ԿԻՆ Օ՜
Կանայք

ԿԻՆ Օ՜

ԵՐԵՎԱՆի խնդրանքով վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանն անդրադարձել է ժամանակակից հայ կինոյում կանանց մասնակցությանը և փորձել բացատրել, թե ինչպես է ստացվել, որ այսօր կին ռեժիսորները, պրոդյուսերներն ու դերասանները ամենատարբեր ձևաչափերում ու ժանրերում կարողանում են ստեղծել աշխարհում պահանջված յուրահատուկ և ուժեղ կինո։

Տեքստը՝ Սեդա Գրիգորյանի  

#Կինո

Կինեմա (գոյ․) նշ․ է՝ շարժում, գրաֆո (բայ) նշ․ է՝ գրել, վավերագրել: Այսպես է բացատրվում «սինեմա» բառի ծագումնաբանությունը՝ հղում կատարելով հունական արմատներին։ Ի՞նչ իմանային կինոյի ստեղծողները, որ հայերենում «սինեմայի» կամ «կինոյի» հնչյունաբանությունը անսպասելիորեն կարող է նաև․․․ գենդերային հնչերանգ ստանալ․ «կի՜ն, օ՜»։

 

Կին, շարժում, վավերագրում

Այս երեք բառը կատարելապես բանաձևում են վերջին տարիներին հայկական կինեմատոգրաֆում տեղի ունեցող զարգացումները՝ կին հեղինակների ակտիվ մասնակցության ու հաջողության համատեքստում։ 

 

«Կինն ուր, կինո նկարելն ուր․․․»․ ոլորտի կանայքս, վստահաբար, քիչ չենք լսել կամ կարդացել նման խոսքեր։ «Անցյալ տարի, երբ ֆեյսբուքում ինչ-որ մեկը լավ բան էր գրել «ԿԻՆ» կինոփառատոնի մասին, մեկնաբանություններում մի տղամարդ գրել էր, որ հայկական կինեմատոգրաֆը տղամարդկանց, առնական կինեմատոգրաֆ է և դրանով ամեն ինչ ասված է»,- վերհիշում է Մարիամ Օհանյանը, որն արդեն 20 տարի Երևանում իրականացնում է «ԿԻՆ» կինոփառատոնը․ «․․․մեզ մոտ այնքան խորն է նստած էդ պատրիարխալ մտածողությունը, դրա ճնշումը, որի միջով անցնում է հայ կինը, որ ռեժիսորը պիտի լինի կրկնակի ուժեղ՝ ոչ միայն հաղթահարելու հասարակության այդ խոչընդոտները, այլ նաև կարողանալու բարձրանալ միջազգային ասպարեզ»։ 

 

 

Եվ արի ու տես, որ մեր կին ռեժիսորները լուռ գործով են հակադարձում այսպիսի կարծրատիպերին։ Միայն վերջին հինգ տարիների ընթացքում համաշխարհային առաջատար կինոփառատոների մրցութային ծրագրերում ներառված հայկական ֆիլմերի զգալի մասը ստեղծվել են կին ռեժիսորների կողմից. 

 

  • 2018 - Դիանա Կարդումյան, «Տոմբե»՝ Մոսկվայի կինոփառատոն,
  • 2019 - Թամարա Ստեփանյան, «Կանանց գյուղը»՝ Դոկ Լայպցիգ,
  • 2020 - Նորա Մարտիրոսյան, «Երբ որ քամին հանդարտվի»՝ Կաննի կինոփառատոն, Տալլինի «Մութ գիշերներ» կինոփառատոն, «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգ, 
  • 2020 - Սիլվա Խնկանոսյան, «Վախենալու ոչինչ չկա»՝ Դոկ Լայպցիգ, 
  • 2020 - Օվսաննա Շեկոյան, «Թվիստ», Սարաևոյի կինոփառատոն,
  • 2021 - Անգինե Իսանյանս, «Շեմից այն կողմ»՝ Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն,
  • 2021 - Լիլիթ Ալթունյան, «Երբ ես տխուր եմ»՝ Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն,
  • 2022 - Իննա Սահակյան, «Ավրորայի լուսաբացը»՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի փառատոն, 
  • 2023 - Օֆելյա Հարությունյան, «Գյուղը որ կանգնի»՝ Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն, և այլն։

