«Ռազմաճակատին մոտ քեզ շատ ավելի կոմֆորտի մեջ էիր զգում»
Թիկունք 2020

«Ռազմաճակատին մոտ քեզ շատ ավելի կոմֆորտի մեջ էիր զգում»

Լուսանկարիչ Արեգ Բալայանն ու լրագրող Կարեն Ավետիսյանը մի քանի անգամ միասին եղել են պատերազմող Արցախում՝ վավերագրելու և լուսաբանելու կատարվողը։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով նրանք մի անգամ էլ հանդիպեցին արդեն Երևանում, որպեսզի զրուցեն թիկունքի ու ճակատի, Արցախի ու Հայաստանի միջև անդունդի, անցյալի ու ապագայի մասին։

Տեքստը՝ Արեգ Դավթյան

 

Լուսանկարները՝ Արեգ Բալայան

 

ԵՐԵՎԱՆ #66 | 2021

#Թիկունք2020

ԹԻԿՈ՞ՒՆՔ, ԹԵ՞ ԱՌԱՋՆԱԳԻԾ

Կարեն. Պատերազմի օրերին շատերը պիտի ընտրություն անեին՝ գնալ ու կռվել որպես զինվո՞ր, թե՞ մնալ թիկունքում, որը էլի կռվի մի ձև էր։ Դու էդ իմաստով շատ վառ օրինակ ես, որովհետև 2016 թվին գնացել ես որպես զինվոր առաջնագիծ, իսկ էս անգամ թիկունքային գործունեություն ես վարել։ Շատ մարդ էդ կամուկացն ա ունեցել՝ թիկու՞նք, թե՞ առաջնագիծ։ Քո ներսում էդ հարցը եղել ա՞։ 


Արեգ. Էս անգամ ես առաջնագծում չեմ եղել, բայց եթե նյութականացնենք արածս, էս անգամ ավելի մեծ էր։ Բայց էդ էլ խաբուսիկ ա։ 16 թվին ես պոստում եմ եղել մենակ ու էդ փոքր միջավայրը շուրջս փոխել եմ։ Էդ զինվորները ուրիշ տեսակի վերաբերմունք են տեսել իմ շնորհիվ, ու էդ շատ կարևոր էր ինձ համար։ Նաև հետո եմ ՄՈԲ ֆոտոպատմությունով մեծ ազդեցություն ունեցել՝ դրսերում ցուցադրվել ա, մրցույթ ա հաղթել, խոսվել ա Ղարաբաղի մասին դրա շնորհիվ։ Բայց պատերազմի արդյունքը պարտությունը կամ հաղթանակն են, ուրեմն էդ ամեն ինչ կապ չուներ։ Ու ոչինչ չէր փոխվի՝ անկախ նրանից, թե ես էս անգամ էլ կգնայի պոստում կռվելո՞ւ, թե՞ նախորդ անգամվա պես ֆոտո կանեի, թե՞ շտապ օգնության ավտո կքշեի։


Բայց լավ, էս անգամ մտքովս չէր անցնում գնալ սահման որպես զինվոր, որովհետև տղեքը ինձնից լավ գիտեն էդ գործը, իսկ իմ ֆունկցիան պիտի լինի վավերագրելը։ 16 թվին էլ ասեցի՝ հարց չկա, բայց թողեք կամերա վերցնեմ հետս։

 

Կարեն Ավետիսյան և Արեգ Բալայան. ստվերային սելֆի Արցախում


Կարեն. Ի՞նչն ա, որ կուզեիր նկարել, բայց չես կարողացել։

 

Արեգ. Բժիշկները։ Բժիշկների գործը պետք ա ցուցադրվեր։ Մարդիկ անմարդկային պայմաններում հիսուն օր քսանչորս ժամ մարդ են փրկել։ Մեզ չէին թողնում նկարել իրանց գործը։ Ու մենակ էդ չէ։ Մենք էսօր ունենք Ղարաբաղի պատերազմի քսան տոկոսը վավերագրած։ Ինչի՝ չգիտեմ։

 

