10 խորհուրդ սկսնակ սթենդափերներին
Խորհուրդ

10 խորհուրդ սկսնակ սթենդափերներին

Սթենդափեր Անի Բարսեղյանը լսել է մեծերին ու հավաքել խորհուրդներ ոլորտում հաջողության հասնելու (և այդ ճանապարհը վայելելու) մասին։

Տեքստը՝ Անի Բարսեղյանի 


Նկարազարդումները՝ Վալենտինա Պալատուրյանի

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

 

1. Նայիր ամեն օր, գրիր ամեն օր 

Առաջին բանը, որ կլսես համաշխարհային սթենդափի մեծերից՝ ուղղակի եղիր սթենդափի մեջ։ Ջերրի Սայնֆիլդը նեղ շրջապատում հայտնի է իր օրացույցով, որտեղ ամեն օր նշում է, որ գոնե մի բան այսօր գրել է։


Շատերը պարտադիր են համարում սթենդափին լիարժեք աշխատանքի նման վերաբերվելն ու օրական մի քանի ժամ տրամադրելը։ Բայց հասկանում ենք, որ դա իրատեսական չէ. դեռ պետք է հասցնես քո առօրյա աշխատանքն անել, քանի որ սթենդափից եկամուտ չունես։


Ավելի իրատեսական է օրվա մեջ կես ժամից մի ժամ նոր զբաղմունքին տրամադրելը։ Գնա շոուների, նայիր դասականների սփեշլներն ու ամենակարևորը՝ անընդհատ գրիր։ Այսպես լավ պատկերացում կունենաս, թե ով ինչ է անում աշխարհում, չես կրկնի հին սխալները: 


Իսկ մի ամիս շարունակ ամեն օր գրել֊ջնջելով ավելի շատ պիտանի նյութ կունենաս, քան ամբողջ ամիսը մուսային սպասելով և 2-3 նշում անելով: Հա, մեկ էլ նշումներդ արա հենց այն պահին, երբ լավ կատակ է մտքովդ անցնում, թե չէ հինգ րոպեից ամենակարևոր մասը մոռանալու ես։

 

2. Սկսիր հենց հիմա

Ինչ֊որ սևագրեր ես խզբզել, բայց դեռ վստահ չես, որ պիտանի կատակներ ունես: Պիտի դեռ աշխատես, տեքստը պլպլացնես, հետո տրամադրվես բեմին, մեդիտացիա անես… Դե լավ, վերջացրու, իդեալական պահը երբեք չի գալու: Գրանցվիր մոտակա բաց խոսափողին ու ելույթ ունեցիր: Այդ ժամանակ արդեն հենց բեմից կտեսնես քո ուժեղ ու թույլ կողմերը, կծանոթանաս լսարանի հետ, կկարողանաս ֆիդբեք ուզել ավելի փորձառուներից:

 

3. Միշտ ձայնագրիր ինքդ քեզ

Պարտադիր չէ հրապարակել տեսանյութերը (թեև խիստ ցանկալի է. հանդիսատեսը քեզնով ավելի շուտ կհետաքրքրվի, եթե կատակներդ ինտերնետում տեսնի ու հավանի ոճդ)։ Կարևորն այստեղ ինքդ քեզ կողքից տեսնելն է։ Միացրու տեսագրությունդ ու հետևիր քո շարժուձևին, դիմախաղին։ Ամեն դետալ կարևոր է՝ որքան ես բեմի վրա շարժվում, քայլում, մեջքդ ձի՞գ է, դեմքիդ արտահայտությունն ասածիդ համապատասխանո՞ւմ է, հանդիսատեսի՞ն ես նայում, թե՞ առաստաղի ինչ-որ կետի։


Կարող ես նաև առանց վիդեոյի միայն մաքուր ձայնագրություն ունենալ, որ աշխատես տեքստի հետ՝ հետևելով քո մատուցման ձևին, արագությանը, պաուզաներին, հանդիսատեսի արձագանքին։

 