 

Բնականաբար, այս ֆիլմերը հարուստ փառատոնային կյանք ունեն, երկուսը հանդիսացել են նաև Հայաստանի պաշտոնական հայտը Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխությանը, կան շատ այլ ֆիլմեր, որոնք նշանավոր փառատոնային էկրաններ են գրավում աշխարհի տարբեր երկրներում, սակայն փորձել եմ առանձնացնել այն փառատոնները, որոնք ըստ տարբեր մասնագիտական գնահատականների՝ հանդիսանում են Ա դասի կամ որակապես շատ մոտ են այդ կարգին՝ որպես կինոարվեստում ստեղծագործողների ամենաբարձր գնահատանք։ Իհարկե, տասնամյակների ընդմիջումից հետո Կաննի կինոփառատոնում հայկական ֆիլմի մասնակցությունն առանձնահատուկ բեկում էր՝ Նորա Մարտիրոսյանի նուրբ, լուռ կինոպոեզիայով աշխարհին պատմելով Արցախի մաշող, անվերջանալի սպասման մասին, որի քամին, կարծես ինչ-որ միստիկ կանխազգացողությամբ, ոչ միայն չհանդարտվեց, այլ վերածվեց աղետաբեր փոթորկի նույն 2020 թվականի աշնանը․․․

 

«Լուկա», համապրոդյուսեր՝ Անժելա Ֆրանգյան

 

Պրոդյուսերներ

Կինոփառատոների մասնակցությունն, իհարկե, նաև պրոդյուսերական ձեռքբերում է, և այստեղ նույնպես կանանց ենք տեսնում։ «Տոմբե» և «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմերի պրոդյուսեր/համարտադրող պրոդյուսերն է Անի Որսկանյանը (ԱնԷվա փրոդաքշն), Անգինե Իսանյանսը նաև իր ֆիլմի պրոդյուսերն է, իսկ արդեն այս տարի Ռոտերդամի կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Լուկայի» հայաստանյան համապրոդյուսերն է Անժելա Ֆրանգյանը (ԴոԿինո փրոդաքշն), իսկ գլխավոր դերերից մեկում՝ Ջերալդին Չապլինի խաղընկերն է Սամվել Թադևոսյանը:  

 

«Ֆիլմի հաջողության 50%-ը գումարի հայթայթումն է»,- ասում է Նորա Մարտիրոսյանը, որը համեստորեն կիսում է Կաննի մրցութային ծրագրում ներկայացվելու ձեռքբերումն իր թիմակիցների հետ․ «Իհարկե, այն, որ Ֆրանսիայում եմ բնակվում, այստեղ տարբեր ծրագրերի ու փառատոների եմ մասնակցում, ինձ հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ հոգալ ֆինանսական հարցերը։ Սակայն, երբ մենք արդեն եվրոպական գումարը ստացած եկանք Հայաստան՝ փորձելով համարտադրություն ձևավորել, իմ բախտն անչափ բերեց, երբ ես հանդիպեցի Անի Որսկանյանին, ով առաջին հերթին պատշաճ կերպով դիմեց Կինոկենտրոն և ինձ օգնեց թիմ հավաքել Հայաստանում, որը պրոֆեսիոնալ էր, փորձ ուներ ու ցանկություն՝ պրոֆեսիոնալ ձևով աշխատելու»։ 

 

