«Կհանդիպենք օգոստոսին»․ Մարկեսի անսպասելի հետմահու վիպակը
Նոր գիրք

«Կհանդիպենք օգոստոսին»․ Մարկեսի անսպասելի հետմահու վիպակը

Ինչպիսի՞ն է ստացվել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Կհանդիպենք օգոստոսին» հետմահու վիպակը, որը «Անտարես» հրատարակչության ջանքերով Հայաստանում լույս է տեսել մնացած աշխարհի հետ միաժամանակ՝ գրողի ծննդյան օրը։

 

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Լուսանկարը՝ «Անտարես» հրատարակչության

2004-ին Մարկեսը վճռեց. «Էս գիրքը բանի նման չի։ Պետք է ոչնչացնել»։ 

 

2014-ին նա մահացավ։ Հետո որդիները խախտեցին դատավճիռը, քանի որ «նրա մահից գրեթե տասը տարի անց մի անգամ ևս ընթերցելով տեքստը՝ հայտնաբերեցին, որ բազմաթիվ և հաճելի արժանիքներ ունի»։

 

2024-ի մարտի 6-ին՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդայն օրը, միաժամանակ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, լույս տեսավ նրա վերջին, անտիպ վիպակը՝ «Կհանդիպենք օգոստոսին» (թարգմանիչ` Կառա Չոբանյան, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան)։ 

 

Եվ մենք հանդիպեցինք Մարկեսին մարտին

Անտիպ մնացած գրքերը միշտ էլ անթաքույց հուզմունք են բերում։ Սրտատրոփ գնում ես գրախանութ, իսկ գլխումդ ինչ ասես՝ չի պտտվում. որովհետև, դե, ի վերջո, ի՞նչ սպասել անտիպ մնացած գրքերից։ Բայց երբ վերցնում ես գիրքը, սկսում ընթերցել, հուզմունքը ցրվում է։

 

Մարկեսի այս վիպակը գնելիս հետը նվեր ես ստանում ճիշտ մի այդպիսի հուզմունք։ Սկսում ես գուշակել՝ ի՞նչի մասին էր մտածում կյանքի վերջին տարիներին, երբ հիշողությունն արդեն տեղը չէր, և այդ ի՞նչ կա թաքնված գրքի մեջ, որ «գաղտնի էր պահվել» այսքան տարի։

 

Իսկ գրքի մեջ կա ամեն ինչ՝ սեր, կիրք, ճակատագիր, արվեստ։ Կարճ ասած՝ այն ամենը, ինչ կարելի է կոչել «մարկեսյան էսթետիկա»։ Կարդալիս, իհարկե, զգում ես փոքրիկ հակասություններն ու մինչև վերջ չմտածված դետալները, որոնք, պարզվում է, լավ էլ համադրվում են սյուժեի հետ։ Բայց ներողամիտ ես. չէ՞ որ Մարկեսը չէր պատրաստվում այն հրատարակել։

 

Տարիքային սահմանափակումը՝ 45+

Գրքի առանցքը 45-50 տարեկան կնոջ՝ Անա Մագդալենա Բախի ամենամյա օգոստոսյան այցն է կղզում թաղված մոր գերեզմանին։ Մայրը մահացել էր գրեթե նույն տարիքում, ինչ ինքն էր։ Թերևս սա է գրքի ամենագրավիչ կողմը՝ «տարիքային սահմանափակումը»։ Վիպակի մեխը հասուն տարիքի սերն է՝ բոլոր դրսևորումներով, տարիներով ձգված հարաբերություններով ու կարոտած երջանկության փնտրտուքով։
 

«Այնուամենայնիվ, մի քանի օր էր պետք, որպեսզի գիտակցությանը հասներ, որ ոչ թե աշխարհն է փոխվել, այլ ինքը, որ միշտ քայլել է կյանքում առանց կյանքին նայելու և միայն այդ տարի կղզուց վերադառնալուց հետո է սկսել տեսնել կյանքը պատժի աչքերով»։

 

