10 փոփ-չեղարկում՝ Հայաստանից դուրս
Բողոք

10 փոփ-չեղարկում՝ Հայաստանից դուրս

Չստացվի, թե հանրային ճնշման տակ չեղարկված համերգներ լինում են միայն Հայաստանում․ ահա, թե ինչպես են չեղարկվում տարբեր տարիքի, ժանրերի ու հայացքների երաժիշտների ելույթները՝ Բեյոնսեից մինչև Քանյե Ուեսթ, Կահիրեից մինչև Նովոսիբիրսկ։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

Բեյոնսե – Կուալա Լումպուր, Մալայզիա (2007)

Սա պետք է դառնար Բեյոնսեի առաջին ելույթը Մալայզիայում՝ Beyoncé Experience շրջագայության շրջանակում։ Սակայն իսլամական ուսանողական ու կրոնական կազմակերպությունները հայտարարեցին, որ նրա պարային համարները և հանդերձանքները հակասում են բարեպաշտության կանոններին։ Նրանք պահանջեցին ամբողջական փոխել հանդերձանքը կամ չեղարկել համերգը։ Երգչուհին ընտրեց շրջանցել Մալայզիան ու ելույթ ունենալ Ինդոնեզիայում։

 


 

Էլթոն Ջոն – Կահիրե, Եգիպտոս (2010)

Էլթոն Ջոնը պատրաստվում էր ելույթ ունենալ Կահիրեում, սակայն Եգիպտոսի Երաժիշտների միությունը հայտարարեց, որ նա «վտանգավոր է ազգային արժեքների համար» իր սեռական կողմնորոշման և կրոնի մասին վիճարահույց մեկնաբանությունների պատճառով։ Երաժիշտն այդպես էլ չհասավ Կահիրե։ 

 


 

Akon – Կոլոմբո, Շրի Լանկա (2010)

«Sexy Chick» տեսահոլովակում մի քանի վայրկյան երևում էր Բուդդայի արձանը՝ լողավազանային երեկույթի ֆոնին։ Բուդդայական խմբերը դա համարեցին վիրավորական ու պահանջեցին արգելք։ Akon-ը շեշտեց, որ ինքը տեսահոլովակի պատրաստմանը չի մասնակցել, բայց արդեն ուշ էր, կառավարությունը մերժեց երգչին մուտքի վիզա։

 


 

 

Լեդի Գագա – Ջակարտա, Ինդոնեզիա (2012)

Գագայի Born This Way Ball տուրի համերգի համար արդեն վաճառվել էր ավելի քան 50․000 տոմս, երբ իսլամական ծայրահեղական խմբերը սկսեցին բողոքի ցույցեր՝ նրա երաժշտությունը կոչելով «սատանայական», իսկ հանդերձանքները՝ «պոռնոգրաֆիկ»։ Ոստիկանությունը հայտարարեց, որ չի կարող ապահովել անվտանգությունը։ Կազմակերպիչները և Գագան որոշեցին չեղարկել։ Երկու տարի անց երգչուհին ելույթ ունեցավ Դուբայում՝ շոուն հարմարեցնելով տեղական նորմերին։ 

 


 

Lamb of God – Կուալա Լումպուր, Մալայզիա (2013)

Ամերիկյան մետալ խումբը հենց շրջագայության ընթացքում իմացավ, որ իրենց լիցենզիան չեղարկվել է։ Իսլամական պաշտոնյաները պնդում էին, թե խումբը վիրավորում է հավատքը՝ տեքստերում ու պատկերներում սրբապղծություն անելով։ Խումբը բացատրեց, որ դրանք ընդամենը մետաֆորներ են, սակայն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը։ Երկրպագուները բողոքի ցույցեր կազմակերպեցին երկրի խորհրդարանի դիմաց, իսկ Lamb of God-ը հայտարարեց, որ սա արվեստի և կրոնի բախման հերթական օրինակն է։

 


 

 

Մերիլին Մենսոն – Ռուսաստան (2014)

2014-ի ամռանը Մենսոնը Ռուսաստանում երկու ելույթ ուներ։ Առաջինը՝ Մոսկվայում՝ Park Live փառատոնի շրջանակում, չեղարկվեց բեմ բարձրանալուց րոպեներ առաջ՝ ռումբի մասին ահազանգի պատճառով։ Չնայած ռումբեր չէին հայտնաբերվել, ելույթն այդպես էլ տեղի չունեցավ։ Մի քանի օրից Նովոսիբիրսկում համերգը կանխվեց ուղղափառ ակտիվիստների ճնշմամբ, որոնք նրան մեղադրում էին «սադոմազոխիզմի քարոզչության» և հավատքի վիրավորման մեջ։ Այդուհանդերձ, երեք տարի անց Մենսոնը վերադարձավ Մոսկվա ու ելույթ ունեցավ՝ Heaven Upside Down տուրի շրջանակում։ 