Կինոարտադրության ու պրոդյուսերական դաշտի կայացման դրական զարգացումների կողքին, Մարտիրոսյանն, ամեն դեպքում, նկատում է մեր՝ ոչ միայն կինոյին, այլև առհասարակ մշակութային դաշտին հատուկ մի խնդիր․ մենք շարունակում ենք ներփակված մնալ՝ չունենալով այլ երկրների հետ փորձի փոխանակման, մտահորիզոնն ու կարողություններն ընդլայնելու այնպիսի հասանելի հնարավորություններ, ինչպիսիք կային, օրինակ, սովետական կինոարտադրության համար, կամ որպիսիք այսօր ունեն Եվրոպայում։ Սա, իր հերթին, բերում է այս միջավայրից դուրս եկող պատմությունների ընդհանուր գծերի նմանության, ինչը կոտրելը նույնպես խիզախություն է պահանջում ստեղծագործողից․ «Էդ ցանկությունը՝ այստեղից եկող ֆիլմերում տեսնել խեղճին, հատուկ է արևմտյան հանդիսատեսին, նույնը ակնկալում են Վրաստանի, Ուկրաինայի ֆիլմերից և այլն․․․ Սա կարող ենք կոտրել ինքներս մեզ թույլ տալով այլ սյուժեներ վերցնել, չդառնալ էն մեկը, ում ուզում են թելադրել իրենց ցանկացած պատմությունները»,- ամուր լավատեսությամբ ասաց Նորան:

 

Կանայք էկրանից

Հետաքրքիր են վերջին տարիների ֆիլմերում կանանց կերպարները՝ կնոջ մատուցմամբ։ «Տոմբեն» երիտասարդ կնոջ՝ մեր իրականության սոցիալական, բարոյական ճնշման ու կիսախավարի միջից (կարճամետրաժի իրադարձությունները տեղի են ունենում մի գիշերվա ընթացքում) սեղմված ատամներով դուրս գալու զուսպ ըմբոստությունն է՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանի կատարմամբ։ 

 

«Վախենալու ոչինչ չկա»-ն ծանր, լարված լռության մեջ կյանքի թելը շոշափելու վավերագրություն է, որի ընթացքում շունչդ պահած հետևում ես Արցախում ականազերծող կանանց խիզախ աշխատանքին ու անսպասելիորեն անհոգ զրույցներին՝ կյանքի ու մահվան շեմին։ Պատահական չէ, որ ֆիլմը ցուցադրվել է նաև Ռոտերդամի կինոփառատոնի “Wait and See” ոչ մրցութային շարքում, որտեղ ներկայացվում են ֆիլմեր «համբերության» մասին։ Հիշենք նաև դեռևս 2017-ին արցախյան իրականության մեկ այլ՝ խաղարկային լիամետրաժ էկրանավորում կին ռեժիսորի կողմից՝ Անահիտ Աբադի «Եվան» (գլխավոր դերում՝ Նարինե Գրիգորյան), որը մեծ քաղաքական աղմուկի թիրախում հայտնվեց և առհասարակ արգելվեց Թուրքիայում։ Իսկ «Ավրորայի լուսաբացն» արդեն բոլորին հայտնի Ավրորա Մարդիգանյանի հուզիչ ու անհավանական կյանքի վավերագրությունն է՝ ցեղասպանության վերապրման իր պատմության անիմացիոն էկրանավորման միջոցով։ 

 

«Եվա», ռեժիսոր՝ Անահիտ Աբադ

 

Ի՞նչ է փոխվել

Վերջին հինգ տարիների ընթացքում բուռն գործընթացներ տեղի ունեցան մեր կինոոլորտում՝ խթանելով ավելի լայն մասնագիտական դիսկուրս ոլորտի կազմակերպման ու կանոնակարգման վերաբերյալ։ Արդյունքում, ընդունվեց «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը, Ազգային կինոկենտրոնում որոշակի քաղաքականություն որդեգրվեց դեբյուտային ֆիլմերի խրախուսման ուղղությամբ, դաշտն ավելի ազատականացավ ու նպաստավոր (բայց բնավ դեռ ոչ կատարյալ) պայմաններ ստեղծվեցին միջազգային համատեղ կինոարտադրության համար, ինչը մեծապես նպաստեց նոր անունների ի հայտ գալուն։ Վերջին տարիներին Հայաստանում տեղի են ունենում նաև կինոնախագծերի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր, ինչպես, օրինակ, ԵվրասիաԴոկը, որտեղից սկիզբ են առել բազմաթիվ հաջողակ վավերագրական ֆիլմեր, կամ Ոսկե Ծիրանին կից գործող C2C կինոշուկան։ Նման հարթակներում տեղացի կինոնաարտադրողները կարողանում են միջազգային գործընկերներ ձեռք բերել և հարթել ֆիլմի զարգացման ու իրականացման հետագա ուղին։ 

 

Այսօր, համեմատելով Ազգային կինոկենտրոնի վերջին հինգ տարիների վիճակագրությունը, ունենք հետևյալ պատկերը․ 2018-2021թթ․ արտադրություն մտած լիամետրաժ 17 ֆիլմերից (խաղարկային և գեղարվեստական վավերագրություն) 5-ի ռեժիսորը և 8-ի պրոդյուսերները, 24 կարճամետրաժներից՝ 10-ի ռեժիսորն ու 9-ի պրոդյուսերը, մուլտիպլիկացիոն 25 ֆիլմերից՝ 15-ի ռեժիսորն ու 19-ի պրոդյուսերը կանայք են։ 

 

Ով է պատրաստ գնալ զոհողությունների

Պրոդյուսեր Արմինե Անդան, որը նաև Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի ակտիվ ջատագովներից ու նախաձեռնողներից էր, կինոյում միջազգային հաջողությունների բավականին վաղ փորձ ունի՝ նրա «Ժաննան և ձայները» դեռևս 2011-ին մասնակցել է հարավկորեական Պուսանի նշանավոր կինոփառատոնին։ «Կարող եմ սխալվել, բայց իմ տեսանկյունից, կանայք այսօր ավելի են պատրաստ իրենց երազանքների հետևից գնալու, դրանց համար զոհաբերություններ անելու (իսկ առանց դրա չի լինում)։ Ամենակարևոր գործոնը, իմ ընկալումով, սա է»,- զրույցում նշեց Անդան։ 

 

Այս տարի նրա «Հոշկի ֆիլմ» ֆիլմարտադրող ստուդիան միանգամից երեք ֆիլմով ակտիվորեն մասնակցում է տարբեր կինոփառատոնների՝ Վիկտորյա Ալեքսանյանի «Կապույտի միջով» (որում Անդան նաև գլխավոր դերն է խաղում), Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն և հենց իր անիմացիոն «Թռչող տերևների երգը» կարճամետրաժները։ (Ի դեպ, հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել․ կին պրոդյուսերները առավելապես աշխատում են հենց կին ռեժիսորների հետ․ գուցե սա նոր կին-կինոյի ալիքի գրավականների՞ց է․․․) «Այսօր կանայք հավասարապես հայտնվել են հեղինակային կինոյի ստեղծման ձգտման ու իրականացման մեջ։ Պրոդյուսերների մեջ՝ նույնիսկ լրջորեն գերակշռում են։ Անձնական գործոնն, այդպիսով, իմ կարծիքով ամենաուժեղ երաշխիքն է»,- ասում է Արմինե Անդան։

 

«Երբ ես տխուր եմ», ռեժիսոր՝ Լիլիթ Ալթունյան, պրոդյուսեր՝ Արմինե Անդա

 

