Լորան Ռենո․ ճանապարհորդ լուսանկարիչը Երևանի փողոցներում
Կադրերի բաժին

Լորան Ռենո․ ճանապարհորդ լուսանկարիչը Երևանի փողոցներում

Ինչպես ֆրանսիացի լուսանկարիչը ճամփորդելով հասավ Երևան, լուսանկարեց տեղացիներին ու խոստացավ նորից վերադառնալ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Լորան Ռենոյի

 

#Արվեստ

Լորան Ռենո / Լուսանկարը՝ Շաքե Արմենիի

Լորանը Ֆրանսիայից է, Լիոն քաղաքից։ Մասնագիտությամբ էլեկտրիկ է, իսկ այ հոբիներ նա շատ ունի։ Երկար տարիներ շատ լրջորեն սնոուբորդով է զբաղվել ու ճամփորդել աշխարհով։ Հետո ձեռքն է առել ֆոտոխցիկը ու դուրս եկել Լիոնի փողոցներ։ Միայն ինքն էր, իր խցիկն ու երաժշտությունն ականջներում։ 

 

Այսպես, ֆոտոխցիկն ու ճանապարհները Լորանին տարան Ղրղզստանան, Վրաստան, Լիբանան, Չինաստանի տարբեր խոշոր քաղաքներ, Ինդոնեզիա, Ջակարտա, Հնդկաստանի տարբեր քաղաքներ, Կորեա, Ճապոնիա, Նոր Զելանդիա և գրեթե բոլոր Եվրոպական երկրներ, վերջերս էլ նաև Հայաստան։ 

 

Լիոն, Ֆրանսիա

 

Տոկիո, Ճապոնիա

 

«Ես փորձում եմ օգտագործել  փողոցում, իմ շուրջ գտնվող տարածությունը լավագույնս և որսալ դրա ընձեռած հնարավորությունն ամբողջությամբ։ Եթե տարածքում կա ապակի, որն արտացոլում է, ես անպայման կօգտագործեմ դա։ Ամենուրեք կա լավ կադր, պետք է միայն նայել ու տեսնել։ Երբեք չունեմ նախօրոք պլանավորած կադրեր, չեմ փորձում նմանակել որևէ մեկին, ինձ պետք չեն սուպեր մոդելներ ու անթերի մեյքափ։ Ես պարզապես փորձում եմ որսալ պահը։ Դա ինձ համար շատ կարևոր է»,—ասում է Լորանն ու հավելում, որ իր լուսանկարների միակ պլանավորողը լույսն է ու ինքն ամենուրեք հետևում է լույսին։ Շատ բան կախված է պահից, տրամադրությունից, լույսից։ 

 

«Երևանում ամենից շատ հենց փողոցներն եմ սիրում։ Երբեք չգիտեմ թե ինչ կկատարվի հաջորդ խաչմերուկում կամ ում կհանդիպեմ։ Երևանի փողոցներում լուսանկարելը միշտ շատ հաճելի արկած է։ Մարկանց մեծ մասը խոսում է անգլերեն, մի մասը նույնիսկ ֆրանսերեն գիտի, դա ևս շատ հաճելի է»,— ասում է Լորանն ու հիշում թե ինչպես են իրեն զարմացրել հատկապես մի քանի անծանոթներ։ 

 

 

 

 

Օրինակ՝ մի անտուն կին, որը հրաշալի խոսում է անգլերեն, գերմաներեն ու ռուսերեն, հրաշալի դաշնամուր է նվագում և որի հետ իր հյուրասիրած մի բաժակ կապուչինոյի շուրջ հնարավոր է զրուցել ամեն ինչից ու նաև հայերեն սովորել։ Լորանը հաճախ է քայլում դեպի քաղաքի այն հատվածմերը, ուր դեռ երբեք չի եղել Google Map-ի օգնությամբ։ Այդպես քարտեզի վրա Նորագյուղը հայտնաբերելով քայլեց այդ կողմ ու երբ փորձեց լուսանկարել մի միայնակ ծեր կնոջ՝ ժեստերից ու տոնից հասկացավ, որ դա կնոջն այդքան էլ դուր չեկավ։ Շփոթված Լորանը չգիտես ինչու ֆրանսերեն նորողություն հայտնեց «d'accord,pas de problème, Merci,au revoir» ու զարմանալիորեն ստացավ ֆրանսերեն պատասխան։ Արդյունքում՝ երկար զրույց տատիկի տանը, «հայկական» տնական սև սուրճի շուրջ ու լիքը նոր գիտելիքներ հայոց պատմությունից։ 

 

 

 

 

Երևանում Լորանն արդեն ոչ միայն շատ ընկերներ ունի, այլև շատ երևանյան անկյուններ գիտի ավելի լավ քան հենց երևանցիները։ «Շատ եմ սիրում Երևանի մթնոլորտը, մարդկանց հետ կապը։ Ամենից շատ սիրել եմ հայ մարդկանց։ Ինչպես են նրանք նայում աչքերիդ, ինչքան բարի են, հյուրընկալ, միշտ պատրաստ են օգնել։ Եվ երբ ասում եմ, որ ֆրանսիացի եմ, կապն ավելի է ամրապնդվում»,— ասում է Լորանն ու խոստանում ամռանն էլի գալ ու մի նախագիծ էլ Արցախում իրականացնել։ Ամեն բան արդեն մտածել է, բայց գաղտնիքները չի բացում։ 

հավելյալ նյութեր