«Մենք էսօր ունենք Ղարաբաղի պատերազմի քսան տոկոսը վավերագրած։ Ինչի՝ չգիտեմ։»


Կարեն. Մարդիկ կան, ովքեր իրոք որպես առաքելություն, որպես իրանց մասնակցություն ակտիվ զբաղվել են թիկունքում, չգիտեմ՝ օգնություն հավաքելուց մինչև թվիթերում կիբերատերազմ մղելը, բայց հաստատ կան շատերը, ում համար դա ինքնաարդարացման միջոց էր։

 

Արեգ. Նաև կային ավելի խելոք, կամ ավելի տեղեկացված մարդիկ, ովքեր չէին ուզում ուղղակի փուռը գնային առաջնագծում։

 

Ռմբակոծված դպրոցի պատը, Ստեփանակերտ


ԱՄԵՆ ԻՆՉ ԿԼԱՆՈՂ ԱՆԴՈՒՆԴԸ

Կարեն. Արի համեմատենք երկու թիկունքները։ Երևանում ամեն ինչ ավելի էյֆորիկ էր։ Նաև լրատվությունը, որ պրոպագանդայից տրվում էր՝ վատի կամ լավի համար չեմ ասում, թող լինի պաշտոնական տեղեկություն… Նենց տպավորություն էր, որ դա արվում էր մենակ Հայաստանի Հանրապետության համար։ Արցախում կամ չէին լսում, կամ լսում էին ու բանատեղ չէին դնում, կամ Արցախում գտնվելն արդեն քո համար ավելի շատ էր, քան պաշտոնական տեղեկատվությունը։ Չգիտեմ՝ էդ զուգահեռ իրականություններ ունենալը մեր հերթական պռավալն է՞ր, թե՞ բնական ա, երբ էպիկենտրոնում իրականությունը տարբերվում է հեռվից։ Բայց էն անդունդը, որը կար հայաստանցի-ղարաբաղցի հարաբերությունների մեջ, ու որը պատերազմը շանս ուներ պակասացնելու ու թվում էր՝ արդեն բան չի մնացել, դա էլ էր խաբկանք ու իմ կարծիքով, անդունդը եթե չխորացավ, ապա մնաց նույնը…


Արեգ. Խորացավ, ու ավելի վատացավ, քան եղել ա Մարտակերտը հանձնելուց հետո էն թվերին։


Կարեն. Հայաստանում եղել ա տպավորություն, որ ամեն ինչ արվում ա միայն ու միայն Արցախի համար, ու էդ եղել ա նաև իրականություն, իսկ Արցախում եղել ա տպավորություն, թե՝ բա ու՞ր ա էդ երկրորդ գիծը, բան չի հասնում, ուր են։


Արեգ. Ինչի՞ չմտավ Զանգեզուրի զորքը, Հայաստանից ինչի չբերեցին ռեզերվային խմբեր, տեխնիկա և այլն։

 

Կարեն. Եղել ա տպավորություն, որ Հայաստանում ամեն ինչ իբր հավաքում են, բա ինչի՞ տեղ չի հասնում։ Մի կողմից իրոք՝ Հայաստանից հավաքվում ու ուղարկվում էր, դա իրականություն էր, բայց նաև իրականություն էր հակառակը, որ ամեն ինչ չէր տեղ հասնում։ Որովհետև ստեղից իհարկե գնում էր, բայց շատ հաճախ առաջնագիծ ուղղակի չէր հասնում։ Այսինքն էդ անդունդը համարյա բառի բուն իմաստով անդունդ էր, որտեղ կորում էր թիկունքի ահռելի աշխատանքը։ Դավաճանության, թե բարդակի, թե թալանի արդյունքում՝ էդ ուրիշ հարց ա։ Ու հետաքննությունը ոչինչ չի պարզի, իսկ անդունդը կմնա։

 