 


 

Mashrou’ Leila – Բիբլոս, Լիբանան (2019)

Լիբանանյան հայտնի ինդի խումբը (որի նախկին անդամներից մեկը լիբանանահայ Հայկ Փափազյանն է) պետք է ելույթ ունենար Byblos Festival-ում։ Բայց տեղական քրիստոնեական մի շարք կառույցներ մեղադրեցին խմբին սրբապղծության և ԼԳԲՏ+ թեմաներ քարոզելու մեջ։ Սպառնալիքները ստիպեցին կազմակերպիչներին չեղարկել համերգը՝ պատճառաբանելով «արյունահեղությունը կանխելու» անհրաժեշտությամբ։ Չեղարկումը լայն արձագանք ստացավ․ հազարավոր մարդիկ ստորագրեցին դիմումներ՝ աջակցելով խմբին, իսկ Amnesty International-ը հայտարարեց, որ սա արվեստի ազատության խախտում է։ Խումբը շարունակեց ելույթ ունենալ արտասահմանում՝ դառնալով պայքարի խորհրդանիշ։

 


 

Sepultura-ն Երևանում

 

Sepultura – Բեյրութ, Լիբանան (2019)

Լեգենդար բրազիլական մետալ խումբը պետք է առաջին անգամ նվագեր Լիբանանում, սակայն Անվտանգության գլխավոր վարչությունը մերժեց նրանց մուտքը, քանի որ տեղական պահպանողական խմբերը տարածում էին լուսանկարներ ու մեղադրում «սատանիզմի մեջ»։ Խմբի անդամներին պարզապես չտրամադրվեցին մուտքի արտոնագրեր։ Ի դեպ, 2015-ին Sepultura-ն բարեհաջող, առանց որևէ խնդրի նվագել էր Երևանում։ 

 


 

Watain – Սինգապուր (2019)

Շվեդական բլեք-մետալիստների սինգապուրյան չեղարկման պատճառը դարձան քրիստոնեական կազմակերպությունները, որոնք ստորագրահավաք սկսեցին՝ մեղադրելով նրանց հակաքրիստոնեական տեքստերի ու ելույթների մեջ։ Իշխանությունները հենց համերգի օրը հետ վերցրին լիցենզիան՝ պատճառաբանելով, որ խումբը սպառնում է «հասարակական ներդաշնակությանը»։ Տոմս գնած երկրպագուները հավաքվեցին դրսում ու իրենք սկսեցին երգել։ Խումբը հայտարարեց, որ Սինգապուրը «դիստոպիկ կրոնական ճնշման օրինակ է»։

 


 

 

Ye (Քանյե Ուեսթ) – Սեուլ, Հարավային Կորեա / Բրատիսլավա, Սլովակիա (2025)

Աշխարհից վաղուց խռոված Քանյե Ուեսթը այս տարվա մայիսին պատրաստվում էր ելույթ ունենալ Սեուլի Incheon Munhak մարզադաշտում․ դա կլիներ իր առաջին սոլո համերգը 2016-ի համաշխարհային տուրից հետո (երբ ռեփերը իր փառքի գագաթում էր) ու իր առաջին մեծ համերգը Հարավային Կորեայում։ Բայց 2025-ի Յեն 2015-ի Հայաստան այցելած Քանյեն չէ․ համերգից մի քանի շաբաթ առաջ թողարկված երգը կոչվում էր Heil Hitler, իսկ թրեքի վերջում հնչում է Հիտլերի ելույթը։ Դրան գումարվեցին տասնյակ սկանդալային թվիթեր ու հայտարարություններ՝ նույն թեմայով։ Տարակուսանքն ու զայրույթը հասան նույնիսկ հեռավոր Սեուլ։ Կազմակերպիչները որոշեցին փորձանքից հեռու մնալ։ Դրանից հետո չեղարկվեց Յեի միակ եվրոպական կանգառը․ Բրատիսլավայում նախատեսվող Rubicon ռեպ-փառատոնը, որտեղ նա պիտի լիներ գլխավոր հյուրը։ Պատճառը՝ հազարավոր վիրավորված մարդկանց ստորագրահավաքն էր։ 

հավելյալ նյութեր