4. Կրկնիր կատակն այնքան, մինչև ստանաս քո ուզածը

Բոլորս էլ կուզեինք, որ մուսան գար, կատակը միանգամից գրվեր վերջնական տարբերակով, մենք էլ ամեն ելույթի ժամանակ նոր կատակներ ունենայինք։ Բայց դա այդպես չի աշխատում, կատակները մեզ հետ ապրում են ու զարգանում։ Թրեվոր Նոայի վերջին սփեշլներից մեկում հանդիպեցի իր 10 տարեկան կատակի զարգացրած, կատարելագործված տարբերակը։ Ու դա բոլորն են անում։


Հայաստանում սա մի քիչ դժվար է, քանի որ հանդիսատեսը քիչ է, հաճախ նույն մարդիկ գալիս են բոլոր շոուներին։ Բայց կարող ես փորձել կատակը տարբեր բեմերում կամ թողնել որոշ ժամանակ, աշխատել վրան, հետո կրկնել։

 

5. Մի վախեցիր անհաջողությունից

Դու ֆեյլելու ես։ Դու ունենալու ես անհաջող ելույթներ, դա անխուսափելի է։ Բոլորն են ունենում։ Թուլացիր ու հաճույք ստացիր։ 


Պիտի սովորես առանձնացնել մեկ կամ մի քանի անհաջող ելույթը քո անձից, թե չէ խոր դեպրեսիան երաշխավորված է։ Պիտի ուղղակի վերլուծես, թե որ պահին քո կապը լսարանի հետ չստացվեց, ինչն էիր պակաս արել տնային աշխատանքումդ, որ աստղերն էին այդ օրը թարս շարվել։ Աշխատիր առանձին խնդիրների վրա, բայց քեզ մի քարկոծիր։


Լուի Սի Քեյը վերջերս պատմում էր իր առաջին ելույթի մասին։ Իր ասելով՝ այնքան ահավոր էր, որ չնայած կյանքում ունեցած լիքը խնդիրներին՝ այդ օրը համարում է իր կյանքի ամենավատ օրը։ Բայց գիտե՞ք ինչ, հիմա Լուին բազմահազարանոց դահլիճներ է լցնում։ Ես Լուի Սի Քեյի ֆանատը չեմ, հազարավոր մարդիկ նրան տանել չեն կարողանում, ու դա իրեն ընդհանրապես չի հուզում։ Նա կառուցել է իր լսարանն ու աշխատում է իր լսարանի համար։ Մարդիկ անգամ տոմսեր են առնում, որ գնան իր կատակների ստուգմանը, որտեղ Լուին ընդամենը թղթից կարդում է կատակները, լսում արձագանքը, նշում, թե ինչ պիտի փոխի գալիք մեծ շոուների համար։

 

6. Դարձիր համայնքի մաս


Կողքից գուցե չի նկատվում, բայց սթենդափը «միայնակ գայլերի» ոլորտ չէ։ Սթենդափ համայնքում լինելը քեզ մի քանի առավելություն է տալիս։


Նախ, կարող եք ընկերներով միասին նստել ու զարգացնել հում կատակները։ Երկուսով, թե մեծ խմբով՝ արդեն ճաշակի հարց է։ Բայց կողքի աչքով նայողներն օգտակար են։
Հետո, դու առաջիններից ես իմանում բոլոր բաց խոսափողների մասին ու հասցնում գրանցվել։ Լինում է, որ ժամը 10:00-ին հայտարարում են միջոցառման մասին, իսկ 10:01 արդեն բոլոր տեղերը լցված են։ Չէ, նախնական գրանցում չկա, հենց այդ մի րոպեում են հասցնում։ 


Ու, իհարկե, համայնքում իրար աջակցում են։ Կազմակերպում են խմբային միջոցառումներ, հրավիրում են հայտնիների միջոցառումը բացելու, այսպես ասած՝ «տաքացնելու», տարածում են միմյանց պաստառները, ծանոթացնում լրագրողների ու տարբեր կարևոր մարդկանց հետ։

 

7. Ծանոթացիր կատակ գրելու կանոններին, բայց դրանցով մի ապրիր

Ցանկացած գործ բռնելիս պետք է ծանոթանալ տեսությանը, տեխնիկային, «կանոններին»։ Մեր դեպքում պետք է կարդալ գրքեր, լսել փոդքասթներ, նայել ու վերլուծել տարբեր շոուներ։ Բայց կատակ գրելու բանաձևերը սահմանափակ են, իսկ կատակները՝ անվերջ։ 


Համարիր, որ նկարիչ ես, գնում ես նկարչական դպրոց, կանոնները լավ սովորում, որ հետո քեզ ազատություն տաս ու ինչու ոչ, մի նոր մոտեցում ինքդ ստեղծես։ 
Բո Բըրնըմն իր քովիդյան սփեշլում՝ «Inside»-ում, սթենդափը խառնում է երաժշտության ու դոկումենտալ կինոյի հետ։ Նա գիտի՞ սթենդափի կանոնները։ Միանշանակ։ Բայց կանոններո՞վ է խաղում։ Միայն երբ ինքն է ուզում։

 

8. Մի մոռացիր ծիծաղեցնել

Հաճախ նայում ես սթենդափ ու տեսնում, որ ծիծաղելը երկրորդ-երրորդ պլան է գնացել, իսկ առաջին տեղում գաղափարն է։ Դասական Ջորջ Քառլինը, մերօրյա Հաննա Գեդսբին իրենց վերջին շոուներում կարծես ավելի շատ լուրջ ելույթ ունենան, առաջին հերթին քեզ մտածել տան ընդամենը մի քանի տեղ ծիծաղեցնելով։


Ցավոք, սա սկսնակների մոտ չի աշխատում։ Քեզ տրվելու է սահմանափակ ժամանակ՝ 5-15 րոպե, որի ընթացքում դու պիտի նվաճես հանդիսատեսի սիրտը հենց ծիծաղով։ Տարիներ անց, երբ ապացուցած կլինես, որ կատակել գիտես, կունենաս քո լսարանը ու ժամանոց շոուներ կանես, այ այդ ժամանակ կարող ես մտածել մի քիչ լրջանալու մասին։

 

9. Քեզ հավատարիմ մնա

Մի վախեցիր քո ոճից ու քո ճաշակից։ Մի փորձիր ճկվել ինչ-որ ստանդարտների տակ։ 


Սթենդափը հումորի ամենաանձնական ժանրն է։ Պարտադիր չէ, որ բոլոր կատակները քո մասին լինեն կամ քո կյանքից, բայց սուտը, ձևականությունը սովորաբար երևում է։ 


Հայ անդերգրաունդ սթենդափի պապաներից մեկը միշտ ասում էր՝ եթե դու անում ես կատակ, որը ես էլ, դու էլ, Պողոսն էլ կարող ենք անել ու նույնքան լավը կլինի, դա քո կատակի արժեքը գցում է։ Քո կատակը, կերպարը, բնավորությունը, արտաքինը, ձայնը մի ամբողջություն են, քո մի մասը։

 

10. Մի գողացիր

Կարծես թե պարզ է, բայց արի ու տես, որ շատերն այս կանոնը բանի տեղ չեն դնում։ Տեսե՞լ ես The Marvelous Mrs Maisel սերիալը, որտեղ Ջոելը գողանում էր իր կատակները։ Եթե դեռ չես տեսել, նայիր ու համոզվիր, որ չես ուզում Ջոել դառնալ։ 


Ուղղակի մի վախենալու պահ կա. դու կարող ես կրկնել ուրիշի կատակն առանց հիշելու, որ տարիներ առաջ դա արդեն լսել ես, կարծելով, թե դա քո սեփական միտքն է։ Սրանից խուսափելու համար Ռոյ Վուդ Ջունիորը ժամանակին ահռելի քանակի տետրեր էր պահում, որտեղ աղյուսակով նշում էր հեռուստացույցով իր տեսած բոլոր սթենդափների թեմաները, որպեսզի հանկարծ չկրկնվի ու բոլորովին նոր բան ստեղծի։

հավելյալ նյութեր