Պարաքայլը փոքր քաղաքում
Պարի փառատոն

Պարաքայլը փոքր քաղաքում

Ինչպես է առաջացել և ինչ է խորհրդանշում շվեյցարացի պարուսույց Ֆուֆուա դ՛Իմոբիլիտենի Dancewalk նախագիծը, որը հասավ նաև Երևան՝ SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնի շրջանակում։

 

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ SUMMEET փառատոնի

 

Պարող ամառ 

Երևանյան մշակութային ամառը եզրափակվեց SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնով։ Օգոստոսի 23-ից 29-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճը, ինչպես նաև մի շարք այլ երևանյան բեմեր դարձել էին ժամանակակից պարի էպիկենտրոններ։ Ժամանակակից պարը սահուն կերպով ներթափանցեց փողոցներ՝ դարձնելով հասարակ անցորդներին քաղաքի անկյուններով պտտվող պերֆորմանսի մի մաս։ Փառատոնի շրջանակում Հայաստանում ներկայացվեց շվեյցարացի պարուսույց Ֆուֆուա դ՛Իմոբիլիտենի Dancewalk նախագիծը։

 

 

2015-ից մեկնարկած Dancewalk-ը սկզբում Ֆուֆուայի սոլո ներկայացումն էր տարբեր երկրների և քաղաքների փողոցներում (երբեմն նա հանդես էր գալիս, օրինակ, մերկ, կամ ջրի տակ)։ Մի քանի տարի անց նախագիծը վերածվեց ֆլեշմոբի՝ ներգրավելով փողոցային անցորդներին, արհեստավարժ և սկսնակ պարողների։ Ծրագրում հայտվեցին նաև վարպետաց դասեր ու նման սոցիալական տարրեր։ Այսօր Ֆուֆուան ճանապարհորդում է երկու պարողների հետ, որոնք, կարելի է ասել, նախագծի հիմնաքարերն են։ Ամեն երկրում նրանց միանում են տեղացի պարողներ, երաժիշտներ, վիզուալ արտիստներ։

 

«Dancewalk նախագծի գաղափարը եկավ այն մտքից, որ երբ մենք պարում ենք, մենք գտնվում ենք որոշակի վայրում, պատմում է Ֆուֆուան։ - Երբ դու մեծ բեմի վրա ես, դու շարժվում ես անկյունագծով, շրջանաձև, դիմաց և հետ։ Այս նախագծի գաղափարը առաջ շարժվելու մասին էր, շարունակելով քո պարը պատերի միջով դեպի աշխարհ՝ընթացքում ճանապարհորդելով և պարելով»։ Հայտնի պարողը հավելում է, որ այժմ նախագիծը վերածվել է մի մեծ արկածի՝ և՛ արտիստիկ, և՛ մարդկային մակարդակներում։

 

 

 

Պարող հետհայացք

Երևանյան պարարշավի հաջորդ օրը փառատոնի շրջանակում ցուցադրվեց նաև Dancewalk Retrospective-ը, որը տեսահոլովակի տեսքով ներկայացնում է պարաքայլի ամենակարևոր իրադարձությունները։ Սակայն այն պարզապես տեսահոլովակի ցուցադրություն չէ․ միևնույն ժամանակ բեմում ներկա է մեկը, ով ֆիզիկական և մտավոր կերպով կապում է պատկերները, պատմությունը և շարժումը։ Սա կարելի է անվանել թատերական ներկայացում, իսկ գլխավոր դերում ֆրանսուհի պարուհի Ալիզե Սուրբեն է, ով անցնում է նախագծի ամբողջ ճանապարհը աշխարհի տարբեր ծայրերում՝ մեկ բեմում։ 

 

Այս ներկայացման միջոցով հանդիսատեսը ճանապարհորդում է աշխարհով Dancewalk-ի մասնակիցների հետ միասին։ Դրանք կարող են լինել երաժիշտներ, պրոֆեսիոնալ և սիրողական պարողներ, նկարիչներ, երեխաներ և տարեցներ։ Նրանց ճանապարհը ընդգրկել 34 տարածաշրջան և 11 երկիր, այդ թվում՝ Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Բոսնիա-Հերցեգովինա, Ռուսաստան, Իրան, Մալի, Բուրկինա Ֆասո, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան և Չինաստան և այժմն նաև Հայաստան։ 

 

 

Պարող Երևան

Մինչև Երևան գալը, Ֆուֆուային և իր հետ եկած պարողներին զգուշացրել էին, որ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, տեղացիները գուցե չհասկանան, թե ինչ իմաստ ունի փողոցում պարելը։ Բացի այդ, նրանց առջև կանգնած էր հետպատերազմական ժամանակում նման նախագիծ իրականացնելը Հայաստանում։ Այնուամենայնիվ, նրանք որոշեցին իրականացնել նախագիծը, քանի որ, ըստ Ֆուֆուայի, գաղափարը շատ դրական է և տեղացիները այդ դրական ալիքի կարիքը ունեին։ Նաև Ֆուֆուան տեղացի պարողներից մեկի հետ մի զրույց ունեցավ։ Վերջինս իրեն պատմեց իր ընկերոջ մասին, ով ևս պարող է։ Նա պատերազմի ընթացքում վնասվածք էր ստացել, սակայն վերադառնալուց և ապաքինվելուց հետո շարունակեց պարել, ժպիտը դեմքին։ Այդ պատմությունը լսելուց հետո, Ֆուֆուան մտածեց, որ եթե այդ մարդը իր մեջ ուժ է գտել և ճիշտ է համարել ժպտալ ուրեմն՝ Dancewalk-ը պետք է գա Հայաստան։

 

«Հիմնականում մարդկանց արձագանքը դրական էր, կային բազմաթիվ ժպիտներ և հետաքրքրված հայացքներ,- պատմում է Ֆուֆուան,- նույնիսկ փողոցից մի երեխա ամբողջ ընթացքում պարեց մեր հետ, անցնելով ամբողջ քաղաքը»։

 

Dancewalk-ի երևանյան զբոսանքը սկսվեց Մանկական երկաթուղու թունելից՝ անցնելով քաղաքի կենտրոնական փողոցներով, մի լավ թրջվելով Բուլվարի շատրվաններում, Հանրապետության հրապարակում հանդիպելով ոստիկանության նվագախմբի հետ և ավարտելով շքերթը ԵՊԿ օպերային ստուդիայի դռների արջև։ Ամբողջ ընթացքում Ֆուֆուայի հետ էին տեղացի պարողներին, երաժիշտները, ու Երևանը։