Մհեր Մանուկյան.  «Նվաճեցինք Երևանն առանց նախապայմանների»
Իմ Երևան

Մհեր Մանուկյան.  «Նվաճեցինք Երևանն առանց նախապայմանների»

Վանաձորյան «Լավ էլիի» Մհեր Մանուկյանը պատմում է խմբի առաջին քայլերի, սուղ պայմաններում մեծ երազանքների իրականացման և Երևանն ու երևանցի աղջիկներին գրավելու մասին։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի


Լուսանկարը՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#ԻմԵրևան #Ռոք

ՎԱՆԱՁՈՐ


Երաժշտությամբ զբաղվել եմ դեռևս մինչև ծնվելս։ Ծնողներս շատ շուտ նկատեցին, որ լացիս ձայնը կտրվում է միայն երաժշտություն միացնելու պարագայում։ 

 

Առաջին լուրջ երաժշտական սիրահարությունս Վլադիմիր Վիսոցկու հանդեպ էր։ Ավելի ուշ մայրիկին համոզեցի՝ ինձ համար կիթառ գնել, որպեսզի կարողանայի կատարել նրա երգերը։ Իսկ մինչ այդ՝ դաշնամուրի դասերի էի հաճախում ու խորապես ատում էի Բախի բոլոր ֆուգաները, որոնք ուսուցիչը ստիպում էր նվագել։ Շատ հետո միայն այդ նույն ֆուգաներն ինձ համար դարձան ակնածանքի ու սիրո աղբյուր։ 

 

Պարզվեց՝ Կիրովականում մեր ճաշակի մարդիկ կային։ Մի խորհրդավոր անձնավորություն կար՝ Իլյուշը, ով ձայնագրման կետ ուներ։ Նա արևմտյան երաժշտություն էր ձայնագրում ու վճարի դիմաց տրամադրում ցանկացողներին։ Դա Կիրովականում միակ տեղն էր, որտեղ հնարավոր էր լսել այլ երաժշտություն։ Մի անգամ Իլյուշի մոտ մեզանից առաջ մի խումբ տղաներ այնպիսի երաժշտություն պատվիրեցին, որից ողջ մարմնով փշաքաղվեցինք։ Շատ արագ ընկերացանք։ Այդ տղաներից մեկն Աշոտն էր, ում հետ էլ ստեղծվեց «Ստվերներ» խումբը։ 

 

Ավելի ուշ ծանոթացա Գոռի հետ ու երեքով ստեղծեցինք Game խումբը։ Իբր՝ մեր անվանատառերով։ Տափակ անուն էր իհարկե ու, իհարկե, շատ շուտ հասկացանք, որ խումբն ապագա չունի։ Խումբ հրավիրեցինք մեր ընկերներից մեկին՝ Ալեքսին ու առաջարկեցինք բաս նվագել։ Ալեքսն օպերային երգիչ էր ու դա առաջին գործիքն էր, որ ինքը երբևէ պիտի նվագեր։ Համաձայնեց։ Ավելի ուշ մեզ միացավ Մայքը, ով ԱՄՆ-ից էր ու կամավոր էր Կիրովականում։ Հենց այս կազմով ստեղծվեց Snack-ը։ Հետո՝ երբ Մայքն ու Աշոտը մեկնեցին ԱՄՆ, Գոռի հետ միասին հիմնեցինք «Լավ Էլին»։ 

 

Snack, 1995, Վանաձոր

 

Կիրովականում 90-ականներին հետաքրքիր երաժշտական միջավայր կար։ Մի նոր սերունդ կար, որ ծարավ էր երաժշտության։ Երբ մենք մեր առաջին ելույթն ունեցանք երկաթուղայինների ակումբում, շատ արագ հասկացանք, որ անպայման պետք է շարունակել ստեղծագործել։ Հետո մեր առաջին լիարժեք համերգն ունեցանք տիկնիկային թատրոնում։ Պայթյունի էր նման։ Էդ երեխեքը, որ ծայրից ծայր լցրել էին դահլիճը, այնպես էին ցնցում շենքը՝ թռվռում, հանում բաճկոններն ու պտտում, ու դա այն պարագայում, որ մեզ ու մեր երգերն առաջին անգամ էին լսում։ Զարմանալի էր ու ոգեշնչող։ 

 

Շուտով ձայնագրեցինք մեր առաջին, այսպես կոչված, կասետը։ Ողբերգական պայմաններ էին։ Կիրովականում Էդիկ անունով մի մարդ կար, ով ձայնագրման ստուդիա ուներ, դե, պայմանական անվանենք դա այդպես։ Բայց պետք է խոստովանեմ, որ այն շատ ավելի պրոֆեսիոնալ էր, քան մենք՝ որպես կատարողներ։ Ու հենց այդտեղ էլ, մեզ համար այդ ժամանակ աստղաբաշխական մի գումարով՝ 50 դոլարով, ձայնագրեցինք մեր առաջին ալբոմը։ Ինչ-որ հրաշքով այդ ալբոմը հայտնվեց Հայ FM-ի եթերում ու մեզ սկսեցին ճանաչել նաև Երևանում։ Հույս առաջացավ, որ կկարողանանք մեկնել Երևան ու այնտեղ էլ համերգ տալ։ 

 

Մեր երաժշտական գործիքներն ավելի հարմար կլինեին գյուղատնտեսության համար։ Ձայնագրությունն արվում էր մի հին ճապոնական Akai պուլտով, գրվում ժապավենի վրա, ու դա մեզ համար իրական երջանկություն էր։ 

 

Առաջին համերգին կենցաղային ձայնարկիչի բարձրախոսն ենք օգտագործել, իսկ գործիքներից միակը, որ քիչ թե շատ երաժշտական կարելի էր համարել՝ մայրիկիս օգնությամբ գնված կիթառն էր։ Առհասարակ, մայրիկս մեզ՝ խեղճ ու կրակ երաժիշտներիս, շատ էր աջակցում։ Օրերից մի օր իր հետ ԱՄՆ-ից մորաքրոջս աղջկա կողմից նվեր բերեց մեր առաջին distortion սեղմակը։ Երևի միակն էր քաղաքում, ձեռքից ձեռք անցավ։ Մինչև հիմա էլ կա, պահել եմ։ 

 

Որքան սուղ էին պայմանները, այնքան հարուստ էր երևակայությունը։ Ստիպված էինք ավելի շատ էներգիա, ժամանակ ու ջանք ներդնել յուրաքանչյուր երգի մեջ։ Հիշում եմ, թե ինչպես մի խումբ դպրոցականների օգնությամբ ձայնագրեցինք «Հասարակ աղջիկներ, հասարակ տղաներ» երգի կրկներգը, որտեղ հասարակ աղջիկներն ու հասարակ տղաները երգում էին. «Ես զբաղվում եմ սիրով, դու զբաղվում ես սիրով, մենք զբաղվում ենք սիրով՝ միայն աչքերով»։ Հիմա՝ այս առատության մեջ, երբ ամեն բան հասանելի է, մի տեսակ տեղ չի մնում երևակայության համար։ 

 

 

ԵՐԵՎԱՆ


Երբ երեխա էի, ամառային արձակուրդներին գալիս էի Երևան՝ մորաքրոջս տուն։ Իհարկե, տարօրինակ է, հաշվի առնելով կլիմայական պայմանները։ Հետո արդեն Երևան եկա որպես ուսանող ու այդ ժամանակ մեզ համար բացվեց Երևանի երաժշտական կողմը, մասնավորապես՝ ռոք բեմը, երևանյան փառատոները, ինչպես օրինակ՝ Գաուդեամոսը։ Դա մի իրական հրաշք էր մեզ համար։ 

 

Որպես խումբ՝ Երևանում հայտնվեցինք ԱՄՆ խաղաղության կորպուսի շնորհիվ։ Դե մեր Մայքն այնտեղ կամավոր էր ու մենք իրենց միջոցառումներին նվագում էինք։ Զարմանալի ու ուրախալի էր հետևել, թե ինչպես էին օտարերկրացիները սիրում մեր երգերը։ Դա ևս մի շարժառիթ հանդիսացավ Երևանում համերգ ունենալու համար։

 

Snack-ի առաջին լիարժեք համերգը տեղի ունեցավ 1996-ին, Սունդուկյանի «Գոյ» թատրոնի դահլիճում։ Այն ժամանակ Արթուր Սահակյանը լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսին հարցրեց, թե արդյո՞ք Վանաձորից են, պարզվեց, որ մեծ մասը Երևանից են։ 

 

Արդեն 1998-ին ֆիլհարմոնիայի դահլիճում ելույթ ունեցավ «Լավ Էլին»։ Շատ մեծ սպասումներ ունեինք ու միևնույն ժամանակ վախվորած էինք, թե արդյոք կգա՞ն, չե՞ն գա։ Եկան։ Դահլիճը լիքն էր երևանցիներով։ Հիանալի համերգ էր։ Ու մենք մեզ համար որոշեցինք՝ նվաճել ենք Երևանը։ Երկրպագուների ու հատկապես աղջիկների ուշադրությունը մեզ էլ ավելի մեծամտացրեց։ 

 

Երևանն ինձ համար երկու խոշոր ցնցող բան ունի։ Մեկը՝ ճարտարապետությունը, մյուսը՝ աղջիկները։ Ես, իհարկե, միշտ հավատարիմ եմ եղել վանաձորցի աղջիկներին, բայց դե, փաստերն արձանագրել է պետք։ 

 

Երևանը դարձավ անչափ սիրելի, քանի որ մեզ գրկաբաց ընդունեց ու ներգրավեց փոքր Հայաստանի ավելի փոքր ռոք աշխարհի ներկապնակի մեջ։ Մեր գավառական աչքերի համար շատ անկյուններ Երևանում յուրահատուկ էին, ու գուցե երևանցիները դրանք չեն էլ նկատել։ Իսկ նկատելիներից ՆՓԱԿ-ը, Երիտասարդական պալատն ու էլի շատ շենքեր ռոքի, երաժշտության ու հատկապես մեզ համար հիշարժան են ու սիրելի։

 

Երևանում Աղայան փողոցի վրա մի տուն էինք վարձել։ Այդ տան հարևանությամբ մի կողմից ապրում էր այն ժամանակ նորանկախ Հայաստանի առաջին ֆինանսների նախարարը, մյուս կողմից՝ Համո Սահյանը։ Մի զարմանահրաշ տեղ էր դա մեզ համար։ Մեր լավագույն երգերը գրել եմ հենց այդ բնակարանի զուգարանում, որովհետև ինձ հետ ապրող ընկերներս ու եղբայրս ինձ ստիպում էին այնտեղ նվագել։ Դե, գլուխները տանում էի։ 

 

Երևանն իր մագնիսականությունն ունի։ Երևանը դեպի իրեն է ձգում ու հավաքում երկրի լավագույն ստեղծագործողներին։ Ի վերջո՝ «Միներալը» գալիս է Ջերմուկից, «Բամբիռը»՝ Գյումրիից, «Լավ Էլին»՝ Վանաձորից։ Իմ գավառական հայացքով դա նրանից էր, որ Երևանում շատ ավելին կա պատրաստի, ու կարիք չկա հաղթահարել սեփական ծուլությունն ու թափ տալ երևակայությունը։ 

 

Լավ էլի, 2021, Երևան

 

Այսօր հայկական ռոքում բազմազանության պակաս եմ նկատում։ Իհարկե, կան խմբեր, ու դրա հավաստիքը Դոգմայենց կազմակերպած վերջին ռոք փառատոնն էր, որն իրար գլուխ հավաքեց լիքը հին ու նոր խմբերի։ Բայց ամեն դեպքում՝ ամեն մեկը մի գույն, մի ուղղություն վերցնելու տեսանկյունից ոլորտն աղքատացել է։ Կան իհարկե շատ տաղանդավոր երիտասարդներ, լավ խմբեր, բայց, կարծում եմ, պիտի էլ ավելի շատ լինեին այն երիտասարդները, ովքեր իրենց կյանքն առանց երաժշտության ու ստեղծագործելու չեն պատկերացնում։ Բացի դրանից, դա աղջիկների սրտերը նվաճելու ամենալավ ճանապարհն է, կիթառով երիտասարդն ուղղակի անդիմադրելի է։ 

 

Մենք եկանք Երևան ու նվաճեցինք այն առանց նախապայմանների։ Այսինքն՝ մարդիկ պարզապես սկսեցին լսել ու սիրել մեզ, ու կարիք չեղավ հանդիսատեսին հրամցնել մեր տեսահոլովակները, ֆոտոշոփում ավելի լավը դարձրած լուսանկարները, կազմակերպել մեծ ու ցնցող համերգներ։ Հաճախ նույնիսկ հանպատրաստից էինք համերգներ կազմակերպում ու էլի բավական մեծ քանակով հանդիսատես էր ներգրավվում, որը մեզ չէր էլ ճանաչում։ Մեզ պարզապես ընդունեցին առանց նախապայմանների։

հավելյալ նյութեր