Ավրորայի վերադարձը

Պրոդյուսերական ամուր ավանդույթներ ունի նաև վավերագրական կինոյի «ԲԱՐՍ» ստուդիան, որի շատ ֆիլմերի պրոդյուսեր ու համահեղինակ է հանդիսացել Իննա Սահակյանը։ Այս անգամ նա փառատոնային շրջագայության է մեկնել ռեժիսորի կարգավիճակում՝ իր Ավրորայի հետ։ Հեռավար կերպով զրուցեցինք կինոարտադրության պահանջների ու յուրահատկությունների մասին․ «Կանայք այսօր շատ ավելի նպատակասլաց են, աշխատասեր ու դժվար են հանձնվում։ Պատճառները բազմաշերտ են՝ սոցիալական դերաբաշխումներից, կարծրատիպերը հաղթահարելուց մինչև անձնական որակներ։ Կինոարտադրությունը, մանավանդ համատեղ արտադրությունը շատ բարդ ընթացք ունի գաղափարը նախագծից մինչև պատրաստի ֆիլմ դարձնելու ճանապարհին՝ թե՛ ստեղծագործական և թե՛ պրոդյուսերական տեսակետից (սա ներառում է նաև մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկներ, ստրատեգիկ պլանավորում, լեզվի իմացություն, իրավաբանական գիտելիքներ և այլն)։ Կանանց վերոնշյալ հատկությունները նպաստում են, որ նրանք չհանձնվեն ու իրականացնեն նախագծերը։ Նաև ոլորտի վերջին բարեփոխումները, որոնք բերել են կինոֆինանսավորումը Հայաստանում թափանցիկ մրցութային դաշտ, նպաստում են կանանց առավել ակտիվ ներգրավման»։ 

 

 

«Ավրորայի լուսաբացը», ռեժիսոր՝ Իննա Սահակյան

 

Իննայի հետ կիսվեցի իմ դիտարկմամբ, որ Ավրորայի պատկերն ու պատմությունը մեծ էկրան վերադարձնելն ինչ-որ տեղ խորհրդանշական է դառնում․ դեռևս 1918-ին Ավրորան նկարահանվել էր «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում, որտեղ վերապատմում էր ցեղասպանության վերապրման իր պատմությունը՝ սարսափներով ու անհավանական շրջադարձերով լի։ Ֆիլմը մեծ հաջողություն էր գրանցել ժամանակին և հսկայական դրամական հանգանակություն հավաքագրել Մերձավոր Արևելքի նպաստամատույցի համար, որն ուղղվել էր ցեղասպանությունից փրկված հայ որբերի խնամքին։ Անհայտ պայմաններում ֆիլմի կորստից հետո Ավրորան մոռացված էր երկար տարիներ, սակայն նրա ցնցող պատմությունը չէր կարող անվերադարձ ջնջվել ինչպես մեր հիշողությունից, այնպես էլ՝ կինոյից․ «Ըստ իս, թարմ անձնական տրավմաների մասին հանրային խոսելու ունակությունը Ավրորային դարձնում է եզակի ուժեղ կերպար համաշխարհային կինոժառանգությունում։ Մեր կինոյում վերջին տարիներին շատ ավելի շատ ենք հանդիպում կնոջ պատմությունների, ինչպես, օրինակ՝ «Չնչիկում» (խմբ․՝ գլխավոր դերում՝ Լիլի Էլբակյան), Դիանա Կարդումյանի ֆիլմերում, և ես հույս ունեմ, որ Ավրորայի վերադարձը կնպաստի ուժեղ, չհանձնվող, մարդասեր կնոջ կերպարի վերահաստատմանը հայկական կինոյում»,- ասում է Իննան։

 

Նախ՝ կայանալ ներսում

«Միգուցե ես ասեմ պարադոքսալ մի բան, բայց որպեսզի լինել ճանաչված միջազգային հարթակում, կամ հասնել համաշխարհային բարձունքի, պետք է կայանալ ներսում։ Շատ կարևոր է, որպեսզի հեղինակը ինքը սնվի ներսի խնդիրներից և ունենա այդ մտքի ուժը, որ կարողանա դրա մասին խոսել և արտացոլել։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք աշխարհից, դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք աշխարհի տվածը ճիշտ մարսել և կիրառել, և խոսել ներսից։ Որովհետև, իրականում, դրսի մարդկանց հետաքրքիր է՝ ով են, ինչ են էս մարդիկ, նրանց հետաքրքիր է ներսի հայացքը»,- նշում է Մարիամ Օհանյանը, որն ընդգծեց, որ նախորդ տարի «ԿԻՆ» կինոփառատոնի ֆիլմացանկը բավականին հագեցած էր հայ ռեժիսորների աշխատանքներով։ 

 

