Նորմալ մասնագիտություն
Անիմացիա

Նորմալ մասնագիտություն

Ինչո՞ւ Հայաստանում անիմացիոն ստուդիա բացել, ինչպե՞ս համադրել դասական մոտեցումները նորագույն տեխնոլոգիաների հետ և ի՞նչ նկարել. պարզել ենք On/Off անիմացիոն ստուդիայի հիմնադիրներից ու անիմատորներից։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Հայգազ Կրադենյանի

 

ԵՐԵՎԱՆ #74 | 2022

Գնունու շուկայի հետևում

Ես անտառում եմ։ Ծառերը շարժվում են։ Թե՞ ես եմ վազում դրանց միջով... Կողքիս շնչակտուր վազում է բանտարկյալի գծավոր զգեստով մի տղամարդ և թվում է, որ շուտով երկուսով անտառից դուրս կցատկենք։ Բայց կողքից լսվող «Դե՞, ո՞նց էր» միանգամայն անհոգ ձայնով արտաբերված խոսքերը հուշում են, որ տեսածս ընդամենը վիրտուալ իրականության ակնոցի պարունակությունն է, իսկ ես գտնվում եմ On/Off անիմացիոն ստուդիայում, որի պատուհաններից երևում ու լսվում է Գնունու շուկան։ Այստեղ այլ իրականություններ ստեղծելը սովորական առօրյա աշխատանք է։ 


Ստուդիա մտնելուն պես մեզ դիմավորում է On/Off-ի հիմնադիր Տիգրան Առաքելյանը։ Միասին նստում ենք պատուհաններով շրջապատված լուսավոր հանգստի գոտում և սկսում զրույցը։ Տիգրանի խոսքով՝ ֆիլմի վրա աշխատանքը սկսվում է ստուդիայի հենց այս հատվածից։ Ամբողջ թիմով քննարկում են սցենարը, իսկ հետո արդյունքները տեղափոխվում են story board-ի վրա. նույնիսկ առանձին մասնագետ ունեն, ով զբաղվում է հենց սյուժեի պատկերումով։ 


Հետո ևս մեկ անգամ քննարկում են ստեղծված ընդհանուր պատմությունը, որը տախտակի վրա պատկերված է տասնյակ կադրերի միջոցով, կետ առ կետ անցնում են բոլորի վրայով։ Սկսում են դրա հիման վրա մոնտաժային աշխատանքները, որպեսզի պատկերացնեն, թե ինչ տևողություն է ունենալու անիմացիան և ինչ ոճի մեջ է իրականացվելու։ Այնուհետև բոլորը՝ անիմատորներն ու իլյուստրատորները, անցնում են իրենց գործին։ 


«Յուրաքանչյուր ֆիլմի դեպքում մոտեցումները տարբեր են՝ կարող են կիրառել հին ու բարի անիմացիայի մեթոդները,– ասում է Տիգրանը,– կամ օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ»։ Այս պահին ստուդիայում մշակվող ֆիլմերի ցանկում են երկու իրարից ծայրահեղ տարբեր կարճամետրաժ ֆիլմեր։ Մեկը կոչվում է Back to Rock և նկարվում է VR ակնոցների կիրառումով, իսկ մյուսի՝ Grandpa King-ի ստեղծման մեջ օգտագործվում է դասական անիմացիոն և նկարչական մոտեցումները։ 

 

 

Չափազանց նոր տեխնոլոգիաներ

Նոր տեխնոլոգիաների կիրառումով այստեղ շատ են հպարտանում։ Թեև ուղղակի VR ակնոց դնելով հնարավոր է հայտնվել այլ իրականության մեջ, բայց այնտեղ նոր կերպարներ և շրջակա միջավայր ստեղծելու համար պետք է մասնագիտացված ծրագիր, որով էլ աշխատում են անիմատորները։ Այս տեխնոլոգիան հիմա զարգացման փուլում է և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև ակտիվ կիրառության մեջ մտնելը, բայց ռեժիսոր Գոռ Ենգոյանի խոսքով՝ VR-ով աշխատելու դեպքում նկարչական էսթետիկան այլ է։ Այդ էֆեկտը կարելի է տեսնել ստուդիայի խոշորագույն նախագծերից մեկում՝ «Զաքո» անիմացիոն գեղարվեստական ֆիլմում: 


