30 պատճառ ծխելը թողնելու համար
Առողջություն

30 պատճառ ծխելը թողնելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացնում է ծխելը թողնելու 30 պատճառ։

Տեքստն ու լուսանկարները՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

 

ԵՐԵՎԱՆ #75 | 2022

#Գործընկեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհում ծխելու հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան ՁԻԱՀ-ից, մալարիայից և տուբերկուլոզից միասին վերցրած: Համաձայն Հայաստանում Ծխախոտի դեմ պայքարի ներդրումային հետազոտության՝ ամեն տարի ծխախոտը սպանում է Հայաստանի ավելի քան 5,500 բնակչի, որը երկրում բոլոր մահերի գրեթե 20%-ն է։ Ծխախոտից հրաժարվելը կարող է դժվար լինել, բայց ծխելը թողնելու բազմաթիվ պատճառներ կան։ 

 

Ծխելը գրեթե անմիջապես ազդում է քո արտաքինի վրա

1. Ամեն ինչից տհաճ հոտ է գալիս. մաշկից, տնից, հագուստից, մատներից ու բերանից: 


2. Ծխելը վաղաժամ ծերացնում է մաշկը՝ ազդելով մաշկին առաձգականություն տվող սպիտակուցների վրա՝ զրկելով մաշկը վիտամին A-ից և սահմանափակելով արյան հոսքը:


3. Ծխելու հետևանքով դեղնում են ատամները և ատամնափառ է առաջանում։


4. Ծխելը մեծացնում է պսորիազի՝ մաշկի ոչ վարակիչ բորբոքային վիճակի զարգացման հավանականությունը, որը թողնում է թարախակալված բշտիկներ և կամ կարմիր բծեր ամբողջ մարմնի վրա։

 

 

Ծխելը ազդում է վերարտադրողական առողջության վրա

5. Ծխողների մոտ անպտղության հավանականությունն ավելի մեծ է։ Ծխելը թողնելը նվազեցնում է անպտղության հավանականությունը, վաղաժամ ծննդաբերության, ցածր քաշով երեխաներ ունենալու և հղիության վաղաժամ ընդհատման հավանականությունը:  


6. Ծխախոտի օգտագործումը մեծացնում է էրեկտիլ խանգարման ռիսկը։ Նիկոտինն ազդում է դեպի սեռական օրգաններ արյան հոսքի վրա՝ ստեղծելով էրեկցիայի հասնելու անկարողություն: 


7. Ծխելը ազդում է տղամարդկանց սերմնաբջիջների քանակի, շարժունակության ու ձևի վրա:

 

Ծխախոտի բոլոր ձևերը մահացու են

8. Ծխախոտը սպանում է ծխողների կեսին: Ծխախոտի ցանկացած ձևի օգտագործումը խլում է քո առողջությունը և առաջացնում ծանր հիվանդություններ։


9. Նարգիլե ծխելը նույնքան վնասակար է, որքան ծխախոտի այլ ձևեր։


10.  Ծխախոտ ծամելը կարող է առաջացնել բերանի քաղցկեղ, հանգեցնել ատամների կորստի, շագանակագույն ատամների, սպիտակ բծերի և լնդերի հիվանդության։


11. Անծուխ ծխախոտի նիկոտինն ավելի հեշտությամբ է կլանվում, քան ծխախոտ ծխելը՝ բարձրացնելով դրանից կախվածությունը։


12. Տաքացվող ծխախոտը նույնպիսի ծխախոտային արտադրանք է. օգտագործողները ենթարկվում են թունավոր արտանետումների վտանգի, որոնցից շատերը կարող են քաղցկեղածին լինել:

 

Ծխելը քեզ շնչահեղձ է անում

13. Ծխողների մոտ թոքերի քաղցկեղը հանդիպում է 22 անգամ ավելի հաճախ, քան չծխողների մոտ: Ծխախոտ ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառն է, որը հանգեցնում է թոքերի քաղցկեղով տառապող մարդկանց ավելի քան երկու երրորդի մահվան:


14. Յուրաքանչյուր հինգերորդ ծխողի մոտ կյանքի ընթացքում կզարգանա թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։ Սա հատկապես հավանական է այն մարդկանց մոտ, ովքեր ծխել սկսել են մանկության և պատանեկության տարիներին, քանի որ ծխախոտի ծուխը զգալիորեն դանդաղեցնում է թոքերի աճն ու զարգացումը:

 

Ծխելը ազդում է սիրտ-անոթային համակարգի վրա

15. Օրական ընդամենը մի քանի անգամ ծխելը, հազվադեպ ծխելը կամ երկրորդային ծխի ազդեցությունը մեծացնում են սրտային հիվանդությունների զարգացման հավանականությունը:


16. Ծխողների մոտ կաթվածի ռիսկը երկու անգամ և սրտային հիվանդությունների ռիսկը քառակի անգամ մեծ է։


17. Ծխախոտի ծուխը վնասում է զարկերակները՝ առաջացնելով աթերոսկլերոտիկ վահանիկների կուտակումներ՝ դրանով իսկ սահմանափակելով արյան հոսքը և, ի վերջո, հանգեցնելով կաթվածների։


18. Նիկոտինի և ծխախոտային արտադրանքի օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

 

Ծխախոտն առաջացնում է քաղցկեղի ավելի քան 20 տեսակ 

19. Ծխախոտի օգտագործումը աշխարհում քաղցկեղից բոլոր մահացության դեպքերի 25%-ի պատճառն է։


20. Ծխախոտի և անծուխ ծխախոտի օգտագործումը հանգեցնում են բերանի խոռոչի շրթունքների, կոկորդի և կերակրափողի քաղցկեղ:


21. Ծխող մարդիկ սուր լեյկոզի, քթի խոռոչի և պարանազալ սինուսի, աղիքի, երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, ձվարանների և ստորին միզուղիների քաղցկեղի առաջացման զգալիորեն ավելի բարձր ռիսկի են ենթարկվում: 


22. Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ կապ կա ծխելու և կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի միջև, մասնավորապես մոլի ծխողների և առաջին հղիությունից առաջ ծխել սկսած կանանց դեպքում։


23. Ամբողջ կյանքում ծխողները միջինում կորցնում են առնվազն 10 տարի իրենց կյանքից։

 

Ծխելը թողնելու օգուտները նկատելի են գրեթե անմիջապես 

24. 20 րոպեի ընթացքում կարգավորվում են զարկերակային արյան ճնշումն ու սրտի զարկերի հաճախականությունը:


25. 12 ժամվա ընթացքում կայունանում է զարկերակային արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը:


26. 2-12 շաբաթվա ընթացքում բարելավվում է արյան շրջանառությունը և թոքերի ֆունկցիան:


27. 1-9 ամսվա ընթացքում նվազում է շնչահեղձությունը, հևոցը և հազը:


28. Ծխելը թողնելուց մեկ տարի անց սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը կիսով չափ նվազում է:


29. Ծխելը թողնելուց 5-15 տարի անց կաթվածի զարգացման ռիսկը նվազում է՝ հասնելով չծխողի առողջական վիճակին:


30. Ծխելը թողնելուց 10 տարի անց քթի, բերանի խոռոչի, լեզվի, կերակրափողի, միզապարկի, արգանդի վզիկի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազում է երկու անգամ: