Վահագն Հայրապետյան․ «Կասկադից ջազ է լսվում»
Իմ Երևան

Վահագն Հայրապետյան․ «Կասկադից ջազ է լսվում»

Դաշնակահար Վահագն Հայրապետյանը մինչև մազերի ծայրը ջազմեն է, քաղաքի ջազմեն: Նա անձամբ է չափում երևանյան ջազի ծավալը, դրա համար էլ արժանացել է «ջազի բարոմետր» տիտղոսին:

Տեքստը՝ Լենա Գևորգյանի

 

Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #6 | 2012

#ԻմԵրևան

Առաջին ծննդատանն եմ լույս աշխարհ եկել՝ երկար ու կարմիր մազերով: 7 ամսական եմ ծնվել, դրա համար միշտ շտապում եմ, համենայն դեպս՝ փորձում եմ չուշանալ: Փոքր ժամանակ վազում էի հորս մոտ ու հարցնում՝ «Պապ, ե՞րբ ենք միասին նվագելու», նա էլ ասում էր՝ «Մի վռազի»: Ահավոր աշխույժ երեխա եմ եղել: Կարմիր մազերիցս բան չի մնացել, բայց մինչև հիմա էլ աշխույժ եմ:


Կոմիտասում եմ մեծացել՝ տատիկիս տունն էր, որտեղ ապրում եմ նաև հիմա, արդեն ընտանիքիս հետ: Մամաս ու պապաս պարապում էին, որ ասպիրանտուրա ընդունվեին, ես էլ այդ պարապմունքների տակ եմ մեծացել:


Կինո «Երևանի» մոտակայքում մսուր մանկապարտեզ կար: Այնտեղ փոքր դաշնամուր ունեինք՝ երեք տարեկանում առաջին երգս եմ գրել՝ «գնում եմ մանկապարտեզ, համով ճաշիկ եմ ուտում… նա նա նա…»: Հիմա նայում եմ դաշնամուրի մոտ նստած այդ նկարիս ու հասկանում, թե որտեղից է ամեն ինչ սկսվել:


Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը ինձ համար հիմնականն էր: Միջնակարգ ու երաժշտական դպրոցի զոհը դարձա, որովհետև մշտապես մրցակցում էին, թե որն է ավելի կարևոր: Երկրորդ դասարանում մաթեմատիկայի մի լավ ուսուցիչ ունեինք, սեպտեմբերին 1-ին ինձ տեսավ ու ասաց, որ վերաքննություն է նշանակել: Այդ վերաքննությունը չհանձնեցի ու դուրս եկա դպրոցից:

 


Մասիվում Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց ընդունվեցի: Այնտեղ շատ բան սովորեցի, հիասքանչ ուսուցիչներ ունեինք: Դասերից միշտ ուշանում էի, որովհետև առաջին համարի տրոլեյբուսը ուշ էր գալիս կամ ես էի քնած մնում: Առաջին դասերին միշտ չկայի:


Շիրվանզադեի անվան դպրոց էլ եմ հաճախել: Հարմար էր, տան մոտ էր: Դպրոցում լավ սովորող չեմ եղել, որովհետև երգչախումբ, էստրադային խմբակ ունեինք: Դպրոցի տնօրենին համոզել էինք, երաժշտական գործիքներ էր գնել՝ կիթառներ, հարվածայիններ, բարձրախոսներ: Դահլիճը մեզ էին հատկացրել, դասերի փոխարեն փորձերի էինք հաճախում: Սովետական դպրոցների «սլյոտներ» կային, ու մենք այդ ժամանակ արդեն շրջագայությունների էինք մեկնում:


Դպրոցից դուրս էինք գալիս, երեխաներից մեկի մոտ ծխախոտ էր լինում, անպայման արտասահմանյան, իբր ծխում էինք: Բայց առաջին անգամ ծխել եմ 1979 թվականին՝ Լեհաստանում: 11 տարեկան էի՝ թռցրեցի մամայիս NewPort ծխախոտներից մեկը: Թաքուն երբեք չեմ ծխել, եկել եմ տուն ու ազնվորեն պատմել եմ դրա մասին: Նման երկխոսություններ իմ ու մորս միջև հաճախ են եղել՝ «Ծխում ե՞ս», «Հա», «Վա՜յ, վայ-վա՜յ»:


Համադասարանցիս՝ Վիգեն Ավետիսյանը, մինչև այժմ էլ մտերիմ ընկերս է: Նա Ֆլորենցիայում համար առաջին քանդակագործներից է: Միշտ ասում էր՝ «Պատմի համերգներիդ մասին, ես էլ նկարեմ»: Այդպես էլ անում էինք:


Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա առաջին տարին չընդունվեցի: Հայերեն քննությունից կտրվեցի: Երևի հաջորդ տարի ավելի լավ սովորեցի գրել հայերեն ու ընդունվեցի:


«Պոպլավոկի» բեմի դիմաց գտնվող սեղանի մոտ հանդիպեցի Արտո Թունջբոյաջյանին: 1996 թվականն էր, «Պոպլավոկն» էլ դեռ այսքան մեծ չէր: Տրիոյով նվագում էինք, նա էլ ներկա էր մեր համերգին: Երևան էր եկել իր սանիկին կնքելու: Համերգից առաջ հայտնեցին, որ ներկա է նաև Արտոն: Միմյանց հեռակա գիտեինք: Համերգից հետո մոտեցա նրան, խոսեցինք: Ասաց, որ երազել է Կարո Հայրապետյանի հետ նվագել, չգիտեր, որ իր որդին եմ: Հաջորդ օրը կրկին համերգ ունեինք, նա եկավ, երբ արդեն ավարտել էինք: Մոտեցավ ու ասաց՝ «Մի քիչ չնվագե՞նք»: Ու մինչև առավոտյան 5-ը նվագեցինք: Ասաց՝ մյուս անգամ, որ գա, խումբ ենք ստեղծելու: Այդպես ծնվեց Armenian Navy Band-ը:


Քանաքեռում գտնվող «Ճակատ» ճակատագրական ստուդիայում ձայնագրեցինք Navy Band-ի առաջին ձայնասկավառակը: Ի սկզբանե, դա Սովետական Միության հայտնի «Մելոդիա» ընկերության տարածքն էր: Ստուդիայի ակուստիկայով անգլիացիներն էին զբաղվել: Փլուզումից հետո այդ ստուդիայում միայն այդ տաղավարն էր մնացել, որտեղ ընդամենը չորս բարձրախոս կար և ուրիշ ոչինչ: Մենք կենդանի էինք նվագում, Արտոն երգում էր, հետո նույն բարձրախոսը մոտեցնում էր սաքսոֆոնահարին:


Երևանում հորս հետ շատ չենք նվագել: Ժամանակին ուզում էինք խումբ հավաքել, վերջում երկուսով մնացինք: Միասին շատ էինք իմպրովիզում: Մի կին կար, մշտապես գալիս էր մեր համերգներին ու բառերով երգում էր մեր ստեղծագործությունները, բայց նույնիսկ մենք չգիտեինք՝ ինչ ենք նվագում: Հորս հետ վեց տարի արաբական երկրներում ենք աշխատել: Ամեն ինչի միջով անցանք միասին՝ տխրություն ու ուրախություն, ծիծաղ ու արցունքներ, մի մեծ կյանք ապրեցինք: Ասեցինք միմյանց այն ամենը, ինչ չէինք հասցրել ասել: Դրանից հետո ես ջութակի ձայն չեմ կարողանում լսել:


«Մալխաս» ակումբում եմ հանդիպել կնոջս: Մենք նվագում էինք, նա էլ եկել էր լսելու: Կնոջս ամեն օր սեր եմ խոստովանում, որքան որ առիթ է լինում: Այժմ էլ 10 ամսական Լիլիթիկ ունենք, նա արև է:


