Տանկն ու ճագարը
Անկախություն 29

Տանկն ու ճագարը

Ինչպես էին երևանցի երեխաները արձագանքում խորհրդային տանկերի ու զինվորների ներկայությանը։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Արմենպրես | Մխիթար Խաչատրյան, Մարտին Շահբազյան

 

ԵՐԵՎԱՆ #64 | 2020

 

 

#ՄերՀայրենիք

Արսեն Շուռ Կարապետյան

 

Օպերայի մոտ էինք ապրում, հենց այստեղ սովետական բանակի զինվորներ էին տանկերով։ Մենք երեխա էինք, մեզ ամենուր թողնում էին մտնել։ Խցկվում էինք, գնում, շփվում էինք զինվորների հետ։ Հայ չէին, ընդամենը 18 տարեկան տղաներ էին։ Իրենց մածուն էինք տանում, դրա փոխարեն մեզ գիլզաներ կամ նույնիսկ հակագազ էին տալիս։ Անգամ թողնում էին տանկի մեջ մտնել։

 

Մի օր պատշգամբից տեսանք, որ երկու զինվոր փախչում են։ Պարզվեց՝ դուրս էին եկել ինքնակամ ու հիմա ղեկավարությունն ընկել էր իրենց հետևից։ Հայրս կանչեց վերև, ասաց, որ գան մեր տուն, տատիկս էլ շտապ կերակրեց իրենց։ Նրանք փաստացի մեր դեմ էին։ Հա՛մ ամաչում էին, հա՛մ վախենում էին, չգիտեին՝ ոնց իրենց պահել։ Մի անգամ էլ հորս պարետային ժամից հետո բռնեցին, բայց հետո ԲՏՌ-ով բերեցին տուն։ 

 

Աննա Մնացականյան

 

80-ականներին Կիևյան կամուրջի հարևանությամբ այդքան շատ շենքեր չկային, ասֆալտապատ տարածք էր, մենք էլ մոտակայքում էինք բնակվում։ Անկախացման օրերին այնտեղ տանկեր էին կանգնած։ Չեմ հիշում՝ երբ առաջին անգամ մոտեցա զինվորներին, բայց հիշում եմ, որ մի քանի աղջիկներով խաղում էինք նրանցից ոչ հեռու։ Աղջիկները վախեցան, իսկ ես՝ ոչ։ Գնում էի զինվորների մոտ հյուր, ու մի պահից սկսեցի հետս բրդուճներ տանել։ Երևի գնացել էի տուն մայրիկիս պատմել, որ սոված զինվորներ են, տվել էր, որ տանեի հյուրասիրեի։ Ամեն դեպքում հետո արդեն մայրս ինքն էր ինձ տալիս սնունդը, ասում՝ տար թող ուտեն, մեղք են։


Սովետ էր, եթե այսօր երեխաս գար ասեր, որ ուզում է զինվորների մոտ գնա (առավել ևս՝ օտարազգի), մտնի տանկ, մի բան տանի իրենց, հաստատ չէի թողնի գնար։ Բացի այդ, մենք սովոր էինք զինվորների։ Մի քանի տարի Մոնղոլիայում ենք ապրել, ռուսների մեջ, ու այնտեղ էլ շատ զինվորներ կային։ Գալիս իրենց պատրաստած հացն էին բերում, խնդրում՝ փոխարենն իրենց ծխախոտ տանք։ Ի դեպ այդ համն առ այսօր հիշում եմ։ Հրաշալի հաց էին թխում։ Կարծում եմ՝ դրա համար էլ չվախեցա մեր բակի մոտ կայանած տանկերից։ Իսկ զինվորները զարմանում էին՝ որտեղից այդքան լավ ռուսերեն գիտեմ, ես էլ պատմում էի, որ Մոնղոլիայում ենք ապրել։


Մի քանի անգամ թույլ տվեցին մտնեմ տանկի մեջ։ Տանը ճագար էի պահում ու նույնիսկ տարել էի ու հետս տանկի մեջ մտցրել։ Մի օր էլ երջանիկ, բրդուճները ձեռքս գնացի իրենց մոտ ու տեսա, որ հեռացել են։

 

 

