Սուշիո՛վ պատասխանենք համավարակին
Մեկուսացում 2020

Սուշիո՛վ պատասխանենք համավարակին

Մի շատ դրամատիկ ընտանեկան պատմություն՝ լավ ավարտով։

Տեքստը՝ Ամալի Խաչատրյանի

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

#Մեկուսացում2020

36-ամյա Մանուշակ Վահրամյանի ու 45-ամյա Տաիջի Նոտսուի փոքրիկ ընտանիքը կորոնավիրուսի ամեն հետևանք չափազանց ուժեղ է զգացել։ Բայց հիմա՝ մի տարի անց, ասում են, որ դժվարություններն անցյալում են։ Ավելին, քովիդյան սահմանափակումներն ի վերջո ստիպեցին Մանուշակին ու Տաիջիին Երևանում նոր գործ սկսել՝ սուշիի առաքում։

 

Չըխկլը-փակ

Մանուշակ. Երեք տարի առաջ եմ Տաիջիին հանդիպել ֆուդ ֆեսթի ժամանակ. նա Հայաստանում էր ապրում ու ճապոներեն էր դասավանդում Սլավոնական և Երևանի պետական համալսարաններում: Այդ ժամանակ ես շատ հետաքրքրված էի ճապոնական մշակույթով, Մուրակամիով ու այլ գրողներով։ Քանի որ Տաիջին ճապոներեն էր դասավանդում, հետաքրքրվեցի՝ արդյոք կարող եմ գնալ իր դասերին։ Շատ էի ուզում ճապոներեն սովորել, որ ճապոնացի հեղինակներին բնագրով կարդայի: Դասերը դարձան պատճառ, որ սկսեցինք շփվել, հետո ավելի լուրջ շփվել, իսկ 2019-ին ամուսնացանք:


Քանի որ Տաիջին հյուրատուն էր բացել Թբիլիսիում, ամուսնանալուց հետո տեղափոխվեցինք Վրաստան: Մեր բալիկը պետք է ծնվեր 2020-ի ապրիլին։ Որոշել էինք ծննդաբերությունը Հայաստանում իրականացնել, դրա համար էլ մինչև համաճարակի սկսվելը՝ փետրվարի վերջին, ես եկա Հայաստան: Ամուսինս պետք է մեկ ամիս հետո միանար ինձ, որ ծննդաբերության օրերին կողքիս լիներ։ Չնայած կորոնավիրուսն արդեն տարածվել էր աշխարհով մեկ, բայց մենք ոչ մի կերպ չէինք կարող պատկերացնել, որ այն կհասնի նման մակարդակի։

 

Մարտին Հայաստանում սկսվեց կարանտինը, սահմանները փակվեցին, մուտքն ու ելքն արգելափակվեց, ու Տաիջին չկարողացավ Վրաստանից մուտք գործել Հայաստան, քանի որ ՀՀ քաղաքացի չէ։

 

Մեն-մենակ

Մանուշակ. Դրամատիկ պահն այն էր, որ մենք պլանավորել էինք միասնական ծննդաբերություն, այսինքն՝ ինքը պետք է ներկա լիներ ընթացքին։ Շատ վարդագույն պլաններ ունեինք։ Հիվանդանոցում, սակայն, պարզվեց՝ ծննդաբերող մարդուց բացի նույն հարկում այլ մարդկանց ներկայությունը թույլ չի տրվում։ Փաստորեն էսպես թե էնպես ինքը չէր էլ կարողանա մասնակցել ծննդաբերությանը, իսկ իմ ծնողների ու բարեկամների հետ կապը եղել է բուժքույրերի միջոցով:

Ծննդաբերեցի ապրիլի 12-ին: Որոշ խնդիրների պատճառով բժիշկները ստիպված եղան կեսարյան հատում անել, իսկ կեսարյանի ժամանակ սովորաբար գոնե մեկ խնամող լինում է ծննդկանի կողքին: Շատ դժվար է. հերիք չի քեզ պետք է նայես, մի հատ էլ նորածին երեխային: Ճիշտ է՝ փոքր, բայց կեսարյանը վիրահատություն է, իսկ կողքիս մարդ չկար։ Մինչդեռ ես՝ նորաթուխ մայրս՝ ցավերի մեջ, չեմ կարողանում երեխային կերակրել, իսկ նա անընդհատ լացում է… 


Այդ ամենի միջով մենակով անցնելը շատ դժվար էր, այդ երեք օրերը կոնկրետ ոնց որ անիծված լինեին: Իհարկե, չեմ կարող դժգոհել անձնակազմից. շատ լավ բժիշկ եմ ունեցել, շատ լավ բուժքույրեր. «Էրեբունի» ծննդատունն էր։

 

 

