5 երազողները և ձին
Կինո

5 երազողները և ձին

ԵՐԵՎԱՆը պատմում է ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին» ֆիլմի ստեղծման և վավերագրական ֆիլմեր նկարելու նրբությունների մասին։ Ֆիլմն ընդգրկված է Ոսկե ծիրան 2022-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրում։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյան 

 

«5 երազողները և ձին»՝ Ոսկե ծիրանի կինոփառատոնի ծրագրում

#ՈսկեԾիրան #Արվեստ

Տիեզերական երևույթ

Արենն ու Վահագնը ծանոթացել են Օդեսայում։ Զուգահեռ նախագծերի վրա աշխատելիս երեկոները հանդիպում էին և գնում բար` խմելու։ Հերթական երեկոյի ժամանակ զրույցով ընկան։ «Ինչի՞ մասին ես երազում,»- առաջին հարցը Արենինն էր։ Այդտեղից էլ խոսակցություն ծավալվեց, թե ի՞նչ է երազանքը, ինչո՞ւ են մարդիկ առհասարակ երազում, որտեղի՞ց են ծնվում այդ երազանքները, դա պարզապես սոցիալական մղո՞ւմ է, թե՞ տիեզերական երևույթ։

 

Այդ օրն էլ որոշեցին համատեղ ֆիլմ ստեղծել երազողների մասին։ Մի քանի շաբաթ անց Երևանում նորից հանդիպեցին, սկսեցին մտածել կերպարների մասին և փնտրել նրանց։

 

 

Հինգերորդ երազողը

Ֆիլմի վերջնական տարբերակում ներառվեց չորս կերպար՝ հիվանդանոցի վերելակավար տիկին Մելանիան, որն իր տեղաշարժվող չորս պատերի մեջ երազում է հայտնվել տիեզերքում, գյուղացի Կարենը, որն ապրում է տիպիկ հայկական նահապետական իրականության մեջ, բայց ազատ է իր երազանքներում և «Սիմպտոմ» խմբի աղջիկները, որոնք ըմբոստանում են «նորմալության» երևույթի դեմ և պատսպարվում Երևանի տանիքներից մեկում։ Ֆիլմում կա ևս մեկ կերպար՝ հինգերորդ երազողը։ «Դա կարող է լինել հենց այս ֆիլմը դիտողը, մեր երազող ընկեր Արիկը, ով մահացավ մի քանի տարի առաջ և այս ֆիլմը հենց իրեն է նվիրված,»- ասում Վահագնը։ Արենը շարունակում է․ «5-րդ կերպարը կարող է լինել հենց երազանքի ներկայությունը»։ 

 

 

Տարբեր սերունդներ

Ռեժիսորները չեն սիրում նպատակներով չափել իրենց աշխատանքը, բայց ի սկզբանե կար գաղափար՝ երազողների պատմություններն ու իրականության հետ բախման պահը ցուցադրելով, ներկայացնել հայաստանյան իրականությունը։ Դրա համար փնտրում էին մարդկանց, ովքեր կլինեն տարբեր սերունդներից, նույնիսկ իրար հակասող, որպեսզի հնարավոր լիներ ստանալ հասարկության ամբողջական կերպարը։

 

«Մեր հերոսներից յուրաքանչյուրը որոշակի կերպով կառչում է իր ժամանակաշրջանից։ Կարենի դեպքում հիմնական սահմանափակումը գյուղի ավանդապաշտ ընկալումներն են։ Տիկին Մելանիայի դեպքում՝ Գագարինն ու սովետական մտածողությունը, որը նա մարմնավորում է։ Աղջիկներն էլ այսօրվա արևմտամետ երիտասարդության ներկայացուցիչներն են, որոնք, թերևս, իրենց ընդունված չեն զգում սեփական հասարկության մեջ։ Նրանցից բոլորի համար իրենց երազանքներն ապահովության զգացում են բերում》։ 
 

Երազանքի առկայությունը

Գյուղացի տղան՝ Կարենը Վահագնի բարեկամն է, առաջին հերոսը, որին ռեժիսորը սկսել էր նկարահանել դեռ մինչև այս ֆիլմի ստեղծումը։ «Կարենը շատ երազկոտ տղա է և մեզ շատ նման է,- ասում է Վահագնը,- իր երազանքներում նույնիսկ ավելի ազատ է, քան մենք»։

 

«Ֆիլմի ոճն այնպիսին է, որ հերոսները չպետք է պատմեն իրենց երազանքների մասին,- ասում է Արենը,- մենք ուղղակի հետևել ենք նրանց՝ փորձելով ներկա լինել այն պահերին, որոնք արտահայտում են երազանքի առկայությունը»։ 