Արշակ Թովմասյան


Անկախացման օրերին մոտ տասը-տասնմեկ տարեկան էի։ Հիշում եմ, որ իմացանք՝ զինվորներին դիմավորելիս օդանավակայանում մարդիկ են մահացել։ Այդ ժամանակ՝ նույնիսկ այդ մանկապատանեկան տարիքում, հայրենասիրական մղումներն արդեն գլխումս կային։ Այդքան զինվոր կյանքումս չէի տեսել։ Ռուս, ուզբեկ, ղազախ։ Դա էլ էր ինձ համար նոր. նրանք բոլորը ռուսախոս էին ու այլ ազգերից։ Փակել էին Բաղրամյանն ու պարետային ժամ էր հայտարարվել։ Փողոցի ամենավերջում ակտիվիստներն էին տեղակայված՝ կանգնած, նստած, մատրասներին պառկած։ Ողջ օրն այնտեղ էին, որպեսզի չթողեն, որ իրենց մեջքի հետևում կանգնած տանկերը մտնեն Օպերայի հրապարակ։ Հիշում եմ, որ մի օր ցուցարարները բերել էին Լենինի հատորներն ու շարել հենց տանկերի ակերի առջև, թե առաջ գաք, առաջինը Լենինի վրայով եք անցնելու։ Չեմ կարծում, որ դա իրենց զսպելու էր, եթե հրաման ստանային, անցնելու էին գնային, բայց, միևնույն է, էպիկ էր։ 

 

Մի անգամ մորս հետ անցնում էինք զինվորների ու տանկերի մոտով, մեկ էլ հրամանատարներից մեկը ասաց՝ "Первая боевая готовность!"։ Այդ պահին մայրս շատ ուժեղ զայրացավ, սկսեց գոռալ նրանց վրա՝ ասելով, թե դուք մարդ ե՞ք, ձեր դիմաց երեխաներ են կանգնած ու էլի նման բաներ։ Այդ պահը շատ հետաքրքիր էր, որովհետև մոտս տպավորություն էր, որ հրամանատարը վախեցավ։ Սկսեց արդարանալ, թե մի անհանգստացեք, սաղ լավ կլինի։


Մենք ապրում ենք Այգեձորում, և ձմռանը Ջեյմս Բրայս փողոցը՝ նույն ինքը «մեր դիքը», երեխաների համար դառնում էր սահադաշտ։ Այն ժամանակ առանձնապես լավ քշվող մեքենաներ չէին, ու ճանապարհներին ոչ մեկ աղ չէր լցնում, դրա համար տարվա այդ եղանակին մեր դիքով երթևեկելն անկանխատեսելի ավարտով միջոցառում էր։ Էն աստիճանի, որ ներքևի հատվածում փակվում էր, որպեսզի իջնող մեքենաները չհայտնվեն ձորում։ Բնականաբար, գիշերները որոշ արկածախնդիր վարորդներ իրենց 06-երով ու «ջորիներով» փորձում էին իջնել այդ դիքով, և ամեն տարի մենք ունենում էինք 6-7 մեքենա, որոնց պետք էր ձորից հանել։ Շատ բարձր չէր, չէին մահանում, պարզապես մեքենաներն էին վնասվում։ Այդ տարի, երբ բանակը Երևանում էր, մի քանի անգամ հարևաններով գնում ԲՏՌ-ներ վարող զինվորներին համոզում էին, որ գան օգնեն մեքենաները հանեն հետ ու նրանք համաձայնում, գալիս օգնում էին, իսկ ես բերանս բաց նայում էի։ 

 

Բայց ամենահուզիչ, կինոական տեսարանը մարտի 8-ին էր։ Մի խումբ աղջիկներ տոնի կապակցությամբ մոտեցան Բաղրամյանում կանգնած զինվորներին ու մեկական ծաղիկ նվիրեցին։ Հետո օրվա ընթացքում կարելի էր հանդիպել սովետական զիվնորների, որոնք կանգնած էին Երևանում՝ զենքերին ծաղիկներ փակցրած։ 

 

 

Արմեն Հայրապետյան

 

