Լսելը ցրում է վախը
Փոդքասթինգ

Լսելը ցրում է վախը

Ինչպես ստեղծել ազդեցիկ աուդիո պատում

Տեքստը՝ Քնար Խուդոյանի


ԵՐԵՎԱՆ #60 | 2020

Մարդիկ իրար պատմում են բաներ վաղ մանկությունից։ Պատմելն այնքան բնական է, որ չենք հիշում, թե երբ ենք սովորել։ Բայց արի ու տես, կա պատմելու արվեստ։ Կան լավ ու վատ պատմողներ և փոփոխվող չափանիշներ, խոսքի վարպետներ, հեղինակություններ և լռեցվածներ։ Ինչպե՞ս պատմել, ստեղծել ձայնային պատում, որ կազդի լսողի վրա, գուցե նույնիսկ լսողից անդին՝ կունենա հասարակական փոփոխության ազդեցություն։ Ձայնային մեդիայով ստեղծագործելու իրենց գաղտնիքները հայաստանցի փոդքասթերներին պատմեցին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Lսիր ինձ հիմա» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ամերիկացի փորձառու փոդքասթերները։ Ներկայացնում ենք խորհուրդներ նրանց դասընթացներից։

 

Էրիկա Լանցն աշխատել է WBUR (Բոսթոն) հանրային ռադիոընկերությունում, թղթակցում է Snap Judgement փոդքասթին։ Նա մասնագիտացված է նարատիվ պատմություններում։ Լանցը նաև հեղինակել է Kind World-ը, որի յուրաքանչյուր էպիզոդ մի հերոսի մասին է։
 
Սքոթ Քերիերն անկախ ռադիոպրոդյուսեր է, Փիբոդի մրցանակի դափնեկիր։ Սքոթի պատմությունները հեռարձակվել են This American Life փոդքասթում, իսկ 2015-ին նա սկսել է իր փոդքասթը՝ Home of the Brave։
 
Այք Սրիսկանդարաջան հետաքննական Reveal փոդքասթի պրոդյուսեր է։ Փոդքասթը լուսաբանում է մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի բացահայտման դեպքեր։

 

Ո՞ՐՆ Է ԼԱՎ ՁԱՅՆԱՅԻՆ ՆՅՈՒԹԸ

Սքոթ Քերիեր

Լավագույն շոուները նրանք են, որտեղ ներկայացվում են հակադիր կարծիքներ այնպես, որ չհամաձայնվող կողմերը չեն սպանում իրար։ Որովհետև երբ մարդիկ լսում են միմյանց, վախը վերանում է։ Լսելը վերացնում է վախը։ Վախը Ուրիշի հանդեպ։ Ինչպես ասել է լեհ գրող Ռիշարդ Կապուչինսկին, երբ մենք հանդիպում եմ Ուրիշին, հետևյալ երեք բաներից մեկը պետք է անենք՝ պատերազմել նրա դեմ, պատեր կառուցել նրա շուրջ, կամ նրա հետ երկխոսության մեջ մտնել։ Լրագրությունն այդ երրորդն է, այն երկխոսելու մասին է։

 

Ո՞ՐՆ Է ԼԱՎ ՀԵՐՈՍԸ

Այք Սրիսկանդարաջա

Լավ հերոսը պետք է ունենա ներքին կոնֆլիկտ։ Այդ կոնֆլիկտը բոլորն ունեն, լրագրողի գործն է այնպիսի հարց տալ, որ զրուցակցին ստիպի մտավոր ըմբշամարտի մեջ մտնել։ Բացի այդ, զրուցակիցը պետք է վերբալացնի իր ներքին կոնֆլիկտը։

 

Էրիկա Լանց

Ես անում եմ պատմություններ, որտեղ կա նարատիվ կառուցվածք, նաև հերոս, որի հետ ինչ-որ բան է պատահում, և նա պետք է դա հաղթահարի։ Հետևաբար ինձ համար կարևոր է զարգացնել պատմությունը։ Կարծում եմ՝ լավ պատմության համար անհրաժեշտ է սասփենս, որը հանգուցալուծվում է վերջում՝ հաճախ անսպասելի, և հերոսը ինչ-որ բան է սովորում, հասկանում, անում արդյունքում։ Այս կառուցվածքով է պահվում լսողի ուշադրությունը։ Ձայնով կարելի է խթանել լսողների երևակայությունը։ Նրանք պատկերները ստեղծում են իրենց մտքում՝ ի տարբերություն հեռուստատեսության, որտեղ ամեն ինչ ասվում և ցույց է տրվում։

 

Ո՞ՐՆ Է ՌԱԴԻՈՊԱՏՄՈՒԹՅ ԱՆ ԵՎ ՓՈԴՔԱՍԹԻ ԷՊԻԶՈԴԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Այք Սրիսկանդարաջա

Փոդքասթում կարող ես, օրինակ, երաժշտությունն օգտագործել ավելի հեշտ ու հետաքրքիր, քան ռադիոյում։ Ռադիոյում կան կանոններ, որոնք փոդքասթներում կարող ես խախտել։

 
Այք Սրիսկանդարաջան

 

Հիմնական տարբերությունն ինձ համար ժամացույցն է։ Ռադիոյում պետք է տեղավորվես սահմանված ժամանակի մեջ, ասենք, պատրաստել երեք րոպեանոց ռեպորտաժ։ Եվ այդ ժամանակահատվածում հասցնել ասել հիմնական կարևոր բաները։

 

Իսկ փոդքասթում կարող ես պատմությունն ամբողջությամբ պատմել այնքան երկար, որքան պահանջում է հենց պատմությունը։ Ինչպես ոլորտում ընդունված է ասել, ձայնային տեսարանները հասցնում են «շնչել», ստիպված չես լինում, օրինակ, կտրել-թափել մարդու շունչը, դադարները կամ խոսքի ընդհատումները։ Մարդիկ փոդքասթում հնչում են բնական, ինչպես կյանքում։

 

Կարող ես ստեղծել տեսարան, լսողին տեղափոխել այնտեղ ու սուզել նրան 360 աստիճանի ձայնային միջավայրի մեջ։
 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ԶԲԱՂՎՈՒՄ ՓՈԴՔԱՍԹԻՆԳՈՎ

Սքոթ Քերիեր

83 թվին, երբ ես սկսեցի աշխատել NPR-ում, այնտեղ հավաքվել էր շատ ստեղծագործ թիմ։ Նրանց առաքելությունն էր պատմություն պատմելու նոր ձևեր հորինել։ Հետո սկսեց կարևորվել լուրերը և ստեղծարարները հեռացվեցին աշխատանքից։ Սակայն նրանցից շատերը սկսեցին իրենց դպրոցները, իրենց նախագծերը՝ փոդքասթները։ Այրա Գլասի, Third Coast ձայնի փառատոնի հիմնադիրների և նման այլ լավատես մարդիկ փոխանցում են ռադիոյի հանդեպ սերը երիտասարդներին, սովորեցնում են՝ ինչպես արտադրել ռադիո։

 

Նաև փոդքասթինգի՝ նոր տեխնոլոգիայի շնորհիվ, մեծ լսարան է բացվում։ Այս երկու պատճառով, կարծում եմ, հիմա կան շատ երիտասարդներ, որոնք հետաքրքրված են և նվիրված աշխատում են։

 

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐՑՆԵԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սքոթ Քերիեր

Ոչ ոք քեզ հետաքրքիր բան չի ասի, մինչև չվստահի։ Ինչպե՞ս ձեռք բերել վստահություն։ Ես ռադիոյի աշխարհում ունեմ լավ հարցազրույցներ ստացողի համբավ։ Եվ դա ճիշտ է, ես լավ հարցազրույցներ եմ վերցնում։ Իմ բանաձևը թափանցիկ լինելն է։ Բարեբախտաբար, լրագրողի համար թափանցիկ, բաց, ազնիվ լինելը հեշտ է, քանի որ լրագրողի գործը հենց դա է. ճշմարտությունը պատմելը։ Լրագրողը չպետք է խաբի։ Մարդիկ զգում են, երբ դու ինչ-որ բան թաքցնում ես, արդյոք անկեղծ ես, արդյոք ինքնավստահ ես քո գործի մեջ, արդյոք չար ոգիներով պաշարված ես։

 
Սքոթ Քերիերը

 

Եղեք անկեղծ՝ ինչ նպատակով, ինչ եք ուզում իմանալ, ինչ ես անելու այդ հարցազրույցի հետ։ Հարցազրույցի տարածքը պետք է հավասար կիսես քո զրուցակցի հետ, նույնքան տեղ զբաղեցնես։ Մարդիկ շատ անձնական, ինտիմ բաներ են ինձ պատմում։ Ինչու, որովհետև մարդիկ սիրում են պատմել, մարդիկ ուզում են լսված լինել, հասկացված լինել։ Երբ մի բան պատմում են, լավ են զգում։ Ու երբ ձեզ վստահում են, չեն վախենում, որ դու իրենց վատ կներկայացնես, կամ կաղճատես ասածը։

Ասեք, որ լրագրությունը ձեր աշխատանքն է։ Մարդիկ՝ անկախ մշակույթից, աշխատանքը հարգում են, և կուզեն ձեզ օգնել։
 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՆՈՆ ՎԵՐԱԾԵԼ ՓՈԴՔԱՍԹԻ

Այք Սրիսկանդարաջա

Փոդքասթինգը հետաքրքիր դարձրեց նաև աուդիոյով աշխատող ստեղծագործական ոլորտների մասնագետների գործը։ Օրինակ՝ թատերագետների, կինոգետների։ Մեծ կինոթատրոններն ԱՄՆ-ում ներդրումներ են անում ոչ միայն կինո, այլև ռադիոդրամաների արտադրության մեջ։ Ասենք, սուպերհերոսների մասին շատ պոպուլյար կինոպատմությունների ցուցադրման տոմսն արժե 12 դոլար, իսկ դրանց փոդքասթային տարբերակները՝ մի քանի սերիաներով պատմված, անհամեմատ մատչելի են: Փոդքասթ են դառնում ոչ միայն պատկերապատումներն ու գրաֆիկական նովելները (Մարվելի Wolverine-ի նման), այլև սարսափ պատմությունները, թրիլերները (Homecoming-ի նման, որը հեռախոսային զանգերից կազմված հոգեբանական թրիլեր է): Ստեղծվում են փոդքասթներ ֆիլմերի ստեղծագործական ընթացքի մասին: Մի խոսքով՝ ձայնը դառնում է գործիք վիզուալի համար:

 

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՅՆՔԸ

Էրիկա Լանց

Փոդքասթերներից պահանջվում է շատ մեծ ստեղծագործականություն, որպեսզի մտածեն ու գտնեն իրենց և միմյանց լսարանն ընդլայնելու ձևեր։ ԱՄՆ-ում ասում ենք՝ մեծ ալիքները բոլոր նավերին հավասարապես բարձրացնում են։ Մեկ փոդքասթերի հաջողությունն օգնում է մյուսներին: Նրանք առաջխաղացում են ապահովում միմյանց համար, եթե համագործակցում են և կարիք չունեն միմյանց դիտարկել որպես մրցակիցներ։ Հաջողված փոդքասթերների համայնքներին նույնիսկ հաջողվում է նվիրատվությամբ ֆինանսավորվել։

 

ՓՈԴՔԱՍԹԻՆԳԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Սքոթ Քերիեր

Ինձ հետաքրքիր էր, արդյոք կհաջողվի՞ մեզ թիմային աշխատել այս դասընթացի ընթացքում։ Որովետև իմ փորձը ցույց է տալիս, որ ստեղծագործելը ստացվում է, երբ ներգրավված մարդիկ ներդնում են յուրաքանչյուրն իրենց տաղանդները։ Կարծում եմ, ստացվեց, ուսանողները լավ համագործակցեցին և բոլորը կատարեցին իրենց հանձնարարությունները՝ յուրահատուկ ձևով։ Սա միշտ չի, որ ստացվում է։ Հիմա հաճախ ուսուցիչներն ու ծնողները միայն գովում են երեխաներին, ասում, որ իրենց մոտ ամեն ինչ հիանալի է ստացվում։

 

Արդյունքում երիտասարդները պատրաստ չեն ձախողվել։ Վախենում են անգամ դժվար բաներ փորձել։ Մեր ուսանողները փորձեցին ստեղծագործել։ Դա լավ սկիզբ էր։