 

Այս տարիների ընթացքում արված նկարահանումների միայն 10 տոկոսն է ներառվել ֆիլմում, քանի որ, հեղինակների խոսքով՝ հենց այդ մասերում է երևում հարաբերությունը երազանքի հետ, մոտ և անկեղծ։ 

 

Նրբանկատություն

Ֆիլմը նկարել են շուրջ հինգ տարի։ Պետք էր շատ նրբանկատ լինել հերոսների նկատմամբ, քանի որ ֆիլմը կարող էր հեշտությամբ վերածվել խաղարկայինի։ Լինում էր, որ նկարահանում էին, բայց երբ հետո նայում էին տեսագրությունը, հասկանում էին, որ հերոսը խաղում է, փորձում է իրեն որպես այլ մարդ ներկայացնել։ Դա տարածված երևույթ է վավերագրական կինոյում։ 

 

«Սիրահարվածության մեջ ո՞նց է լինում, սկզբում բուռն շրջան է, իսկ հետո գալիս է հանգստություն,- ասում է Արենը,- այդպես էլ վավերագրական ֆիլմերում է։ Սկզբում հերոսը ոգևորված խաղում է, իսկ հետո սովորում է քեզ, կամերային և հենց այդտեղ է սկսում իրական ուսումնասիրությունը։ Ուղղակի պետք է համբերատար լինել»։ 

 

 

Ռեմոնտ

Ֆիլմը վավերագրական է, բայց ռեժիսորները մոտավոր սցենար էին պատկերացրել։ Յուրաքանչյուրի համար պատմության ավարտ էին մտածել՝ ինտեգրելով այն ավելի լայն համատեքստի մեջ՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունների՝ հեղափոխության և պատերազմի։ Երբ փորձում էին որոշել, թե ինչպես ներկայացնեն վերելակավարի պատմության ավարտը, իմացան, որ հեղափոխության օրերին զուգահեռ, հիվանդանոցում վերանորոգում է սկսվում և հին վերելակը հանվելու է, իսկ տիկին Մելանիան մնալու է առանց աշխատանքի, և իր ազատ երազելու վայրի։ Հետաքրքիրն այն է, որ ռեժիսորների նախանշած վերջաբաններից մեկն հենց այդպիսին էր։ 

 

Դրսերում

Հայ հանդիսատեսը այս ֆիլմը դեռ չի դիտել․ առաջին ցուցադրութունը կայացել է շվեյցարական Visions du Réel փառատոնի ժամանակ՝ հիմնական ծրագրում։ Այն նաև ընտրվել է ներկայացնելու փառատոնը Doc Alliance Award-ի համար։ Վերջինիս շրջանակում Եվրոպայի ամենահայտնի դոկումենտալ ֆիլմերի փառատոները ներկայանում են մեկական ֆիլմով, իսկ հաղթողը որոշվում է Կաննի կինոփառատոնի ժամանակ։ 

 

«Մարդիկ վավերագրական ֆիլմերի շնորհիվ հնարավորություն են ստանում բացահայտել այլ սոցիումներ, բայց այս ֆիլմով սոցիալական կողմից զատ նաև ներկայացնում ենք բոլորովին այլ՝ համամարդկային տարածություն, երազանքներ, որոնք իրական են և մարդկանց մոտեցնում են իրար,»- ասում է Վահագնը։ 

 

Ֆիլմի երկրորդ ցուցադրությունը կայացավ գերմանական Վիզբադեն քաղաքում անցկացվող «GoEast» փառատոնի շրջանակում։ Այնուհետև «Երազողները» հասան կանադական «HotDoc» միջազգային փառատոն, իսկ այսօր արդեն իրենց են հրավիրում տասնյակ այլ փառատոների։ Գուցե այն նաև ցուցադրվի մոտակա Ոսկե Ծիրանին։ 

 

Անկատար երազանքներ 

Հեղինակները պատրաստվում են շարունակել այս թեման՝ առանձին ֆիլմերի վերածելով կերպարների պատմությունները։ Տղաներն ասում են՝ «Մենք բոլորս ունենք երազանքներ, որոնք իրականանում են կամ ոչ։ Ստեղծագործողի առաքելությունն է բարձի տակից վերհանել այդ երազանքները, դրանք փակող կապանքները, բերել այնտեղ որտեղ մարդը նորից կերազի, կսիրի այն ինչ ժամանակին սիրել է, բայց մոռացել»։

 

հավելյալ նյութեր