Ավտոստոպը Հայաստանում,  կամ տեղական պապուծիի առանձնա-հատկությունները
Մենք մերոնցով

Ավտոստոպը Հայաստանում, կամ տեղական պապուծիի առանձնա-հատկությունները

Հայաստանյան ավտոստոպի առանձնահատկությունների մասին պատմում է փորձառու ճամփորդ Արտյոմ Բաբայանը, որն այս ձևով շրջել է, առանց չափազանցնելու, ամբողջ աշխարհով։

Տեքստն ու լուսանկարները՝ Արտյոմ Բաբայանի 

 

ԵՐԵՎԱՆ #63 | 2020

#ՆերքինՏուրիզմ

Վերջին տարիներին Հայաստանում տարածվում է ավտոստոպով ճամփորդելու տարբերակը։ Ընդ որում, նույն ճանապարհով ընթացող մեքենաներից օգտվում են ինչպես հայ ճամփորդները, այնպես էլ արտասահամանցի բեքփեքըրները («ուսապարկային զբոսաշրջիկները»)․ Հայաստանը նրանց շրջանում հեշտ ու ապահով երկրի համբավ ունի։

 

Անվճար 

Ավտոստոպով ճամփորդելը Հայաստանում շատ հեշտ է։ Հաճախ նաև ավելի արագ ու հարմարավետ, քան միջքաղաքային տրանսպորտից օգտվելը։ Եվ դա ուղղակի փրկություն է, եթե մարդաշատ գազելները ձեր ահ ու սարսափն են։ Օրինակ, Երևանից Դիլիջան ավտոստոպով ճամփորդությունը 1,5-2 ժամից երկար շատ հազվադեպ է տևում․ անկախ նրանից, թե քանի հոգով եք ճամփորդում,  շաբաթվա որ օրն եք ճամփա ընկել, կամ օրվա որ ժամին։ Եվ այդ ընթացքում դուք երթևեկում եք հարմարավետ մեքենաներով, հանդիպում և շփվում եք նոր մարդկանց հետ, և, ինչը շատերի համար ավտոստոպով ճամփորդելու №1 պատճառն է, գումար չեք ծախսում։ Այսքանից հետո էլ ո՞վ կուզի գազելով ուղևորվել Ա կետից Բ կետ՝ ստիպված լինելով վայելել «Gazelle №5»-ի անմոռանալի բույրերի փունջը։ 

 

 

Արագ 

Ավտոստոպը Հայաստանում նաև շատ արագ է։ Բանուկ ճանապարհին 5-10 րոպեից ավել չեք սպասում մեքենայի կանգնելուն։ Մեր վարորդներն անգամ եթե չգիտեն, թե ինչ է ավտոստոպը, միևնույն է, կանգնում և օգնում են ճամփորդներին։ Ի դեպ, Հայաստանում ավտոստոպը հաճախ կոչում են մեկ այլ բառով՝«պապուծի» (ռուսերեն “по пути”՝ «նույն ճանապարհով» եզրի հայաֆիկացված տարբերակն է)։  

 

Համեմատության համար, օրինակ, Ռուսաստանում մեկ ժամից ավել մեքենա «որսալը» նորմալ է (իմ անձնական հակառեկորդը 8 ժամ է), իսկ Հայաստանում 15 րոպե սպասելն է արդեն արտասովոր։ Եթե Ռուսաստանում 150 կմ հեռավորությունն ավտոստոպով հատելը ձեզանից առնվազն 4-5 ժամ կպահանջի, Հայաստանում նման ճամփորդությունը կտևի 2,5-3 ժամ, որովհետև մեքենա սպասելուն շատ քիչ ժամանակ եք ծախսում։ 

 

Բարի առաքիչ

Մեր երկրում ավտոստոպն ունի մի հետաքրքիր յուրահատկություն, որը պայմանավորված է Հայաստանի աշխարհագրական լանդշաֆտով։ Հայաստանը փոքր երկիր է, և կարող է թվալ, որ մեկ օրում երկրի մի ծայրից մյուսը կհասնեք ավտոստոպով, բայց դա այդպես չէ։ Բավրայից Մեղրի ընդամենը 520 կմ ճանապարհ է, բայց մեկ օրում այդ հեռավորությունը հաղթահարելը գրեթե անհնար է մեր լեռներով անցնող ճանապարհների պատճառով։ Չինաստանում, Ռուսաստանում կամ Իրանում, օրինակ, լուսային օրվա ընթացքում (մինչև մութն ընկնելը) հանգիստ կարող եք 1000 կմ երկարությամբ ճանապարհ հատել միայն մեկ բեռնատարով։

 

