12 ամիս Երևանում
Ցուցահանդես

12 ամիս Երևանում

Նկարիչ Լիլիթ Մանարյանը հոկտեմբերի 4-ից 18-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում ներկայացնում է «12 ամիս Երևանում» ցուցահանդեսը։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով նա պատմել է, թե ինչպես է իրեն այս յուղամատիտային շարքը ստեղծելիս ոգեշնչել Երևանը, և ինչու են այդ նկարներն անբաժան քաղաքի մասին երգերից։

 

Տեքստն ու նկարազարդումերը՝ Լիլիթ Մանարյանի

 

Ես շատ երկար էի մտածում, թե ինչ կոնցեպտ-տեքստ գրեմ իմ այս ցուցահանդեսի համար, չէ՞ որ պետք է պահպանել ոճը, չշատախոսել և ասելիքի մեջ լինել հստակ ու հասկանալի։ Բայց ի՜նչ դժվար է ոճային ու լակոնիկ լինել այնտեղ, ուր կյանքիդ ամենազգացմունքային, ամենավառ հիշողություններն են։ Էս քաղաքը հենց բուն էությունդ է` երևանյան կիրթ, հետխորհրդային ու հետպատերազմյան դիմագծերով, անլուրջ ու զվարճալի, առանց առանձնահատուկ ճիգերի միշտ ժամանակակից, ճաշակ թելադրող, թատրոնով ու պոեզիայով ապրող, անմիջական և ոչ գոռոզ, ընկերասեր, իրավամբ հայեցի միջավայրում։ 

 

 

Երևանում եմ կլոր տարին ու ամեն տարի չեմ դադարում հիանալ իր երբեք անտարբեր չթողնող տրամադրություններով... Զարմանալիորեն թեթև է սահում ժամանակը մեր քաղաքում, հիրավի աշխարհը մի կողմ, Երևանը մյուս կողմ։ Այլևս հստակ է ինձ համար, որ մենք ապրում ենք «մատրիցայում»՝ զուգահեռ իրականության մեջ` միայն իրեն հատուկ մթնոլորտով ու եղանակով։ 

 

Դժվար է նկարող երաժիշտ լինելով չշատախոսել այն երաժշտության մասին, որն ամենաքոնն է, այդ պատճառով էլ ամենալավն է։ Քաղաքս ինձ համար կարծես նրա մասին հայրիկիս՝ Քրիստ Մանարյանի գրված երգերը լինեն` ես չեմ կարող չսիրել և չսերտաճել դրանց։ Երևանը լի է երգերով, որոնք տարվա ամեն եղանակին յուրովի են հնչում։ Ես հավատում եմ, որ քաղաքն էլ իր հերթին մեզ է սիրում ու սնում մեր ստեղծագործությունները։ Ահա թե ինչ ստացվեց Երևանն էսքան դիտելուց և լսելուց հետո։ 

 

 

 

Այս ցուցահանդեսը ծնվել է սիրուց և ընկերությունից և յուրահատուկ ձոն է դեպի այդ մարդկանց, ովքեր և անմիջական մասնակցություն կունենան բացման օրը։ Լինելու է իմ համանուն անգլերեն, առաջին երաժշտական օրացույցի շնորհանդեսը, որի ամեն ամսվան համապատասխանում է իմ մի նկար և հայ երգահան-հեղինակներից չորսի՝ Քրիստ Մանարյանի, Աշոտ Գասպարյանի, Դավիթ Հովհաննիսյանի և Տիգրան Աբգարյանի երևանյան երգերը՝ ծածկագրված QR կոդերով։ Երևի ավելորդ է ասել, որ այս երգերն ամիսներ շարունակ հնչում էին իմ տանը նկարելիս, և ստացվեց այն, ինչ կտեսնեք։

 

 

Ցուցահանդեսի համադրողն էլ է ինձ ընկեր և ավելին՝ խոհակից Լիա Պետրոսյանն է՝ LiArvest, ինքն էլ լուսանկարիչ և նկարիչ։ Նա միանգամից հասկացել է, որ իմ Երևանը տուրիստական Երևանը չէ, այլ «ինսայդերական»՝ կենտրոնի գաղտնի անկյուններով, արվարձաններով, փողոցային երաժիշտներով, կողքի շքամուտքի գժերով, մի խոսքով՝ ինչպիսին կա իր իրական ռոմանտիկայի մեջ, այլ ոչ թե ինչպիսին կուզեի, որ այն տեսնեն։ 

հավելյալ նյութեր