11 գիրք՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ
Խորհուրդ

11 գիրք՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

ԵՐԵՎԱՆը խորհուրդ է տալիս մի քանի թարմ հայալեզու հրատարակություն, որոնք կարելի է նվիրել լավ մարդկանց՝ Գիրք նվիրելու օրը (փետրվարի 19-ին)։

Ժամանակակից հայ գրականության սիրահարների համար

Գրիգ «Friedensdorf» («Անտարես» հրատարակչություն)

«Հիսուսի կատուն» ժողովածուի հեղինակ Գրիգը վերջապես ներկայանում է վեպով․ «Friedensdorf»-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է, որտեղ զուգահեռ ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները մասնավորապես: Դրանց հատման կետում պատմողն է՝ պատերազմ չգնացած մարդը, որը, այլ մարդկանց կոշիկների քուղերն օգտագործելով, տեսնում է վերջիններիս երազները: Վեպը խաղաղության փնտրտուքի, պատերազմի տեսանելի և չերևացող հետևանքների, մեծ ողբերգության, փոքր ուրախությունների մասին է:

 

​Գրիգ «FRIEDENSDORF» (վեպ)

 

Գնել առցանց

 


 

Ժամանակակից թրիլերների սիրահարների համար

Մարգարեթ Աթվուդ «Արթնացում» («Անտարես» հրատարակչություն)

«Աղախնի պատմության» հեղինակ, կանադուհի Մարգարեթ Աթվուդը այլ ուշագրավ գործեր էլ ունի։ Օրինակ՝ «Արթնացում» հոգեբանական թրիլերը, որի հերոսուհին ճամփա է ընկնում հայրենի գյուղակ՝ անհետ կորած հորը գտնելու: Անդադրում որոնումների ընթացքում նա վերադառնում է անցյալ, խորամուխ լինում վաղուց մոռացված գաղտնիքների, հիշողությունների մեջ և օտարանալով բոլորից՝ «արթնանում» ու գտնում ինքն իրեն: 

 

Մարգարեթ Աթվուդ «Արթնացում» (վեպ)

 

Գնել առցանց

 


 

Խորհրդահայ արձակի սիրահարների համար

Զորայր Խալափյան, «Մեռնող հառնող» («Անտարես» հրատարակչություն)

Խորհրդահայ գրականության դասական աշխատանքի նոր հրատարակությունը (առաջին անգամ լույս է տեսել 1975-ին)։ Զորայր Խալափյանի «Մեռնող հառնող» վեպը հայ բանահավաքների գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանքի գեղարվեստականացումն է՝ գունեղ ու տպավորիչ մանրամասներով, բանահյուսական տեքստի և առասպելաբանական ոգու շլացուցիչ ներդաշնակումներով, որոնց շնորհիվ վեպը վերածվում է յուրօրինակ ասքի: 

 

Զորայր Խալափյան «Մեռնող-հառնող»

 

Գնել առցանց

 


 

Մարզական նոն-ֆիքշնի սիրահարների համար

Սուրեն Բաղդասարյան «Արարատ 73․ հայկական ֆուտբոլի ոսկեդարը» (newmag հրատարակչություն)

Հայկական ֆուտբոլի բարձրակետը՝ 1973-ի «Արարատի» ոսկե դուբլը, անցյալ տարի նշեց իր կեսդարյա հոբելյանը։ Այդ կապակցությամբ newmag-ը հրատարակեց այդ իրադարձությունների ականատես, այդ մրցաշրջանի գլխավոր հաղթական խաղերի ռեպորտաժների հաղորդավար Սուրեն Բաղդասարյանի հուշերը։ Ականատեսի բծախնդրությամբ նկարագրված է, թե ինչ դժվարություններով ու զրկանքներով է անցել «Արարատն» ու հասել այս աննախադեպ հաջողությանը։

 

 

Գնել առցանց

 


 

Թարմ բեսթսելերներ փնտրողների համար

Ալեքսիս Մայքլիդիս, «Ցասում» (newmag հրատարակչություն)

Ալեքս Մայքլիդիսի Լռակյաց հիվանդը» (2019) հոգեբանական թրիլերն այնքան լավ ընդունվեց աշխարհում ու Հայաստանում (2021-ին այն հրատարակել էր նույն newmag-ը), որ հաջորդ գիրքը՝ «Ցասումը», լույս տեսավ ամբողջ աշխարհում միաժամանակ։ Մայքլիդիսի նոր վեպը կրկին արագ կլանվող, անսպասելի շրջադարձերով գիր է, որը պետք է դուր գա հատկապես «Հիվանդի» սիրահարներին։ 

 

 

Գնել առցանց

 


 

Արևելյան պոեզիայի սիրահարների համար

Հաֆեզ «Գազելներ, քառյակներ» («Զանգակ» հրատարակչություն)

Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։ Ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 16-ին Կապույտ մզկիթում, ներառում է բանաստեղծի 292 գազել (բանաստեղծության կայուն ձև է, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում) և 16 քառյակ։

 

 

Գնել առցանց

 


 

Պատանիների համար

«Էդուարդ Թյուլեյնի զարմանալի ճանապարհորդությունը» («Զանգակ» հրատարակչություն)

