Փախուստ դեպի մեկուսացում
Մեկուսացում 2020

Փախուստ դեպի մեկուսացում

Մեկնել Իտալիա, էվակուացվել Հայաստան ու մեկուսացվել․ ֆոտոպատմություն։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարի

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

#Մեկուսացում2020

Լուսանկարիչ Բիայնա Մահարին մեկնեց Իտալիա, երբ քովիդը դեռ նոր էր ոտք դնում Եվրոպա։ Նրա աչքի առաջ Նեապոլում մտցվեց արտակարգ դրություն, հետո նրան էվակուացրեցին Հայաստան, որտեղ դեռ պետք էր մնալ 14 օրվա կարանտինում։ Ահա Բիայնայի ֆոտո վկայություններն ու մեկնաբանությունները։

 

 

 

Մարտի 8.

«Փողոցում դիմակներով մարդիկ են հայտնվել, McDonald's-ում էսօր չեն թողնում սեղանին երկու հոգուց ավել նստել, իսկ մեզ՝ փողոցում հավաքված մի 10 հոգուս, մոտեցան դիմակներով ոստիկանության պես մի բան և զգուշացրեցին, որ այսուհետ բոլոր մարդկանց միջև փողոցում պետք է լինի 1 մետր հեռավորություն։»

 

 

Մարտի 12.

«Ինչ աբսուրդ տեսարան ա՝ սուպերմարկետի հերթ կանգնած 40 հոգին, որտեղ բոլորը երկու մետր հեռու են իրարից (օրենքով մի մետր ա պետք, բայց վախն աչքաչափից ուժեղ ա) ու դիմակներով. նայելուց սկզբից չես հասկանում՝ ինչ ա կատարվում, թվում ա, թե խառը մարդիկ են, հետո մեկ էլ հասկանում ես, որ մի ընդհանուր նպատակ ունեն, ոնց որ ֆլեշմոբ լինի։»

 

 

 

 

Մարտի 14.

«Առավոտյան դուրս էի եկել տնից, ուղիղ՝ ափ։ Բայց արի ու տես, որ ժամանակները փոխվել են. հետևից լսեցի՝ Buongiorno Senorita, ի՞նչ գործ ունեք ստեղ, հե՛նց հիմա գնացեք տուն ու էլ դուրսը ձեզ չտեսնենք։ Ես էլ, դե ինչ, փոքր մարդ, սուս փուս հավաքեցի նախաճաշս, ափի թաքուն անկյուններում մենակ թողեցի գիրք կարդացող, ծովին նայողներին ու էն մի աղջկան, որ չէր ալարել՝ ջրաներկ էր բերել ու ջրի փոքր պլաստիկ շշի մեջ վրձինը թաթախելով բլոկնոտում գունավոր տունիկներն ու հրաբուխն էր նկարում, ու դատարկագույնս քաղաքով ոտոտ եկա տուն՝ անցնելով Նեապոլի երբեմնի մարդաշատ “նաբերեժնիով”:»

 

 

 

 

Մարտի 16.

«Ինչ-որ մեկը մտածում էր առավոտյան՝ «ի՞նչ դնեմ էս երեխեքի առաջին ուտելիքի մեջ էս կինոյից հետո» ու թեթև ժպիտով տոպրակը դասավորում՝ մանտտայի պես քթի տակ կրկնելով՝ «պանիրթարխուն-լավաշ, պանիր-թարխուն-լավաշ…»


Մի հատ մեծ սեր քեզ՝ ինչ-որ մեկ։ Թարխուն, որը կարողացավ հասկացնել էն, ինչ չէր կարողացել անել արագ-արագ ինքնաթիռից ուղիղ ավտոբուս նստելը, լիքը հատուկ համազգեստով մարդիկ, ջերմաչափումների շարանը, 11 ոստիկանական և շտապ օգնության մեքենաներից կազմված կորտեժը ու ճանապարհին ծագած միլիոն խնդիրներն ու խնդիրիկները, հասկացնել էն, որ մենք տանն ենք վերջապես, ու որ աշխարհի ամենանեապոլից էն կողմ կա մենակ մի բան, ու դա տունն ա։»

 

 

Մարտի 17.

«Կառանտին., օր 1։ Ճիշտն ասած, բացարձակ պարզ չի՝ ոնց ենք սենց դիմանալու 14 օր, բայց ոչ էն պատճառներով, որոնցով կարելի էր ենթադրել։ Ահա, խնդրեմ, մի հոգու նախաճաշը։ Ափսոս ռակուրսի պատճառով չի երևում հացի քանակը ու մի քիչ անտեսված ա յոգուրտը, մեղրն էլ մի քիչ ձեթի նման ա (նկարում միայն), կաթնաշոռ/թթվասերն էլ, շաքարի, սուրճի, թեյի տարբերակներն էլ չեն երևում...


Հիմա գումարեք դրան այն, որ 24 ժամ փակված ես սենյակում և ամենահեռավոր ճանապարհորդությունն ավարտվում է 3 մետրից, ու պատրաստվեք դիմավորել ինձ երկու շաբաթից կատարյալ գնդի ֆորմայով և նոր գլորվելու ֆունկցիայով:»

 

 

 

Մարտի 22.

«Գրքերը առաջ են գնում, նկարները շատանում, ֆոտոները մշակվում, ուտելիքը ուտվում, ջերմաչափումներն էլ գնալով ավելի պրոֆեսիոնալ կերպով ենք անցնում… Կատակ բան չի, մի շաբաթ է՝ պարապում ենք... իսկ ամենակարևոր նորությունը, որ կեսը անցանք, 14 օրից 7-ը, և դեռ սենյակակիցս էլ ես էլ կենդանի ենք, չնայած որ ունենք բալկոն, դանակ… Բայց չգիտեմ՝ ինչքան սենց կշարունակվի։»

 

 

 

Մարտի 29.

«էսօր թեստ էինք հանձնում. երկու օր ա՝ մեր փոքրիկ աշխարհի բոլոր հումորները կոնկրետ մի ուղղվածություն ունեին. իսկ տոմսերը տալու ե՞ն պարապենք, մի գծի՞կ, թե՞ երկու, բա որ կտրվե՞նք, և այլն, և այլն։


Շատ կուզենայի երկար բարակ նկարագրել պրոցեսը, բայց այն ավելի արագ էր, քան էս տեքստը. բամբակով փայտիկով՝ փստ բերանի մեջ, փստ քթին, ձեր անուն ազգանունը, և վերջ, ու քանի դեռ ես զարմացած փորձում էի հասցնել մի բան գոնե նկարել` շնորհակալություն, ցտեսություն, ու մենք մնացինք նորից մեր սենյակում։»

 

 

2020 թվականի մարտի կեսերին Հայաստանում հիվանդության կասկածով մեկուսացված էր մոտ 200 մարդ։ Բիայնան և իր ուղեկիցները դուրս գրվեցին կարանտինից մարտի 31-ին։ Այդ պահի դրությամբ Հայաստանում կար քովիդ-19-ի գրանցված 571 դեպք, մահվան 3 դեպք։ Մեկ տարի անց Հայաստանում ընդհանուր վարակվածների քանակը 178702-ն է, ընդհանուր ամհվան դեպքերը՝ 3265։

հավելյալ նյութեր