Արեգ. Լիքը մարդ կար Հայաստանից՝ մոբը, կամավորները։ Ապրանք էր գալիս լիքը։ Ընկերս երեք օրը մեկ շտապ օգնության մեքենայով մի ավտո գռուզ էր ուղարկում։ Քննարկում էինք ոնց փաթեթավորենք, որ հարմար լինի։ Պահ կար, որ Ստեփանակերտում ոչինչ չկար ու սիգարետից մինչև շան ու կատվի կեր Երևանից էր գալիս։ Ուղղակի շատ բան չէր հասնում պոստերին, որովհետև արդեն տեղում վախենալու էր՝ կարող ա աչքիդ առաջ դրոնով խփեին դիմացի ավտոյին ու դու ուղղակի կարող ա չկարողանաս քեզ համոզես գնաս էդ նույն ճանապարհով։ Հետո, ինչպես միշտ, ոչ մեկի մտքով չէր անցել մարդավարի կազմակերպել օգնության հանձնումը, խեղճուկրակ տատիկները պիտի տնից դուրս գային, հասնեին իրանց օգնությունը ստանալու, փոխանակ մարդավարի տեղ հասցվեր։ Համակարգի բացակայությունն էր, որ ստեղծում էր տպավորությունը, որ ոչինչ չի արվում։

 

«Հայաստան, միացում, ազատություն». 1992 թվականի պաստառը Ստեփանակերտում

 

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Կարեն. Բայց էն էլ ասեմ, որ չնայած ահռելի բան էր արվում, բայց ես հենց գալիս էի Արցախից, աչքերիս չէի հավատում՝ կաֆեներում հանգիստ նստած, մոլեր գնացող մարդիկ։ Էդ էդքան էլ նման չէր ռազմական դրության մեջ ապրող հասարակության։ Կոնտրաստը էն կողմի հետ անհավատալի էր։ Ստեղ խաբկանքն էր ավելի շատ։ Ու տարօրինակ կերպով ռազմաճակատին մոտ քեզ շատ ավելի կոմֆորտի մեջ էիր զգում՝ հաշվի առնելով, որ կենցաղային առումով ամեն ինչ դիսկոմֆորտ ա։ Ուղղակի ընդեղ լինելով՝ դու կիսում ես իրականությունը՝ վտանգը, օգնությունը։ Չես կրակում, բայց մեջն ես, ապրումակցում ես։


Արեգ. Դու կաս։ Ոչ թե նայում ես, թե ինչ ա կատարվում, այլ մեջն ես, դու ես կատարվում։ Իմ կարծիքով, ստեղ լիքը մարդ չէր կատարվում, մենակ նայում էր։ Ու համոզում էր ինքն իրան, որ քանի սահմանի տղեքը սահմանում կանգնած են, սաղ թույն ա, ոչինչ, որ ցեխի մեջ են քնում ու կիսասոված են։ Ինքնախաբեություն։

 

«Դու կաս։ Ոչ թե նայում ես, թե ինչ ա կատարվում, այլ մեջն ես, դու ես կատարվում։»

 

Կարեն. Իսկ ի՞նչ ես կարծում, էս մեր խաբվելը, էդ մենակ պրոպագանդայի արդյունք է՞ր, թե՞ նաև ներսից եկող բան ա։


Արեգ. Հաստատ ներսից, դու ուզում ես քեզ խաբես, որովհետև եթե չանես էդ ու նայես իրականությանը, կխելագարվես։ Ամսի 9-ից հետո փուչիկը տրաքեց, մենք մանթո նստեցինք, իսկ ճակատի խնդիրները չեն լուծվել, գերիները հետ չեն եկել, դիակները փտում են, քաղաքներում լույս ու գազ չկա, մարդիկ տներ չունեն*։ Խնդիրները լիքն են, բայց թիկունքը մի տեսակ կանգնեց, ոնց որ պատերազմը վերջացել ա։ Բայց իրականում էդ մենակ առաջին փուլն էր, երկրորդը փուլը նոր ա սկսվել ու շատ ավելի բարդ ա։

 

I Recognize Artsakh. վավերագրող Անգելա Ֆրանգյանը, Կարեն Ավետիսյանն ու Արեգ Բալայանը

 

ԿԻՍԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Կարեն. Տպավորություն կա հիմա, որ մինչև ամսի 9-ը միասնական էինք զուտ հաղթանակի համար։ Հետո պարզվեց հաղթանակ չկա, բայց արդեն շատ քչերն են իրանց ճղում։ Համ էլ մեղավոր կա, ասում են՝ դե ես ամեն ինչ արեցի, իսկ Նիկոլը սաղ հանձնեց, ես էլ գործ չունեմ։ Բայց բարեբախտաբար, կան էլի մարդիկ, որ հիմա գուցե առավել ևս են ջանքեր գործադրում։ Էդ ոգևորիչ ա։


Արեգ. Աղջկա թեմա էր։ Ընգերոջս ընգերն էր՝ ինչ-որ հիմարություն էր արել ու հայտնվել էր քաքի մեջ։ Մի քյարթ բոլոլա՜, խառնվում են իրար սաղ ու, մի խոսքով, էդ տղուն վերջին ձևերով փչացնում են։ Բայց իրա ընգերը մինչև վերջ մնաց կողքը, իրա հետ փչացավ, կիսեց էդ պռակոլը։ Հիմա մենք պիտի մեր վրա վերցնենք էս փչացնելը ու կիսենք կերած քաքը։ Էդ քո ասածն ա՝ հաղթանակի համար հեշտ ա կողքը լինելը, կարա՞ս՝ քաք ուտելուց էղի ընդեղ։ Պարզ ա, բարդ պատմություն ա, մի հատ աղջկա մասին բոլոլա չի, շերտերը շատ են, պատասխանատվությունը տարբեր կարող ա լինի, բայց մեկ ա՝ մարդա իրա չափով պիտի կիսի։ Մենք ուղղակի սովոր չենք դրան։ Համակարգն ամեն ինչ արել ա երկար տարիներ, որ մարդիկ պատասխանատվություն չկրեն արածների ու չարածների համար։

 

Տեղահանվող շատ արցախցիներ այրում են իրենց տները

 

Շուշիի երեխաները


ՀԵՏ ԲԵՐԵԼ, ԹԵ ՀԵՏ ՉԲԵՐԵԼ

Կարեն. Հետաքրքիր ա՝ դու տղայիդ հետ տարիներ անց ալբոմ ես թերթում, մեջը տեսնում ես, ասենք՝ Շուշիի նկարներ։ Հիմա, Շուշին Անիի պես սուբյեկտ ա դարձել, որ զուտ պատմության կտոր ա ու, ասենք, բացի ինչ-որ շատ ռադիկալ մարդկանցից, ոչ մեկ չի ասում՝ հեսա գնանք հե՜տ բերենք։ Տե՞նց, թե՞ ասելու ես՝ սկզբինտղա ջան, դու պիտի մեծանաս ու գնանք հետ բերենք Շուշին։


Արեգ. Ենթադրում եմ, որ չեմ ասի՝ հետ բերենք, բայց պատրաստելու եմ նրան, որ եթե իր մեջ ցանկություն առաջանա հետ բերելու, ինքը պատրաստ լինի հետ բերելու։ Կոպիտ ասած, կսովորացնեմ կրակել, բայց չեմ ասի՝ պիտի թուրք սպանես, կսովորացնեմ դիմանալ, բայց չեմ ասի, որ պատերազմի համար ա։ Մտածել, ուշադիր լինել կյանքում՝ եթե էդ ամեն ինչ իմանա, կկարողանա դա կիրառել էն պահին, երբ պետք գա։ Գուցե պետք գա Շուշին հետ բերելու ժամանակ։ Բայց ամեն դեպքում, չեմ ուզում պատրաստել իրան մի հատ սցենարի, որի չստացվելու դեպքում ինքն ավելի դժբախտ կլինի։


Կարեն. Արդյո՞ք չի ստացվում՝ մի դեպքում՝ էլի մտնել էս անվերջ ցիկլի մեջ, մյուս կողմից՝ համակերպվել։ 

 