«Զաքոն» հիմնված է Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկական վեպի վրա, որն էլ իր հերթին հեղինակի հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի իրական պատմությունն է։ Սարգիսը՝ Զաքոն, բանտարկյալի հագուստով այն մարդն է, որին հանդիպեցի անտառում, երբ VR-ի մեջ էի։ Այս պատմությունը երիտասարդ նկարչի մասին է, որը նախ անցնում է Երկրորդ համաշխարհայինի մսաղացով, ապա գերի ընկնում նացիստներին, իսկ հետո աքսորվում արդեն կոմունիստների կողմից։ Ֆիլմի թիզերը՝ 2 րոպեանոց պատառիկը, արդեն իսկ տպավորիչ է։ Տիգրանն ասում է՝ «Զաքոն» մեծ վիզուալ նյութ է, որն արդեն իսկ թելադրում է որոշակի էսթետիկա։ Անիմատորները կարող էին ուղղակի վերցնել, կտրտել ու շարժման մեջ դնել կոմիքսի կերպարներին կամ մի նոր մոտեցում կիրառել, բայց ընտրեցին երկրորդ տարբերակը։ 


VR-ն իր բնույթով նկարչական է, բայց միևնույն ժամանակ՝ տարածական։ Վերանում է հեղինակի և թղթի միջև եղած պատնեշը, դու նույնպես դառնում ես այդ ֆիլմի հերոսը՝ հայտնվելով այլ կերպարների հետ մեկ հարթության մեջ, ինչը զգայական առումով բավական հետաքրքիր փորձառություն է։ 


«Նոր տեխնոլոգիաների խնդիրն այն է, որ չես կարող որևէ գիրք գտնել, որտեղ քայլ առ քայլ կբացատրվի, թե ինչ պետք է անես, սկսում ես փորփրել, փորձարկումներ անել»,– ասում է Տիգրանը։ Այսօր ստուդիայի բոլոր նախագծերի միջոցով փորձում են լավագույն տարբերակները դուրս հանել, որպեսզի հետո դրանք կիրառեն, օրինակ՝ «Զաքոյի» ստեղծման մեջ։ 


«Դասական անիմացիայի դեպքում կա մի մակերես, և իրադարձությունները դրա հետևում են տեղի ունենում, իսկ դու դրսից պարզապես կառավարում ես ընթացքը,– ասում է Գոռ Ենգոյանը,– VR-ով նկարելու դեպքում ինքդ դառնում ես այդ ֆիլմի պերսոնաժ»։

 

 

Օնից Օֆ

Ստուդիան պաշտոնապես գործում է 2018 թվականից, բայց Տիգրանն ու պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանը միասին աշխատել են դեռ 2010 թվականից։ Սուսաննան գրում էր նախագծերը, պահում կապը պատվիրատուների հետ, իսկ Տիգրանը զբաղվում էր բուն անիմացիայով։ Մի պահից էլ հասկացան, որ պետք է ընդլայնվել, գործել ավելի համակարգված, ստեղծել սեփականը։ 


Ժամանակի ընթացքում թիմը մեծացավ, փոփոխությունների ենթարկվեց ու արդեն 2018-ին գրանցվեց որպես ստուդիա։ Սկզբում նկարահանում էին երաժշտական հոլովակներ (հաստատ տեսած կլինեք Լավ էլիի «Արևին» ու Դավիթ Միրոյանի «Հով արեք» հոլովակները), իսկ հետո անցան ֆիլմերին։ 


Հետաքրքիր է, որ ստուդիայի ստեղծած նախագծերից ոչ մեկն իրար նման չէ, ձեռագրերն ամբողջությամբ այլ են։ «Մենք սիրում ենք փորձարկումներ անել, հենց դրանում է ամբողջ իմաստը,– պատմում է Տիգրանը,– չենք սահմանափակվում մի մոտեցմամբ, անընդհատ փորձում ենք մեր կյանքը հա՛մ բարդացնել, հա՛մ հետաքրքրացնել»։


