11 գիրք՝ ձմռանն ընթերցելու համար
ԵՐԵՎԱՆ ամսագիրը առանձնացրել է 2025-ին լույս տեսած 11 գիրք՝ ահագնացող տոներին «բլինչիկ-չարազ-խոզի բուդ» փակ շղթան կոտրելու համար։
Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի
Վերադարձ դեպի անցյալ
Չմոռանալով՝ ինչի համար ենք հավաքվել, սկզբում առաջարկում ենք ընթերցել Համբարձում Համբարձումյանի «Բուդը»՝ հեղինակի վերջին տարիների պատմվածքների ժողովածուն։ Գրքում կարելի է գտնել նոստալգիկ ապրումներ դեռևս ակտուալ 90-ականներից, վերապրել դրանք և գալ մեր օրեր, որտեղ պատերազմի նստվածքը դեռևս թարմ է։
Իսկ Գուրգեն Խանջյանի «Ինչկաչկա» վեպ-էսսեն ընթերցողին կտանի խորհրդային իրականություն՝ ծանոթանալու կարևոր մարդկանց հետ, որոնք ապրել են այդ տարիներին, որոնց հետ շփվել է գրողը, և որոնք մեծ կամ փոքր դերակատարություն են ունեցել նրա կյանքում։ Խանջյանն ասում է՝ «Ինչկաչկան» մեր կյանքն է. ծնվում ենք, ապրում ենք՝ լավ կամ վատ, հետո մտածում, թե ուր ենք գնում։
Ժամանակի մեջ է՛լ ավելի հետ գնալու համար վերցրեք Սարգիս Հովսեփյանի «Դու էսօր մեռի, ես` վաղը» վեպը, որի երկու զուգահեռ պատմություններից մեկն ընթանում է ստալինյան գուլագներում և պատմում է բռնաճնշումների զոհ դարձած երկու հայ ընկերների մասին (այստեղից էլ գրքի վերնագիրը, որը գուլագում գոյատևելու համար մեկ օրենքն է)։ Երկրորդ պատմությունը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի մասին է․ այդպես անցյալն ու ներկան չեն բաժանվում, այլ գնում են առաջ ձեռք ձեռքի։
Վերմակի տակ ցրտերից պաշտպանվելիս
Ավելի լավ տեղ, քան սեփական տաք վերմակն է, թերևս չկա, հատկապես, երբ դրսում ցուրտ է, իսկ հոգիդ գույներ է ուզում։ Հենց այս իրավիճակ-հոգեվիճակների համար խորհուրդ ենք տալիս վերցնել ՌեԱ կոմիքսներում հրատարակված՝ Լենա Դերունցի հեղինակային «Մխիթարանք» գրաֆիական միջնադարյան դետեկտիվը (ընդհանրապես, ՌեԱ կոմիքսների ամբողջ ընտրանին էլ արժանի է ուշադրության՝ «Միսաքը, Մելինեն և Մանուշյանի խմբավորումը» պատերազմական դրամայից մինչև «Արևելյան դաստիրակաություն» ինքնակենսագրական տրագիկոմեդիան):
Փոքրերին զբաղեցնելու համար համար առաջարկում ենք Էլֆիք Զոհրաբյանի «Փետրվարի 30» ժամանակակից հեքիաթների ժողովածուն՝ պարզելու, թե ինչպես է փետրվարի 30-ը ջնջվել օրացույցներից, և թե ինչ փոխհարաբերություններ ունեն մատիտն ու ռետինը՝ սիրո, ընկերության, ազնիվ քաղաքացի լինելու և առողջ մտքի անհրաժեշտության ֆոնին։
Դպրոցականների համար էլ ճիշտ ժամանակն է ընթերցելու ժամանակակից նորվեգացի գրող Մարիա Փարի «Փխրուն սրտերը»՝ փոքրիկ ծովախորշի խաղաղ գյուղակում ապրող երեխաների՝ Թրիլլեի և Լենայի զարմանալի, հուզիչ ընկերության ու զվարճալի արկածների մասին։ Աստրիդ Լինդգրենի լավագույն ավանդույթները կենդանի են։
Մինչ աշխարհը քնած է
Գրքեր կան, որ պետք է կարդալ միայնակ, երբ ողջ աշխարհը քնած է, քանի որ այդ գրքերը չէին գրվի, եթե աշխարհն իսկապես «արթուն» լիներ։ 2025-ի թերևս ամենաքննարկվող գրքերից մեկը Կոլյա Ստեփանյանի «Где» կենսագրական վեպն է՝ Մոսկվայից 44-օրյա պատերազմ «տեղափոխված» երիտասարդ զինվորի անհետ կորելու պատմությունը՝ համեմված մի քիչ հումորով, բայց ավելի շատ անկեղծությամբ, երբ անհույս թվացող իրավիճակներում նույնիսկ պահածոները կարող են կյանքեր փրկել։ Հայերեն թարգմանությունը դեռ չկա, բայց ռուսերենը հասանելի է նաև աուդիոգրքի տարբերակով՝ Yandex Books հավելվածում։
Պատերազմին կանացի աչքերով նայելիս էլ անպայման արժե կարդալ Լուսինե Հովհաննիսյանի «Աշնան քսանչորսերորդ օրը» վեպը՝ չորս սերնդի արցախցի կանանց և նրանց պապենական տան մասին, որտեղ նրանք այդպես էլ չեն ապրել, և որն արդեն երևում է միայն Google Earth-ի հավելվածով։
Պատերազմի թեմայի շարունակություն․ «Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսների ժողովածուն։ Այստեղ ներառված են 3 կին գրողի՝ 3 տարբեր երկրի ու պատերազմի նկարազարդ պատմություններ՝ Վրաստան, Ուկրաինա, Հայաստան։
Ներքաղաքական թոհուբոհից կտրվելու համար
Իսկ եթե արդեն հոգնել եք քաղաքական, ներքաղաքական և ճանապարհատրանսպորտային հարցերից, խորհուրդ ենք տալիս կարդալ Լյոու Ցըսինի «Երեք մարմինների խնդիրը» գիտաֆանտաստիկ վեպը՝ վերջին տարիների ժանրային ամենամեծ սենսացիաներից մեկը, ու զբաղվել Երկիր մոլորակի գաղութացման հարցերով։ Սա հայտնի եռագրության առաջին գիրքն է (շարքը կոչվում է «Հիշողություն Երկրի անցյալից»), որտեղ չինացի գիտնականները կապ են հաստատում արտագալակտիկական քաղաքակրթության հետ։
Խցանումների մեջ հուսալքված
Իսկ վերջում ամենօրյա նյարդային խցանումներին նոր գույներ հաղորդելու համար լավագույնը ժամանակակից իրանական պոեզիա ընթերցելն է, իսկ ավելի կոնկրետ՝ «Սպասող մարդու օրագիրը», որը վերահրատարակվեց տարիներ անց։ Ժողովածուն՝ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ, տպվել է սահմանափակ` տարվա օրերի քանակով՝ 365 գումարած 1՝ ոգեշնչված իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուով։