Միշա Լիբերտիի «Վարդագույն քաղաքը»
Սթրիթ-արտ

Միշա Լիբերտիի «Վարդագույն քաղաքը»

ԱրտԿվարտալում (Պուշկինի 4) բացվել է արվեստագետ Միխայիլ Ծատուրյանի (Միշա Լիբերտի) նոր սթրիթ-արտը՝ «Վարդագույն քաղաք» մուրալը։ Հեղինակը ԵՐԵՎԱՆին պատմել է իր նոր աշխատանքի, ծանր ժամանակներում հանդիսատեսին չծանրաբեռնելու և արվեստում իր ճանապարհի մասին։

 

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Լուսանկարները՝ Միշա Լիբերտիի

 

#Արվեստ

Վարդագույն քաղաք

Այս աշխատանքը տեղերի մասին է, որոնք գտնվում են Երևանում հիմա, և տեղերի մասին, որոնք մի ժամանակ կային, իսկ հիմա այլևս չկան: Օրինակ՝ Կուկուռուզնիկը, որը շատ տպավորիչ էր մանկությանս ժամանակ, իսկ հիմա, ցավոք, չկա: Երբ ես փոքր էի, Երևանը ինձ մեգապոլիս էր թվում․․․

 

Նկարում կան նաև նոր տեղեր, օրինակ՝ «Արի» ակումբը, որտեղ ես հիմա շատ ժամանակ եմ անցկացնում, կա նաև «Վան Գոգ» սրճարանը, որը ժամանակին՝ նախքան «Արիի» բացվելը, միակ տեղն էր, որտեղ անց էին կացվում ստենդափներ:  

 

Նկարում եղած ամեն շենքի մասին չեմ կարող խոսել, կարծում եմ՝ նայողը կհասկանա, իսկ եթե չհասկանա, սիրով կարող եմ քաղաքային տուր կազմակերպել: Ի դեպ, ուզում եմ մի կայք ունենալ, որտեղ հստակ ուղի կգծեմ Երևանում տեղաշարժվելու: Նախորդ տարի մի ամսագրում նմանատաիպ մի բան արել էինք: Կուզեմ այս նկարի գեոլոկացիան ստեղծել: 

 

Եվ ես հույս ունեմ, որ այս աշխատանքը շնորհակալ գործ կլինի, որ այդ նկարով պոստերներ կստեղծեմ, որոնց հասույթը կտրամադրեմ բարեգործության. առաջինը Արցախին կուղղեմ, որովհետև ես արմատներով Արցախից եմ, տխրում եմ, որ չեմ կարողանում հիմա գնալ այնտեղ: 

 

 

Ցրվելու արվեստ

Իմ աշխատանքների հանդեպ մարդկանց վերաբերմունքը տարբեր է: Սա նորմալ է, աշխարհում չկա մի բան, որը բոլորին հավասարապես դուր կգա: Երբ ինչ-որ մի բան շատ է սիրված, մարդիկ մի տեսակ ժխտողական են տրամադրվում դրան: Իսկ հատկապես արվեստը սուբյեկտիվ է, հաճախ նկարչին մարդիկ ուղղակի չեն հասկանում: 

 

Ես չեմ սիրում մարդկանց ծանրաբեռնել բարդ արվեստով, առանց այդ էլ կյանքը բարդ է հիմա: Մարդիկ գալիս են ցրվելու, մի նոր բան իմանալու: Սա չի նշանակում, որ ես մեղադրում եմ տխուր արվեստ ստեղծող նկարիչներին, որովհետև կարծում եմ՝ դա իրենց շատ է անհանգստացնում, որ արտահայտում են արվեստում: 

 

Աշխատանքի գնահատում

Ես կարող եմ ասել, որ իմ ճանապարհը դեռ սկսման փուլում է, չնայած, որ արդեն հաջողություններ ունեմ, և կողքից կարող է թվալ, եթե անգամ բարձունքում չեմ, ապա ինչ-որ մի բանի արդեն գոնե հասել եմ իմ մասնագիտության մեջ։ Իմ ներսում ես մտածում եմ, որ դեռ ամենասկզբում եմ, հույս ունեմ, որ ինձ մոտ կստացվի գոնե իմ գլխում եղածի կեսը անել, ու ես երջանիկ կլինեմ: 

 

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ն ինձ էքստրավիզա է տվել տաղանդավոր մարդկանց համար, իմիջիայլոց, սա էքսկլյուզիվ նորություն է, որն առաջին անգամ եմ հայտնում: Դա ինձ համար իմ տաղանդի գնահատումն է պետական մակարդակով, մինչ այդ ես ոչ մի մրցանակ չէի ստացել: Եվ այդ պետական մակարդակի ճանաչումը անգնահատելի կարևոր է, ինձ համար դա, կարելի է ասել, հենման կետ է: Դրանից հետո արդեն կարող եմ մեկ այլ մակարդակի անցնել:

 

Ռուսաստանում, որտեղ անցել է մանկությունս, արդեն որոշակի մասնագիտական ճանաչման հասել եմ։ Հիմա շատ եմ ուզում ճանաչման հասնել նաև Հայաստանում: Իսկ գլոբալ երազանքս միջազգային համբավն է, այնպիսի ճանաչում, որը կմնա իմ մահից հետո:

 


Սոցիալական պատասխանատվություն

Սիրում եմ Հայաստանը։ Ուզում եմ ապրել այնտեղ, որտեղ ես օտար չեմ: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Միայն մի բան չեմ հավանում, որ մարդիկ պատասխանատվությամբ չեն վերաբերվում քաղաքին, օրինակ՝ աղբ են թափում, վնասում են քաղաքը: Երբ ուզում ես պարզապես քաղաքացի լինել, կարող ես ոչ թե մեծ գործեր անել, այլ ուղղակի աղբ չթափել, սիրել ու պահել քաղաքը: Ես, որպես նկարիչ, սոցիալական դերերով եմ հանդես գալիս հաճախ, օրինակ՝ իմ աշխատանքներն ունեն սոցիալական ուղերձներ:

հավելյալ նյութեր