10 խորհուրդ սկսնակ ստարտափերներին
Ստարտափ

10 խորհուրդ սկսնակ ստարտափերներին

Groksmith ընկերության հիմնադիր Հովհաննես Կուլողլյանը մի քանի խորհուրդ ունի ստարտափ սկսելու մասին մտածող մարդկանց համար։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022

#ՏՏ

 

Մի՛ վերաբերվիր ստարտափին զուտ որպես զբաղմունք

Դու չես կարող ստեղծել լավ ստարտափ՝ համատեղելով կամ հիմնական աշխատանքից հետո բզբզալով. պիտի ամբողջությամբ նվիրվես։ Ստարտափ սկսելը ճանապարհ է, որտեղ նախօրոք հայտնի չէ, թե ինչ է քեզ սպասում։ Ասում են՝ ստարտափերները մարդիկ են, ովքեր նետվում են ժայռի գլխից և պիտի ընթացքում հասցնեն ինքնաթիռ կառուցել։ Շատ կարճ ժամանակում պիտի գտնես աշխատող մոդել և ապացուցես, որ դու կարող ես կենսունակ բիզնես կառուցել։ Եթե հաջողում ես, ներդրում ես ստանում և այս նույն գործընթացով անցնում ես հինգ-վեց անգամ, մինչև ստեղծում ես պահանջված և շահութաբեր պրոդուկտ։ 

 

 

Ընտրի՛ր այնպիսի գաղափար, որը քեզ համար կարևոր է 

Եթե դիտարկում ես ստարտափ սկսելը միայն որպես գումար աշխատելու միջոց, միանշանակ բարդությունների կբախվես։ Ստարտափը դառնում է քո կյանքի անբաժան մասը, և պիտի ընտրես այնպիսի գաղափար, որի կարևորությանը դու հավատում ես։ Պիտի համոզված լինես, որ այն, ինչ անում ես, իմաստ ունի, ծառայում է մարդկանց, փոխում է աշխարհը։ Եթե չգտնես իմաստը, չես կարողանա հաղթահարել այն բոլոր դժվարությունները, անկանխատեսելի իրավիճակները, և անորոշությունները, որոնց հանդիպելու ես ճանապարհիդ։

 

 

Շփվի՛ր տարբեր մարդկանց հետ ու հարցրու նրանց կարծիքը

Միգուցե դու կարծում ես, որ ունես հանճարեղ գաղափար, որ նման պրոդուկտ կամ բիզնես մոդել աշխարհի երեսին դեռ չի եղել և, հետևաբար,չարժի այն պատմել ուրիշներին։ Իրականում տեխնոլոգիական ընկերությունները, նրանց ստեղծած պրոդուկտները և պրոդուկտների ներկայացումը գտնվում են անընդհատ փոփոխության և շարժման մեջ՝ հատկապես ընկերությունների ստեղծման սկզբնական փուլերում։ Արդյունքում, երբեք առաջնային միտքը նույնը չի մնում, այլ զարգանում է, վերափոխվում ընկերության հետ միասին՝ հարմարվելով շուկային։ 


Միայն հաճախորդների, ներդրողների և այլ մարդկանց հետ շփվելով է հնարավոր այդ փոփոխության ճանապարհն արդյունավետ անցնել։ Հակառակ դեպքում ստեղծվում են պրոդուկտներ, որոնք ոչ ոքի անհրաժեշտ չեն։

 

 

Սովորի՛ր անել բաներ, որոնց կարևորություն չես տալիս կամ ուղղակի հավես չունես

Լինում են դեպքեր, երբ ստարտափներ սկսող ինժեներները մեծ սիրով պատրաստ են զրոյից նոր պրոդուկտ սարքել, բայց ցանկություն չունեն ժամանակ ծախսել վաճառքների կամ շուկայի ուսումնասիրության վրա։ Բիզնեսը միշտ պիտի ծառայի մարդկանց, ինչը ենթադրում է, որ ձեր տեսլականն իր մեջ պետք է ներառի շատ ավելի ասպեկտներ, քան ուղղակի պրոդուկտի արտադրության կազմակերպումն է։ Այդ պատճառով պետք է անել նույնիսկ այն, ինչի հավեսը չկա՝ դուրս գալով սեփական մտածելակերպիդ և կոմֆորտի սահմաններից։

 

 

Որոշումներդ կայացրո՛ւ տվյալների, ոչ թե կարծիքների հիման վրա

Կրկին խոսիր մարդկանց հետ, կամ օգտագործիր տարբեր մեթոդներ, տեխնոլոգիական մեխանիզմներ. ձևերը շատ են։ Ամենակարևորը՝ այդ տվյալները պետք է հնարավորինս մոտ լինեն իրականությանը։ Այսինքն, կարևոր անընդհատ սինխրոնիզացված լինես իրականության հետ և հստակ գիտակցես, երբ սկսում ես ընկնել երազանքների գիրկը։ Սա նույնիսկ ավելի կարևոր է, քան պրոդուկտի տեխնիկական իրականացումը։ Այս դեպքում դու նաև քո ժամանակն ես խնայում, քանի որ, երբ հասնես իրագործման փուլին, որը ամենաթանկ մասն է, դու հստակ կիմանաս, որ քո միտքը աշխատող է։

 

 

Սկսի՛ր այնպիսի ստարտափ, որը հետագայում հնարավոր կլինի մեծացնել 

Ստարտափների ֆինանսական մոդելը ենթադրում է, որ տվյալ միտքը պիտի հնարավոր լինի մասշտաբայնացնել։ Այսինքն, հաջող ստարտափ բիզնեսը նման է մի մեխանիզմի կամ մեքենայի, որի մեջ որքան ներդրում կամ բենզին լցնես, այնքան այն ավելի մեծ արդյունք կտա։Նպատակ դիր ստեղծել այնպիսի պրոդուկտ, որն ապագայում կվաճառվի մեծ շուկային։ Մտածիր՝ ինչպե՞ս եմ հիսուն-հարյուր անգամ մեծանալու։ Ներդրումները կատարվում են հենց այդ մոտեցմամբ, որ գումարն ապագայում հարյուրապատիկ անգամ ավելի մեծ քանակությամբ է հետ գալու։

 

 

Սովորի՛ր կենտրոնանալ

Մարդուց մեծ ջանք է պահանջվում նպատակ դնելու, այդ նպատակի վրա կենտրոնանալու և մնացած ամեն ինչին ոչ ասելու համար։ Դա ժամանակակից մարդու և, իհարկե, ստարտափերի կարևորագույն կարողություններից է։ Այսօր տեղեկատվության պակաս չկա, շատ է աղմուկը։ Այն մարդիկ, որոնք կարողանում են ճիշտ ձևով ընտրել, ֆիլտրել այդ տեղեկատվությունը և նավավարել այդ օվկիանոսում, ի վերջո հաղթում են։

 

 

Հետաքրքրվի՛ր մարդկանցով և փորձի՛ր ճիշտ թիմ հավաքել

Ստարտափների հիմնադիրներն իրար հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան սեփական ընտանիքների հետ։ Պիտի ընտրես մարդկանց, որոնց հետ պատրաստ ես այդքան ժամանակ անցկացնել և դիմակայել դժվարություններին։ Սա մի բան է, որը գուցե կյանքի ընթացքում սովորես, այն միանգամից չգա, բայց, եթե դու անկեղծորեն հետաքրքրվում ես մարդկանցով, ուշադիր ես նրանց նկատմամբ և մտածում ես նրանց մասին, ապա այս ունակությունն ավտոմատ կերպով զարգանում է։ Անհնար է չհետաքրքվել մարդկանցով և ստեղծել մի բան, որը կծառայի նրանց։

 

 

Որպես ղեկավար՝ ունեցիր լայն մտածելակերպ 

Ստարտափի ղեկավարը չի կարող լինել միայն մեկ ոլորտով հետաքրքրվող մարդ։ Նա պիտի աշխարհն ավելի լայն տեսնի, գոնե թեթև պատկերացում ունենա ամեն գործի մասին։ Պետք չէ ամեն բան կարողանալ անել, բայց պատկերացում ունենալը պարտադիր է։ Դա օգնում է իրար կապել տարբեր երևույթներ և համակարգված տեսլական ստանալ։ Ղեկավար լինելը մասնագիտություն չէ, այլ մտածելակերպ։

 

 

Դի՛ր վերջնաժամկետներ

Եթե դու չունես վերջնաժամկետներ, ուրեմն դեռ ստարտափ չես անում, դեռ պարզապես խաղում ես, փորձում ես հասկանալ արդյոք ուզում ես նման բանի մեջ մտնել, թե ոչ։ Սկսելու պահից դու հաշվիչի վրա ես և ամեն րոպեն կենսական կարևորություն ունի քո ստարտափի համար թե՛ ֆինանսական տեսանկյունից, թե՛ առհասարակ։

հավելյալ նյութեր