«2Pac-ի վրա էլ մեծացանք».  ինչպես էին երևանցիները բացահայտում ռեպը
Հուշեր

«2Pac-ի վրա էլ մեծացանք». ինչպես էին երևանցիները բացահայտում ռեպը

Բառարանով թարգմանվող երգերի, արևելամետների ու արևմտամետների, դժվարությամբ համացանցից քաշվող թրեքերի ու ռեպին հավերժ սիրահարվելու մասին պատմում են երևանցի ստաժավոր հիփ-հոփասերները։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

#Ռեպ

Նույնիսկ մենք ընկերներով բաժանվում էինք East-ի ու West-ի կողմնակիցների


Գալուստ Ռ. Ստեփանյան, վաճառքի մասնագետ

Առաջին անգամ ռեպ լսեցի 2003-ին։ 2pac-ի ու Biggie-ի «Runnin» թրեքն էր, որի բիթն ու երաժշտությունը շատ գրավիչ էին։ Դե էն ժամանակ Google translate ու նման այլ բաներ չկային ու դա առաջին երգն էր, որը ես բառ առ բառ թարգմանեցի սովորական բառարանի օգնությամբ։ Թրեքը Resurrection կոչվող ալբոմից էր, որը դուրս էր եկել 2pac-ի մահից հետո ու հենց այդ թրեքում ներառված էին հատվածներ երկուսի հարցազրույցներից, East-West վեճերից։ Հենց էդ հարցազրույցից հետո սպանեցին նաև Biggie-ին։ Այս ամենն առանցքային դեր խաղաց իմ երաժշտական նախասիրությունների ձևավորման հարցում, ես հասկացա, որ ռեպը մարդկային կյանքերի ու խնդիրների մասին է։

 

Ինձ դուր էր գալիս նաև այն, որ ռեպն օգտագործում էր փողոցի լեզուն, սակայն դրանից բացի, ռեպում կային նաև շատ երկիմաստ բաներ։ 


Դե, նոր թրեքեր գտնելն իհարկե հեշտ չէր, հիմնականում դրսից բերված CD-ներն էին։ Եղբորս՝ Վահանի հետ մեր երկու կասետանի մագնիտոֆոնով մի կասետից մյուսին ձայնագրություններ էինք անում։ Աբովյանի վրայի ու Հրապարակին մոտ ձայնասկավառակների խանութից էլ CD-ներ էինք գնում երբեմն։ 


Մեր կյանքի կարևոր մաս էր ռեպը ու մինչ օրս էլ այդպես է։ Նույնիսկ մենք ընկերներով բաժանվում էինք East-ի ու West-ի կողմնակիցների։ Սկզբում B.I.G. էի շատ լսում, հետո սկսեցի JAY-Z լսել։ Կարծում եմ, որ ինքը ոչ միայն շատ լուրջ երաժիշտ է, այլև լուրջ արտիստ ու բիզնեսմեն։ JAY-Z-ին բացահայտելուց հետո թե իմ կյանքում ու թե իմ մոտեցման մեջ դեպի ռեպը շատ բան փոխվեց։ Ինձ սկսեցին հետաքրքրել ոչ միայն առանձին թրեքեր, այլ հենց ինքը ու իր կյանքը։ Հայտնի հավելված կա՝ Genius, որտեղ կարելի է գտնել բոլոր ռեպ կատարումներում տեղ գտած երկիմաստ նախադասություններն ու քողարկված իմաստները։ JAY-Z-ինն ամենաշատն են։ Ինձ նաև դուրս է գալիս JAY-Z-ի արվեստային, մասշտաբային մոտեցումն իր ստեղծագործությանը։ 


Ժամանակի հետ սկսեցինք բացահայտել նաև հայկական ռեպը։ Երևանի ռեպ համայնքի հետ բարեբախտաբար մոտ էինք շնորհիվ Վահանի։ Այն ժամանակ արդեն կային Հայ Տղերքը, և Վահանը սկսեց նկարել նրանց բոլոր ձայնասկավառակների շապիկները, վիդեոները և այլն։ Դրա շնորհիվ էլ շատ ամուր ընկերություն սկսվեց ողջ ռեպ համայնքի հետ։ Հիշում եմ նաև, որ ՀՏ Հայկոն Պոետների ակումբ էր ստեղծել, որտեղ ռեպ բաթըլներ էին տեղի ունենում, բայց դա էլ, ցավոք, երկար կյանք չունեցավ։

 


 

Ես Մոսկվայում ռեպեր խաչ էի


Հակուկ Եղիազարյան, իվենթ մենեջեր


Ես մեծացել եմ Մոսկվայի ամենավտանգավոր, կրիմինալ շրջաններից մեկում՝ Բիրուլյովոյում, որտեղ 90-ականներին մեր կյանքը սարսափելի էր։ Մոտավորապես 1994-ին՝ դեռահասության փուլում, երբ մի քիչ արդեն գիտակից էի, իմ կյանք սկսեց ներթափանցել հիփ-հոփը։ Տպավորություն էր, որ երիտասարդությունն այդ շրջանում բաժանվում էր երկու հստակ խմբերի՝ ռեպերների ու մետալիստների, որոնք, իհարկե, անվերջ կռիվների մեջ էին։ Ես էլ ավելի բարդ դեպք էի՝ երկուսը մեկում՝ «ռեպեր խաչ», սա ավելի հարմար առիթ էր հետևից ընկնելու համար։ 


Էդ շրջանում նաև ռեպերներին հատուկ հագուստը մտավ իմ կյանք, երևի հենց երաժշտությանը զուգահեռ. լայն սև տաբատներ էինք հագնում՝ շատ գրպաններով, կողքից սպիտակ գծերով ու շա՜տ օվերսայզ հուդիներ NBA-ի կամ հիփ-հոփի հետ կապված պրինտերով (ո՞վ իմանար, որ մի օր Բալենսիագա կլինի)։ Այն ժամանակ հիմնականում լսում էինք Public Enemies, Onyx, Cypress Hill, Coolio, իսկ 2pac-ը պարտադիրներից էր ու բոլոր հնարավոր ձևերով փոխանցվում էր ողջ թաղամասով մեկ։ Առաջին կասետը, որ գնեցի՝ All eyez on me-ն էր։ 


1998-ին հիշում եմ, թե ոնց հայտնվեցի Каста-ի համերգին։ Էդ ժամանակ ռուսական ռեպն արդեն սկսում էր ամրապնդվել, հայտնի անուններ կային։ Հետո Մոսկվա եկան Coolio-ն, Onyx-ը, կարողացա գնալ իրենց համերգներին։ Ռեպ համերգների գնալը բավական վտանգավոր էր։ Սքինհեդերը հաճախ հենց նման համերգներին էին հետապնդում իմ պես «խաչերին»։ Հիշում եմ, որ համերգներից մեկին մայրս ուղեկցեց, մենակ չթողեց ինձ։ 


Ուսանողության շրջանն իրական մելոմանիայի տարիներ էին։ Մի պահ եկավ, որ արդեն սահման չկար հիփ-հոփի և R&B-ի միջև, Asher-ը հայտնվեց, Acon-ը։ Բայց 2002-ին իհարկե թնդում էր 50 cent-ի անունը։ Հիմնականում ռեպ լսում էինք բակում բասկետբոլ խաղալիս։ Ինչ-որ մեկը միշտ մագնիտոֆոն էր բերում։ Քանի որ իմ անգլերենն արդեն բավական լավ էր՝ «Gangsta's paradise»-ն էի կարդում ու ռուսներին դա հատկապես շատ էր տպավորում, դե ես իրենց նման ակցենտ չունեի։ 


2000-ականների սկզբին սկսեցի հետաքրքրվել հայկական սփյուռքով, հայրենասիրական մտքերով լցվեցի ու սկսեցի փարթիներ կազմակերպել հենց հայերի համար։ 2004-ին աշխատավայրիս հարևանությամբ գովազդային ընկերություն կար, որի սեփականատերը Երևանում «Աֆիշա» ամսագիր ուներ։ Մի օր եկավ ինձ մոտ, CD տվեց, ու ասեց, որ լսեմ ու եթե հետաքրքրի, գուցե հրավիրեմ իմ կազմակերպած փարթիներին։ Սկզբում ծիծաղում էի՝ ի՞նչ Հայ Տղերք, էդ ո՞վ են։ Լսում եմ՝ տարօրինակ են, խոխմա են, հավեսն են, լավն են։ Մոտ 20 անգամ լսելուց հետո համոզվեցի՝ կհրավիրենք փարթիներին։ Այդ ամառ Երևան պիտի թռնեի, որոշում ենք, որ կգամ ու կպայմանավորվեմ իրենց հետ սեպտեմբերին Մոսկվայում համերգ ունենալու մասին։ Գալիս եմ, ծանոթանում Սերժոյի, Հայկոյի ու Միշոյի հետ, քննարկում ենք ու մոտենում է սպասված համերգի օրը։ Համերգը ցնցող էր, բայց այ հետո… Համերգի պրոդյուսերը, ով զբաղվում էր ֆինանսական մասով, հանկարծ ուղղակի անհետացավ։ Այս դեպքը սկիզբ դրեց իմ ու տղաների ամուր ընկերությանը, ինչ խոսք, լավ ժամանակ անցկացրինք մի մեքենայի մեջ 9 հոգով։ Իսկ այդ համերգն արդեն անհնար էր մոռանալ։ 


2011-ին ես նորից եկա Երևան ու դա այն շրջանն էր, Հայ Տղերքն արդեն ցրվել էին (ի դեպ, Միշոյին մինչև հիմա համարում եմ մեր ռեպի լավագույն կատարողը), երբ հայտնվեց Մի քանի հոգին։ Զարմանալի է, որ ժամանակին Մի քանի հոգու երգերը մենք էինք լսում, իսկ հիմա՝ մեր դեռահաս երեխաները, ու զգացողությունները նույնն են։ 2015-ին չգիտես ինչու որոշեցի, որ Каста-ի համերգ պիտի կազմակերպեմ Երևանում։ Ինձ համար շատ կարևոր էր, որ ինքս հաճույք ստանայի արտիստի համերգից, որպեսզի նաև համերգի կազմակերպումը ստացվեր։ Դա մի ժամանակ էր, երբ Երևանում գրեթե չկային միջոցառումներ ու մարդիկ գումարը ծախսում էին միայն ուտել-խմելու վրա։ Համերգը շատ ստացված էր, չնայած բոլոր դժվարություններին։ 


2016-ին Երևան պիտի գար ամերիկացի ռեպեր Morda-ն, սակայն չստացվեց, համերգից մի քանի օր առաջ ձերբակալվեց հրաձգության համար։ Անում էինք ամեն բան, որ այլ արտիստ հնարավոր լիներ բերել համերգին։ Հիշում եմ, թե ինչպես զանգահարեցի OXXXYMIRON-ի պրոդյուսերին, ասեց որ չեն գա, ու այդպես Չելյաբինսկից Երևան եկավ ТГК-ն։ Իրենցից առաջ ելույթ ունեցավ Միշոն, ու ճիշտն ասած՝ ելույթն այնքան ցնցող էր, որ երևի եթե հետո Snoop-ն էլ դուրս գար, առանձնապես չէր նկատվի։ Համերգը, իհարկե, ստացված էր։ Կարծում եմ, դա լավագույն միջոցառումն էր, որ երբևէ Երևանում տեղի էր ունեցել։ 


Ամենաշատն ափսոսում եմ, որ Երևանում չէի, երբ Քանյեն որոշեց երեք ու կես րոպե ելույթ ունենալ Երևանում։

 

Բայց, միևնույն է՝ իմ ամենան 2pac-ն է, այսքան տարիներ անց, գիտակցված, ունենալով էս ողջ անցյալը։ Աջ ուսիս իր պատկերով տատու է, իսկ սենյակումս կախված է պաստառ իր լուսանկարով։

 


 

Առաջին բիզնեսիս համար հիփ-հոփին եմ պարտական


Հովհաննես Պետրոսյան, մարքեթինգի մասնագետ


Արդեն չեմ էլ հիշում, թե երբ առաջին անգամ ռեպ լսեցի։ Կարծես 1997-ն էր, երբ առաջին անգամ ռադիոյով լսեցի Coolio-ի «Gangstas paradise»-ը։ Հիշում եմ, որ անընդհատ մտքիս մեջ կրկներգն էի երգում. «We've been spendin' most their lives livin' in the gangsta's paradise», մեկ էլ էս հատվածը. «Power and the money, money and the power. Minute after minute, hour after hour…» Մնացածն էդ տարիքում դեռ շատ չէի հասկանում ու լավ չէի տիրապետում անգլերենին։ Հաջորդ անգամ հենց նորից հնչեց ռադիոյով, արագ ձայնագրեցի կասետի վրա ու արդեն անընդհատ լսում էի։ 


Հայրս ահավոր շատ էր սիրում աուդիո սարքավորումներ և մեր տանը միշտ կար լավ որակի երաժշտություն լսելու հնարավորություն։ Մի փոքր ավելի ուշ արդեն օգտվում էի ինտերնետից։ Այդ թվերին Yahoo Music-ն ամենահայտնի հարթակն էր նոր երաժշտություն գտնելու համար։ Ունեի նույնիսկ premium բաժանորդագրություն, ինչը շատ քչերն ունեին այդ շրջանում։ 
 

Ռեպում սկզբնական շրջանում գրավում էր բիթը, բասերը, որ կարող էիր պարզապես բարձր լսել ու գլուխդ տմբտմբացնել բիթի տակ։

 

Հետո սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել ակունքներն ու էդ փողոցի ձայնը լսելի դարձնելու գաղափարը ինձ դուր եկավ։ Դուր էր գալիս նաև այն, որ դա միանգամայն նոր մոտեցում էր երաժշտության մեջ։ Սկզբում շատերի նման 2Pac, Dr. Dre էի լսում, հետո նաև Nas, Wu Tang Clan, Jay-Z, 50 Cent, Snoop Dogg, կային նաև առանձին թրեքեր, օրինակ՝ Outkast-ի «Ms. Jackson»-ը։ 


Իմ ռեպ համայնքը ընկերներս էին, որոնց հետ ջահելություն էինք անում։ Ես ձայնագրում էի երգերը կամ մեր տանն էինք լսում կամ ընկերներիցս մեկի մեքենայի մեջ։ Մինչ օրս էլ մեքենայիս մեջ հաճախ է ռեպ հնչում։ Մեր լոկացիաները բազմազան չէին։ Այդ ժամանակ ակումբային կյանքն այդքան ձևավորված չէր Երևանում, համ էլ շատ փող չկար։ Կային առանձին օրեր, որ այցելում էի Գարաժ ակումբ, մեկ էլ Աստրալ, որտեղ հաճախ կարող էր ռեպ երաժշտություն հնչել։ Ժամանակի հետ սկսեցի բացահայտել նաև հայկական ռեպը։ Սկզբում Հայ Տղերքի ու Հայքի ռեպն էր, բայց էդ ժամանակ իրենց տեքստերն ինձ համար մի տեսակ ծիծաղելի էին թվում։ Հիմա ոլորտում զարգացում եմ նկատում, լավ նախագծեր կան, օրինակ՝ 3,33-ը։ Դա ինձ ուրախացնում է։

 


 

Ռեպը սոցիալական ըմբոստության արվեստի տեսակ է


Էդուարդ Դանիելյան, իրավապաշտպան


1996 թիվն էր, հայրս նոր էր եկել աշխատանքային գործուղումից ու առաջին բանը, ինչի մասին շատ ոգևորված պատմում էր, իր բերած CD-ն էր, որի վրա ռեպ էր։ Ես այն ժամանակ նոր-նոր 8 տարեկան էի դառնում ու նույնիսկ չգիտեի, թե ինչ է ռեպը։ Հայրս ինձ տվեց CD-ն ու ասաց, որ բոլորն այդ ռեպեռի մասին են խոսում։ Դա 2pac-ն էր, որին սպանել էին մի քանի շաբաթ առաջ։ CD-ի հետ նաև մի սպիտակ շապիկ էր բերել 2pac-ի պատկերով։ Ես անգլերեն չգիտեի, լսում էի ու ոչինչ չէի հասկանում։ Բայց մի բան հաստատ էր՝ ռիթմը, բասը, բիթն ու հանգերը շատ գրավիչ էին, նույնիսկ դուր էր գալիս, երբ տեղ-տեղ ջղային տոնով էր կարդում։ 


Հետո հայրս սկսեց Ռուսաստան հաճախ գնալ ու ռուսական ռեպ բերել։ Սկզբում դուրս չեկավ, ես արդեն սովորել էի անհասկանալի անգլերեն լեզվին (հետո, իհարկե, սովորեցի ու սկսեցի ավելի լավ հասկանալ, ավելին՝ ի վերջո, բանասեր դարձա ռեպի շնորհիվ)։ Հետո, 2000-ականների սկզբին Էմինեմի շնորհիվ (կամ պատճառով) հիփ-հոփը բում ապրեց։ Շուտով Երևանում արդեն շատ դիսկերի խանութներում հնարավոր էր ռեպ գտնել։ Հիշում եմ, որ ծննդյանս օրերին որպես նվեր կամ լավ գնահատականի համար նոր CD-ներ էի ուզում։ 


2000-ականների սկզբին քեռուս տղան եկավ մեր տուն Լոս Անջելեսից։ Ինքն ինձնից բավական մեծ էր և իր կողմից հիփ-հոփային ազդեցությունն ինձ վրա շատ մեծ եղավ։ Իմ լսածներին անուն կդներ, ինչ-որ հին ձայնագրություններ կգտներ, կստիպեր լսել։ Այդպես քիչ-քիչ ինձ համար բացահայտեցի Dr.Dre-ին, Snoop Dogg-ին և այլն։ Հետո նոր դպրոց տեղափոխվեցի ու արդեն 9-րդ դասարանում ծանոթացա մի տղայի հետ, որը, պարզվեց, ռեպ էր սիրում, ինձ նման՝ հատկապես 2pac։ Էդ պահից սկսած մենք լավագույն ընկերներ էինք ու մեր ողջ առօրյան ռեպի շուրջ էր. իրար CD նվիրել, փող հավաքել, նորն առնել, ֆլեշկայով «պիռատսկի» ձայնագրություններ փոխանցել իրար։ Իր եղբայրն էլ, որ մեզնից տարիքով մեծ էր, մեզ համար հաճախ նոր անուններ էր բացահայտում։ 


Ինչ-որ պահից առաջ եկավ հայկական ռեպը։ Չէի ասի, որ իմ ճաշակով էր, բայց ազնիվ էր ու իրապես կարելի էր համարել հայկական ռեպ։ Ռեպն ինքն իրենով ինձ համար սոցիալական ըմբոստության արվեստի տեսակ է, ինչպես և ռոքը։ Պիտի խնդիրներ բարձրաձայնի, պայքարի, ըմբոստանա ու ցույց տա իրական կյանքը, այլ ոչ թե սուտ, հորինված, իդեալականացված, այն, ինչն էս պահին ողջ աշխարհում կա ռեպի մեջ մեծամասամբ։ 


Կարծում եմ՝ ամեն դեպքում հիփ-հոփ մշակույթը չի կարող գոյատևել այստեղ։

 

Ցավոք, մեր հասարակությունում թույլ չեն տալիս, որ զուգահեռ գոյատևի այլ մշակույթ, որը հակադրվում է հայկական քյարթու մշակույթին։ Ինքս իմ մաշկի վրա եմ զգացել փոքր ժամանակ, երբ ինձ փորձում էին նեղել կամ ծեծել ռեպերների նման հագնվելու համար։ Չեմ ասում՝ որն է լավ, որը՝ վատ, ինձ համար իրավունք ունեն գոյություն ունենալու բոլորը։

 


 

TOP 10 of Rabiz-ը մեր ժամանակի ՄՈՐԳԵՆՇՏԵՐՆՆ էր


Արեգ Այդինյան, երաժիշտ


1996-99 թվականներն էին, երբ սկսեցի ռեպ լսել։ Այդ շրջանում հատկապես մեծ աղմուկ էր բարձրացրել 2PAC-ի մահը: Ու էդ տարիքում շատ չէի էլ հասկանում՝ էդ ռեպ ա, թե ռոք: Լսում էի ուղղակի ու մեծ հաշվով չէի հասկա-նում՝ ինչ էի զգում, որովհետև զուգահեռ ռոքն էի բացահայտում, որը, ինչքան էլ տարօրինակ ա, ավելի իմն էր, ու հետագայում էլ ռոքը հաղթեց… Բլեք մետալ խումբ ունեինք, վոկալիստն էի: Բայց դե ռեպ/հիպ-հոփ ուրիշ ու նոր բան էր, միշտ էլ սիրել եմ:


Ռեպը բացահայտելու աղբյուրներից մեկը TOP 10 of Rabiz-ն էր:

 

Հիշում եմ՝ ես ու մեր դիմացի հարևան Լյովը կասետը թաքուն առնում էինք 500 դրամով։ Թաքուն, որովհետև տնեցիք չէին թողում, էդ մեր ժամանակների Մորգենշտենն էր, չէր թույլատրվում անչափահասներին։ Եթե Լյովենց տանը մարդ չէր լինում, իրենց տանն էինք լսում, եթե մեր տանը մարդ չէր լինում, մեր տանն էինք լսում: 


Բացի դրանից ամենատպավորվածը եղել եմ Eminem-ի «Without me» գործից, որն առաջին նվեր ստացածս կասետի ալբոմից էր և որը միշտ տպավորելու է ինձ անկախ ժամանակից։ Իսկ մինչև էդ կասետ ունեի, որ մի կողմը Eminem է, մյուս կողմը՝ Rammstein: Փլեյերով լսում էի: Բաներ կար, որ բացահայտում էինք ռադիոյից, ձայնագրում: Էն թվերին մոդայիկ ձևերով էլի: Մեկս մյուսի կասետներով։ Գնում էի զապիսնոց, ասում էի ռեպ տվեք, 2Pac էին տալիս։ 2Pac-ի վրա էլ մեծացանք: 


Հետո եկան Biggie Smalls-երը, Dre, Ice Cube, Snoop, մի խոսքով՝ West Coast էլի, ու էդպես գնաց: Անդերգրաունդ ռեպից հետևում էի Street Navy-ին ու Snake-ին: Ընկերներով որտեղ հավաքվում էինք՝ ես օլդսքուլ ռեպ էի միացնում ու հենց էդ էլ հետագայում տարավ ինձ դեպի դիջեյություն։ Հիմա արդեն կասետներից հասել եմ վինիլների: Հետո սկսեցի հետևել նաև հայկական ռեպի ակունքներին, դե միանշանակ Հայ Տղերքին, Հայ Թիմին, իրանց թաշախուստով-բանով: Տեղական արտիստներից համարյա բոլորի համերգներին եմ եղել, շատերի հետ էլ ընկերություն եմ անում:

հավելյալ նյութեր