Welcome to Armenia

Մանուշակ. Մենք անընդհատ հետևում էինք սահմանի հետ կապված ցանկացած նորության, անընդհատ անորոշ ու անհասկանալի իրավիճակում էինք. մեկ հայտարարում էին՝ զբոսաշրջիկների համար սահմանները կբացեն, մեկ հետաձգում էին… Ի վերջո, օգոստոսին, երբ Հայաստանում կորոնայի վիճակը մի քիչ լավացավ, օրենքը վերջապես թարմացվեց, ընտանիքի անդամներին ամուսնության վկայականով թույլատրեցին սահմանը հատել:


Սեպտեմբերի 17-ին Տաիջին անցավ սահմանն ու եկավ Հայաստան։ Սեպտեմբերի 17-ին լրացավ նաև մեր հանդիպման երեք տարին: Փաստորեն՝ երեք տարի անց հենց նույն օրը մենք իրար նորից հանդիպեցինք. մեր բաժանումից անցել էր 7 ամիս, երեխան էլ արդեն 5 ամսական էր:


Ճապոնացու և հայի խաչմերուկում

Տաիջի. Իրար շատ էինք կարոտել, աղջկաս առաջին անգամ էի տեսնում. ամեն ինչ շա՜տ դրամատիկ էր, բայց սա է իրականությունը: Հարաբերությունները նաև շատ տարբեր են՝ մինչև երեխան ու երեխայից հետո:


Երեխային խնամելու հարցում կնոջս օգնել էին իր ծնողները, արդեն շատ տարբեր սովորություններ էին ձևավորվել, իսկ ես ցատկում ու հայտնվում եմ այդ ամենի մեջ: Օրինակ, երեխայի քնելու հետ կապված տարբերություններ կան ճապոնական ու հայկական սովորություններում: Հայաստանում չես կարող պատկերացնել՝ երեխան 5 ամսականում միայնակ քնի. մայրն ու հայրը միշտ քնում են երեխայի հետ, այդ ժամանակահատվածում մայրը նաև կուրծք է տալիս։ Մինչդեռ ճապոնացիներս կարծում ենք՝ երեխայի ազատության ու զարգացման համար նա պետք է առանձին քնի, որ ամբողջական չընդհատվող քուն ունենա: Ինձ համար հայկական տարբերակը շատ դժվար էր ընդունել, ու մենք անցանք իմ տարբերակին: Հիմա երեխան մեծահասակի նման ամբողջ գիշեր քնում է։

 


Գոյատևել է պետք

Տաիջի. Թբիլիսիի հոսթելիս բիզնեսը հիմա օնլայն եմ կազմակերպում։ Կորոնայից իմ բիզնեսը նույնպես լուրջ տուժեց. չփակվեց, բայց շատ վատ աշխատեց։ 2020-ի սեպտեմբերին, երբ տեղափոխվեցի Հայաստան, որոշում էինք կրկին նոր բիզնես սկսել, սակայն այդ ժամանակ էլ սկսվեց պատերազմը։ Մտածում էինք food truck (սննդի բեռնատար – խմբ.) բիզնեսի մասին, բայց վերջում ընտրեցինք սննդի առաքումը, քանի որ կարծում ենք՝ համաճարակը դեռ մի քանի տարի տևելու է։ Տարիներ առաջ ես երեքամսյա սուշի թրեյնինգի եմ մասնակցել, պարզապես իմ համար սովորել եմ:

 

Սուշի սարքելու ու վաճառելու գաղափար միշտ եմ ունեցել, իսկ հիմա կորոնավիրուսը, կարծես, օգնում է դրա իրականացմանը։ Ես ուզում եմ հայկական ձկնեղենով ու հայկական բաղադրիչներով ավանդական ճապոնական սուշի պատրաստել: Այս երկու խոհանոցներն իրար խառնելու համար մի շարք էքսպերիմենտներ եմ արել: Փորձարկումը սկսել եմ 2020-ի վերջից, առաքումը՝ 2021-ի սկզբից։ Դեռևս միայն ընկերներն են պատվիրում, շուտով պաշտոնապես կներկայացնենք մեր բիզնեսն ու ակտիվ կտարածենք։


Եվ դրական, և բացասական

Մանուշակ. Իհարկե, 2020-ը շատ դժվար տարի էր, բայց ես նաև դրական բաներ եմ տեսնում. չէ՞ որ 2020-ին երեխաս է ծնվել: Հետո, ես հնարավորություն ունեցա ամբողջ տարին օնլայն աշխատել։ Եթե համաճարակ չլիներ, ստիպված կլինեի գնալ գրասենյակ, մինչդեռ այդքան շուտ չէի կարողանա, պետք է երեխային խնամեի: Այս կերպ՝ ես վերադարձա աշխատանքի երեխայի ծնվելուց երեք ամիս անց։ Մենք նաև շատ բան սովորեցինք այս ամենի արդյունքում. փոխեցինք մեր մտածելակերպը, աշխարհայացքը։ Համաճարակը ստիպեց, որ ավելի հասուն դառնանք։

հավելյալ նյութեր