«Զանգակը» շարունակում է պեղել համաշխարհային մանկական գրականության լավագույն նմուշները։ 2006 թվականի «Էդուարդ Թյուլեյնի զարմանալի ճանապարհորդությունը» դրանցից մեկն է։ Նավարկության ընթացքում՝ օվկիանոսի հատակում հայտնվելուց հետո, հախճապակե ճագար Էդուարդ Թյուլեյնը նոր է սկսում հասկանալ, որ կյանքը չի սահմանափակվում նրբագեղ ու թանկարժեք հագուստներով և մյուսների հանդեպ ամբարտավան վերաբերմունքով: Սկսելով իր զարմանալի ճանապարհորդությունը` Էդուարդը նորովի է բացահայտում ինքն իրեն ու աշխարհը, իսկ նրան հանդիպած մարդիկ ու փորձությունները վերջապես սովորեցնում են ամենակարևորը` լսելն ու սիրելը։ 

 

 

Գնել առցանց

 


 

Օզի կախարդի սիրահար պատանիների համար

Ֆրենք Բաում, «Դորըթին և կախարդը Օզում» («Մաշտոց» հրատարակչական հիմնադրամ)

Օզի կախարդի մասին հանրահայտ շարքի այս գրքում Դորըթին և նրա ընկերները, պատահաբար հայտնվելով երկրագնդի ընդերքում, այցելում են զարմանահրաշ նոր աշխարհներ: Հայերեն լույս են տեսնում առաջին անգամ: Առանձին արժե նշել, որ «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամն այս գրքով շարունակում է իր աննախադեպ ծրագիրը, որի շնորհիվ Վայոց ձորի ավելի քան 60 թարգմանիչ՝ բաժանված երեք խմբի՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն, թարգմանում են նշված լեզուներով գրված համաշխարհային գրականության զարդեր:  

 

 

Գնել առցանց

 


 

Փոքր երեխաների համար

Լիլիթ Ալթունյան, «Խավարի թագավորը» («Վերնատուն» հրատարակչություն)

Մանկական պատկերագրքերի ժամանակակից հայ հեղինակ նկարազարդող Լիլիթ Ալթունյանի նոր գիրքը պատմում է մի թագավորի մասին, որն իր կյանքում միայն մութն է տեսել: Բայց հետաքրքրասիրության շնորհիվ թագավորը դուրս է գալիս իր խավարից ու բացահայտում լույսը: Սկզբում սարսափելի թվացող լույսը նրա առաջ բացում է մի նոր աշխարհ: Սակայն այստեղ կարևորն այն է, որ թագավորը, գտնելով լույսը,  չի կորցնում խավարը: Ուստի հեղինակը ցույց է տալիս, որ աշխարհում կարևոր են երկուսն էլ, որովհետև միայն այդպես կարող ենք հասնել ներդաշնակության: Ինչպես և մյուս երկու գրքերի դեպքում, այստեղ ևս Ալթունյանը մի ոչ սովորական պատմություն է ստեղծել՝ օգտագործելով գույները որպես պատմության մի մաս և նկարազարդողի իր աչքով պատմությունն ու նկարազարդումները հրաշալի ձևով միաձուլել է իրար: 

 

 

Գնել առցանց

 


 

Երևանի սիրահարների համար

Մարկ Գրիգորյան «Երևան․ Քաղաքի կենսագրություն» («Ամանո» հրատարակչություն)

Դպրոցում առաջին դասարանից մեզ սովորեցնում են՝ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»։ Երևանն էլ՝ որպես երկրի մայրաքաղաք, նրա սիրտն ու հոգին է։ Բայց մեզնից քանի՞սն են իսկապես փնտրել ու գտել այդ Երևանը։ Մարկ Գրիգորյանի «Երևան․ քաղաքի կենսագրությունը», որը մի քանի տարի առաջ լույս էր տեսել ռուսերեն, իսկ 2023-ին վերջապես թարգմանվեց հայերեն, թաքնված Երևանի քարտեզն ու ուղեցույցն է, որ բացահայտում է մեր սիրելի քաղաքի կյանքի պատմությունը՝ կառուցման ամենասկզբից մինչև 1960-ականներ։

 

 

Գնել առցանց

 


 

Երևանի ու պատկերագրքերի սիրահարների համար

Նվարդ Երկանյան, «Բետոնե տեսիլք» («Ման բան» հրատարակչություն)

Նվարդ Երկանյանը ժամանակակից հայկական գրաֆիկական նկարազարդման արվեստի վառ ներկայացուցիչներից է, որի՝ հայ մոդեռնիստական ճարտարապետությանը նվիրված գրաֆիկական շարքը ձեռք է բերել լայն միջազգային ճանաչում։ Դրանցից շուրջ 30-ը ընգրկվել են Երկանյանի առաջին հեղինակային պատկերագրքում, որը ուրվագծում է խորհրդահայ մոդեռնիզմի նշանակալի ձեռքբերումները արվեստագետի ինքնատիպ և գունեղ գրաֆիկական գործերի միջոցով։

 

 

Գնել առցանց

հավելյալ նյութեր