Իսկ այդ տարի իր հերթական այցի ժամանակ Անա Մագդալենան անսեր սեր էր արել անծանոթ տղամարդու հետ։ Մի իրադարձություն, որ գլխիվայր փոխել էր կնոջ ներաշխարհը, մի քայլ, որ ամբողջ կյանքում մտքի ծայրով էլ չէր անցել, բայց առանց խորհրդավորությունների արել էր այդ քայլը։ Իսկ հետո տարիները վերածվել էին այդ մեկ օրվա՝ օգոստոսի 16-ի սպասումի, որ նորից կղզի կվերադառնա և նորից կզգա՝ ինչ համ ուներ երջանկությունը։ 

 

«Ծովը կտրելու ընթացքում զգաց, որ հաշտ է ինքն իր հետ անսեր սեր անելու համար, որն իր խղճի առաջ որակեց որպես իր և ամուսնու միջև եղած անձնական հարց»։

 

Եվ հարցը բնավ հենց այդ մեկ տղամարդը չէր։ Ամեն տարի նոր սիրեկանի հետ Անա Մագդալենան վերագտնում էր սիրված կին լինելու զգացողությունը։ Զգացողություն, որ բացահայտեց նաև մոր գաղտնիքը՝ ինչու՞ էր նա կյանքի վերջին տարիներին այդքան հաճախ կղզի գնում։

 

Եվ Անա Մագդալենան վճռեց՝ ճակատագիրը հակում ունի կրկնվելու։

 

Հետ ու առաջ ժամանակի մեջ

«Նա հավանաբար չէր դավաճանի իր ամուսնուն, եթե լիներ ավելի երիտասարդ», - մտածում ես։ Դու էլ նույն զգացողություններով չէիր կարդա վիպակը, եթե այն տպագրվեր սրանից 20 տարի առաջ։ Մարկեսյան էսթետիկան, ռոմանտիզմը, դրաման, որ ապրում է կինը, այն ամենն է, ինչ արդեն հնաոճ է համարվում։ Կարդում ես ու պատկերացնում՝ որքան թեթև կարող է լինել ամուսնական կյանքը, երբ սերը կա։

 

«Ոչինչ նոր չէր, քանի որ կարողացել էին սիրեկանների որոշ սովորություններ պահպանել, այդ թվում՝ նաև միաժամանակ լողանալու սովորույթը։ Սկզբում միասին էին լողանում, որովհետև երկուսի աշխատանքն էլ նույն ժամին էր սկսվում, և հարատև դասական վեճի փոխարեն, թե ով պետք է առաջինը լողանա, սովորեցին միասին լողանալ։ Այնքան սիրով էին օճառում մեկը մյուսին, որ հաճախ վերջում թավալվում էին լողասենյակի հատակի մետաքսե խսրին, որ կինն էր գնել, որպեսզի հրավառ սիրուց մեջքները չվնասեին»։

 

Կարդում ես ու զգում՝ որքան նուրբ է կանացի հոգին՝ անկախ տարիքից, ինչպես է տրոփում կնոջ սիրտը նոր սիրախաղի ակնկալիքով՝ «հո չարհամարհե՞ց այս անգամ երջանկության գիշերը»։ 

 

Մտածում ես. «Ամեն ինչ իր ժամանակն ունի»։

 

Չէ՞ որ հիմա՝ քաղաքական, տեխնոլոգիական այս դարաշրջանում, ռոմանտիզմը երբեմն անհարկի է թվում։ Իսկ վիպակի օգոստոսյան տապը հիշեցնում է՝ էմոցիաները կարող են եռալ։ Հավաստիացնում է՝ դա ավելի քան բնական է։

 

Մարկեսը մոռանալ չի տալիս, որ սերը կա նույնիսկ դժբախտության մեջ, նույնիսկ երբ արդեն 50 ես։

 

***

2004-ին Գաբրիել Գարսիա Մարկեսը վճռել էր, Անա Մագդալենան՝ նույնպես։

 

2024-ին էլ դու ես որոշում:

 

«Կհանդիպենք օգոստոսին»՝ վիպակ, որ պակասում էր մեզ հենց այս դարաշրջանում։

հավելյալ նյութեր