Թիմում կան թե հին դպրոցի կողմնակիցներ, թե նոր տեխնոլոգիաների սիրահարներ։ Վահրամ Բաղդասարյանը, որը զբաղվում է անիմացիայով դեռ 90-ականների սկզբից, չի սիրում VR-ով աշխատել։ «VR-ը շատ ծավալային է, իսկ ես սիրում եմ նկարել հարթության մեջ՝ չկտրվելով իրականությունից»,– ասում է նա։ Վահրամը հիմա աշխատում է Grandpa King կարճամետրաժի վրա, որի յուրաքանչյուր կադր՝ ֆոն, կերպար, դեմքի արտահայտություն և էմոցիա, նկարված են ձեռքով։ Ու թեև դու նույն հարթության մեջ չես, բայց զգում ես, թե ինչպես է քամին սվալով ներս մտնում պատուհանի կոտրված ապակու միջով, տեսնում ես՝ ինչ ուրախ է փոքրիկ շնիկը և ականջի ծայրով լսում ես պապիկի ամեն մի հոգոցը թեյ խմելիս։ 

 

 

 

Անիմացիան իբրև խաղ

On/Off-ի թիմը, միևնույն է, ասում է, որ անկախ նորամուծություններից ամեն ինչի սկիզբը հենց դասական անիմացիան է, և դրա համար Վահրամը շատ հաճախ խորհուրդներ է տալիս VR-ում կերպարի շարժումների, բնավորության և մի շարք այլ հարցերով։ 


Ստուդիայում կիրառվում են բազմաթիվ այլ մոտեցումներ, օրինակ՝ rotoscoping-ը, երբ նկարում ես իրական կադրի վրայից, կամ cut out-ը, երբ շարժում են ընդհանուր պատկերը։ Տիգրանն ասում է. «Մեզ համար ամեն նախագիծ խաղի նման է, միշտ նոր մոտեցումներ ենք փնտրում և նոր բաներ սովորելով հնարավորությունները ևս շատանում են»։


Այսօր On/Off-ում դասական անիմացիայի դասընթացներ են իրականացվում, որոնք վարում է Վահրամը։ Նպատակն իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելն է, և, իհարկե, ունենալ նոր մարդկանց, ում հետ կարելի է ապագայում աշխատել։ 

 

 

 

Գլուխը պահելու գործ

Ստուդիայի ընդհանուր ստեղծարար հոսքը կառավարում է պրոդյուսեր Սուսաննան։ Նրա խոսքով՝ այսօր նման ստուդիաների համար բարդ է զբաղվել միայն սեփական կրեատիվ նախագծերով, և ֆինանսական կայունությունն ապահովելու համար հաճախ կոմերցիոն այլ նախագծեր էլ են իրականացնում։ «Ժամանակին գիշերները լուսացնում էինք ստուդիայում, հիմա փորձում ենք բալանսավորել, որոշակի ժամեր սահմանել, որպեսզի առօրյա կյանքը չտուժի,– ասում է պրոդյուսերը,– բայց երբ դեդլայնները հասնում են գագաթնակետին, կարող է ստիպված լինենք բոլորով հանգստյան օրերն էլ անցկացնել ստուդիայում»։ Եթե կա այդպիսի զբաղվածություն, ուրեմն կա նաև անիմացիայի պահանջարկ։ 


«Ժամանակին մայրիկս ասում էր՝ նորմալ մասնագիտություն ընտրիր, որ կարողանաս գլուխդ պահել, անիմացիան ի՞նչ է,– հիշում Տիգրանը,– իսկ հետո մի օր, երբ բանակում էի, զանգեց ու ասեց՝ այ տղա, դու որտեղի՞ց էիր հասկացել, որ հենց անիմացիայով է պետք զբաղվել, հիմա որտեղ նայում եմ՝ ամենուր անիմացիա է»։
 

հավելյալ նյութեր