Ի դեպ, եթե երազում եք հսկայական բեռնատար մեքենաներով ճամփորդել, մոռացեք այդ երազանքի մասին, որովհետև Հայաստանում մեծ բեռնատարները գրեթե երբեք չեն կանգնում, ինչը, անկեղծ ասած զարմանալի է։ Հնուց հայտնի փաստ է․ ավտոստոպով ճանապարհորդողի լավագույն ընկերը բեռնատարի վարորդն է։ Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում այդ լավագույն ընկերը վարորդ-առաքիչն է՝ իր բեռնատար գազելով կամ ֆորդով։ Նրանք շատ հաճախ են կանգնում, գրեթե միշտ մենակ են լինում և ունենում են երկար երթուղի, ինչը նրանց ուղղակի իդեալական է դարձնում ավտոստոպի համար։ Մենք կնոջս հետ անգամ հայտնի «Բարի արագիլ» երգն ենք դարձրել մեր ավտոստոպի երգը՝ մի փոքր փոխելով բառերը՝ «բարի առաքիչ»։

 

 

Մի կտոր հաց

Երևանից Դիլիջան 1,5 ժամ տևողությամբ ճամփորդությունը ձեզ համար շատ անսպասելի կարող է վերածվել մեկ այլ փորձառության, որովհետև Հայաստանում ավտոստոպով ճամփորդությունը միշտ ուղեկցվում է անկանխատեսելի մի գործոնով, որը կարող է տակնուվրա անել ձեր պլանները։ Այն է՝ հայ մարդու անկեղծ ցանկությունը նոր հանդիպած մեկի հետ սեղան կիսել և ծանոթության կենացը խմել։ Այս ցանկությունն ի հայտ է գալիս շատ անսպասելի, և հաճախ դու ուղղակի չես էլ հասցնում մի բան անել կամ ասել, երբ հանկարծ նկատում ես, որ թեքվեցիք հիմնական ճանապարհից, իսկ քո հարցին, թե ուր ենք գնում, վարորդը հանգիստ պատասխանում է․ «Գնանք տուն, մի կտոր հաց ուտենք իրար հետ, հետո կգնաս»։ 

 

Ի վերջո, մենք ուտող-խմող ազգ ենք։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վարորդներն ուղղակի պատրաստ սպասում են, որ իրենց ձեռքը հյուր ընկնի (նշանակություն չունի՝ տեղացի, թե արտասահմանցի)։ Գնում ես Երևանից Թիֆլիս, բայց հանկարծ հայտնվում ես Շնողում՝ գյուղացիներից մեկի տանն ես ճաշում։ Գնում ես Վանաձոր, բայց հայտնվում ես Ապարանի տներից մեկում, ուր քեզ սուրճ և սառը ձմերուկ են հյուրասիրում։ Գորիսից ճամփորդում ես Մեղրի, բայց հայտնվում ես Քաջարանում, վարորդն իր կնոջ հետ քեզ իրենց տուն են տանում, արդեն զանգել են հարևաններին, որ սեղանը դնեն։ Իրանցի երեք ընկերներիդ հետ ավտոստոպով գնում ես Արտանիշ, մեկ էլ հայտնվում ես Դրախտիկում, ընկերներդ վարորդի ու իր ընկերոջ հետ արդեն երրորդ բաժակն են խմում, իսկ դու բակում սմբուկ, լոլիկ ու պղպեղ ես խորովում կրակի վրա։ Եվ այսպես շարունակ։ 

 

Սա Հայաստանում ավտոստոպով ճամփորդելու փորձառության մի մասն է, գրեթե անբաժան։ Բազմիցս եմ հայտնվել նման իրավիճակներում և եկել եմ երկու եզրակացության․ ա) մենք իրոք հյուրընկալ ազգ ենք, և սա զբոսաշրջիկներին գրավելու համար մարկետինգային հնարք չէ, բ) Հայաստանում ավտոստոպով ճամփորդելը վնասակար է լյարդի համար։

 

Մի բաժակ

Ասեմ ավելին, այս 13 տարիների ընթացքում ինչ ես ճամփորդում եմ ավտոստոպով, ամենախմած և խենթ փորձառությունները տեղի են ունեցել հենց Հայաստանում։ Մի քանի տարի առաջ ֆրանսուհի իմ ընկերոջ հետ ավտոստոպով ճամփա էինք ընկել հայ-վրացական սահմանից մինչև հայ-իրանական սահմանը։ Ճամփորդության նախավերջին օրը Մեղրիում էինք, որոշել էինք զբոսնել քաղաքի Փոքր Թաղի նեղլիկ փողոցներով։ Տներից մեկի բակում միջին տարիքի մի մարդ (անունը Արմեն էր) պարաններին կախած խուրմայի շարաններն էր զննում։ Մեզ նկատելուն պես անմիջապես զրույցի բռնվեց և հինգ րոպե էլ չանցած հրավիրեց տուն՝ սրճելու։ Մենք սիրով ընդունեցինք հրավերը, կարիք ունեինք մի փոքր հանգստանալու և թարմանալու։ Բայց․․․ ինչպես կասեր Ադմիրալ Ակբարը․ «Դա ծուղակ է»: Որովհետև «համեցեք տուն՝ մի բաժակ կոֆե խմենք»-ը Հայաստանում գրեթե երբեք սուրճի մասին չէ։ Համենայնդեպս ճամփորդելու ընթացքում։