Այդպիսի «ներքին» հայացքով են մեր իրականությանը նայում, օրինակ, Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը», Իննա Մխիթարյանի «Թոնրատուն», Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» վավերագրականներն, Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժը (գլխավոր դերում՝ Նանոր Պետրոսյան), որոնցում մեր կողքին ապրող կանայք կարծես իրենց առանձին միկրոտիեզերքն ունեն՝ համակեցության սեփական օրենքներով։ Տղամարդու ներկայությունից գրեթե զուրկ այդ միջավայրում նրանք կարողանում են յուրովի անկաշկանդ, զգացմունքային ու փխրուն լինել, և նույնիսկ տեսախցիկը չի շփոթեցնում իրենց՝ կին ստեղծագործողի հմտության շնորհիվ։ 

 

Մյուս կողմից՝ Արուսյակ Սիմոնյանի ինքնակենսագրական «Իմ նոր տարին» կարճամետրաժը հայացքը դարձնում է կնոջ կորստյան ցավին․ երկրաշարժի և Վազգեն Ա կաթողիկոսի ելույթի վավերագրությունը միահյուսվում է ռեժիսորի մանկության պատկերների խաղարկմանը, որտեղ վշտացած ընտանիքի հայրն ուժ է գտնում ծանր ավերակների տակից հետ հավաքել զավակների ամանորյա հեքիաթի փշրանքները։ 

 

«Ավլելով Երևանը», ռեժիսոր՝ Նաիրի Հախվերդի

 

«Լինում է չի լինում», ռեժիսոր՝ Էմիլի Մկրտչյան

 

Համարձակ ու «ներքին» հայացքով կոնֆլիկտի տարբեր շերտեր են բացում դեռևս աշխատանքային փուլում գտնվող մի քանի վավերագրական ֆիլմեր, որոնք շուտով հասանելի կլինեն հանդիսատեսին։ Լիլիթ Մովսիսյանի «Պայքարը» երիտասարդ աղջկա՝ մեր հանրության մեջ իր երազանքի ետևից գնալու մասին է, երբ այդ ճանապարհին խոչընդոտում են նույնիսկ ամենամտերիմների իղձերն ու ակնկալիքներն իրենից։ Անժելա Ֆրանգյանի «Թթի տնական օղին» Արցախի իրականության պատկերապատում է՝ թաթախված կոտրված երազանքների ու ճակատագրերի՝ օղու պես «սիրտ այրող» ցավով։ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» գեղարվեստավավերագրական ֆիլմը կծանոթացնի Արցախում բնակվող հինգ կանանց հետ, ում լուսավոր պատմությունները բեկվում են պատերազմով, սակայն շարունակում ընթացքը՝ հանուն երազանքի․․․ Նարե Մկրտչյանը պատերազմի մեջ գտել է ինքնահաղթահարման ու հույսի ցնցող պատմություններ, իսկ Շողակաթ Վարդանյանը վավերագրալ է իր ամենաանձնական, անպատմելի ցավը՝ սեփական պատերազմի առերեսման միջոցավ․․․ 

 

Հետգրություն

Հավանաբար այս շարքն արդեն շատ է երկարում՝ մեկ հոդվածում տեղավորելու համար, և ինչ խոսք՝ դա ուրախալի է։ Ուրեմն թող բազմակետերը խորհրդանշեն կին ռեժիսորների գալիք համարձակ կինոնախագծերն ու ձեռքբերումները, որոնք վստահաբար լինելու՛ են՝ մեր կինոոլորտին ու հանդիսատեսին, հայաստանյան ու միջազգային մեծ էկրաններին բերելով խիզախ, անկեղծ, փխրուն և պայքարող պատմություններ։ Պատմություններ, որոնք ոչ միայն իրենց արժանի տեղը կգտնեն մեր 100-ամյա կինոյի նոր էջերում, այլև համարձակորեն կխոսեն ցավոտ թեմաներից, լսելի կդարձնեն մինչ օրս խեղդված ձայներն ու կուղեկցեն մեր հանրությանը՝ ինքնաճանաչման, ինքնաբացահայտման ու ինքնահաշտեցման ճանապարհին․․․

հավելյալ նյութեր