Արեգ. Դե ուղղակի հիմիկվանից դժվար ա ասել, թե ինչ ա լինելու։ Ինչի՞ հիմիկվանից թունավորեմ։ Հետո գիտես, մենք սիրում ենք հերոսականի ժամանակ պատմել մենակ սիրուն մասերը՝ կգնա՜ս, կազատագրե՜ս, պապերիդ հողե՜րը։ Բայց չենք ասում, որ քո հետևից հաստատ թալանչիների խումբ կգա, որոնք մի հատ քո տունը կթալանեն, հետո կփորձեն թուրքերինը թալանել, դու կկռվես, իսկ իրանք գերիներին կփռթեն ու հետո հետ կգան որպես հերոս։ Մեկ ա՝ ինչքան էլ պատերազմին փորձես պատրաստես, չես կարողանալու։

 

 

ՃԱՆԱՉԵՆՔ ԶՄԻՄԵԱՆՍ

Կարեն. Մեր զորամասում կային տղեք, որ կյանքում Երևանում չէին եղել։ Կամ մի երկու անգամ էին եղել ու գիտեին Ջրաշխարհն ու Հրապարակը։ Իսկ Երևանում տոննաներով մարդ կա, որ Արցախը չի պատկերացնում ինչ ա՝ բացի Ղազանչեցոցից, զոնտիկներից ու Գանձասարից։ Հիմա ինձ թվում ա՝ քանի որ մենք ինքներս էդքան հետ ենք մնացել ինքնաճանաչողության դասից, էս ամեն ինչ նաև դրա արդյունքն ա երևի։ Մենք չգիտենք Արցախը, բայց աշխարհից պահանջում ենք ճանաչել Արցախը։ 

 

«Մենք չգիտենք Արցախը, բայց աշխարհից պահանջում ենք ճանաչել Արցախը։»

 

Արեգ. Մյուս կողմից էլ արցախցիներից շատերը չեն պատկերացնում՝ ինչ կա Հայաստանում։ Ասում են Մայր Հայաստանը, բայց մորը չեն ճանաչում։ Ընկերներիցս մեկը երեկ հուզված գրել ա՝ էս երեխեքին պետք ա հայրենասիրություն սովորացնե՜լ։ Ասում եմ՝ այ ցավդ տանեմ, հայրենասիրությունը չեն սովորացնում։ Ուղղակի ինձ ծանոթացրել են Հայաստանի հետ։ Փոքր ժամանակվանից ճամփորդել ենք Հայաստանով, մոտիկից տեսել ենք, արշավներ, բաներ։ 88 թվին հետները գնում էի պիկետների։ Ճամբարներ էինք մեր համար կազմակերպում, աղբյուրներ էինք սարքում՝ լուրջ գործ էր, եկեղեցիների տարածքներն էինք մաքրտում։ Ապրում էինք հայրենիքի հետ, ու տենց սիրում էինք հայրենիքը։ Էդ անտերը դասընթաց չէր։ Ես հենց Երևանում լսում էի մեկը վատ բաներ էր ասում ղարաբաղցիների մասին, վզակոթից բռնում էի, հետս տանում էի Ղարաբաղ, մեր տուն էի տանում, անծանոթ մարդկանց մոտ էինք մտնում։ Հետո չոքերը թուլացած հետ էին գալիս։ Ու էդ պիտի երկկողմանի դառնա, պիտի մենք ճանաչենք իրար։


ԻՆՉ ՍՈՎՈՐԵԼ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Կարեն. Կա կարծիք, որ առաջին պատերազմում մենք հողի իմաստով հաղթեցինք, բայց ահռելի մեծ գին վճարեցինք դրա համար։ Ու ստացվեց, որ հարաբերական հաղթանակ էր։ Ու մտածում եմ՝ կարող ա՞ եթե խելոք լինենք, դասեր քաղենք, ապագայի ճիշտ վեկտոր ընտրենք, էս պարտությունն էլ իր հերթին դառնա հարաբերական պարտություն։ Ու կարող ա՞ էդ դեպքում պետք չի ընդհանրապես կենտրոնանալ հաղթել/պարտվել կատեգորիաների վրա։ 