 

 

Տանն Արմենից բացի միայն իր ընկերն էր (երեխաները դպրոցում էին, կինը՝ աշխատանքի), ով հեռացավ խոհանոց, իսկ քիչ անց վերադարձավ սրճեփով, որից նոր եփած սուրճի գոլորշին էր վեր բարձրանում։ Նստեցինք հյուրասենյակում, բայց դեռ մի կում էլ չէինք արել, երբ սեղանին հանկարծ գինու բաժակներ հայտնվեցին, այնուհետև մի մեծ շիշ տնական գինի և կոնյակ։ «Դե հո սուրճ չենք խմելու»։ Տան տերը լայն ժպիտը դեմքին նայեց մեզ և լցրեց բաժակները։ Եվ սկսվեց այն, ինչից հետո մենք դեռ մի քանի օր ուշքի էինք գալիս․ դե, բարով տեսանք, ծանոթության կենացը, ընկերության կենացը, Ֆրանսիայի կենացը, Հայաստան-Ֆրանսիա ընկերության կենացը, երեխաների կենացը, ծնողների կենացը․․․ Մենք սկզբում փորձեր էինք անում հրաժարվել, բայց հասկանալով, որ դա անհնար է՝ որոշեցինք գնալ ալիքի հետ։ Երկու ժամ հետո, երբ տանն էլ խմելու բան չկար, խնջույքը տեղափոխվեց սրճարան, իսկ այնտեղից՝ կրկին տուն, ուր Արմենի կինն արդեն սեղան էր դրել և անհամբեր սպասում էր հյուրերին. 15 րոպեն մեկ զանգում էր նրան և հարցնում, թե ուր մնացինք։ Այդ օրը մենք խմեցինք մինչև գիշերվա ժամը երեքը, կենացը կենացի հետևից։ Մեղրեցիների այս ընտանիքը չէր թողնում հեռանայինք իրենց տնից․ այսօր մենք իրենց տան հյուրերն էինք, ինչը նաև նշանակում էր, որ տեղական ամեն տեսակի տնական օղի ու գինի պիտի համտեսեինք։ 

 

Արտասահմանցիների համար սա մեծ խնդիր է․ շատ խմել չեն կարողանում և չեն էլ ուզում, բայց նաև ամաչում ու վախենում են մերժել։ Ստիպված խմում են։ Բայց եթե չեք ցանկանում խմել, կա երկու տարբերակ, ինչպես հրաժարվել առանց որևէ մեկին վիրավորելու։ Կարող եք ասել, որ ունեք առողջական խնդիրներ և չեք կարող խմել։ Սակայն իմ փորձը ցույց է տվել, որ այս տարբերակը ոչ միշտ է աշխատում․ «Յաա՜ա, բա խմի, որ բուժվես, տնաշեն»։ Երկրորդ տարբերակ․ կարող եք ասել, որ պահքի մեջ եք։ Այո, գիտեմ, սուտ ասելը լավ բան չի, բայց հանուն լյարդի առողջության երբեմն կարելի ստել։  

 

Իրական կյանք 

Ինձ համար ավտոստոպը լավագույն տարբերակն է Հայաստանը և հայերին ներսից ճանաչելու և հասկանալու։ Ճամփորդության այս ձևը հնարավորություն է ընձեռում հայաստանյան կյանքի բազում շերտերի ծանոթանալ, որոնք թաքնված են խորքում, մարդկանց տներում, իրենց առօրյայում։ Սա, օրինակ, հնարավոր չէ, երբ ճամփորդում ես տուրիստական խմբի հետ որևէ ֆիքսված երթուղով։ Ավտոստոպով ճամփորդելիս տեսնում ես կյանքը Հայաստանում այնպիսին, ինչպիսին այն կա իրականում, միգուցե այն պատճառով, որ մարդիկ քեզ չեն ընկալում որպես «տուրիստ» և չեն փորձում ցույց տալ միայն լավն ու դրականը, այլ իրենցից մեկն են քեզ համարում և չեն վախենում անկեղծանալ։ Միգուցե պաթետիկ հնչի, բայց չեմ վախենա ասել․ եթե ուզում եք անկեղծ սիրով սիրահարվել Հայաստանին՝ իրական, անկեղծ, խենթ, բարդ և մի քիչ էլ հարբած, ապա անպայման գոնե մեկ անգամ ճամփորդեք ամբողջ երկրով մեկ ավտոստոպով։ 

 

հավելյալ նյութեր