Ցույցերի պատճառով պարետային ժամ էին մտցրել։ Ամեն օր տեսնում էինք՝ Բանգլադեշում մեր բակերի միջով երեկոյան շրջայցներ էին կատարում սովետական համազգեստով սովետական զինվորները՝ շինելներ հագած, շարժական ռադիոկայանը մեկի մեջքից կախած, մի 3-4 հոգով ավտոմատներով զինված: Հիմնականում, ում տեսել եմ, սլավոնական արտաքինով էին: Իսկական, խիստ պարետային ժամ էր, հիմիկվա նման ձևական չէր։ Մի օր դաս սովորելուց հիշեցի, որ մի գիրքս դասարանցուս տանն եմ թողել ու արդեն պարետային ժամ էր, մթնել էր, դասարանցիս մի քանի շենք էն կողմ էր։ Մտածեցի՝ վազելով կգնամ, կվերցնեմ, կգամ: Տնեցիներին համոզեցի, որ արագ գնամ, ոչ մեկ չի տեսնի, դուրս եկա, վազելով գնացի դասարանցուս բակ, գիրքը վերցրի ու արդեն առանց վազելու տուն էի գալիս, շենքերի հեռավորությունը մի 150 մետր էր, բայց թարսի պես դուրս եկան դեմս։


Զինվորականները հանգիստ քայլում էին, թռուցիկ հայացք գցեցին վրաս ու առանց բան ասելու անցան, դե՝ երեխա, ձեռքին դասագիրք… Կամ խելացի տղերք էին, կամ էլ մարդ բռնելու հավես չունեին, հետո պուճուր երեխեն ի՞նչ վտանգ... մանավանդ որ Աֆղանստանը չէր, որ իրանց մեջ վախ լիներ, թե թիկունքից կկրակի փոքր տղան: Հետո մեր բնակչությունն իրանց հաց էր տալիս, խղճում էին։ Մեր ազգի մեջ մարդկությունն ու խիղճը գենետիկ դրած են, հասարակ քայլող զինվորին նայում էին, դե Սովետ էր ու էդ պահին լիքը հայ տղաներ նույն էդ բանակում ծառայում էին, ուղղակի ուրիշ հանրապետություններում։ Էդպիսի դեպքերում քեզ մոտ օտարներին փորձում ես վերաբերվել էնպես, ոնց որ կուզես, որ ձերոնց վերաբերվեն դրսում։ Բնակիչներն իջնում, զինվորներին տոպրակներով ուտելիք ու ծխախոտ էին տալիս: Հետո մի տեսակ ոնց որ զինվորներին էլ դրական տրամադրեին մեր ժողովրդի հանդեպ:


Բայց լարվածությունն էլ եմ տեսել։ Երբ ներքին զորքերն իջան օդանավակայանում ու շարժվեցին դեպի Երևան, մարդիկ փորձել էին ճանապարհը փակել, բախումներ եղան։ Մեր բակերի մեջով ահավոր քանակությամբ մարդիկ էին փախչում: Սկզբում լռություն էր, ընդհանրապես մարդ չկար, մեկ էլ հանկարծ հարյուրավոր մարդիկ վազեցին էդ կողմից մեր շենքերի արանքով: Ընկերներիցս մի քանի հոգի էլ տանիքների վրայից տեսել էին ծեծ ու ջարդը:


Հետո սկսեցին զորքը դասավորել քաղաքի տարբեր կողմերում։ Կայանատեղերից մեկը Մալաթիայի ֆուտբոլի դպրոցն էր, որտեղ հայրիկս մարզիչ էր աշխատում։ Երեխեքը ոնց որ ռազմաբազայում ֆուտբոլ պարապելուց լինեին: Զինվորական հրամանատարական կազմի հետ լավ հարաբերություններ էին կառուցել ու հայավարի ձևերով էնպես արել, որ դրանք արդեն ջերմ բարիդրացիական տրամադրությամբ են եղել հայերի հանդեպ: Նույնիսկ տարածքը լքելուց հրամանատարն առաջարկել է հոսանքի գեներատորը նվեր տա հայրիկիս, բայց հայրիկս հրաժարվել էր։ Դեռ չգիտեր, որ մի երկու տարուց շատ պետք կգար։