Արեգ. Հաստատ։ Էսօրվա մեր կենսագործունեությունը չպիտի բխի պարտվողի դիրքից։ Պիտի բխի կյանքի դիրքից։ Մարդու կյանքի, ընտանիքի կյանքի, երկրի կյանքի։ 


Կարեն. Ապրես, որովհետև 90-ականներին մենք հաղթողի դիրքից սկսել ենք մեծ-մեծ փռթել, թե մենք հաղթող ենք, դիմացինը էշ ա, մենք վերջն ենք, ու տենց ձախողել ենք։

 

Արեգ. Ուղղակի չեմ պատկերացնում, թե ոնց պիտի էս միտքը հասցվի տեղ։


Կարեն. Բայց ցավալի պարտությունը լավ դասատու ա, չէ՞։


Արեգ. Դե օրինակ էն ժամանակ, եթե ասեիր՝ էս պատից խփած առաջին պատերազմի հերոսների ֆոտոները հանեք, որովհետև երեսունից չորսն են իրական հերոս, իսկ մնացածը գողավազակներ են, քեզ կգային սկգբից կտանեին, կծեծեին։ Իսկ հիմա էդ բաների մասին վերջապես կարելի ա խոսալ, կարելի ա առաջարկել սթափ դատել։ Որովհետև հիմա էլ չեն կարողանա լղոզել հաղթանակներով։ Լինում ա, որ պետք ա անցնես պիզդեցի միջով, որ լավը դառնաս։

 


ԹԱՔԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԸԼՆԻ

Կարեն. Շատ տարածված վեճ էր, որ մեկը ստեղ խաղաղության մասին բան էր ասում կես բերան, թռնում էինք դեմքին, թե բա՝ քեզ հեշտ ա տաք տեղից խոսալ, փորձվի ղարաբաղցուն տենց բան ասես։ Իբր՝ ղարաբաղցին միշտ պատրաստ էր կռվելուն։ Կամ հակառակը՝ ստեղից ռազմատենչ խոսք էր լսվում, ասում էին՝ բայց կռվողը դու չես, ղարաբաղցին ա։ 

 

Արեգ. Էնքան եմ լսել Ղարաբաղում թաքի խաղաղություն ըլնի։ Ոչ բոլորն իհարկե, բայց սովորական ժողովուրդը, որ այգի ու կով ա պահում, էդ մարդկանց համար խաղաղ կյանքն էր պետք։ Հայաստանում թվում ա, թե Ղարաբաղն ամբողջությամբ ֆրոնտ ա։ Բայց Ղարաբաղը ներսում գիտակցություն ունի առանձին պետության, որտեղ կա թիկունք, ֆրոնտ, մայրաքաղաք։ Նենց չի, որ Ղարաբաղը Սյունիք ա։ Սյունիքում որ ասում ես մայրաքաղաք, Երևանն են պատկերացնում։ Արցախում կառավարությունը ոչ թե Նիկոլն ա, այլ Արայիկը։ Ոնց որ Ղարաբաղը Հայաստանից էլ անկախ լինի։ Յանի։ Էդ խոխմ ա, որովհետև անձնագիրը նույնն ա, բյուջեն ստեղից ա, բանակը ստեղից էր և այլն։


Կարեն. Բայց էս նոր քարտեզով թիկունքն ու առաջնագիծը մի քիչ խառնվեցին իրար։


Արեգ. Դե հիմա մայրուղին ա դարձել առաջնագիծ։ Ցանկացած քաղաքացիական մարդ արդեն առաջնագծով ա գնում-գալիս։


Կարեն. Սաղս հելանք մայրուղի։


Արեգ. Սա ողբերգություն ա, բայց չպիտի մնա էդ կերպարում, պիտի արագ – կամ դանդաղ, ոնց կարողանանք – հասկանանք ու անցնենք առաջ։ Ամեն դեպքում՝ լիքը մարդ կա, լիքը միտք կա, լիքը գործ կա ու նաև անելու ցանկություն կա։ Հլը կանք, չենք պրծել, մի քիչ էլ հող կա։

 

«Հլը կանք, չենք պրծել, մի քիչ էլ հող կա»

հավելյալ նյութեր