Դիմապակին մաքրի, կինո նայենք
Մեծ էկրան

Դիմապակին մաքրի, կինո նայենք

Չնայած կինոթատրոնները փակ են մարտից, համաճարակային իրավիճակում էլ կարելի է մեծ էկրանով կինո դիտել․ բացվում է Riverside դրայվ-ին կինոթատրոնը։ Բացատրում ենք թե դա ինչ է։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի


Լուսանկարները՝ Riverside


ԵՐԵՎԱՆ #63 | 2020

 

 

 

Վերջերս ունեցածս երկխոսությունների մեծ մասը մոտավորապես այսպիսին էին․

 

— Գիտե՞ս Երևանում արդեն drive in կինոթատրոն կա՝ Riverside, ավտոյով գալիս ես ու առանց դուրս գալու նայում մեծ էկրանին:

 

— Հա՞, ինչ լավ ա, որտե՞ղ։

 

— «Նոյ» գործարանը գիտե՞ս, ըհը, էդտեղից դեպի ձոր տանող բուլիժնիկներով ներքև, հետո ձախ (աջ կողմում նախկինում «Երևանյան գիշերներն» էր, ավագ սերունդը կհիշի), գետի երկայնքով անցնող երկար ու մութ ճանապարհով գնալիս հեռվում կնշմարվեն նեոնային լույսերը: Այ էդտեղ է․ մեծ հարթակ «Մերիդիան» էքսպո կենտրոնի մոտ։

 

Գիտեի, որովհետև առաջիններից էի, որ գնացի ու տեսա, թե էդ ինչ բան է։ Կարծես 60-ականների ամերիկյան ֆիլմերից մի դրվագ լինի։ Սկսում ես երևակայել, թե ոնց է էկրանի առջև կանգնած մեքենայի մեջ Դենին խորամանկ, բայց անհաջող փորձեր անում համբուրել Սենդիին։ Թվում է՝ աղջիկը շուտով դուրս կցատկի մեքենայից, իսկ Դենին, նույն ինքը՝ Ջոն Թրավոլթան, իր բարձր, բրիոլինոտ սանրվածքով, լայն բակենբարդներով և կաշվե բաճկոնով կանցնի մեքենաների արանքով ու կերգի հանրահայտ «Սենդին»։ Վերադառնում ես իրականություն, երբ հայերեն խոսակցություններ ես լսում։ Իսկ իրականությունն էլ ավելի հետաքրքիր է։ Էդ մթնոլորտը հենց Երևանում է։

 

Նեոնային լույսերին հասնելուն պես ուղեփակոցի մոտ մեքենաներին դիմավորում են Արամն ու Բաբկենը, ստուգում գրանցումն ու ներս հրավիրում։ Հովհաննեսն էլ արդեն ներսում է։ Երեք ընկեր են, որոնք իրականություն են դարձրել իրենց վաղեմի երազանքը։ Նրանց հետ drive in (եթե ուղղակի թարմգանենք՝ “մեքենայով ներս վարել”) ֆորմատի զրույց ունեցա հենց մեքենայի մեջ։

 
Image for post
Տեղում կարելի է սնվել

 

Ի՞նչ է Riverside-ը հիմա, ու ի՞նչ է լինելու հետո

Riverside-ն 80 մեքենայի համար նախատեսված drive in ֆորմատի կինոթատրոն է։ Անկախ ուղևորների քանակից, մեկ մեքենայի համար տոմսի արժեքը տատանվելու է 5–6 հազար դրամի սահմաններում։ Ամեն օր մայրամուտից հետո հնարավոր կլինի երկու կինոսեանսի ներկա գտնվել։ Կարևոր առավելություններից է այն, որ հանդիսատեսը կարող է ինքը որոշել ֆիլմը դիտել թարգմանությա՞մբ, թե՞ բնօրինակով։ Բանն այն է, որ ֆիլմի ձայնը պետք է որսալ սեփական մեքենայի ռադիոընդունիչի միջոցով և, հետևաբար, հնարավոր կլինի ընտրել լեզուն։

 

Հովհաննեսն ասում է․ «Ֆիլմերի ընտրության մասով հիմնականում ես եմ զբաղվում, ունենք ոլորտի մասնագետ ընկերներ, որոնց հետ միշտ կարող ենք խորհրդակցել»։

 

«Կգան բոլորը, ովքեր կարոտել են մեծ կինոն, ովքեր սիրում են այն, ինչ մենք, ովքեր կարող են զգալ այս մթնոլորտն ու տրամադրությունը, այդպիսիք քիչ չեն։ Չենք բացառում, որ շուտով նման այլ կինոթատրոններ էլի կբացվեն Երևանում։ Դա մեզ միայն ուրախացնում է», — ավելացնում է Բաբկենը։

 

Տղաները լիահույս են, որ շատ շուտով Riverside-ը կվերածվի այլընտրանքային ժամանցի հարթակի, որտեղ ներկայացված կլինեն տարբեր հաստատություններ։ Այս պահին Riverside-ին է միացել Simona կոկտեյլ բարը, տարածքում առկա է նաև Riverburg ապրանքանիշը, սպասվում են բազմաթիվ այլ նոր համագործակցություններ։ Ապագայում նախատեսվում է առանձնացնել հատված երեխաների համար և այդպիսով ծնողների կինոդիտումն էլ ավելի հանգիստ դարձնել։ Մոտ ապագայում կլինի նաև առանձին հատված առանց մեքենայի այցելուների համար, որտեղ ձայնի կարգավորումները կարվեն այլ տեխնիկական միջոցներով։ Տղաները չեն բացառում, որ ապագայում Riverside-եր կլինեն նաև Հայաստանի այլ քաղաքներում։

 
Image for post

 

Սրճարաններից ու բարերից հոգնած

Կինոթատրոնը Երևանում բացելու ոգեշնչման մասին խոսելիս Արամն ասում է․ «Փնտրում էինք ինչ-որ բիզնես ոլորտ, որը ֆինանսապես կապահովի մեզ ու նաև այլընտրանք կլինի Երևանի համար։ Համ գաղափարն էր հասունացել, համ էլ երկրի իրավիճակն էր թելադրում։ Բոլոր մոլորակները դասավորվեցին այնպես, որ սա կայանա»։

 

Հովհաննեսը պատմում է, թե ինչպես էր ինքը վերցնում նոթբուքը, մեքենան հարմար կայանում, օրինակ՝ Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհին, ու հարմար տեղավորվում սիրելի ֆիլմերը դիտելու համար։ Ասում է․ «Inception-ը տենց եմ նայել, դրսում էլ անձրև էր։ Ոչ մի կինոթատրոն ինձ նույն էմոցիաները չէր փոխանցի։ Միշտ էլ մտածել ենք Երևանում որևէ ալտերնատիվ ժամանցի հարթակ ստեղծելու մասին, տարբեր գաղափարներ կային, բայց, քանի որ երեքս էլ կինոման ենք, ես մի քիչ ավելի շատ, — ավելացնում է ծիծաղելով,- որոշեցինք, որ drive in կինոթատրոնն այն է, ինչ պետք է։ Սա թե՛ կոմերցիոն քայլ է և թե՛ գաղափարական։ Միտքը ծնվեց այն ժամանակ, երբ երկրում ու աշխարհում դեռ մի շարք փոփոխությունների սկիզբն էր, այլ իրավիճակ էր, պետք էր համահունչ քայլել, ադապտացվել և հանրության համար ժամանցի նոր տարբերակներ ստեղծել, ոչ ոք չգիտի, թե դա որքան կտևի։ Կարծում եմ, սա մեր կոմպետենտության շրջանակում է, մենք կարող ենք լավ ֆիլմ և լավ ժամանց առաջարկել հանդիսատեսին։ Բոլորս էլ հոգնել ենք բարերից, սրճարաններից ու ակումբներից»։

 

Կեր, խմի, կինո նայի

Drive in ֆորմատի հարմարավետությունն ընդգծելով՝ Բաբկենն ասում է․ «Այստեղ դու քո հարմարավետության սահմաններում ես, քո մեքենան, քո ռադիոընդունիչը, ձայնի կարգավորումն ըստ քո ցանկության, կարող ես շարժվել ու նստել ինչպես որ ուզես, մինչև անգամ բարձրանալ մեքենայի վրա։ Չկա կողմնակի աղմուկ, փոխարենը՝ ինքդ կարող ես ազատ զրուցել, քննարկել ֆիլմը ու չխանգարել մյուսներին։

 

Ընդ որում, այս ֆորմատն աշխատում է կլոր տարի, անկախ սեզոնից․ անձրևին կամ ձյանը միշտ կարելի է միացնել դիմապակու խոզանակները, իսկ ամռանը՝ բացել պատուհանը»։

 
Image for post

The Shining-ը՝ Riverside — ի մեծ էկրանին, Ոսկե ծիրանի հետ համատեղ հատուկ միջոցառման ժամանակ

 

Հովհաննեսն էլ գտնում է, որ պակաս կարևոր չէ, թե ինչ կարող ես ուտել կամ խմել կինոդիտման ընթացքում։ Դա էլ ժամանցի կարևոր մաս է համարում։ Հատուկ չատբոտի միջոցով պատվիրված սնունդն ու խմիչքը շատ արագ մոտեցվում է մեքենային։ Ընդ որում, ի տարբերություն այլ կինոթատրոնների, այստեղ թույլատրվում է նաև ալկոհոլը։ Եթե, իհարկե, չեք վարելու մեքենան։ Թեպետ մոտ ապագայում նախատեսվում է «սթափ վարորդ» ծառայություն ավելացնել, որ ղեկին նստածն էլ կարողանա խմել։ Այս ամենը տղաները համարում են փոքր, բայց կարևոր նախապայմաններ լավ ժամանցի ու հանգստի համար։

 

Մի խոսքով, գազ տվեք, կինոն շարունակվում է՜։