Ինձ համար Երևանը ես եմ, հենց դա է պատճառը, որ Երևանը իմն է: Շատերը ասում են՝ «Իմն ա, ինչ կուզեմ կանեմ» ու մի վատ բան են անում, բայց այդպես չէ: Լավ, քոնն է, բայց այնպիսի բան արա, որ բոլորին լավ լինի: Ուրեմն՝ քոնը չի, դրա համար էլ ինչ ուզում անում ես:


Երևանում լավ կնայվի, եթե նստես փողոցում ու նվագես, բայց՝ լավ նվագես: Մտածելակերպից է գալիս: Փարիզում, օրինակ, գեղեցիկ հագնվում ու դուրս են գալիս փողոց նվագելու: Բայց ցավով չեն դուրս գալիս, հակառակը՝ ցուցադրելու իրենց տաղանդը, ոչ թե խմելու փող մուրալու համար:


Երևանը պետք է սիրել, որ նա էլ քեզ սիրի: Երևանը այնքան եմ սիրում… ու իմ ձևի եմ սիրում: Ինչպե՞ս կարող եմ բացատրել ինչքան ու ինչի համար եմ սիրում: Մորդ ինչպե՞ս կսիրես, անբացատրելի է, չէ՞:

 


Երևանից մեկնողների շարքին չեմ պատկանի, դա հաստատ գիտեմ, որովհետև եթե այդպես չլիներ, արդեն վաղուց այստեղ չէի բնակվի: Երբ արտասահմանում եմ լինում, հասկանում եմ, որ նույնիսկ մեկ շաբաթը ինձ համար բավականին մեծ ժամկետ է, որ հասցնեմ կարոտել քաղաքս, շատ-շատ:


Սիրում եմ Կենտրոնը, Արաբկիրը, Երրորդ մասը և այլն: Հատուկ վայր չկա, որ վերադառնամ շրջագայություններից ու անպայման այցելեմ: Ես ամեն տեղ էլ լինում եմ: Ու սիրում եմ նույնիսկ մեր քաղաքի այն վայրերը, որտեղ չեմ եղել:


Եկեք մաքուր պահենք Երևանը: Միայն աղբի մասին չեմ խոսում, այլ հոգևոր կեղտոտության մասին: Ավելի հեշտ է չթափել, քան մաքրել: Ներքին կեղտը չպետք է դուրս թափվի: Նման ազգ չկա, որ այսքան շատ գովերգի իր քաղաքը, որքան մենք ենք գովերգում: Բայց նույնքան շատ էլ ապականում ենք այն: Գոռում ենք, որ սիրում ենք, բայց դրա հետ մեկտեղ սա ենք քանդում, նա ենք քանդում, փոխարենը՝ անիմաստ շենք ենք կառուցում ու շուտով գրում ենք՝ «տրվում է վարձով»:


Կասկադից ջազ է լսվում, սիրում եմ նվագել այնտեղի համերգասրահում: Հաճախ եմ լինում Art Bridge-ում, Mezzo-ում, The Club-ում: Բայց հիմնական ժամանակս տանն եմ անցկացնում՝ բալիկիս հետ:


Մալականի այգին, որ մեր տան կողքն է, այնքա՜ն լավն է: Ոչ սրճարան կա, ոչ բիլիարդանոց: Դրա հետ մեկտեղ նստելու տեղ էլ չկա, բայց կարևորը՝ աղմուկ չկա: Այդ առումով Սիրահարների այգին նույնպես սիրում եմ:


Երևանում այնքան հաճելի կլինի, որ առանց երաժշտության այգիներ լինեն: Անպայման չի, որ երաժշտություն լինի, հետո կրկին ու կրկին երաժշտություն: Նամանավանդ, որ հիմնականում մեր քաղաքի երաժշտությունը չագուչով գլխի նույն կետին խփվող ձայն է հիշեցնում: Լռությունն էլ է լավ: Հաստատ լռության մեջ ավելի շատ երաժշտություն կա:


Երկրագունդը կլոր է, ու ամեն ինչ վերադառնում է իր սկզբնակետին: Ես էլ, ուր գնում եմ, միևնույն է, Երևան եմ վերադառնում: Տնից լավ տեղ չկա: Իսկ Երևանը
մեր տունն է:

հավելյալ նյութեր