📽️ 100 տարվա տենդ․ Չապլինի «Ոսկու տենդը» վերադառնում է մեծ էկրաններին
Կաննի պրեմիերայից հետո Հայաստանում՝ աշխարհի հետ զուգահեռ, մեծ էկրաններին կցուցադրվի Չարլի Չապլինի հռչակավոր համր ֆիլմի վերականգնված տարբերակը։ Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը ներկայացնում է «Ոսկու տենդի» հարյուր տարվա ճանապարհը։
Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի
Միջոցառումն իրականացվում է «Կազմ» մշակութային հկ-ի կողմից` mk2 ընկերության հետ համատեղ: Ցուցադրության տոմսերը (2000 դրամ) հասանելի են կինոթատրոնների տոմսարկղերում և առցանց վաճառքի պլատֆորմներում:
1925 թվականի հունիսի 26-ին ողջ Հոլիվուդը հավաքվել էր Գրոմանի Եգիպտական կինոթատրոնում, որտեղ տեղի էր ունենալու Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի պրեմիերան: Բեմը զարդարված էր արհեստական սառցե բեկորներով, որոնց վրա շարվել էին փոկերը, իսկ էսկիմոս կանանց պարային խումբը հանդես էր գալիս հատուկ համարով` վերստեղծելու արկտիկական միջավայրն ու պատրաստելու հանդիսատեսին մի ֆիլմի ցուցադրության, որը շատ արագ դասվելու էր դասական կինոգործերի շարքը:
«Ոսկու տենդի» վերաթողարկման պաշտոնական թրեյլերը
Ուղիղ հարյուր տարի անց` 2025 թվականի հունիսի 26-ին «Ոսկու տենդը» վերադառնում է կինոէկրաններին աշխարհի տարբեր ծայրերում` նշելու ֆիլմի հարյուրամյակը և ներկայանալով նոր 4K վերականգնված տարբերակով: Հայաստանը նույնպես միացել է այս համաշխարհային կինոիրադարձությանը. «Ոսկու տենդը» կցուցադրվի հինգ քաղաքներում` Երևանում («ԿինոՄոսկվա»), Գյումրիում («Օլիմպիկ»), Վանաձորում («ԿինոԼոռի»), Կապանում («Սյունիք») և Քաջարանում («Քաջարան»):
Այս հարյուր տարիների ընթացքում ֆիլմն անցել է մի շարք փորձությունների միջով: 1942-ին Չապլինը որոշեց վերաթողարկել ֆիլմը` վերամոնտաժելով օրիգինալ նեգատիվ ժապավենը, ավելացնելով սինխրոն երաժշտություն և արտակադրային խոսք` իր սեփական կատարմամբ: Նա ջնջեց լուսագրերը, վերափոխեց տեսարանների հերթականությունը, հանեց մի քանի կադր: Չապլինը նաև հետևեց, որ ոչնչացվեն 1925-ի տարբերակի բոլոր օրինակները: Այսպիսով, միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ֆիլմը գրեթե անհետացավ պատմությունից:
Ֆիլմի ամենահայտնի տեսարաններից մեկը
1993 թվականին հետազոտողներ Քևին Բրաունլոուն և Դեյվիդ Գիլլը վերստին հավաքեցին ֆիլմը` համադրելով պահպանված տարրերը 1942-ի վերաթողարկման հետ և ստացան մի տարբերակ, որ հնարավորինս մոտ է Չապլինի առաջին թողարկմանը: Ավելի ուշ, նշելու ֆիլմի թողարկման հարյուրամյակը, հետազոտական աշխատանքներ սկսեցին աշխարհի տարբեր ծայրերում` գտնելու 1925 թվականի տարբերակի ամբողջական նյութերը: Բրաունլոուի ու Գիլլի վերահավաքումից հետո և մի շարք կինոարխիվների ջանքերի շնորհիվ ստեղծեց ֆիլմի ներկայիս տարբերակը, որը մեկ քայլ ավելի է մոտ օրիգինալին:
Ֆիլմի վերականգնված տարբերակի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնում, իսկ հունիսի 26-ին այն կներկայացվի համաշխարհային հանդիսատեսին ավելի վառ պատկերով` հնարավորություն տալով նորովի գնահատելու Չապլինի հանճարեղ կատակերգական խաղը, համր կինոյի վիզուալ պոետիկան և սուր ծաղրը՝ ուղղված ամերիկյան երազանքին: