4Plus-ը վավերագրական լուսանկարչության դպրոց է բացում
Իրենց ուժերը կարող են փորձել ինչպես սկսնակները, այնպես էլ փորձ ունեցողները։
01.04.2022Մանրամասները՝ 4Plus-ի կայքում
Վավերագրական լուսանկարչության 4Plus անկախ կենտրոնը նախաձեռնել է հիմնել լուսանկարչական դպրոց՝ մասնագիտական կրթության հնարավորություն ընձեռելով ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու լուսանկարիչներին:
«Պատկերի»՝ երկու եռամսյակից բաղկացած ուսումնական ծրագիրը ներառում է տեսական և գործնական դասընթացներ, որոնք կնպաստեն ուսանողների մոտ տեսողական մտածողության ձևավորմանը:
Ուսանողներին կտրվեն լուսանկարչական խցիկներ գործնական առաջադրանքների համար, ինչպես նաև կտրամադրվի տեսական դասերի համար պահանջվող գրականություն: Շրջանավարտները կստանան ավարտական վկայական: Դասընթացի ընթացքում ստեղծված լավագույն նախագծերը կտպագրվեն 4plus.org կայքում, իսկ բարձր առաջադիմությամբ ուսանողները կներգրավվեն 4Պլյուսի ծրագրերում և ցուցահանդեսներում։
Ի դեպ, դպրոցի անվանումը` «Պատկեր», պատահական չէ: Դեռևս 1996 թվականին ֆոտոլրագրող և վավերագրող լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը ստեղծել էր «Պատկեր» լուսանկարչական գործակալությունը, որը, սակայն, երկար կյանք չունեցավ: 2004-2006թթ. Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտում World Press Photo միջազգային հիմնադրամի հետ համատեղ Մանգասարյանը ղեկավարել է ֆոտոդպրոցը: Այսօր գործող շատ վավերագրող լուսանկարիչներ, ինչպես նաև 4Պլյուսի հիմնադիրներն ու անդամներն այդ դպրոցի շրջանավարտներն են: Մշտապես փոփոխվող աշխարհում պատկերները կարևոր դեր են խաղում, քանզի լուսանկարները պատմում են, պահպանում մեր հիշողությունները, հուզում կամ վանում, լուսաբանում կամ կեղծում: Այսպիսով, լուսանկարներ ստեղծելը փորձառություն է պահանջում:
Ուսումը վճարովի է՝ ամսական արժեքը՝ 50 հազար դրամ։
Դիմելու վերջնաժամկետը` ապրիլի 5: