թափանցիկ շինության մեջ, որտեղ 4 վառ գույներով առանձնացված են ջրի խողովակները, օդափոխության համակարգը, լարերն ու վերելակները: «Այս շենքը, չնայած իր աչքի ընկնող վառ տեսքին, ներդաշնակության մեջ է շրջակայքի դասական շինությունների հետ», — ասում է Վիգէն Պէրպէրեանը: