Մենք ենք, մեր Գոռը
Կուռքեր

Մենք ենք, մեր Գոռը

Կինոքննադատ Կարեն Ավետիսյանը ԵՐԵՎԱՆի խնդրանքով վերանայել է Գոռ Վարդանյանի լեգենդար մարտաֆիլմերը ու փորձել հասկանալ, թե ինչ տեղ են զբաղեցնում նրա ժապավենները հայ կինոյի 100-ամյա պատմության կոնտեքստում։

Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի

 

ԵՐԵՎԱՆ #80 | 2023

#Կինո

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Խավարման Գոռը

Եթե հոդվածը լիներ ֆիլմ, այն կսկսվեր Մասիսից Խարբերդ ընկած ճամփի ձմեռային իրիկնային տեսարանով, որտեղ մթին ու խորդուբորդ մայթեզրով մաշած «բառցովկեքով» հոգնած, բայց հաստատուն լոնքերով քայլում էր երբեմն նույնիսկ ավտոբուսի փող չունեցող 12-ամյա տակավին անճաղատ մանուկը՝ սառնահայաց աչքերը դեպի հույսը կկոցած։


Իսկ կավարտվեր ֆիլմն այս նույնը փակ աչքերով հիշելուց հետո աչքերը բացող 26-ամյա Գոռ Վարդանյանով, որը վայրկյան հետո սև գոտի 4-րդ DAN վարպետաց աստիճանը պիտի ստանար անձամբ Չակ Նորիսի ձեռքերից։

 


Պատմություն երազել չդադարելու և կամային հաղթանակի մասին՝ ամբողջությամբ հիմնված իրական փաստերի վրա. այս գրեթե դոկումենտալ ֆիլմին սիքվել կարող են ծառայել Գոռի ֆիլմերից գրեթե յուրաքանչյուրը, քանզի մեկ տարի անց Գոռն արդեն լաքած սուրքիթ կոշիկներով մտավ կինոյի աշխարհ, որտեղ դեռ պիտի դառնար 2000-ականների ամենաանընդհատ հայ ֆիլմարտադրողներից մեկը՝ իր կառատեի գոտիների քանակից ավելի ֆիլմեր նկարահանելով ու իր տիրապետության տակ գտնվող փեշակների առանց այդ էլ տպավորիչ թիվը հասցնելով մեկ տասնյակի՝ մարզիկին, մարզչին, շինարարին, իրավաբանին, մանկավարժ-հոգեբանին և թիկնապահին ավելացնելով պրոդյուսերի, ռեժիսորի, դերասանի և կինոկոմպոզիտորի մասնագիտությունները։  


Այսօր էլ հայատառ համացանցում «Խավարման օրը» մուտքագրելով՝ կտեսնեք ոչ թե Լուսնի, Արեգակի և Երկրի տիեզերական միաուղի պատկերը նորալուսնի ժամանակ, այլ սեփական ճակատին պահած ատրճանակին ուղղված այն նույն արդեն ֆիրմային դարձած կկոցած սառնահայացը:


Մասամբ ինքնակենսագրական մոտիվներով՝ «Խավարման օրը» Վարդանյանի առաջին ֆիլմն է, որտեղ հանդես եկավ որպես պրոդյուսեր և դերասան՝ սկիզբ դնելով Գոռի համանուն կերպարին, որն ամպլուայի որոշակի փոփոխություններով կթևակոխի ֆիլմից ֆիլմ՝ պայքարելու հանուն արդարության և բարու հաղթանակի:

 

Դովլաթյանի ընտրությունը

Միլենիումի շեմին (1999-2000) խորհրդանշական վերնագրի ներքո նկարահանված «Խավարման օրը» դարձավ 21-րդ դարի հայակական վերջին VHS-հիթը՝ միևնույն ժամանակ դառնալով երևի թե վերջինը, քանի որ վարձույթը թևակոխում էր սկավառակավոր դարաշրջան:


Հաջողությունից ոգեշնչված՝ Գոռն իսկույն անցավ հաջորդ ֆիլմին, որը դարձավ «Ընտրություն» քրեա-պատերազմական դրաման՝ ակամայից դարձնելով Միքայել Դովլաթյանին հայ կինոյի ամենաբազմաժանր ռեժիսորներից մեկը (մի քանի տարում երաժշտական սիտքոմից մինչ ավանգարդիստական դրամա, դետեկտիվից՝ մոգական ռեալիզմ): «Ընտրությունը» թերևս Գոռի ամենաաստղային ու պրոֆեսիոնալ ֆիլմն էր, որում զբաղված էին թատրոնի և կինոյի ականավոր գործիչներ Լևոն Շարաֆյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արմեն Մազմանյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը և ուրիշներ, իսկ նկարչական մասի համար, օրինակ, պատասխանատու էր Եվգենյա Պոտպոմոգովան:

 

 

«․․․Մեր նպատակն է ֆիլմի միջոցով կերտել մի կերպար՝ Գոռ Վարդանյան կերպարը, որը պայքարում է արդարության համար, մարտնչող մարտիկ է ու որը կդառնա սիմվոլ, որովհետեւ ֆիլմը մի երևույթ է, որը նստում է մարդկանց գիտակցության մեջ: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել ու պահպանել այդ սիմվոլը»։

- Գոռ Վարդանյան, «Հրապարակի» հետ հարցազրույցից

 

Հալիվուդյան կինո

Դեռևս ամենաառաջին փորձերից պարզ դարձավ նաև, որ արտերկրի հայկական գաղթօջախներում այս ֆիլմերն ունեն ավելի մեծ պահանջարկ, քան հայրենիքում:


Պատճառները սկզբում օբյեկտիվ էին՝ կինոթատրոնային վարձույթի ու առհասարակ հարթակների բացակայություն։ Սակայն հետո կպարզվի, որ ժանրային մարտաֆիլմերի և կրիմինալ դրամաների պահանջարկը սփյուռքում գնալով աճում է, իսկ Հայաստանում՝ նվազում. ինչի առհավատչյան դարձավ նաև Վարդանյանի արտադրա-շուկայական վեկտորի փոփոխությունը, իսկ տարիներ անց Լոսը դարձավ նաև Գոռի համար ֆիլմի գործողությունների կատարման վայր և հերթական մեծ երազանքի իրականացում՝ նկարահանել ֆիլմ «Հալիվուդում»։ Ի դեպ «Ստվերները դրախտում»-ն անգլալեզու է՝ հայերեն հնչյունավորմամբ՝ ևս մի եզակի փաստ հայ կինոյի համար:  


Թվում էր, թե հոլիվուդյան ֆիլմ նկարահանելը կարող էր լինել արդեն նրա մասին կենսագրական ֆիլմի երկրորդ մասի եզրափակիչը, բայց առաջին և երկրորդ մասերի վերջվածքները հանգավորելու համար հիշենք. 2018 թվական, Գոռ Վարդանյանը կարգվում է Սև գոտի 7-րդ DAN Դոն Դրագոն Ուիլսոնի երկաթե ձեռամբ:


Ինքնակենսագրականի առաջին մասն անխոս ավելի տպավորիչ էր և անկեղծ՝ սպորտային մեծ հաջողություններ, բազմազան դպրոցներ ու ֆեդերացիաներ, սպորտի մասսայականացում, այ իսկ կինոյի էջերն անգամ գիտակցական ծայրահեղացումներով դժվար է զերծ պահել քննադատության տեղատարափից ու եթե էսթետիկական մեղադրանքները կհնչեն սնոբական ու բավական անտեղի, ապա էթիկական մասը՝ ակներև հիմնավոր:

 

 

Մեր պատասխանը Վանդամին

Խաղի կանոններն ընդունելով՝ Վարդանյանի ֆիլմագրությանն ընդհանուր առմամբ պետք է վերաբերվել որպես թրեշային, B-movie-ական ժանրային կոմերցիա, որն ունի յուրաքանչյուր ֆիլմարտադրություն, առավել ևս՝ դուրս եկած ուշ 90-ականների կոնտեքստից, որտեղ իշխում էին Գոռին սև գոտի շնորհող էկրանային աստղերը, տարատեսակ վանդամներն ու մարկդակասկոսներն ու քանի որ ամեն բան ուշ է հասնում Հայաստան, մենք ունեցանք մեր Վանդամին արդեն այն շրջանում, երբ կինոաշխարհի վրայով ձեռք֊ձեռք ճախրում էին դարանած վիշապն ու թաքնված վագրը, իսկ Նեոն հեզաճկվում էր մոտեցող փամփուշտից։

 

Առաջին ֆիլմերից հետո՝ Վարդանյանի աշխատանքները քանի գնում, շեղվում են դրամատուրգիական հավաքվածության անգամ չնչին հավակնություններից և դառնում են պայմանական դատարկապատումներ՝ լի դանդաղաշարժ երկխոսություններով, պարզունակ ինտրիգներով, գլխավոր հերոսի ճակատայինությամբ ու անբովանդակությամբ ու դե իհարկե գռեհկություններով, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում բռնության էսթետիզացիայի ճկուն շրջանակներում՝ պատմության մեջ դեռևս թողելով մեմեր դարձած էպիզոդներ՝ «էս տռուսիկներդ հավաքի մի հատ», «յու՛, ֆաքին բասթըրդ» ու դե ամենալեգենդար՝ «ա էտը յա զակազիվալ յաիսնիցու»:


Հայ կինոյի տարիքի ուղիղ կեսին հասած Գոռ Վարդանյանը կինոյի անբաժան մասն է, առանձնացող ժանրային կինոյի հանդեպ իր թիրախամետ հետևողականությամբ, նախանձելի աշխատասիրությամբ և անցած 100-ամյակին համահունչ տոքսիկ արականությամբ, որի վերանայումը պիտի կոչված լինի դառնալու 100-ամյակի գլխավոր առաքելություններից մեկը, քանի մեծ էկրաններ չի բարձրացել Գոռի գալիք ֆիլմը՝ «Սարոյան եղբայրները»՝ ևս մեկ երկխոսություն հայ կինոյի հետ, որի հիմքում ընկած է երկու աշխարհների բախումը, ինչպես այս և ԵՐԵՎԱՆ ամսագրի սույն համարի մնացած հոդվածների միջև:

հավելյալ նյութեր